Վարսինե Մակարյան | Մեղքի զգացումը Ահմադ Դեհղանի պատերազմական թեմատիկայով արձակում

      Ահմադ Դեհղանը պարսից նորագույն շրջանի արձակի նշանավոր ներկայա­ցուցիչ­ներից է, որն առավելապես ստեղծագործել է Իրան-իրաքյան պատերազմի թեմատիկայով։ Ծնվել է 1966թ. Իրանի Քարաջ քաղաքում։ 1990թ. լույս է տեսել պատերազմի թեմայով նրա առաջին ստեղծագործությունը՝ «Շալամչեի աստղերը»։ [1] Այդ գրքում հեղինակը շարադրել է իր հուշերը՝ նկարագրելով հայտնի «Քարբալա 5»[2] ռազմական գործողությունը։ Հաջորդ տարի տպագրվել է նրա մյուս՝ «Վերջին օրերը» ստեղծա­գործությունը, իսկ 2005թ՝ «Ուղևորություն դեպի 270 աստիճանը»  վեպը, որը  2006թ թարգմանվել է անգլերեն և առավել մեծ ճանաչում բերել հեղինակին։ Ահմադ Դեհղանի պատերազմի թեմայով այլ գործերից են «Հարձակում», «Շահիդ Չամրանը», «Պատերազմի մասին չասվածները» երկերը։ 2004թ Թեհրանում լույս է տեսել հեղինակի «Ե´ս եմ Ձեր որդու դահիճը» պատմվածաշարը՝ բաղկացած տասը ստեղծագործությունից։

        Պատմվածաշարում ներկայացված պատմություններն ու իրադարձու­թյունները ցավոտ և դաժան իրականության  արտացոլումն են։ Դեհղանն իր ժողովածուի մի շարք ստեղծագործություններում ջանացել է լույս սփռել ստվերում մնացած երևույթների վրա։ Պատերազմին անձամբ մասնակցելուց զատ արձակագիրն  զինվորի իր առաքելությունը, փաստորեն, շարունակում է գրականության ասպա­րեզում։

 

Ահմադ Դեհղանի «Փակուղի» և «Ե´ս եմ Ձեր որդու դահիճը» պատմվածքներում ի հայտ է գալիս պատերազմի հակառակ կողմներից մեկը. ի՞նչը կարող է մարդուն դրդել եղբայրասպա­նու­թյան կամ ընկերասպանության և համակել ողջ կյանքում չսպիացող մեղքի զգացումով։

«Փակուղի» պատմվածքում նկարագրվում է իրանական մի ընտանիքի ճակա­տագիրը, և ընթերցողն ականատեսն է լինում երեք սերնդի կործանման, որոնցից յուրաքանչյուրի մահվան մեջ ակամա իրենց մեղքի զգալի չափաբաժինն են ունենում ժամանակի Իրանում տեղի ունեցող հասարակական-քաղաքա­կան գործընթացներն ու ութնամյա պատերազմը։ Ընտանիքի մայրը կաթվա­ծա­հար է լինում, երկու որդիներից ավագը՝ Սամը, սպանում է կրտսեր եղբորը՝ Նարիմանին, հարսը՝ Միթրան, ինքասպանության է դիմում, իսկ որբ մնացած թոռները՝ Ամիրհուսեյնն ու Մարիամը, այդ դեպքերից տարիներ անց, չդիմանալով կյանքի փորձություններին, նույնպես վերջ են դնում իրենց կյանքին։ Այս ամբողջ պատմությունը ներկայացվում է ընտանիքի հոր՝ քննիչին տրված խոստովանական ցուցմունքի և հիշողությունների միջոցով.

«Այո, սկզբից պատմեմ։ Որտե՞ղից սկսեմ։ Ուզու՞մ եք հենց այն տարիներից, երբ այս խոլերան ընկավ մեր տուն։ Իրարանցումների ժամանակներն էին, երբ կինս մահացավ։ Նոր էի թոշակի անցել և եկել  Թեհրան. հենց նույն Փակուղի փողո­ցում, որ հիմա ապրում եմ, տուն գնեցի։ Ասացի, որ զինվորական եմ եղել, ժան­դարմերիայի սպա և երեսուն տարի պատվով ծառայել եմ հայրենիքիս։ Այո, այո, շարու­նակեմ. իրարանցումների ժամանակահատվածում կինս մահացավ։ Շահրիվա­րի 17-ին[3] գնացել էր ցույցի դրա մասին հաստատ լսած կլինեք։ Ժալեի հրապա­րակի այդ սպանությունների  ժամանակ այնտեղ է եղել։ Հենց ինքն ասաց՝ ժողովրդի մեջ էի։ Գիշերը կաթվածահար եղավ և մահացավ»։[4]

Շարունակելով իր պատմությունը՝ հերոսը քննիչին պատմում է որդիների  մասին։ Ավագ որդին՝ Սամը, որին հայրն ավելի թերահավատորեն էր վերաբերվում, տարված էր հեղափոխական գաղափարներով և ակտիվորեն մասնակցում էր ցույցերին, որտեղ և հանդիպում է ապագա կնոջը՝ Միթրային, սակայն նրա հետ ամուսնությանը հայրը դեմ էր։ Կրտսեր որդին՝ Նարիմանը, խելացի էր,  ուսում­նա­տենչ, և նրա նկատմամբ հայրը ավելի հոգատար էր և ողջունում էր վերջինիս բոլոր արարք­ները։

Պատերազմն սկսվելուն պես Սամը մեկնում է ռազմաճակատ և այդ ընթացքում ծնվում է նրա որդին։ Հերոսը հիշում է. «Եթե չեմ սխալվում 1361/1982 թվականն էր, երբ ասացին՝ ցանկանում են հաջորդ հարձակմամբ Խորրամշահրն ազատագրել։ Կհիշե՞ք, որ այդ ժամանակներում Խորրամշահրի անունը դարձել էր Խունինշահր[5] … ռադիոն սկսեց «մարշ տալ», որից հետո դիակներ, որոնք ուղարկվում էին մարտի դաշտից. չէր գտնվի մի փողոց, որտեղ հեջլե դրված չլիներ… Սամի մահվան բոթն էլ բերեցին։ Երեք հոգի էին՝ երկու կին, մի տղամարդ։ Արդեն պարզ էր՝ ինչի համար էին եկել։ Եկան, նստեցին սենյակում, կանանցից մեկն սկզբում ինչ-որ բան ասաց, իսկ հետո տղամարդը շարունակեց, որ նրանց խումբը սահմանին նախատեսվածից ավելի առաջխաղացում է ունեցել, և բոլորը կոտորվել են։ Անգամ դիերը չեն կարողացել  վերադարձնել։»[6]

Հերոսը պատմում է, որ որդու մահից հետո ամեն երեկո մզկիթ էր գնում և աղոթում։ Երբ լրանում է Սամի մահվան տարելիցը, մզկիթում աղոթք կարդացող հոգևորականը նրան հորդորում է  Միթրային ամուսնացնել, որ մինչև կյանքի վերջ այրի չմնա։ Որոշվում է, որ այրիացած հարսը պետք է ամուսնանա տեգրոջ՝ Նարիմանի հետ։ Ամուսնությունը կայանում է, որի արդյունքում ծնվում է նրանց դուստրը՝ Մարիամը։

1990 թ․՝ պատերազմի ավարտից երկու տարի անց, լուրեր են տարածվում, որ գերիներն ազատվելու են։ Պարզվում է՝ Սամը ոչ թե նահատակվել, այլ գերի էր ընկել։ Վերադառնալով տուն և իմանալով եղելությունը՝ նա սպանում է եղբորը. «…Սամը սկզբում ոչինչ չէր ասում, միայն ինձ էր նայում։ Կես ժամ էր՝ հայացքը հառել էր իմ ուղղությամբ, ապա՝ Ամիրհուսեյնի ու Մարիամի, ապա՝ Նարիմանի և Միթրայի։ Հայացքն այնքան սարսափազդու էր դարձել, որ Ամիրհուսեյնը վախեցավ և մորն ամուր գրկեց։ Այնուհետ Սամը վեր կացավ, գնաց խոհանոց ու վերադարձավ։ Խոհանոցի դանակներից մեկը վերցրել էր ձեռքը։ Շիվարել, մնացել էի՝ ի՞նչ է պատրաստվում անել, գնաց, նստեց Նարիմանի կրծքին և առանց որևէ բան ասելու դանակը մխրճեց նրա սիրտը, այն էլ՝ ոչ մեկ անգամ, հինգ անգամ։ Հենց այդ գիշեր Միթրան ինքնասպան եղավ։ Անշնչացած մարմինն իր սենյակում գտան․ առավոտյան Ամիրհուսեյնը եկել, ասում էր, որ մայրիկը քնել է ու չի արթնանում… »։[7]

Ընտանեկան դժբախտ դեպքերից հետո Ամիրհուսեյնն ու Մարիամը, մեծա­նա­լով ու գիտակցելով իրենց բաժին հասած ճակատագրի դառնությունը, տեսնելով թիկունքում անդադար բամբասող և իրենց թաց վերքերն ավելի բորբոքող մարդկանց, հայտնվում են խորը ճգնաժամի մեջ՝ փակուղում։ Չեն գտնում իմաստ՝ կյանքը շարու­նակելու և ինքնասպան են լինում. «Պարոն քննիչ, չգիտեմ՝ ինչպես այս խոլերան ընկավ մեր տուն։ Կեսգիշեր էր, երբ վերադարձա տուն։ Բանալին երբ մտցրի, որ դուռը բացեմ, զգացի՝ գազի հոտ է գալիս։ Դռները բացեցի ու գազն անջատեցի։ Հետո լույսը վառեցի, տեսնեմ՝ բուխարու խողովակը հանել են ու գազը բացել… այո, հենց այդ նույն սենյակում էին՝ դռան արջև։ Ներս գնացի ու տեսա նրանց շնչահեղձ մարմինները՝ կողք կողքի ընկած»։[8]

Դեհղանն այս ողբերգական պատմության միջոցով լույս է սփռում հասարակական մի շարք հիմնախնդիրների վրա։ Բազմաշերտ պատմվածքում կարելի է գտնել ընտանեկան ողբերգության բազում պատճառներ։ Ըստ էության, ստեղծա­գործությունը նաև քննադատական երանգ ունի և մերկացնում է հասարակական այն բարքերը, որոնք ստեղծվելով մարդկանց կողմից՝ կործանում են նրանց։

Պատմվածքում Սամը և՛ դահիճ է, և՛ զոհ։ Պատերազմում և գերության մեջ նա կրել է բազում զրկանքներ, իսկ երբ վերադառնում է տուն, ակամայից դառնում է եղբայրասպան։ Զոհից դահիճի անցման գործընթացում առանցքային է ընտանիքի հոր դերը․ հստակ երևում է նրա խտրական վերաբերմունքը երկու որդիների նկատմամբ։ Սամը մանկուց անտեսված ու չգնահատված էր հոր կողմից, ինչի պատճառով հոգեբանորեն բարդույթավորված էր։ Հետևաբար, տեսնելով, որ հոր սիրելի զավակ Նարիմանը, տիրացել է նաև իր կնոջը՝ Միթրային, նա կորցնում է իրեն և դիմում  եղբայրասպանության։

Ըստ էության, Դեհղանի ստեղծագործության առաջին ուղերձն ընթերցողին ընտանիքում հավասարության և երեխաների հանդեպ ոչ խտրական վերաբերմունքի ապահովումն է։ Ծնող-երեխա փոխհարաբերություններից հետո Դեհղանի կողմից հաջորդ քննադատական շեշտադրումն անհատ-հասարակություն անառողջ հարա­բերու­թյուններն են և համայնքի/հասարակության ազատ ելումուտն անհատի անձնական տիրույթ։ Ասվածի վառ ապացույցն է հարսի՝ Միթրայի կերպարը, որի (և ողջ ընտանիքի) դժբախտության պատճառներից մեկը հասարակության պարտադրանքով, այլ ոչ թե սեփական խղճի թելադրանքով շարժվելու խնդրի մեջ է։ Ըստ էության, Միթրան հավաքական կերպար է և իր մեջ ամփոփում է ժամանակի բարքերին զոհ գնացող և հասարակության պահանջմունքով շարժվող անհատներին։

«Ե´ս եմ Ձեր որդու դահիճը» պատմվածքում Դեհղանն անդրադառնում է ընկերասպանության երևույթին։ Հերոսը, ստիպված լինելով սպանել իր զինակից ընկերոջը, մեղքի զգացում է ապրում և որոշում եղելությունը նամակի միջոցով խոստովանել իր ընկերոջ՝ Մոհսենի հորը։ Ութ էջանոց նամակում հերոսը շարադրում է Մոհսենի մահվան ողջ պատմությունը, նկարագրում իր ապրումները, թե ինչպես է դրանից հետո կորցրել հոգեկան անդորրը.  խղճի խայթն ու ընկերասպան լինելու գիտակցումը կեղեքում են նրա հոգին։ Նա պատմում է, որ Մոհսենի  քառասունքին  ինքը նույնպես եղել է շահիդների գերեզմանոցում, սակայն չի համարձակվել գերեզմանին մոտենալ, թաքնվել է. «Դուք Ձեր սև շալի ծայրով սրբում էիք Ձեր արցունքները, իսկ նրա մայրը… այո, իմ զինակից ընկեր Մոհսենի մայրը ընկել էր գերեզմանին, ճչում էր և անիծում իր որդուն սպանողին»։[9]

Հերոսը նամակում շարադրում է, որ Մոհսենը վիրավորվում է  Արվանդ (Շատ ալ-Արաբ) գետով իրանական կողմի ջրային հարձակման ժամանակ. «Թշնամու ափ հասնելուն մոտ 300-400 մետր էր մնում, երբ Ձեր որդի Մոհսենը բղավեց և ափում հայտնված ձկան նման սկսեց թպրտալ. թշնամու անկանոն կրակոցներից կոկորդը վիրավորվեց»։[10]

Թշնամու ափ հասնելուն պես Մոհսենի վիճակն ավելի է վատանում և սկսում է շնչակտուր ձայներ արձակել։ Հրամանատարը հերոսից պահանջում է, որ Մոհսենին լռեցնի, այլապես նրա ձայնից թշնամին կիմանա իրենց գտնվելու վայրը. «Մեր խմբի հրամանատարն ասաց՝ Մոհսենի ձայնը կտրիր։ Նրան տեղաշարժեցի, որ թպրտոցն ու խռխռոցն ընդհատվի, բայց չստացվեց»։

Ի վերջո, հերոսը հրամանատարի պարտադրմամբ ստիպված ջրում խեղդում է ընկերոջը, որպեսզի թշնամու ճիրաններից փրկվեն իրենց խմբի ողջ մնացած իրան­ցի զինվորները. «Ապա Մոհսենի մարմինն ամրացրինք ափի երկայնքով տե­ղադրված փշալարին։ Վերջին անգամ, երբ տեսա նրան, ձեռքերը ձգված էին, գլուխը թեքված էր ներքև, ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսը խաչի վրա։ Ես եմ Ձեր որդու դահիճը և դրա համար պետք է պատիժ կրեմ, ես հնազանդորեն կընդունեմ այն ճակատագիրը, որը Դուք կվճռեք»։[11]

Հերոսը ճիշտ այն ջրում, որտեղ իրեն փրկել էր Մոհսենը, ստիպված է լինում խեղդել նրան։ Պատմվածքում ներկայացվում է դահիճ-զոհ ընկալումների մի յուրօրինակ մեկնություն, առ այն, որ և´ դահիճը, և´ զոհը պատերազմ կոչված հրեշավոր երևույթի զոհերն են։ Դեհղանն ընթերցողի գիտակցության մեջ փորձում է ներարկել այն գաղափարը, որ մայրերին որդեկորույս դարձնողը, կանանց այրիացնողը, սիրահարներին իրարից բաժանողը, ընկերներին ընկերասպան և եղբայրներին եղբայրասպան դարձնողը հենց պատերազմն է, այլ ոչ հակառակ կողմում կանգնած  զինվորը։ Պատերազմն այնքան անգութ է, որ ոչ միայն չի գթում թշնամուն, այլև ընկերոջը։ Իսկապես, գրողական մեծ վարպետություն և կամային բարձր որակներ են անհրաժեշտ՝ լինելով պատերազմի մասնակից, ստեղծագործել այնպես, որ ընթերցողի մտապատկերում որպես թշնամի թիրախավորվի արատավոր երևույթն, այլ ոչ թե անձը։ Այս պատմվածքն ունի ընդգծված հակապատերազմական ենթատեքստ։[12] Գրողը բացահայտորեն քննադատում է պատերազմ երևույթն ու նրա հարուցած բարոյահոգեբանական վնասները։

Հեղինակի կողմից Մոհսենի համեմատությունը խաչված Քրիստոսի հետ բավական հետաքրքիր է։ Ըստ էության, Մոհսենին զոհաբերելով՝ հերոսը փրկում է մյուսների կյանքը, այնպես ինչպես Հիսուսն է խաչվում հանուն մարդկության փրկության։

Այսպիսով՝ պատերազմական թեմայով պատմվածքների շարքում իրենց ուրույն տեղն ունեն նաև հակապատերազմական և արատավոր երևույթների քննադատություն պարունակող պատմվածքները, որոնք միտված են ապացուցելու, որ պատերազմը երկու թշնամիների  ընդհանուր թշնամին է, որը չի ճանաչում ընկեր, բարեկամ կամ թշնամի։ Նրա սադրանքով մարդը կարող է ճարահատյալ սպանել, ոչ միայն թշնամուն, այլ իր ամենահարազատ ու սիրելի մարդուն։

Ահմադ Դեհղանի վերոնշյալ երկու պատմվածքները միտված են ընթերցողի մեջ սերմանելու խաղաղասիրական և սոցիալական արդարության հաստատման գաղափարներ։

[1] Ծանոթագրություն։ Շալամչեն գյուղ է Խորրամշահրի արևմուտքում: Այն սահմանային գոտի է Իրանի և Իրաքի միջև, որը Իրաքի Բասրա քաղաքին ամենամոտ գտնվող իրանական տեղամասն է։ Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ Շալամչեն  իրաքյան զորքի՝ դեպի Իրան հարձակման ուղղություններից մեկն էր։ Իրաքյան բանակը, 1359/1980թ. անցնելով Շալամչե բնակավայրը, արշավեց դեպի Խորրամշահր։ Պետք է նշել, որ այդ բնակավայրն Իրաքի համար ռազմավարական նշանակություն ունեցող գոտի էր, որը վեց տարի մնաց Իրաքի տիրապետության տակ։ (Ganjine-e m’āref, šeš sāl, Šalamče-ye Irān dar extiār-e Irak (21.04.2020).

[2] Ծանոթագրություն։ «Քարբալա 5» գործողությամբ իրանցիները 1986թ. հետ գրավեցին Շալամչեն։

[3] Ծանոթագրություն։ Խոսքը վերաբերում է 1978թ. սեպտեմբերի 8-ին Թեհրանի Ժալեի հրապարակում տեղի ունեցած հակաշահական ցույցին, որը շահական վարչակարգի կողմից ճնշվեց բռնի կերպով։ Այդ ցույցի ժամանակ զոհվեցին տասնյակ մարդիկ, և այն պատմության մեջ մտավ “jome-e siāh”-«սև ուրբաթ» անվամբ։

[4] Dehqan A., նշվ. աշխ., էջ 86։

[5] Ծանոթագրություն։ Xuninšahr-արյունոտ քաղաք։

[6] Dehqan A., նշվ. աշխ., էջ 88։

[7] Նույն տեղում, էջ 92։

[8] Dehqan A., նշվ. աշխ., էջ 93։

[9] Dehqan A., նշվ. աշխ., էջ 70։

[10] Նույն տեղում, էջ 71։

[11] Mosavi A, Dark Corners and the Limits of Ahmad Dehqan’s War Front Fiction, Middle East Critique, 2016, p. 6.

[12] Niri M., Negāh-e enteqādi be jang dar dāstān-e kutāh-e “Silem” va “Man qātel-e pesaretān hastam”, pažuhešnāme-ye adabiāt-e mo’āser-e Irān, šomāre-ye 2, pāyiz va zemestān-e 1398/2019:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *