Իտալացի մեծ գրող և քննադատ Ալբերտո Մորավիայի (1907-1990) էսսեն նրա նշանավոր գործերից է, որ գրվել է 1956-ին և թարգմանվել գրեթե բոլոր եվրոպական լեզուներով:
Ռուսները, թեև անվճռականորեն, մերժում են այն իրողությունը, որ Ստալինի ժամանակներում Դոստոևսկին օրենքից դուրս էր: Փաստերը, սակայն, վկայում են, որ Դոստոևսկին չէր վերահրատարակվում, նրա գործերի հին հրատարակությունները՝ արդեն լիովին հնամաշ, ձեռքից ձեռք էին անցնում գրողի երրպագուների շրջանում: Գրական հանդեսները ևս նրան հազվադեպ էին հիշատակում: Մի խոսքով, ինչպես մի քանի տարի առաջ Ֆադեևն ասաց Հռոմում ինձ հետ զրուցելիս, Դոստոևսկին, իհարկե, մնում է ռուս գրող, որի մասին չպետք է մոռանալ, բայց դրա հետ մեկտեղ՝ նա հետադիմական էր, պաշտպանում էր ցարիզմը և ուղղափառությունը, անկումային ու անհատապաշտական մտայնություններ ուներ, իսկ որպես գրող՝ առավելապես շրջված էր դեպի իր ես-ը: Ըստ իս, ստալինիստները մասամբ իրավացի էին, երբ Դոստոևսկուն համարում էին իրենց հակառակորդը (մանավանդ եթե խոսքը նրա «Դևեր» վեպի մասին է), բայց շատ բաներում նրանք սխալվում էին:
Վերցնենք, օրինակ, Դոստոևսկու ամենահայտնի վեպը՝ «Ոճիր և պատիժ»-ը: Այս գլուխգործոցը տարիներ առաջ թողել է այն ամենը հասկանալու անհրաժեշտ բանալին, ինչ որ կատարվեց Ռուսաստանում և Եվրոպայում վերջին հիսուն տարվա ընթացքում: Բայց ո՞վ է Ռասկոլնիկովը: Նա նախամարքսիստական շրջանին բնորոշ մտածող է, որ ընդվզում է՝ սոցիալական անարդարությունն ու ցարական Ռուսաստանի թշվառ աղքատությունը տեսնելով, և, վերջիվերջո, վճռում խորհրդանշական գործողության դիմել այդ պայմանների դեմ: Ռասկոլնիկովը Մարքս չի կարդացել, բայց հիացած է Նապոլեոնով՝ 19-րդ դարի գերմարդու տիպարով, չնայած այդ հիացմունքն այլ էր, քան Ստենդալի Ժյուլիեն Սորելինը՝ Նապոլեոնի մյուս երկրպագուինը: Ռասկոլնիկովը երազում է ոչ թե վեհության, այլ արդարության մասին: Երբ հետագայում նրա ատելությունը կենտրոնանում է վաշխառու պառավի դեմ, դա, վերջին հաշվով, համապատասխանում է մարդու կողմից մարդու շահագործման մարքսիստական բանաձևին: Բայց այդ դեպքում ի՞նչ է ներկայացնում վաշխառու պառավը: Նա մարմնավորում է եվրոպական բուրժուազիան, որը վերավաճառում է բաժնետիրական կապիտալները՝ հավելյալ արժեքի արդյունքը, և ապրում այն եկամուտներով, որոնք ապահովում է գաղութային ու կախյալ երկրների պրոլետարիատը, ընդ որում՝ այդ ամենը բուրժուազիան անում է անգիտակցաբար և հանգիստ խղճով: Ըստ էության, պառավը խորհրդանիշ է, որն էականորեն չի տարբերվում հակաբուրժուական երգիծական գործերում պատկերված պարարտամարմին ու ցիլինդրավոր բանկիրի կերպարից:
Թեև Ռասկոլնիկովը Մարքս չի կարդացել և ընկալվում է որպես բարուց ու չարից անդին կանգնած գերմարդ, իր նախահիմքում նա արդեն ժողովրդական կոմիսար է, փաստորեն առաջին ժողովրդական կոմիսարը, որ սերում է մտավորական խավից՝ համակված նույն գաղափարներով, սոցիալական արդարության նույն ծարավով, նույն սարսափելի մոլեռանդությամբ և գործողությունների նույն անդրդվելիությամբ: Ռասկոլնիկովը կանգնած է նույն երկընտրանքի առաջ, ինչ ժողովրդական կոմիսարներն ու Ստալինը. «Կարելի՞ է հանուն մարդկության բարօրության սպանել վաշխառու պառավին (իմա՝ լիկվիդացնել բուրժուազիային)»: Այդ դեպքում ինչո՞ւ են կոմունիստներն այդքան անբարյացակամ Դոստոևսկու նկատմամբ:
Պատճառը շատ պարզ է: Ռասկոլնիիկովի ատելությունը վաշխառու պառավի հանդեպ քրիստոնեական ծագում ունի: Իրականում այդ ատելությունը միջնադարյան քրիստոնյայի ատելությունն է առուծախի հանդեպ, այն համոզմունքը, որ Աստվածաշնչի ուսմունքն անհամատեղելի է բանկերի և շահույթների հետ: Այս ատելությունն ու անհանդուրժողությունը մի քանի դար առաջ բանկերն ու առևտուրը հանձնել են հրեաների ձեռքը՝ ընդհուպ մինչև օրս, երբ Եվրոպայի քրիստոնյա ազգերը (և նրանց թվում առաջինը՝ իտալացիները) հասկացել են, որ իրենք էլ կարող են բանկիրներ ու առևտրականներ լինել և, միևնույն ժամանակ, ժողովրդին պահել աստվածավախության մեջ՝ առանց գժտվելու ոչ բուն ժողովրդի, ոչ էլ նրա կրոնի հետ:
Ռասկոլնիկովը Ստալինի նման սերում է մի միջնադարյան երկրից, որտեղ բանկերն ու առևտուրը վերահսկում են սահմանափակ ռասայական ու սոցիալական խմբերը, մի պարզունակ երկրից, որը դեռևս կապված է պարզունակ ու միստիկական քրիստոնեությանը: Ուստի Ռասկոլնիկովի համար բանկերն ու առևտուրը վաշխառությունն են, իսկ եվրոպական և ռուսական բուրժուազիան, որ զբաղվում է դրանով, վերամարմնավորվում է վաշխառու պառավի մեջ: Դրա համար էլ հարկավոր է սպանել վաշխառու պառավին, ասել է թե՝ լիկվիդացնել բորժուազիային:
Բայց հենց այստեղ էլ բաժանվում են Դոստոևսկու և մարքսիզմի ուղիները: Մարքսիստները, որ ամենևին քրիստոնյա չեն, ասում են. «Եկեք ոչնչացնենք վաշխառուներին և առաջ անցնենք: Պառավի մահից հետո մենք կհռչակենք այնպիսի հասարակություն, որտեղ չկան դասակարգեր և վաշխառություն: Նման հասարակության ստեղծումը լիովին արդարացնում է վաշխառու պառավի սպանությունը»: Մյուս կողմից՝ Դոստոևսկին, որ մնացել է քրիստոնյա և քայլ առ քայլ մեզ տարել այն ոճրի փուլերով, ինչի շուրջն անվերջ մտորում է, հանկարծ Ռասկոլնիկովին կտրականապես հայտարում է անուղղելի, այսինքն՝ մարքսիստներին անարդարացի է հայտարարում՝ ասելով. «Ոչ, չպետք է սպանել, եթե նույնիսկ դա արվում է հանուն մարդկության բարօրության: Քրիստոսն ասել է՝ մի՛ սպանիր»: Փաստորեն Ռասկոլնիկովը զղջում է և Սոնյայի հետ Աստվածաշունչ կարդում. Դոստոևսկին իր վեպի վերջաբանը պարուրում է խորհրդավոր լուսապսակով. «Բայց այստեղ արդեն սկսվում է մի նոր պատմություն, մարդու աստիճանական վերափոխման պատմությունը, նրա աստիճանական վերածնման, մի աշխարհից հետզհետե մի այլ աշխարհ անցնելու, նոր, մինչև այժմ բոլորովին անհայտ իրականությանը ծանոթանալու պատմությունը»: Իսկ մարքսիստները վեպն այսպես կավարտեին. «Բայց այստեղ արդեն սկսվում է հեղափոխությունը»:
Դոստոևսկու և մարքսիստների այս տարաձայնությունը չարիքը տարբեր կերպ գնահատելու արդյունք է: Մարքսիստների համար չարիքը վաշխառու պառավն է, այսինքն՝ բուժուազիան: Մինչդեռ Դոստոևսկին, այդ դրույթն ընդունելուց հետո, հերքում է և հանգում քրիստոնեական այն եզրակացությանը, որ չարիքը ոչ այնքան վաշխառու պառավն է, որքան նրան վերացնելու համար Ռասկոլնիկովի օգտագործած միջոցները՝ ասել է թե՝ բռնությունը: Վեպում այդ չարիքը, ինչպես դա տեսնում էր Դոստոևսկին, ներկայացված է ոչ միայն պառավի, այլև, նախ և առաջ, անմեղ ու բարեպաշտ Լիզավետայի՝ պառավի քրոջ բռնի մահվամբ, որին Ռասկոլնիկովը սպանում է իր ոճրի վկայից ազատվելու նպատակով: Կարճ ասած, մարքսիստների համար չարիքը իրապես գոյություն չունի, քանի որ գոյություն ունի միայն սոցիալական չարիքի խնդիր, ինչը կարող է ոչնչացվել միայն հեղափոխության միջոցով: Բայց Դոստոևսկու համար չարիքը գոյություն ունի ամեն մարդու սրտում որպես անհատական փաստ, և այդ չարիքը արտահայտություն է գտնում հենց հեղափոխության գործադրած բռնի միջոցների մեջ: Մարքսիստներն իրենց պատմական և սոցիալական արդարացումներով կարող են մաքրել և ամենասև խիղճը: Դոստոևսկին մերժում է նման «մաքրագործումը» և հաստատում չարիքի անջնջելի գոյությունը:
Այսպիսով, վերջին հիսուն տարվա ընթացքում մենք դարձել են Ռուսաստանում Դոստոևսկու և Մարքսի մենամարտը հիշեցնող տեսարանի ականատեսները: Առաջին ռաունդի հաղթողը Դոստոևսկին էր, քանի որ գլուխգործոց է ստեղծել: Սակայն երկրորդ ռաունդում հաղթեց Մարքսը, քանի որ նրա տեսությունները հեղափոխության տեղիք տվեցին: Բայց թվում է, որ երրորդ ռաունդը դարձյալ Դոստոևսկու օգտին կլինի. մարքսիզմի լուսամուտից դուրս նետված չարիքը հեղեղի պես հորդեց ստալինիզմի դարպասից՝ ամեն ինչ ավարտին հասցնելու և ամրապնդելու համար հեղափոխության գործադրած միջոցների շնորհիվ: Ո՞րն է այդ չարիքը: Խրուշչովն արդեն դա բացատրել է իր ճառում: Ես կձևակերպեմ ավելի համառոտակի. չարիքը ԽՍՀՄ-ում ներկայացնում են անթիվ լիզավետաները՝ այն անմեզ զոհերը, որոնք խոշտանգվել են, նետվել բանտերը, սպանվել հեղափոխության անունից, որոնց իրավունքներն այսօր վերականգնվում են, բայց որոնց երբեք չեն վերադարձնի այն, ինչ որ խլել են: Մի խոսքով, չարիքն այն ցավն է, անհուն ցավը, որ ողողել է Ռուսաստանը վերջին հիսուն տարիներին: Այս ցավը, իր հերթին, ծնվել է Ռասկոլնիկովի կացնի թափահարումից, որն արդարացվում է մարդկության բարօրությամբ: Դժբախտաբար, կացնի այդ հարվածն իրականում ավելի ծանր դուրս եկավ, քան մարդկության բարօրությունը: Պարզվեց, որ կշեռքի նժարին մարդկության բարօրությունը շատ ավելի թեթև է, և այդ նժարը շատ է թռչում վեր, մինչ կացնի հարվածը մյուս նժարն իջեցնում է վար, շատ ավելի վար: Եվ այսպես, Դոստոևսկու հաղթանակը, թեկուզ և այսօր, կայացել է:
Իտալերենից թարգմանությունը՝ Զավեն Բոյաջյանի