ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ | Անձրևը գալիս ա հավասար

Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի

Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի

ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ԼԱՄՊԻԿՆԵՐ

ակացիաներ
փողոցը կա
իսկ դուք չկաք
երբ որ փոքր էի
մանկապարտեզիս ճանապարհին
ես շատ եմ կերել
ձեր սպիտակ ծաղիկների
մեղրոտ գլխիկները
մեկ մեկ հանելով դրանք
կանաչ բնիկներից
դրանք չէին հագեցնում
բայց ուրախացնում էին
դուք իմ ուրախության
փոքրիկ լամպիկներն էիք
տխրության համատարած
մառախուղի մեջ

 

ԲՈԼՈՐԻ ՆՄԱՆ

ինչ տխուր ա
ամեն ինչ թաց ա ու տխուր
ամեն ինչ ճմրթված ա ու ծռմռված
ցուրտ ա ամեն ինչ ու քիչ ա
կարա՞ս ապրես սենց
չես կարա
մարինե դու չես կարա ապրես սենց
իսկ սեւանը գալիս ու խփվում ա ափին
հետո նորից գալիս ու նորից խփվում ա ափին
հետո նորից ա գալիս ու նորից ա խփվում ափին
ո՞նց չես կարա երբ որ հենց տենց էլ ապրում ես
բոլորի նման բոլորի նման
շատ մի երեւակայի քեզ ասում ա սեւանը
հետո նորից գալիս ու նորից խփվում ա ափին

 

ՄԱՄԱՅԻՍ ԵՄ ՀԻՇԵԼ

սիրտս տխուր ա
մամայիս եմ հիշել
ու ինձ երբ որ պուճուր էի
էնքան պուճուր էի
որ գլուխս չէր հասնում
մեր պատուհանի գոգին
ու հիշում եմ որ տխուր էի
պուճուր ժամանակ
ես միշտ տխուր էի
պատճառ չկար
առանց պատճառի տխրություն էր
համատարած ու թանձր
հետո մեծացա
ու հիմա տխրությունս համատարած չի
արանքներում ուրախության հատվածներ կան
մենակ մամաս չկա
համատարած չկա
ոչ մի տեղ

 

ԽԱՂԱՂ ՋՐԵՐ

երեխան խեղդվեց խաղաղ ջրերում
ոչ փոթորիկ էր
ոչ էլ շնաձկներ կային
ուղղակի երեխան լողալ չգիտեր
ու իրան ոչ ոք օգնել չէր կարող
ոչ ձկները
ոչ թռչունները
որովհետեւ իրանք ձուկ էին ու թռչուն
ոչ թե մարդ
էսօրվա պես հիշում եմ
աշուն էր պայծառ աշուն
երեխան խեղդվեց խաղաղ ջրերում

 

ԹՌՉՈՒՆ ՊՈՒՃՈՒՐ ԹՌՉՈՒՆ

թռչուն
պուճուր թռչուն
որ երգում ես
առավոտ գիշերով
ձայնդ գլուխդ գցած
էնքան սուր ա ձայնդ
էնքան սիրուն ա ուրախությունդ
էս գիշերվա մեջ
էս լռության մեջ
չթռնես գնաս
մի քիչ երկար մնա
պատուհանիս տակ

 

ԱՆՁՐԵՎԸ ԳԱԼԻՍ Ա ՀԱՎԱՍԱՐ

անձրեւը գալիս ա
հավասար
պուճուրների ու մեծերի վրա
երջանիկների ու դժբախտների
անձրեւը գալիս ա ամեն տեղ
անձրեւը գալիս ա միշտ
ես չկայի անձրեւը գալիս էր
մարդը դեռ մարդ էր ուտում անձրեւը գալիս էր
ես տեսնում եմ որ անձրեւը գալիս ա
անձրեւը չի տեսնում ինձ
իրա համար մեկ ա
ես ուրախ եմ թե տխուր
գայլերն ինձ կերան թե չէ
անձրեւը մարդուց էն կողմ ա
անձրեւը թքած ունի մարդու վրա
ինքը գալիս ա հավասար
պուճուրների ու մեծերի վրա
երջանիկների ու դժբախտների
ախմախների ու խելոքների վրա
սրիկաների ու ոչ սրիկաների

 

ՄԻ ՀԱՏ ԾՈՎ ԼԻՆԵՐ ՄԻ ՀԱՏ ՆԱՎ ԼԻՆԵՐ

անձրեւը եկավ
թացացրեց փողոցները
թացացրեց շորերս
ու թողեց գնաց
հիմա ես ի՞նչ անեմ
մի հատ ծով էլ չկա
մի հատ նավ էլ չկա
նստեմ ու գնամ
բայց եթե ծով լիներ
բայց եթե նավ լիներ
ի՞նչ էր փոխվելու
սիրտս արդեն
չի ուզում ինչ որ կա
սիրտս ուզում ա
ինչ որ չկա

 

ՈՆՑ ՈՐ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ
Գայանե Ղազարյանին

սրտիս վրա քարեր կան
մեծ
պուճուր
սեւ
ավելի սեւ
երեկ քարերից մեկը սրտիցս պոկեցի ու
շպրտեցի հեռու
հիմա թեթեւ եմ ավելի
շատ թեթեւ եմ ավելի
քան երեկ
ու հիմա մտածում եմ
եթե շատ չարչարվեմ
եթե բոլոր քարերը հերթով սրտիցս պոկեմ ու շպրտեմ հեռու հեռու
կարո՞ղ ա կարողանամ թռչել
ոնց որ թռչունները
կարո՞ղ ա կարողանամ

 

ԱՌԱՎՈՏԸ ԱՐԵՎ ԴՈՒՐՍ ԿԳԱ

ես գիտեմ որ մամաս չկա
ես գիտեմ որ աստված չկա
ես գիտեմ որ մի ժամանակ
ես էլ չկայի
անձրեւը թափվում ա վրաս
ու ես չեմ փախնում ես թողնում եմ
անձրեւը թափվի վրաս
ես տխուր եմ
առավոտը արեւ դուրս կգա
առավոտը արեւ դուրս կգա
բայց հիմա անձրեւ ա գալիս
ես տխուր եմ

 

ԵՐԲ ՈՐ ԴԵՌ ՉԷԻ ԾՆՎԵԼ

լողավազանն իհարկե ծով չի
բայց մեկ ա շատ ջուր ա
իսկ շատ ջրերի մեջ
իմ մեջ միշտ արթնանում ա երջանկության հիշողությունը
մինչեւ երեկ ես չէի հասկանում
ո՞նց ա տենց լինում
ի՞նչ կապ ունի ջուրը երջանկության հետ
ես հո ձուկ չե՞մ եղել իմ նախորդ կյանքում
ոչ էլ ծովափին ա անցել էս կյանքիս մանկությունը
մինչեւ երեկ չէի հասկանում
բայց երեկվանից ինձ թվում ա հասկանում եմ
որովհետեւ երեկ լողիս ջահել մարզիչն ինձ ասեց
որ նորածին մանուկներին լողալ սովորացնել պետք չի
իրանք ջրից վախ չունեն ու հանգիստ լողում են
մենակ թե եթե կյանքի առաջին ամիսներին չօգտագործեցին իրանց գիտելիքը
մոռանում են լողալը ու հետո պետք ա նորից սովորեն

նորածին մանուկները ինչո՞ւ պետք ա վախենան ջրից
երբ որ մինչեւ ծնվելը
լողացել են իրանց մամայի փորում
ջրերի մեջ
ասեց լողիս մարզիչը
ու ես հիշեցի ինձ
երբ որ դեռ չէի ծնվել
երբ որ դեռ մամայիս մեջ էի

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԱՐԿՈԶ

ցավը զգացողություն ա ընդամենը
սրսկում են – էլ ցավ չկա
բայց դու ինձ ավելի ես դուր գալիս
որպես նարկոտիկ
սրսկիչ էլ պետք չի
ուղղակի ձեռքդ դիր մարմնիս
ու ես անցավունակ կդառնամ
մազերիցս մինչեւ
ոտքերիս եղունգները
եթե չես հավատում
դանակը սեղանին ա
վերցրու փորձի

 

ՈՒԶՈՒՄ ԵՄ ԼԱՑ ԼԻՆԵՄ

երեկվանից անձրեւ ա գալիս
ասֆալտը թաց ա
ծառերը թաց են
ես էլ եմ թաց
ձեռքերս ուզում եմ դնեմ սրտիդ
ասում ես չէ
ուզում եմ լաց լինեմ
ասում ես ինչքան ուզում ես լացի
մեկ ա անձրեւ ա գալիս
ոչ ոք չի հասկանա որ լացում ես

 

ՍԻՐՏՍ ՋԱՐԴՎԵԼ Ա

սիրտս ջարդվել ա
եթե կպցնեմ դու էլ չես լինի
իսկ սենց
ամեն ինչ արյունոտված ա
ամեն ինչ շատ ա
ամեն ինչ մեծ ա
անտանելի ա ու սիրելի

երջանկությունը
անհնարինի ներկայությունն ա աչքիդ առաջ
ձեռքս մեկնեցի
ձեռքս ջարդվեց
ու հիմա շուրջս
ամեն ինչ շատ ա
ամեն ինչ մեծ ա
անհնարին ա ու սիրելի

սիրտս ջարդվել ա
եթե կպցնեմ դու էլ չես լինի

 

ՁՅՈՒՆ ՈՒ ԱՐԵՎ

ինչը որ սիրում եմ իմն ա
էս ձյունը որ գալիս ա
էս քաղաքը որի վրա ձյունը գալիս ա
եւ դու

մի քիչ հետո
արեւ կանի ձյունը կհալվի
մի քիչ հետո
դու կշրջվես ու կհեռանաս
բայց արեւը կմնա
եւ քաղաքը կմնա որ էս արեւի տակ ա

ինչը որ սիրում եմ իմն ա
էս արեւը
աշխարհը որ էս արեւի տակ ա
եւ դու

 

ԼԱՑ ՉԼԻՆԵՍ

մի հատ տեղ կա
որտեղ բոլոր կորած բաները գտնվում են
ուղղակի անձրեւ ա գալիս ամբողջ ճանապարհին
ու դու կարող ա չդիմանաս
կարող ա հոգնես, պառկես թաց խոտերի մեջ ու մեռնես
բայց դու մի մեռի
ես քեզ հաստատ հաստատ եմ ասում
կա էտ տեղը
որտեղ բոլոր կորած բաները գտնվում են
ես եղել եմ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *