ՄԵԴԻԱ ՔԱՂՎԱԾՔ | Գրանիշն ամփոփեց գրական 2011-ը

Քարերը նետելու ժամանակը

Դեկտեմբերի 20-ին Հայելի ակումբում բանաստեղծ Կարեն Անտաշյանը, գրականագտներ Արքմենիկ Նիկողոսյանն ու Հասմիկ Հակոբյանը ամփոփեցին հայ գրականության 2011 թվականը: Ստորև ներկայացնում ենք զլմների հրապարակումներից ամփոփ քաղվածք: Ասուլիսի սղագրությունն այստեղ:

——————————

Նախագահն ու վարչապետը պետք է գրքի շնորհանդեսի գնան
Երիտասարդ.am | Ծովինար Կարապետյան

Անցած գրական տարին ամփոփում էին «Գրանիշ» գրական ակումբի հիմնադիր Կարեն Անտաշյանը, գրականագետներ Արքմենիկ Նիկողոսյանն ու Հասմիկ Հակոբյանը:
«Գրական 2011-ը. քարերը նետելու ժամանակը»: Այսպես է անցնող տարին բնութագրում «Գրանիշ» գրական ակումբի հիմնադիր Կարեն Անտաշյանը: Չնայած տարին լուրջ բեկումներով աչքի չի ընկել, սակայն արվել են որոշակի քայլեր, որոնց արդյունքները երեւալու են արդեն 2012 թ-ին: «Գրական դաշտն աշխուժացնելու առումով ռեալ քայլեր են արվել: Մենք ասում ենք, որ պետք է Հայաստանում գրական շուկա ստեղծվի, զարգանա: Արդեն ունենք գրողներ-հրատարակչություն համագործակցության մի քանի դեպքեր»,- ասում է Կարենը:

Գրական դաշտի երիտասարդ ներկայացուցիչները բարձր են գնահատում նաեւ հրատարակչությունների` դաշտի աշխուժացմանն ուղղված նախաձեռնությունները` «Էդիթ պրինտի» համահայկական ընթերցանության մրցույթը, «Անտարեսի» արձակ պատմվածքների մրցույթը եւ այլն:

Այս տարի նրանք բարձրաձայնել են նաեւ արտասահմանյան գրականությունը հայերեն թարգմանելու անհրաժեշտության մասին: Սամվել Մկրտչյանի` Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսի» թարգմանությունը նրանք եզակի են համարում, որովհետեւ ամեն լեզվով չէ, որ այդ գործը թարգմանված է եւ թարգմանելի:

Տարվա ձեռքբերումներից են նաեւ «digilib.am» եւ «litopedia.org» կայքերը, որոնց միջոցով համացանցում ներկայացվելու է հայ գրականությունը: Այդ աշխատանքների մեծ մասը նրանք կատարել են սեփական միջոցների հաշվին, չնայած կողմնակի ֆինանսավորում եւս եղել է:

Այս տարի նրանք դժգոհ չեն ՀՀ մշակույթի նախարարության աշխատանքից, քանի որ բավականին աջակցել է երիտասարդ գրողներին, որպեսզի մասնակցեն գրքի միջազգային մի շարք ցուցահանդեսների:

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանի գրողների միությունն աստիճանաբար կորցնում է իր «մոնոպոլ» կարգավիճակը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նույնիսկ դրական է գնահատում.«Ստեղծվում են փոքր գրական ակումբներ, որոնցից յուրաքանչյուրն իր հեղինակներին առաջ է մղում, դաշտը բազմազան է դառնում, մրցակցություն է առաջ գալիս»:

Երիտասարդ ստեղծագործողները գրականությունը հանրայնացնելու եւս մեկ միջոց են առաջարկում: «Եթե երկրի նախագահը, վարչապետն ու նախարարները չգնան ազգային երաժշտական մրցանակաբաշխությունների, աստղիկ-մաստղիկների համերգներին, այլ մի անգամ գան սովորական հայ գրողի գրքի շնորհանդեսին, հասարակության վերաբերմունքն ինքնաբերաբար կփոխվի գրքի նկատմամբ»,- նկատում է Արքմենիկ Նիկողոսյանը:

Նրանց այնքան էլ դուր չի գալիս այն հանգամանքը, որ գրքի գինը սահմանելիս մեր երկրում հեղինակի կատարած աշխատանքը հաշվի չեն առնում. հաշվում են միայն տպագրական ծախսերն ու հրատարակչության շահույթը: Այնինչ արտասահմանյան երկրներում հեղինակի աշխատանքին բաժին է ընկնում գնի 70%-ը:

Ինչեւէ, երիտասարդ ստեղծագործողները վստահեցնում են, որ եկող տարին ավելի բերքառատ է լինելու, քանի որ հիմքերը դրված են, գրողներն ու գրականագետներն էլ աշխատում են միասին` գրականությունը տեղ հասցնելու համար: Մնում է միայն, որ երբ անցնի 2012-ը, երբ Երեւանը կլինի գրքի մայրաքաղաք, չի անցնի նաեւ գրականությունն առաջ մղող ոգեւորությունը:

——————————

«Գրականության հիմնական խնդիրը քարոզչության պակասն է»
Ազատություն ռադիոկայան | Նունե Մարտիրոսյան

2011-ը գրական աշխարհում նշանավորվել է որոշ կարեւոր գրքերի թարգմանություններով, տպագրությամբ եւ գրականության թվայնացմամբ: Հիմնվել են ինտերնետային կայքեր, որոնք նպաստում են գրականության տարածմանը:
«Արմատական բեկումներ եւ փոփոխություններ չեն եղել, սակայն խնդիրները լուծելու ուղղությամբ լուրջ փոփոխություններ են եղել, քայլեր են եղել գրական շուկան զարգացնելու ուղղությամբ», – նշում է «Գրանիշ» գրական ակումբի հիմնադիր, գրող Կարեն Անտաշյանը:
«Գրականության հիմնական խնդիրը քարոզչության պակասն է, հատկապես` հեռուստատեսությամբ: Ամեն հեռուստաընկերություն պետք է պարտադիր ունենա գրական հաղորդում», – նշում է Կարենը:
«Հովանավորները ահռելի ծախսեր են անում, գումարներ ներդնում ինչ-որ համերգ կազմակերպելու համար եւ չեն հովանավորում գրքի տպագրությունը», – նշում է գրող, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը` հավելելով, որ գրքի նկատմամբ ուշադրությունն ու հարգանքը կմեծանա այն ժամանակ, երբ պետության բարձրաստիճան այրերը սկսեն այցելել գրքի շնորհանդեսներն եւ գրական միջոցառումները:
Որոշ երիտասարդ գրողների անուններ սկսել են ի հայտ գալ համացանցում, սոցիալական կայքերի միջոցով:
«2010-ին ժամանակակից գրողների ավելի շատ լավ գրքեր տպագրվեցին, քան այս տարի, սակայն 2011-ը արդյունավետ էր կատարված ծավալուն աշխատանքի տեսանկյունից», – նշեց Արքմենիկ Նիկողոսյանը:

Լսել ձայնագրությունը

——————————

Գրական 2011-ը քարերը նետելու ժամանակն էր
Երկիր.am

2011-ը գրական առումով բուռն տարի է եղել: Թեեւ 2010 թվականին ավելի շատ լավ գրքեր են տպագրվել, սակայն այս տարի, կարծես, շատ ընթերցողներ գտել են իրենց գրողին:
«Գրանիշ» գրական կայքի հիմնադիր, գրող Կարեն Անտաշյանը, ամփոփելով տարին, նշեց, որ գրական 2011-ը քարերը նետելու ժամանակն էր, իսկ, ահա, 2012-ին պետք է հավաքենք այդ քարերը:
«Տարին լեցուն էր արմատական փոփոխություններով: Եղան հրատարակիչ-գրող համագործակցության դեպքեր, լավագույն գրական մի շարք գործեր թվայնացվեցին, արտասահմանյան գրականությունից թարգմանություններ կատարվեցին եւ գրական շուկան աշխուժացնելու քայլեր արվեցին. գրական դաշտը սկսել է առաջ քայլել»,- ասաց Անտաշյանը:
Սակայն, բացեր, այնուամենայնիվ, կան, իսկ դրանք շտկելու համար անհրաժեշտ է սկսել կրթական համակարգից. «Հեռուստատեսությամբ ոչ մի գրական հաղորդում չունենք: 2012-ին Երեւանը գրքի մայրաքաղաք է, այդ կապակցությամբ տեւական միջոցառումներ կկազմակերպվեն, իսկ ի՞նչ ենք անելու 2013-ին»:
Գրականագետ Հասմիկ Հակոբյանը նկատեց, որ այս ընթացքում գրական դաշտում ինչ ստեղծվել է` գրական անհատների էնտուզիազմի եւ նվիրվածության շնորհիվ է: Նա վստահեցնում է, որ այժմ մարդիկ կարդում են այն, ինչ հնարավոր է գտնել ինտերնետում. «Հիմնականում փոքրածավալ եւ թեթեւ ժանրի գործեր են կարդում»:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը վստահեցնում է, որ եթե մեր երկրի նախագահը կամ վարչապետը 1-2 աստղիկների համերգի փոխարեն ինչ-որ մի հեղինակի գրքի շնորհանդեսին մասնակցեն, գրքի եւ ընթերցանության նկատմամբ վերաբերմունքը կփոխվի. «Եթե նայենք, թե ինչ միջոցառումների են նրանք գնում, կարելի է ենթադրել, որ մեծ հաշվով` արհամարհում են գիրքը»:
«Երկիր»-ի հարցին, թե ինչպիսին էր 2011-ը գրականագիտության համար, Նիկողոսյանը պատասխանեց, որ ընթացիկ տարում գրողների եւ գրականագետների միջեւ որոշակի կապ է ստեղծվել` այդ երկու ուղղությունները չեն զարգանում իրարից անկախ:
«Կար այդպիսի մի շրջան, երբ գրողները գրականագետներից տեղյակ չէին եւ հակառակը: Ես ուրախանում եմ, որ գրականության ընթացքին բնորոշ օրինաչափությունները կարող ենք վերագրել նաեւ գրականագիտությանը»,- ասաց նա` հավելելով, որ տարին արգասաբեր էր նաեւ իր համար, քանի որ 2011-ին շուրջ 30 հոդված է տպագրել:
Հուսանք, 2012-ը ոչնչով չի զիջի 2011-ին, քանի որ 2012-ի առաջին կեսին կհրատարակվեն մի շարք գրքեր` Հրաչյա Սարիբեկյանի, Կարեն Անտաշյանի, Արքմենիկ Նիկողոսյանի, Հայկ Համբարձումյանի հեղինակությամբ:

——————————

Արմենիա TV | Ժամը լրատվական

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *