Վահագն Մուղնեցյանի «Տաբու» վեպը ժանրի ավանդական ընկալումներից դուրս ստեղծագործություն է: Այն երկու գլխից է կազմված` «Նզովքի դատապարտվածները» և «Համաստեղության նշանը»: Այս գլուխներն իրենց հերթին մանր պատումների խառնակ հյուսվածքակծիկներ են: Փոքրիկ սյուժեներ են ստեղծվում, որոնք երբեմն չեն ավարտվում և ընկալման տեսակետից բազում հարցեր անպատասխան են մնում: Օրինակ՝ Փայլակի որդի Գոդոյի Ռուսաստանում ձերբակալությանն ու 15 տարի ազատազրկմանը հաջորդում է վերջինիս քավորի` Բագոյի, Անտաշ Համոյի և դարձյալ մի քանիսի` Գոդոյի բանտից փախուստը կազմակերպելու որոշումը, բայց այստեղ էլ ավարտվում է այս դիպաշարը և դեռ ավելին՝ հաջորդող մասերում Գոդոյին արդեն հանդիպում ենք հայաստանյան միջավայրում, և բաց է մնում, թե ինչպես է նա հայտնվել այստեղ:
Փայլակի մյուս որդի Փարամազի ու Բագոյի դուստր Դուխիկի սիրավեպը բուռն սկիզբ է ունենում ու կիսատ մնում և միայն վեպի վերջում է իմացվում, որ նրանք ամուսնացել են:
Վեպի որոշ կերպարներ` Անուշիկը, Անելկան և այլք, ովքեր առաջին գլխում ակտիվ մասնակցություն են ունենում գործողությունների զարգացմանը, երկրորդում գրեթե բացակայում են և առկախ է մնում նրանց ճակատագրերի ընթացքը:
Երբեմն գործողություններին մասնակցում են այնպիսի կերպարներ, որոնք տվյալ պահին այդտեղ չպիտի լինեին. օրինակ՝ Ղաչաղաց ձոր կրակելու գնացած Անտաշ Համոյի խմբից հանկարծ բացակայում է Գոդոն և գործողությունների ընթացքին մասնակցում է Բագոն:
Որոշ իմաստով, կարելի է ասել, Վահագն Մուղնեցյանը ստեղծել է անհերոս վեպ: Խոսքս ապահերոսացման մասին չէ, այլ վեպի կառույցում առկա բնավորությունների մարմնավորման: Կերպարները բազմաթիվ են, իսկ կենտրոնական հերոսը բացակայում է: Հերոսին փոխարինելու է գալիս ապրումն ու ճակատագիրը (և կապ չունի, թե դրա կրողը ով է, կարևոր է, թե ինչպիսին է այն), և եթե վերջինս էլ կիսատ է, ապա ոչ հեղինակի մեղքով:
Կերպավորման մուղնեցյանական մոտեցումը՝ թեմայի անմիջական ածանցումն է: Թեմատիկ առանձնահատկություններն էլ պայմանավորում են կերպարների տարատեսակ բնույթները:
Վերջին տարիներին մարդու միայնության թեման բազմիցս արտահայտվել է գրականության մեջ: Այս թեմայից անմասն չի նաև Վահագն Մուղնեցյանի «Տաբու» վեպը: Նրա հերոսներն անընդհատ համակվում են միայնության զգացումով: Մտավորական մարդու տիպը կերպավորող նկարիչ Կարլոսը, ընդհանուր միջավայրի եռուզեռից հեռու կանգնած անկախ մարդ է, և իր ստեղծագործական աշխարհից հայացքով հետևում է շուրջը տեղի ունեցող դեպքերին ու երևույթներին: Եվ հանկարծ նա իր համար բացահայտում է, որ «շարունակ մարդ էր փնտրում այս մարդաբնակ աշխարհում: Երբեմն թվում էր, թե գտել է, բայց ավելի հաճախ իր համար խաբկանք էր ստեղծում, որ մենակությունից չգժվի` իբր թե գտել է: Խոսքը այն մենակության մասին չի, որ իրենն էր, և ինքը շատ էր սիրում, այլ այն մենակության, որն իրենը չէր, բայց պարտադրված էր նաև իրեն» (67):
Սակայն միայն մտավորական մարդը չէ այս զգացողությունն ապրում. լրիվ հակառակ կեցությամբ ապրող Վարիչը, Անուշիկը ևս միայնության կրողներ են դառնում. «Մենակության մեջ Անուշիկն իրեն երբեք այդքան մենակ չէր զգացել» (122). «Վարիչ Արամիչն իրեն զգաց այնպես միայնակ ինչպես թիթեռնիկը լուցկու տուփի մեջ» (194):
Եվ որքան էլ մարդկային փոխհարաբերություններում գրողը փնտրում է հաշտություն մարդու հետ («-Մարդուն ամենամոտիկը մարդն ա: Մարդը, որ մարդ չէլավ, մարդ չի դառնա»: (155)), այնուամենայնիվ, մարդուն հավերժ ուղեկից կեցության բնազդային օրենքները և բանականությունը նորից բախվում են իրար՝ ծնելով անցանկալի իրականությունը: Իր արդար քրտինքով ապրող Հրաշեկ պապի դատողությունները աշխարհի նոր ռիթմից ինքնակամ դուրս ընկած, կյանքի հրամայականով լուսանցքում հայտնված մարդու մտորումներ են. «Մարդկանցից ինչքան հեռու` էնքան լավ: Իրար միս ուտելով` Աստծո ողորմածությունից զրկվեցին, իրար օղորմի տալն էլ մոռացան. դեռ էնքան կկորցնեն, մինչև գլխի ընկնեն, թե ինչ են կորցնում…» (9): Ի վերջո, նա էլ լրիվ հիասթափվելով կյանքից, անհետ հեռանում է` մեկ նախադասություն արտասանելով. «-Շաշի թիվ ա, ես գնացի»:
Ինչպես արդեն ասվել է, «Տաբու» վեպը բազմակերպար և խայտաբղետ իրողություն-իրավիճակներով կառուցված երկ է: Սակայն վեպում իրենց յուրատեսակ ուրվագիծն ունեն կանացի կերպարները` Անելկան, Անուշիկը, Նենսին, Նանեն, Սալոմեն: Նրանք նմանատիպ կերպով են ներկայացված. որպես թեթև բարքի տեր կանայք: Նրանք անբարո միջավայրի ծնունդ են և իրենց կերպարներով ամբողջացնում են այդ միջավայրը: Մուղնեցյանը հետաքրքիր կերպարակերտման միջոց է կիրառել այս կանանց կերպարները ստեղծելիս: Նրանք արտաքնապես առաքինի կնոջ կերպի մեջ են ներկայանում, բայց ներսից ապականված են, շնացող, լաչառ ու հեշտասեր: Օրինակ՝ Բաբուռովի բուժքույրեր Անուշիկն ու Անելկան համեստ ու առաքինի կնոջ համբավ ունեն, բայց արի ու տես, որ երկուսն էլ փորձում են գլխավոր բժշկին ծոցել, իսկ մի հատվածում կռիվ են տալիս Բագոյի համար գլխավոր բժշկի ու տիրացուի ներկայությամբ. «-Ընչի՞ եմ համը հանում, լա՜վ էլ համը տեղը կպահեմ,- Անուշիկը ծիծաղեց, կոտրատվեց,- դու նրա վրա ինչ իրավունք ունե՞ս որ, չտեհա՞ր , աղոթքի վախտը առաջ ինձ պաչեց, հետո` քեզ, համ էլ` էդ խի՞ դու էրկուսն ունենաս, ես` մինը, կարող ա՞ դու վերի արտի ցորենն ես» (135):
Նանեն` Վարիչ Արամիչի կինը, բարձր դիրքի է` կենտկոմի քարտուղարի կինն է, բայց անընդհատ ամուսնուն դավաճանում է մսավաճառ Անտաշ Համոյի հետ` խմբագրի բազմոցին: Գրողը նրբորեն է ներկայացնում այսպիսի տեսարանները՝ չհասցնելով գռեհկացման. նա (Նանեն) ջերմորեն բարեկամացավ խմբագրի հանգստի սենյակի բազմոցի հետ (51):
Նանեի քույրը` Սալոմեն «… ցուցանեց գրկելու և վայելելու համար ստեղծված իր կլորիկ հետույքը» (139), անընդհատ խաղացնում է մարմինն ու բացեիբաց նախատում իր շորորանքից չօգտվողին. «-Ա՛յ տղա, գոնե ամաչի, ձայնդ կտրի,- Սալոմեն բարկացավ, խեթեց Բաբուռովին,- քամակս տնկել, դեմդ պառկել էի, օգտվեիր էլի՛, քեզ ո՞վ էր խանգարում: Բա կարգին տղամարդը նման առիթը բաց կթողնի՞, ա՛յ մունդռիկ, դեռ խոսում էլ ես, քան թե ամոթից գետինը մտնես» (141):
Նենսին` Վարիչ Արամիչի քարտուղարուհին, իր պետին անընդհատ սպառնում է այնպես անել, որ նա բաժանվի կնոջից ու ամուսնանա իր հետ, քանի որ կենտկոմի քարտուղարը չէր ուզում լինել նրա սիրեկանը և բավարարվում էր մանր մունր համբույրներով ու շոյանքներով:
Այս կերպարներին զուգահեռ և գրողը ստեղծել է նաև իսկապես առաքինի և լուրջ կնոջ կերպարներ` Փայլակի կին Կալիպսոն և Բագոյի կինը: Բայց հետաքրքիրն այն է, որ այս կերպարները խամրում են և ոչ այնքան տեսանելի են, քանզի զուսպ են ու հավասարակշռված, և նրանց շուրջ չի ստեղծվում պատումը:
Վեպում հանդիպում են նաև վավերական կերպարներ, ովքեր հեղինակի հիշողության կրողներն են: Արա Վահունին, Սամվել Խալաթյանը երբեմն-երբեմն մասնակից են դառնում գործողություններին: Իսկ առասպելապատումներից մի քանիսն էլ հյուսվում են Սլավիկ Չիլոյանի շուրջ. «…կոլոտ ստվերների առաջնորդը չպարզված հանգամանքներում «կՏտսՈՉՏՍ»-ի վերին հարկից գլխիվայր ընկել-բախվել է առաջին հարկի սալահատակին» (236):
Վավերական պատումի դրսևորում է նաև Հյուսիսային պողոտայի շինարարության և դրա շուրջ ծավալվող աղմկալի պատմություններն ու հեղինակի դիրքորոշումը: Հյուսիսային պողոտայի շինարարությունը իրականությունն է, աղմկալի պատմությունները՝ կյանքը, իսկ հեղինակի դիրքորոշումը այդ երկուսի ճակատագրերի զուգակցումն է՝ հիշողությունը:
Վահագն Մուղնեցյանը որդեգրում է «դուզ մարդու ծուռը (կյանքը – Ա. Ա.) ծուռ մարդու դուզից (իրականություն – Ա. Ա.) դուզ ա» (283) գեղարվեստական նշանաբանը, ու իրագործում է իր ստեղծած կերպարներից մեկի՝ Փառնակ իմաստունի խորհուրդներից մեկը՝ «Չմոռանաս, որ պետք է հիշես» (291): Այսպիսով գրողը իր հիշողությունն է վիպականացնում, և կարևոր չէ, այն որքանով է կիսատ, որքանով է երևակայության ծնունդ և որքանով է իրական, կարևորը՝ որ կենսական է, ու ճակատագրի կրողը:
Այսպիսով՝ «Տաբու» վեպը աներևութանում է որպես ամբողջականություն և սոսկ տրամադրությունների ու վիճակների արտահայտող ստեղծագործություն է:
Վեպի գեղարվեստական ժամանակն ընդգրկում է նախորդ դարի 40-ականներից մինչև մեր օրերը: Բայց մի ուշարժան հանգամանք. եթե մեր էպոսում Սասունցի Դավիթը օրվա ընթացքում տարով էր մեծանում, ապա ժամանակն անզոր է «Տաբու» վեպի կերպարների համար: 40-ականների մանուկ-պատանիները մեր օրերում եռանդուն երիտասարդներ են կարծես, իսկ ծերունիներն ասես անմահ են: Սա ևս խոսում է այն մասին, որ վեպում առաջնայինը ճակատագիրն է, ոչ թե կյանքի տրամաբանությունը:
Այսպիսի կառուցումները վեպին հաղորդում են առասպելապատումի, վիպերգության հատկականություն և ամեն անհնարին կարող է դառնալ բանահյուսական իրականություն:
Առասպելական տարրերը Վահագն Մուղնեցյանի տեքստում նոր առասպելաստեղծման կերպով են արտահայտվում: Փոքրիկ հեքիաթ-այլաբանություններ են հյուսվում` բժիշկ Բաբուռովի և Ցերնիկե այծի գիտական-փիլիսոփայական երկխոսությունը, արդյունքում սոված զինվորները մորթում, խորովում, ուտում են այծին, ռուսական գանգատուփերի աղմկահարույց գործի պատմությունը, երբ Բաբուռովը իր գիտական խենթ գյուտերից դրդված, մեկ գիշերվա մեջ վիրահատական նշտարով բացում և կարում-փակում է 12 ռուսների գանգատուփերն ու նրանցից ոչ ոք չի մահանում, ծառից ծառ թռչող և գլխիվայր վազող Դասախոսի պատմությունը, ում տեսնելուց անգամ գամփռն է կաթվածահար լինում չհասցնելով ճաշակել իր վերջին գռմռոցը և այլն:
Միևնույն ժամանակ գրողն անտարբեր չէ արդեն հայտնի բանահյուսական տարրերի հանդեպ: Անուշիկի բզեզի քարից հղիանալու արդյունքում ծնվում է ճակատին զատիկատեսիլ խալով ձախ ձեռքի մատները բռունցքած Բեկասլանը, որը հիշեցնում է Փոքր Մհերի միֆը… Միայն ազերի խուժանի առաջ վրեժի պահին է բացվում Բեկասլանի փակ բռունցքը: Նկարիչ Բեկթաշի հայրը` Կվալտ Համիկը, հիշեցնում է Մեծ Մհերին ձի ընտրելիս. «ապա նրա մահացու բռունցքը մեկը մյուսի ետևից գետնել էր ախոռի գիշերային անդորրի մեջ որոճացող գոմեշներին, ցուլերին, կովերին, ձիերին և քարտուղարի հոր սիրելի մոխրագույն էշին» (190):
Վեպում կարևոր տեղ է զբաղեցնում հումորը, որը ևս բանահյուսական արժեք ունի:
«Տաբու» վեպն իր խճճված ու անավարտ սյուժեներով, կերպարների բազմազանությամբ, մի քիչ խենթությամբ, միջավայրի կոլորիտով ու ցնորային իրականության երգիծական պատկերումներով ինչ-որ չափով հիշեցնում է սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի ֆիլմերում ստեղծած աշխարհը:
Վերջին տարիներին երգիծական գրականությունը, որպես առանձին միավոր, նահանջ է ապրում, քանի որ թե՛ պոեզիան, և թե՛ արձակը լրջախոհության և հումորիկ խառնուրդով են ներկայանում: Մուղնեցյանը ևս երբեմն աշխարհին նայում է թեթև, ծիծաղկուն աչքերով: Բացի խոսքային և համեմատական հումորներից, («…Էս Լոռվա փոսումը թե իրեք գաղտնապահ տղամարդ կա` իրեքն էլ ես եմ» (90)), Մուղնեցյանը ստեղծել է նաև երգիծական իրավիճակներ: Մասնավորապես՝ Անուշիկի էշի հետ կապված իրավիճակներում մարդու և կենդանու փոխհարաբերություններում կերպավորվում է նաև մարդու բարեկամ, ամենահիմար անասունը. «Երբ Բաբուռովը հագնվեց, գոտին պնդեց, վերագտավ իրեն բնորոշ սառնասրտությունն ու որոշեց ճամփա ընկնել` ևս մի անակնկալ-ծանր հարված իջավ սրտին. նա տեսավ, թե ինչպես է քոսոտ էշը ծամում մեծ չարչարանքների գնով իր հավաքած ջրիմուռի վերջին փշրանքները: Կատաղության մոլուցքի մեջ` Բաբուռովն ուզում էր հարձակվել ու պատառ-պատառ անել անզգամին, սակայն Անուշիկի զգայուն, իմաստուն ձայնը նրան խորհուրդ տվեց նստել էշի մեջքին և աքացիներով ստիպել, որ հաղթահարի քարքարոտ զառիվերը: Եվ այդպես, հնազանդ անասունը սկսեց հաղթահարել վերելքը, բայց նրա վիճակը անտանելիորեն ծանրացավ, երբ ճամփի կեսին չհասած` Անուշիկը կառչեց նրա պոչից: Ուժերից վեր ծանրությունից ու վիրավորանքից դրդված` էշը թուլացրեց ետին մկանները և սկսեց էշաբույր էշաբարո կանխամտածված-խիստ գավառային-խոշորոճայթռուկագմփոցային քամիներ արձակել,- ճիշտ Սալվադոր Դալիի մեկնության հանգույն,- կայտառորեն խտղտացնելով տիրուհու քիթը և թմբկահարելով սրտնեղությունից ու զայրույթից սևակնած ճակատը» (25):
Մեկ այլ իրավիճակում էշը ակամա դառնում է գործողությունների մասնակից, ապահովելով այն մոգական, միևնույն ժամանակ բնական միջավայրը, որը հեղինակի հիշողության արձագանքն է. «- Էշս ծախիլ տեմ,- գլխավորին տեսնելուն պես` տեղից վեր թռավ, ճչաց Անուշիկը, ապա, անբախտ անասունին հիշելով` նյարդայնացավ ու ձայնը ավելի բարձրացրեց,- ոչ ամոթ ունի, ոչ աբուռ, ոչ պատկառանք, զռալու շնորհքը իստակ կորցրել ա: Ուշքումիտքը մենակ զխտվելն ու թրքելն ա, մի քիչ առաջ էլ տոնածառի ճյուղից կախ տված տրուսիկս ծամեց ու կուլ տվեց վնասատու կեղտը: Մի անասուն, որ տիրոջ տրուսիկը չճանաչի, էլ ո՞ւմ ա պետք: Ընդամենը մի անգամ ծոցդ մտնելուց էի հագել…
– Հազար եմ ասել, տեղի-անտեղի հանիլ մի,- Բաբուռովը խորասուզվեց գահավորակի մեջ, հոգնած ոտքերը դրեց անթիկնակ աթոռին,- լավ ա, որ կանացի սփոփանքդ էլ կուլ չի տվել» (48):
Անուշիկի էշը, էշաբարո վախճան է ունենում. հերթական գիտական փորձից հետո` «Նա` էշը, պառկած էր մեջքի վրա` բոլոր հինգ ոտքերն ու ապշահար հայացքը հառած առաստաղին» (118):
Մուղնեցյանական հումորը երբեմն նաև ինտելեկտուալ բնույթ է կրում: Անիմաստ սիզիփոսյան աշխատանքի կատարման ծաղրը ցայտուն է դրսևորված գիտական անհեթեթ աշխատանքի մասին նրա երգիծումի մեջ. «Նա տեսավ ձկնկիթի արտադրամասի պետին, որը Բաբուռովի հանձնարարությամբ դիսերտացիա էր գրում «Կարմրախայտների հոգեբանությունը և ներգաղթի դինամիկայի զարգացման ընթացքում ձկնկիթի որակական փոփոխությունները» թեմայով» (92):
Այս ձգվող թելերի հանգուցավորումը դառնում է հեղինակի հիշողության բանահյուսական վերարտադրումը:
Փաստորեն, գրողը միևնույն ժամանակ դառնում է և’ լսողը, և’ ասացողը, և’ բանահավաք-գրառողը: Լսող-ասացող-գրառող ամբողջության մեջ «Տաբու» վեպը վերածվում է յուրահատուկ տեքստ-հիշողության:
Քար բզեզի ճամփորդությունը
«Տաբու» վեպում դիպաշարի զարգացման շղթա է դառնում քար-բզեզի ճամփորդության պատմությունը: Բզեզի սիմվոլը արևելյան առասպելաբանության մեջ անթիվ անհամար գանձերի բանալին է: Նա, ով կարող էր տիրանալ կախարդական բզեզին, ձեռքի տակ կունենար այդ գանձերի քարտեզը: Սակայն տարբեր առասպելներում ասվում էր, որ ոսկյա բզեզին տիրացողը անհավանական պատիժների է արժանանում և դառնում նզովյալ:
Վեպի առաջին մասը գրեթե ամբողջովին այն հերոսների ճակատագիրն է, ովքեր ի վերուստ նզովքի են դատապարտված: Այստեղից էլ առաջին մասի վերնագիրը «Նզովքի տատապարտվածները»:
Քար-բզեզը վեպում հայտնվում է տարբեր մարդկանց ձեռքում և փոխում նրանց ճակատագիրը. բզեզին տիրացողները դառնում են նզովյալներ: Բզեզին հերոսներից մեկի` Բագոյի ամորձու միջից հայտնաբերում է գյուղաքաղաքի բժիշկ-հեքիմը` Բաբուռովը, և նա էլ դառնում է առաջին նզովյալը: Նախ նա բռնվում է անբուժելի քոսով, ապա ունենում կյանքի դաժան վերջաբան. վեպի վերջում բժշկապետի գլուխն ուռում է և նա իր աչքերով տեսնում է, թե ինչպես է թրխկալով բացվում գանգի կափարիչն ու այնտեղից ինչեր ասես որ դուրս չեն գալիս, այնուհետև կորցնում է լսողությունը, մարմինն այլակերպվում է և նա կնքում է իր մահկանացուն: Քահանան թույլ չի տալիս նրա այլակերպված մարմինը հողին հանձնել, և նրա կինը` Անուշիկը, ամուսնուն զմռսում ու տեղավորում է ապակյա դագաղում, որը տեսնելու համար մեծ թվով այցելուներ են գալիս աշխարհի տարբեր երկրներից: Բժիշկ Բաբուռովը դառնում է անդրաշխարհից մերժված և գտնում է իր սև անմահությունը:
Նրանից քար-բզեզը գողանում է խոզարած Համշարի Գեդեոնը, ով սովորական խոզարածից վերափոխվում, դառնում է բարոյազուրկ մի մարդ, ով կարող է իր խոզերին պարարտացնել մարդկանց մարմիններ կերակրելով, անգամ սեփական կնոջը չի խնայում: Նրա կյանքի վերջաբանը ևս դաժան է լինում. Համշարի Գեդեոնը միանգամից ծերանում ու այլանդակվում է (Դորիան Գրեյի դիմանկարի պես)՝ կորցնելով հիշողությունը:
Անուշիկը` բժիշկ Բաբուռովի բուժքույրերից մեկը և նրա ապագա կինը թաքուն տիրանում է քար-բզեզին. «Անտառի դուստրը բնազդով զգում էր, որ մոտ է հայտնության պահը, որ մայիսյան քար-բզեզը ուր որ է իր ձեռքում կլինի, կդառնա իր ուղեկիցն ու պաշտելի սեփականությունը, երազանքների իրականացման առհավատչյան» (54): Նզովքը չի շրջանցում նրան: Անուշիկը կուլ է տալիս այդ քար-բզեզն ու նրա որովայնից դուրս են գալիս տարատեսակ ձայներ ու գռմռոցներ, այնուհետև այդ քարի «շնորհիվ» նա հղիանում է («Օտարասեռ հղիությամբ տոգորուն» 94)
Քար-բզեզի հաջորդ հանգրվանը կենտկոմի անսերունդ քարտուղար Վարիչ Արամիչի մատն էր` մատանու տեսքով: Նզովքը նրան այլակերպման է ենթարկում. «Վարիչ Արամիչի ոտքերի ու ձեռքերի եղունգները մեկ օրում երկարում էին այնքան, որքան որ պետք է երկարեին մեկ տարում, իսկ գլխի հարթ մազերը երկտակվում ու մխրճվում էին մաշկի մեջ` սպառնալով փչացնել բանականությունը» (157): Այնուհետև մեկ մանկանում է և հեծկլտում «Պիպի ունե՜մ», թոթովում` «Ծիտը թլավ գելանին, կանաչ խոտը բելանին», թառանչում` «Ակո ունեմ», մեկ էլ ծերունու նման լրջանում ու զառամում: Ի վերջո նրա կյանքն ունենում է դաժան վերջաբան` անտառապահը նրա ուշակորույս վիճակում նետում է անդունդ, որ ազատվի Վարիչից տարածվող անտանելի հոտից և ծառի կոճղի տակ հոտում է Վարիչ Արամիչը` դառնալով արջերին կեր, հարազատների համար` անհետ կորած:
Վարիչի քարտուղարուհին` Նենսին, շլանում է քար-բզեզի ցոլցոլանքով և թաքուն տիրանում պետի մատանուն. դրանից հետո նա խելագարվում-ցնորվում է, ապրում-թափառում անտառում և մահանում ճահճում խեղդվելով, որի մակերևույթին մնում է Նենսիի դուրս ցցված ձեռքը, որի մատնեմատին «անխռով շքեղությամբ ցոլում ցոլարձակում էր» բացառիկ փայլով քար-բզեզը:
Քար-բզեզ մատանին հայտնվելով նկարիչ Բեկթաշի ձեռքին, տեսիլներ է առաջացնում վերջինիս մոտ. նա նախ տեսնում է անհետ կորած Վարիչ Արամիչին, ապա սկսում է հասկանալ «գրական-մաքուր դդմերենն», ու ականջալուր է լինում այգում երկու դդումների երկխոսությանը: Հասկանալով իր հետ կատարվող անբացատրելի երևույթների պատճառը, նա մատանին արագորեն անցկացնում է Վադիմ Տեյկմինսի խելացնոր-ծերունի հոր մատին: Խելագար ծերունին փաթաթվում է խնձորի ծառին և նրան ոչ ոք չի կարողանում բաժանել ծառից: Ի վերջո ծերունին ձուլվում է ծառին` դառնալով խնձորենու օրգանական մասը: Այսպես քար-բզեզը գտնում է իր ապահով տեղը:
Ցնորքների ու արթմնի երազատեսլության վեպը
«Տաբու» վեպում տեղի ունեցող գործողություններին զուգահեռ այլ գործողություններ են ներկայացվում, որոնք միևնույն գեղարվեստական ժամանակի արձագանք են: Այդ կերպ ընդլայնվում է վիպական տարածությունը: Առաջին գլուխը սովետական գյուղի նորովի պատկերում է: Իրադարձությունները տեղի են ունենում 1940-ական թվականներին և Ստալինյան բռնատիրության ու հալածանքների ժամանակներն են ընդգրկում: Հասարակական տարբեր շերտերի կյանքի պատկերումը Մուղնեցյանի գրչի ներքո վերածվում է միևնույն ժամանակահատվածում տարբեր մարդկանց երազատեսության:
Խորհրդային ժամանակաշրջանը պատկերվում է իր ողջ էությամբ: Անբարենպաստ ժամանակները («դրանք այն տարիներն էին, երբ գերակատարելը կյանք էր, թերակատարելը` մահ» (170)) մարդու կորստյան պատճառ են դառնում: Իրենց ընտանիքներից խլվելով աքսորի դժվարին ճանապարհով հարկադրված են անցնել Փայլակը, քանի որ «Հանկարծ հիշել էին, որ նրա պապը ոսկերչական արհեստանոց է ունեցել Կարինում, իսկ հայրը եղել է Գյումրիի Պլպլան ժամի դիմացի խանութների տերը: Նաև մեղադրում էին, որ պատերազմի տարիներին, օգտվելով տղամարդկանց բացակայությունից, պանիր սարքելու պատրվակով այցելել է ջահել-սիրուն հարսներին` զլանալով օգնության ձեռք մեկնել պառավներին ու տգեղ կանանց» (172-173), Պարզախոս Շահենը, քանզի «Այդ օրը Շահենը շատ խմեց: Հաջորդ օրը նրա դուստրը շարադրություն գրեց «Հեղափոխությունը և մենք» թեմայով: Նույն օրվա երեկոյան Շահենին տարան» (128):
Ծնվում է իրականության և երազախաբկանքի բախում և չար երազ է դառնում կյանքը, քանի որ «… ասածս էն ա, որ անգետները նստում են գիտունների աթոռին, այսինքն` մեքենավարը քարտուղար ա դառնում, կթվորուհին` դեպուտատ, չոբանը` մինիստր…, իմացա՞ր, որ էն Անտաշ Համոյին բազարի դիրեկտոր դրին, Համշարի Գեդեոնին էլ` գերեզմանոցի դիրեկտոր, կարևորը, որ կոմունիստ են» (125):
Ժամանակակից իրականության մեջ երազի ձևը փոխվում է, բայց բովանդակությունը նույնն է. «Վրաստանի սահմանի վրա Բեկազրաիլը մի բեռնատար լիքը զենք զինամթերք էր վաճառել հակառակորդին (իհարկե, հետագայում դա չխանգարեց, որ նա ընտրվի Ազգային ժողովի պատգամավոր)…» (299):
Գրողին անհանգստացնող այս երազների ակունքը ազգային խառնվածքն է («…հայը օտարի հանդեպ միշտ էլ խոնարհ ու բարի ա, ինքն իր հանդեպ` ամբարտավան ու դաժան» 44) ու ճակատագիրը («Ընդհանրապես, մարդ պետք է ծնվի ու ապրի միևնույն տան մեջ, ինչպես հոգին է ապրում նույն մարմնի մեջ, որպես միակ անփոփոխ բնակարան: Իսկ երկրից երկրի, տնից տուն տեղափոխվելը հայ մարդու բախտ է, որից անմասն չմնաց նաև Փայլակը»: 205): Երկուսի արդյունքում էլ գոյանում է երազ-իրականությունը. «… հակառակի պես օտարների մեջ լույս աշխարհ էկած մեր էրեխեքը վերջը դառնում են մեր ամենաոխերիմ թշնամիները» (296):
Մեր օրերում հիշողության բացակայության պատճառով երազն ավելի սահմռկեցուցիչ է. «…առաջներում առողջ, գործունյա հայ տղերքը կարճ ժամկետով գնում-աշխատում ու վերադառնում էին, հաճախ էլ խոպանի պատրվակով գնում էին արկածներ որոնելու,- և մի քանի ամսով փախչում էին Ռուսաստան,- որովհետև իրենց բարձակիցների տաքությունը քիչ էին համարում, քեֆ էին քաշում շեկլիկ գեղեցկուհիների հետ, հետո ձանձրանում` տուն էին գալիս: Հիմա գնում են ճարահատյալ, անորոշության վախը սրտներում, գնում են, որ իրենց ընտանիքները փրկվեն սովի ու ցրտի ճիրաններից: Եվ գործ ու կացարան գտնելուն պես` կանչում էին ընտանիքներին, մերձավորներին, ընկերներին: Այսինքն գնում են անվերադարձ: Մի կողմից էլ գալիս լցվում են մայրաքաղաք, սահմանամեձ բնակավայրերը դատարկվում են» (309, ընդգծումը մերն է – Ա. Ա.): Եվ յուրաքանչյուր հայ կարող է ասել այս խոսքերը` «Պապս ադանացի է, տատս` պոլսեցի, հայրս` բիթլիսեցի է, մայրս` ղարաբաղցի, ես նախիջևանցի եմ, կինս` ջավախեցի, որդիներս աշտարակցի են, դուստրերս` երևանցի» (229):
«Տաբու» վեպում երազային առասպելին ներհյուսվում է տեսիլապատումը: Մարդկանց կյանքին են միջամտում ուրվականներ, ու տեսիլքը դառնում է կենսական տրամաբանությունը: Համշարի Գեդեոնի կնոջ տեսիլքը (Մարտնչող կնոջ ուրվականը` ճիվաղատեսիլ խոզերի ուղեկցությամբ) մեղքի կնիքն է տան վրա (որտեղ տեղի էր ունեցել մեղանչումը), հետապնդում է այդ տանը հայտնվողներին:
Բժիշկ Բաբուռովի տեսիլքն իր ճակատագրի խտացումն է, ձուլված իրականության արձագանքներին. «Երդիկից կախվել էր ոսկե մի շերեփ, որի շուրթից ծորում էր արևի շիկացած հալոցքը, և օջախի շուրջը ոստոստում էին հանկարծական եռոցքից ցնորված բերանբաց գանգեր, որոնց ժայթքող ակնախոռոչներից դուրս էին թափվում խուճապահար ճիվաղներ, թևավոր օձեր, օրապակաս սևավոր հարսներ, դահճի արնախում դիմակներ, սմբակավոր հռետորներ, լեղապատառ խաչակիրներ, անբերան զուռնաչիներ, կոտոշակիր փեղամբարներ, քամակները քորող նախարարներ, հրացանակիր մկներ ու կատուներ, գանգրահեր ճիճուներ, մազաթափ այծեր ու փետրաթափ թութակներ, վերամբարձ քթեր ու հեծյալ ջորիներ, որոնց գումարումը արձակ տարածության ձգտումով դառնում էր ճակատը պայտած մի սև էշի քուռակ…» (274):
……………………………………….
«… արտաշնչելու ժամանակ նրան թվաց, թե հայտնվել է վաղ միջնադարում. թաղի մամիկները,- սևազգեստ, յուրաքանչյուրը կրծքին սեղմած` քամակն առաջ տնկած մեկական պարարտ հավ,- Արտաշատից հրավիրված ագռավատեսիլ պառավի առաջնորդությամբ տոտիկ-տոտիկ մղվում էին առաջ` շարունակ կրկնելով.
-Աչքդ ոռին…
-Աչքդ ոռին…» 231
Վահագն Մուղնեցյանը նիբորեն տեսլականացնում է նույնիսկ Արցախյան ազատամարտը, որը այլաբանորեն պատկերվում է նեղ՝ մեկ գյուղի սահմաններում:
Այսպես տեսիլը ձուլվում է հիշողությանը ավելի ամբողջական դարձնելով կյանքը: Եվ հստակ տարբերակելի է դառնում իրականությունը կյանքից:
© Արմեն Ավանեսյան 2009թ.
Էս մեր ախպերը շատ լավ ա գրել… Մոտս հետաքրքրություն առաջացավ էս վեպը կարդալու…
Ապրես Արմեն Ավանեսյան… Իրական գիտական միտք ու վերլուծական բարձր մակարդակ
Kardum em yeritasard grakanagetnerin yev hianum nrants hodvatsnerov. Kecceq! Armen Avanesyani anun@ hajax enq handipum grakan mamulum, xorutyamb e haskanum voch miayn dramaturgian, ayl naev ardzak gortser@. Ato, Muxnetsyani ays gorts@ arje antarberutyan chmatnel. Astvats ta nman taxandavor yeritasardner shat linen.
Մանավանդ դրամատուրգիան: Մարատ, դու որ ժանրով ես ստեղծագործում?
Hargeli Arqmenik, yes chem stextsagortsum, teyev jamankin nman portser unetsel em, sakayn zgatsi, vor da im asparez@ che, yes kap chunem arvesti het, bayts kartsum lav @ntertsox linel@ nuynpes arvest e.
Ayo, manavand dramaturgian, bayts Armen@ lav e haskanum naev ardzakits, nkati unem vep u patmvatsqits yevs. Shnorhakalutyun!
Խնդրեմ: Բայց ինձ չգիտես ինչու թվում է, որ դու պիեսներ ես գրում, մեկ-մեկ էլ` պատմվածք…
Իսկ ինձ թվում է, որ ես մի անգամ արդեն կարադցել եմ Մարատի`Արմենին նվիրիված գովքը` համարյա ճիշտ նույնությամբ կրկնվող բառերով ու ձևակերպումներով, պարզապես էդ ժամանկ Մարատի անունը Աննա էր…
Kardalov mecn Avanesyanin ev arhasarak lselov nra dasaxosutyun@ mec hpartutyun em zgum,qani vor na iroq shat jisht u ankexc meknabanutyun e anum, vor@ indz anchap dur e galis.