Տարոն Աղաքարյան | Վան Գոգի ուղերձն ու Հայաստանը

Ես այս երգը երգում եմ կանգնած, որովհետև դու նա ես, ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու (Հ.Գրիգորյան, «Հայրերի հող»):

Դատավարության սև թիկնոցն իր նենգ մտքերով ընկել է մարդու հետևից, ամենևին էլ դանդաղ չի վազում, ոչ էլ հևիհև է հետապնդում: Նպատակը մարդուն վնասելն է: Երեկ մի քանիսին բռնեց ու անհայտ ուղղություններով տարավ: Իսկ մենք չգիտենք, թե մեր վազքի արագությունը ինչքան է: Արագությունը մեզ պետք է թիկնոցի մռայլից խուսանավելու համար: Ո՞վ գիտե: Գուցե լուսատարիներով է չափվում: Իսկ մենք լուսնագնացի նման թափառում ենք երկրային տարածության մեջ, փորձելով որոնել այն, ինչը կորցրել ենք վաղուց և գտնել այն, ինչը մոտեցնում է մեզ երկնքին` քրիստոնյայի անպարտելի սերը: Թիկնոցն այս սիրուց վախենում է և պատառոտում իրեն: «Աստծուն ճանաչելու իսկական ձևը պարզապես մեր շուրջը եղածը սիրելն է»,- ասել է Վան Գոգն ու կյանքի վերջալույսին գնացել ցորենի դաշտի մեջ՝ իր սիրած վառ դեղին գույների ծոցում ինքնասպան եղել՝ մեզ թողնելով մաքուր սիրո պատգամը, իրեն` մահը: Միայն թե պետք չէր կյանքը նման սցենարով եզրափակել, այն էլ ետևում մնացած այդքան իմաստալից կյանքը: Ինչևէ, մեր գործը դատելը չէ, մեր գործը կյանքի փեշերում իր նմանների խորհրդով պահ տված որակյալն ընդունելն ու սերունդներին բաշխելն է: Կյանքի ներկապնակի սևը իրականության մոլախոտն է, անխուսափելի ռեալիզմ, որ փողոցը հատող չարագույժ կատվի նման կտրում է մեր ուղին: Նկարիչները գիտեն՝ ինչպես մյուս գույների հետ վարժեցնել սևը, որ կտավի վրա բազմած երանգների հետ հաշտ ապրի: Իսկ կտավից դուրս ապրող սևին դժվար է ընտելացնելը:
Գույների մոգ Վան Գոգի անվերադարձ հեռացումից անցել է 129 տարի, բայց նրա կտավների՝ դաշտերում օրորվող արևածաղիկներն ու հասկերը քաղցկեղ ճառագայթող այս դարում հավանաբար լսում են մեր խոսքերն ու մեր ժպիտներից են օրորվում, ու Աստված գոհ է, քանի դեռ վերև ելնող սեր կա, որ անձրևի համբույրի տեսքով գրկախառնվում է հողի հետ: Մեր օրերում լեհ մանկավարժ Յանուշ Կորչակի խնդրանքն է բաժին հասել Հայաստանին՝ դժվար, բայց վեհ կյանք:
Դժվարի ու վեհի ձեռքսեղմումով ապրող Հայաստանի մի փոքրիկ կետում խանութի դիմաց ալեխառն մազերով մի մարդ է նիրհում: Երկու ամիս առաջ եմ առաջին անգամ տեսել «մեծությանը», կենսունակ ու բարի անձնավորություն էր, ավտոբուսի անձնակազմին իր նուրբ կատակներով մի երկու ժամ ցնծության մեջ պահեց: Բայց հիմա ուրիշ է ժամանակը, ու նա, իր փխրուն նիրհի մեջ առօրյա հոգսերով տակնուվրա եղած, իր պապերի Էրզրումն է տեսնում՝ որպես գալիք սերնդի ապագայի քաղաք: Ունեցած հոգսերից ամենամեծն, երևի, բանկում ունեցած պարտքն է, բայց երազը մոռացնել է տվել նաև պարտքի մասին, որովհետև քնի մեջ նա այնքան հզոր է, որքան Հեմինգուեյի վեպում ծովափին սպիտակ առյուծներ տեսնող ծերուկը: Ծերունուց մոտ հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող Օշականի կամրջի վրա մի կին ծերունու նման ամբողջական հայրենիքն է փնտրում՝ կամրջի վրայից նայելով թափանցիկ ջրերի խորքում շնչող ձկներին: Ձեռքին նոր քաղված ծաղիկներ կան՝ դաշտաբույր ու դաշտագույն՝ թունդ կանաչ աչքերով ծաղիկներ: Կամրջից այն կողմ շարունակվում է լեռնալանջի ասֆալտն, ու ես ավտոմեքենայի միջից հայացքս դարձրած ակնթարթորեն փոխվող պատկերներին, մտածում եմ. «Ինչքան ծաղիկներ դեռ կան չքաղված սահմանն այն կողմ, որ կարոտում են հայ կանանց ու աղջիկների շոյող ձեռքերին, երազում ծաղկահյուս պսակ դառնալ նրանց գլխին ու դեղաբույս՝ հայ մարդուն»: Չգիտեմ ինչպես տվեցինք, բայց երանի հայրենիքն ետ բերողին:
Իսկ փոքրիկը Հոֆմանի հեքիաթ-վիպակի հեքիաթի աղջնակը չէ այլևս, նա ավելի է հասունացել մտքով և հուզվում է ու տանջվում Գողիաթի դեմ կռվի ելած Դավթի համար: Նրա հոգում ալեկոծություն է առաջացրել հսկայի արտասանած այն խոսքը, որով կասկածի տակ է դնում Դավթի Աստծու զորությունը և սպառնում ճզմել տավղահար ընտրյալին: Ու ես, լսելով այս պատմությունը, մտածում եմ բանաստեղծական ճշմարտության մասին. «Դեռ չի չորցել արմատը մեր ծառի և դեռ կտա ծիլեր, քանի դեռ Գողգոթայի խաչը չի ընկել մեր ուսերից, քանի դեռ մեսրոպաշունչ սերունդը քրիստոնյա է՝ սկսած նայած մուլտֆիլմերով, իսկ Հայաստանը՝ գմբեթարդ խորանների առջև ընդհանուրի համար աղոթք բարձրացնող հավատացյալներով և արևաշող երկնքով»:
Թռչունները կիասվեր եկեղեցուն թիկնած վերաբարձ կռունկի մոտ արևագալից մինչև կեսօր աշխարհի խաղաղության համար բարեգործական համերգ են կազմակերպում, որից հետո խաղաղությունն ընկճող դժվար օրերի մասին են զրուցում, իսկ ինձ հետ կապույտ երկնքից Վան Գոգի կապույտ գույներից գործված լավատեսի թիկնոցը հագին պոետն է խոսում. «Կյանքը երգի, երկնքի պես անհո՜ւն, անհո՜ւն, կյանքը -կորած աստղերի պես հազարանուն»: Հասկանում եմ, որ կենսոլորտի քիմիայի մեջ Տիրոջ սերն է՝ մեր կողմից շնչվող թթվածնի ու մեզ այրումից պաշտպանող թաղանթի՝ օզոնային շերտի ձևով: Նա այնքան սիրեց աշխարհը, որ անվարձահատույց շնչելու համար նախատեսված պայմաններ տվեց: Ամենամեծ ազատությունը կյանքն է բաց երկնքի տակ և անվճար տրվող թթվածինը:
Կակաչների դաշտում հայ կանայք են աշխատում, կանանցից ոմանց դեմքի սպիտակ փաթաթանները ինձ հիշեցնում են Մերձավոր արևելքի կանանց փակ կենսակերպը, բայց շորերը իրականում դեմքը արևից պաշտպանելու համար են: Նրանք աշխատում են դեմքերը փակ, բայց հոգիները՝ բաց, չէ՞ որ տանը բալիկներ կան սպասող: Երևի ամեն մի ազգի կնոջ մեջք հարմարված է իր երկրի բնակլիմայական պայմաններին: Ժայռեղեն է ուրեմն մեջքը հայ կնոջ, որ վեմ ապառաժի նման հոգնել չունի: Այսպես է պայմանը դեռևս, հայ կինը շարունակում է մարտնչել հայրենի հողի հետ՝ հանուն բարիքի ստեղծման:
Կակաչների ոչ սևը կա, ոչ կարմիրը, այլ միայն չորացած ցողունը, և հողի տակ թաքուն ապրող սոխուկները: Լույս աշխարհ գալուց հետո նրանք պետք է ապրեն մինչև հաջորդ ցանքսը, եթե, իհարկե, պատահաբար սուր բահերի անզգույշ հարվածներից չկիսվեն ու զոհվեն կյանքի արշալույսին: Ու ամեն կիսվող սերմի հետ մարդու տառապանքի ևս մի կաթիլ է թրջում հողը: Կողքին գտնվող ցորենի դաշտում պչրանքով ծփում են հասկերը՝ փառաբանելով Վան Գոգի ու Աստծո սերը:
Այս տագնապախռով դարաշրջանում ամենաշատը տագնապ են առաջացնում գերմոդայիկ հեռախոսները իրենց ահազանգ-ծղրտոցներով: Գուցե լավ կամ վատ տեղեկությունների հարաբերությունն է տանում այդ մտահանգմանը: Նյարդերից ասեղները հանելու ու ցավազրկելու լավ տարբերակ՝ Յակով Գուրևիչի կիթառային անմեղ հնչյունները, որոնք հիշեցնում են, որ աշխարհում մի ժամանակ միայն սեր է եղել, բոլոր բալիկները հպարտացել են իրենց ծնողական սիրով, իսկ բարեկամներն երբեք չեն լքել, Վան Գոգն ապրել է իր արվեստի ստեղծագործությունները վաճառելով և երջանիկ է եղել:
Խորանին դրված են խաղողով լի զամբյուղներ, օրը տոնական է, եկեղեցին մարդաշատ, իսկ նորընծա քահանայի բերանից հնչող քանդակազարդ հայերենը ինձ հիշեցնում է Նարեկի հայերենի մասին ֆրանսիացի հայագետ Ժան Պիեռ Մահեի արած բնորոշումը, այն է՝ հայերենը փայլատակում է իր ողջ ճոխությամբ ու ճկունությամբ: Եկեղեցու ներսում ու դրսում սիրո տաղերգություն է, վեհաշուք եկեղեցու շրջակայքում Կլոդ Մոնեի կտավների վառ կանաչ գունավորությունն է: Շրջակայքը մի կողմից էլ հոգևոր փառատոնի վայր է հիշեցնում, որի տաղավարներում փայլփլում է արևից ստացված նիդեռլանդացու ոսկեգույնը, որտեղ փառատոն բառի փառք արմատը մարդիկ միայն աստվածայինի իմաստով են հասկանում, և այդպես էլ կա. փառքը միայն Նրանն է: Լավ կլիներ, որ հայ հասարակությունը միայն եկեղեցում չլինի քրիստոնյա, այլ առավել շատ եկեղեցուց դուրս, որ հեղափոխության ձեռքերը լոկ ձեռքեր չմնան, այլ քրիստոնեական արդարության, հոգևոր ստրկության մերժման ու համատարած սիրո խորհրդանիշներ:
Իսկ մայրուղու եզրով ձգվող ցորենի դեղնավուն արտը ծփում է մեղմորեն՝ հիշեցնելով Աստծո, Վան Գոգի քրիստոնեական սիրո և այն Հայաստանի մասին, որը դեռ պիտի գա:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *