Սվետլանա Բարսենց | Հա, թե՞ հըը

Մատյան սիրերգության

Չլինի այնպես, որ ես քեզ սիրեմ
Դու ինձ՝ հըը,
Չսարքես ինձնից ողբերգու,
Բայց քանի որ սկսել եմ մատյանն այս,
Ահավասիկ,
Հեծեծագին տողերից
Խուսանավելով,
Ասում եմ՝
-քեզ չդիմած՝ լսիր ձայնս դու,
Ու միայն գլխով արա
Հա, թե՞ հըը

-Կուզե՞ս
Տեղատարափ,
Տող առ տող
Սիրեմ քեզ,
Տնտղելով սիրեմ՝
Տեղական ու աշխարհի
Բոլոր ժամանակներով,
Տեղատվությանդ պահին սիրեմ,
Սիրեմ տեղերիդ մեջ,
տեղը տեղին սիրեմ,
Տաղավար ու ստից օրերին,
Տաղտուկին մահանա սիրեմ
Ու նավսյակի, որ կիրքը չմահանա,

Ներսդ ու դուրսդ սիրեմ,
Սիրեմ քեզ անուժ,
Ճլորած ու հոգնած,
Այսօր ու վաղը սիրեմ
Ու ապրելիք բոլոր օրերում։

Սիրեմ քեզ սևագիր
ու խմբագրված
Ամեն օր, ամեն ամիս
Ու ամսականներիդ սիրեմ,
Սիրեմ քեզ ձիգ ու կախ,
Լույսում ու մթնում սիրեմ
Սիրեմ օյաղ ու խմած
Ուռած-դեմքով ու սավսալ սիրեմ։

Սիրեմ երկար ու կարճ,
Քնահարամ ու քրտնածոր
Քնքշագին ու քնարական սիրեմ,
Հա, թե՞ հըը,
Ճշմարիտն ասա,
Դեղ չդնե՞ս պիտի իմ վերքերին,
Պիտի չծագե՞ս լույս՝ խավարի մեջ
Միշտ
Միշտ
Առհավետ։

 

***

Արիզոնա։
Օգոստոս։
Կրակ թափող արև։
Կրակի գույն
Chevrolet Camaro ZL1։
Լռած արագաչափ։
Սլանալը մեղմ ա ասած։
Սրընթաց
Փոխվող պատկերներ։
Սարավանդներ։
Աջ ու ձախ անապատ։
Դեղին ավազ։
Դեղին Camel
Մատներիս արանքում։
Սառցախցից հանած Cola։
Janis Joplin։
Զվուկը`որակ։
Սրընթաց փոխվող պատկեր։
Դեղին սոճի։
Խաղաղից փչած
Մի թիքա զով։
Կակտուս։ Ավազ։
Մայրուղու պռնկներին`
Մողեսների պլյաժ։
Վահանակը` միակ հուշում
Որ էստեղով մարդ ա անցել։
Լքված լցակայան։
Ձեռքիս PN Nokia։
Անտենա չկա։
Զանգ չկա,
Զանգ չկա…
Դռան զանգ
Անսեթևեթ հանրային կացարան։
Առաստաղից կաթոց։
Թարմ մածուն։
ժավելի սպիրտ։
Էլի հարամ արած երազ։
Էլի աննահանջ
Դռան զանգ.
Անռանգ դեմքով «քույր»։
Անհավես կյանք։
-Րոպե առաջ դրախտում էի
գոնե Chevrolet-իս
Շարժիչն անջատեի,
Նոր վկայեիր։

Վերնագիրը վերջում

Սեփական ձեռքով փորում ես հողը
Ցանում ես սերմը հավատի
Դառնում հավատավոր մի քիչ
Ու մի քիչ շատ` ստրուկը եղանակի
Կիսամարդ ես դառնում
Մինչև գլուխը կհանի
Արմատը կամրանա
Հողի մեջ,
Կաճի, չի աճի
Մուկը կտանի թե ագռավը
Օրենքը կտանի թե
Անօրեն գողը
Կամ էլ գրողը կտանի։
Հավերժ տագնապի մեջ
Հավերժ երկմտանքի
Սելավը չտանի
Արևը չխանձի
Գլուխդ չի դրվում բարձին
Մինչև ոտքի չհասնես քո գանձին.
Ջրում ես հույսով
Երգում թփերի ականջին
Սեր ես տալիս
Կյանք
Ու ավյուն
Ամեն թփի հետ խոսում ես
Հատիկ-հատիկ պատմում
Դառնությունը կյանքիդ
Որ աճի ու փրկի
Որ աճի ու գրկի
Հենման տեղ չունեցող գլուխդ։

Աչքդ ու երազդ փռած ուրիշ հողի
Խոնավ հողի
Բերրի հողի
Ուր թվում ա
Հունդը գցիր, մեկեն կաճի.
Բայց չէ
Հեշտ չի տրվում
Հեշտ չի տրվում
Էս կանաչը բաղձալի.
Դու ինձ ասա թուփ ա
Ես քեզ ասեմ գաղափար
Դու ինձ ասա խոտ ա
Ես քեզ ասեմ ճանապարհ
Ելք ա ու փրկություն
Երբ հեշտ չի տրվում
Հեշտ չի տրվում
Ոչինչ
Հեշտ չի տանվում էս կյանքը սթափ։

 

Տաղ Cannabis-ի, նվիրումով Կ.-ին

Էս ինչ երկար փնտրեցիր ինձ
Եվ ինչ արդար էր սպասումս, սեր.
Հիմա խեղդվում եմ բառերի մեջ
Ու լռությամբ եմ հաստատում
Հաճելի պարտությունս,
Եղիր, արդ ու այսուհետ.
Սա է իմ կամքը,
Լռիր կարևորի մասին,
Ու ես կհասկանամ,
Շոյիր երակներիս մեջ ծաղկող մանուշակները
Ու լեզվով հավաքիր նեկտարը քաղցր
Որովհետև մի ամբողջ կյանք,
Գուցե նաև նախորդներում
Ես քեզ եմ սպասել.
Տուր ինձ անմահության արտոնագիր
Ի տրիտուր սրտիս`
Սպասումից կտոր-կտոր եղած,
Ու չտանես սերս փորձության,
Խնդրում եմ,
Որովհետև ափերիդ մեջ է սիրտս,
Ապրելու հավեսս
Եվ կյանքս,
հավիտյանս
Հավիտենից

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *