Զավեն Բեկյան | Մենագնացիկ կիսալուսին

Լուսանկարը՝ Անդին ամսագրի

Քառատողով գրել,
երբ ջահել չես արդեն –
դա նույնն է` ինչ ծերը
դիմի ձեռնափայտին…

Քանզի տողը ազատ
խոյանքի է տանում,
ազատ ռիթմն` անկաշկանդ
սանձարձակության, երբ

հովատակը պոեզիայի
սլանում է անսանձ,
ու պետք է մնաս պինդ`
մեջքի վրա անթամբ:

Քառատողում հանգի՜ստ
դրվագում ես վարգդ,
մի կերպ պահպանելով
հին հեծյալի վարկդ…

 

ԿՅԱՆՔՍ

Պատրանքների միջով,
պատրանքների միջո՜վ –
հանց մառախուղին` կեր:
ՈՒ՞ր ես, ախ, իմ ընկեր…

Հարբած էի, հարբա՜ծ
/ հազար տեսիլներ… քած…/,-
ծնկներիս էր ծովը:
Ծովի մոգոնողը…

Պատրանքի մեջ էի:
Մինչև աչքս բացվեց`
արդեն վերջն էր, էլ ի՞նչ,
բացվեց, ապա…թացվեց…

 

ՄԵՆԱԳՆԱՑԻԿ ԿԻՍԱԼՈՒՍԻՆ

Կեռքիթ,
ճոճվող հանց
Կլեոպատրայի
նավը

/ ողբում է
այնտեղ
Կեսարը
ցավից /:

Էլ ի՜նչ,
էլ արդեն
դեմքդ
աբրեշում
շներն են
միայն
կաղկանձով
հիշում…

 

ՀԵՌԱՑՈՂ ԾԵՐ ՓԻՂԸ

Մեջքիս – ամբարած իմ
իմաստության Բուդդան –
տանում եմ, այստեղ էլ
ոչ ոք այն չի կարդա…

Խորքում թավուտների
հմայախոտ են ծխում:
Լուսինն է երերում`
ասես ոսկե խխունջ:

Զանգուլակներս` աստ,
երեխեքին նվեր:
Հեռանում եմ ես հաշտ –
ասես չեմ էլ ծնվել…

 

«ՎԵՈԼԻԱ»: ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՍ

Նույն տեսարանն է միշտ:
Աբովյան 66 – ից,
պատուհանից իմ այս`
անդ – Մայր Հայաստանը,
Հաղթանակի այգում:

Ռակուրս 1.- Զնգուն
ամռանն այսպիսին է –
ստվերը թրի շեղբի
ընկնում է հենց կոնքին:

Ռակուրս 2.- Իմ մեջ`
ջրերը զարթոնքի
/ «Վեոլիայից» պրծնե՜լ…/:
Հրեղենս` թամբած…

Ռակուրս 3.- Ամպած
օրով, մշուշի մեջ`
օրորվող-հեռացող…
Մայր է մի կարեկցող…

 

ԻՄ ՀԵՐԹԱԿԱՆ` «ԾԻՐԱՆԱՎՈՐԸ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Ասես Անդրոմեդայի միգամածության
Անտարես պայծառ աստղից –
«Անտարես» հրատարակչությունից
իջավ տպաքանակը
ծիրանագույն կազմով
ու մոլորված մակաղեց –
զի խալխն այլ բանի էր
և ոչ ընթերցեր զբանն…
ՈՒ մոլորված մակաղեց
Աստծո գառան պես:-
ՈՒ ի՞նչ արվեր, որ…
Խաչեինք – մաշկեի՞նք…
Եվ մակաղածը
եղև մատաղ,
որ յոթ տեղ բաշխեցինք,
առնելով երբեմն քամահրանքի աղը
ընծայաբերման ափսեի հատակին…
Եվ հազա՜ր մարգարիտ թափենք,
բոլորն էլ` բրոի բրոի…-
ՈՒ կրքոտ խռխռոցով
Լեգիոնը թող տրորի…

 

ՆԵՐԲՈՂ ԼՈՒՍՆԻՆ

Հիմա, քսանմեկերորդ դարում,
քո վրա ավելի շատ
մետաղի ջարդոն կա,
քան` ռոմանտիկա ու խորհուրդ
/ հանգած մարտկոցներով, լքված
լուսնագնացներ զանազան,
Նեյլ Արմսթրոնգի
սկաֆանդրի պոկված կոճակը,
մի դանակ` հրեշտակների թողած,
որով ձմերուկ են կտրել…/:

Ավելի շատ մետաղի ջարդոն կա,
քան` ռոմանտիկա ու խորհուրդ:

Բայց էլի իմ յարն ես դու,
պոետի քնարն ես դու…

Էլի` մինչև չամպի` չկորչես,
արտերը չեն մտնի քուն:
Արտով անցնող իր ճամփով
չի գնա մեկն իր յարի տուն…

Էլի վայրի մեղրահացի պես ես,-
ծորում է քո քաղցր լույսը:
Էլի քո անքուն ընկերն եմ
ու խելակորույսը…

 

ՄԹԱԳՆՄԱՆ ՏԵՂԵՐ

Թերթում եմ գրքերս
հերթով / վերջերս
շատ եմ թերթում /,
հանց ծերն` իր
օրագիրը – գոհ եմ
/ թեև` չի կարդում…երկիրը /:

Դուստրե՜րս սիրուն – և, իրոք,
մեկը-մեկից սիրուն-տարբեր են
/ թեև` քննադատներն անտարբեր են –
բամբասեի՜ն գոնե պառավի պես…/:-
…………………………………………………..
Ոչ ոք չի գա խնամախոսի,
թեև դուստրերիս աչքունքում
հենց ինքն` Աստծո լույսն է հոսում…

Լույսը` լույս – ցնծուն են ընդհանրապես,
բայց գիտեմ` տեղեր կան խրթին-միստիկ:
Բայց հո չե՞մ գրելու մերկ-պարզ`
հանց կոմունիստական այն մանիֆեստը…
Անվանենք «մթագնման տեղեր»:
/ Մի գրագետ շշնջում է.«Դեռ հու՜յս կա…»/:
Բայց ո՜վ գիտի, գուցե սև խոռոչում
ամենից ավելի՞ շատ լույս կա…

 

ՀԱՆՃԱՐԻ ԱԿՆԹԱՐԹԸ

Խոստովանեմ, երբեմն
նշմարվել է հանկարծ,
ինչպես մի գեղուհու…
ազդրի ցոլքը – մի պահ –
փեշի ճեղքից, ապա`
արագ անհետացել…

Հանց հայելուց ընկած
արևի շողքի հետ
խաղա երեխան – ձեռքը
տանի` բայց կորե՜լ է…

Մարդուս հայելու մեջ
Աստված մոլորվե՜լ է…

 

ԵՐԵԿՈ

Եվ երբ վերջալույսն է
անհույս մի հիվանդի
աչքի պես մարմրում,
հեթանոս լապտերներ են
կտղուցաջեռ կարմրում
մայթերին, կամուրջի տակ…

Օ, մի նո՜ր Ամստերդամ…-
Եվ այս տողը վրձնելիս
էլ ինչու՞ կարմրել:
Արի’, արի երգենք
քաղաքն այս, Ժակ Բրել…

Տեղ չկա իմ բառերին
այս ոստանում կամ ունկ,
ուր լսվեն կամ ննջեն –

քաղաքը գոտիների է
բաժանված միլպետների ու
մուրացկանների միջև…

 

ՀԱՐՑՈՒՄ

Գրելով իմ գիրը,
և աջակցությամբ Քո,
ջանում եմ արարել
մի բան` շնչիդ ներքո`
կատարյալ, քան ինքս
/ գոնե հուսում եմ դա…/:

Սակայն, սակայն…Ո՜վ Դու,
Կատարյալից էլ` վե՜ր,
ի~նչ կարիք ունեիր
այս աշխարհն անկատար
արարելու – ի՜նչ փույթ…-

Վրիպու՞մ էր անփույթ,
իսկ ժամանակն ինքը`
աղե՞տն Հավերժության…

Հավանաբար սա է –
Գոյը` Բանն – «Եղիցին»,
հեղված քո ոսկին է`
ժողովվողը նորից
բանաստեղծի խոսքով
/ որ բայց Քո՜նն է կրկին…/:

 

***

Ապրիլը անցավ:
Ծաղիկը թափեց
պսակաթերթերը:-
Իսկ իր պատկերն ու՞մ
աչքում կմնա…

Տարիքը անցավ:
Մարդը սթափվեց,
տնտղեց վերքերը:-
Հիշատակն իր ու՞մ
սրտում կմնա…

 

ԼԵԶՎԻ ՀՐԵՇՏԱԿԸ

Քո հայացքի՜նն են
արար աշխարհի տեսադաշտերը,-
սևեռումից իր
հնձանների մեջ խաղողն է ճաքում,
կամ հայեցումի
արարքով թաքուն
պոետի ճապաղ
ջուրը գրեղեն գինի է անում,
իսկ ընթերցողին` անում բավական:
Տաղեր է հանում ժիր հարսանքավոր`
աշխարհին – Կաննա Գալիլեական…

Մինչ Սադայելն է
քաղաքագետի ձյութոտ բառերով
սփռում ամենուր ունկերին երաշտ,
անապատի այն սադրիչ ճառերով,
որ օձի պես են ոլորուն հոսում,
որ թշնամի են խոսքին ծիսական
ու գինին ջուր են անում կարասում…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *