Աշոտ Ալեքսանյան | Պատաֆիզիկան ընդդեմ մետաֆիզիկայի կամ մետաֆիզիկական մտածողության հաղթահարման փորձ

Ռոբերտ Մուզիլը (1880-1942) որպես ժամանակակից աշխարհում համընդհանուր ընդունելություն գտած փաստ է համարում մետաֆիզիկական հարցերում մարդուս ծայր աստիճան շահագրգիռ լինելու հանգամանքը, պատճառաբանելով, որ «իր արտասովոր տիեզերական իրավիճակի թեկուզ և ընդարմացած, սակայն մշտուղեկից զգացողությունը հազվադեպ է նրան լքում: Մահը, ողջ հողագնդի անցողիկությունը, եսի պատրանքի հարցականությունը, տարիների հետ ավելի ու ավելի պնդերես դարձող կեցության իմաստազրկությունը` սրանք հարցեր են, որ սովորական մարդը հեգնելով մերժում է, որոնցում, սակայն, որպես թե իր ողջ կյանքի սև տարածության պատերի մեջ, նա իրեն ներփակված է զգում»:

Զուգահեռաբար, իր ստեղծագործական առաջին իսկ փորձերից, Մուզիլին մշտապես զբաղեցրել է հիմնարար կասկածը մետաֆիզիկական մտածողության հանդեպ և վերջինիս հաղթահարման այլընտրանքային ուղիների փնտրտուքը: Մուզիլին չէր բավարարում նաև մետաֆիզիկական դիրքերից դիտված առկա իրականության, ֆիզիկական աշխարհի բացատրության հնավանդ կաղապարը, և նա աշխարհի ու աշխարհընկալման նորահայտ մոդելի ստեղծման, աշխարհաճանաչողության այլընտրանքային տարբերակներ էր մշտապես փնտրում:

Արդեն «Դպրոցահասակ Թյորլեսի հոգեխռովքը» վեպում ուրվագծվում է գրող-մտածողի հետագա ստեղծագործության մեջ կենտրոնական նշանակություն ստանալիք «երկրորդ երևակայական իրականության» թեման, որին Մուզիլն հետամտում է` ի խույզ այլ կացության կամ այլակեցության: «Թյորլեսում» նա գրում է. «Քանզի չափահաս մարդկանց առաջին կիրքը բոլորովին էլ սերը չէ որևէ մեկի նկատմամբ, այլ ատելությունը` բոլորի հանդեպ: Չհասկացված լինելու զգացողությունը և աշխարհը չհասկանալու զգացողությունը չի ուղեկցում առաջին կրքին, այլ հանդիսանում է նրա միակ ոչ պատահական պատճառը: Եվ այդ կիրքն ինքն էլ մի փախուստ է` ապաստան, ուր երկուսով լինելը միայն կրկնապատկված մենակություն է նշանակում: Գրեթե յուրաքանչյուր առաջին կիրքը երկար չի տևում և իրենից հետո դառնահամ է թողնում: Այն մոլորություն է, հուսախաբություն: Մարդ դրանից հետո այլևս չի հասկանում և չգիտի ում և ինչին պետք է մեղադրել: Դա առաջանում է նրանից, որովհետև խաղարկվող այս դրամայում մարդիկ իրար հանդեպ մեծամասամբ պատահական են. դիպվածային ուղեկիցներ` փախուստին տրված: Հանգստանալուց հետո նրանք այլևս իրենք իրենց չեն ճանաչում: Նրանք նկատում են միմյանց հակադրությունները, քանզի ընդհանրականը նրանք այլևս չեն նկատում»:

Որոշակիորեն հիասթափված լինելով մարդուս պարտադրված մետաֆիզիկական գիտակցության սահմաններում կենալու, նրանում պարփակված մնալու անհեռանկարայնությունից, ճշմարտության որոնման իր դեգերումների ճանապարհին մարդս ակամայից անձնատուր է լինում այլ գիտանքների, աշխարհատեսության այլ կերպերին, փորձելով այլ դիտանկյունից խորամուխ լինել կյանքի գերագույն իմաստի, կեցության խորհուրդի խորխորատները: Դրա համար լավագույն միջոց է ծառայում հավատի կատեգորիաների (անհատական և հավաքական) հանդեպ ժամանակ առ ժամանակ մարդուս մեջ ծնունդ առնող հանկարծահաս հակումը, որոշակի անքննադատ գաղափարների հետևելու բնազդային մղումը, ընդսմին` ընդունված ճշմարտությունից տարբեր այլ ճշմարտությունների ոգեկոչմանն ի տրիտուր:

Մուզիլյան այն միտքը, որ մարդս հաճախ հավատ է ընծայում որոշակի գաղափարների «ո՛չ ամենևին այն պատճառով, որ դրանք ճշմարիտ են, այլ որովհետև նա պե՛տք է հավատա», ճանապարհ է բացում դեպի մետաֆիզիկայից զերծ ես-ի պահանջը, հայտնագործություն, որն իր տեսագործնական արտահայտությունն է գտել մարդուս կերպարանազրկության մուզիլյան թեորեմի շրջանակներում: Ընդսմին` գոյության խորհրդի, պատճառակցական կապերի քննությունից հրաժարվող, մետաֆիզիկայից զերծ եսը հենց է՛ ապաանհատականացված մարդու հայրենիքը, հայացքը գետնից վեր չբարձրացնող, երկնքին թշնամաբար նայող գետնաքարշ ապրելակերպի խորհրդանիշը: Կյանքի բնազանցական հորձանքից դուրս մղված այդօրինակ եսը կարիքը չունի համընդգրկուն մետաֆիզիկական գիտելիքի` սեփական տիեզերքն ինքնարարելու և նրանում ինքնաբավ, հենց թեկուզ հույժ բարոյական կյանքով ապրելու համար:

Աստծո ընկալման պարզունակությունը, անհեթեթությունը, նրա կատարելության և անսահմանության գիտակցությունը բացարձակ իմաստով գերազանցում է մեր միտքը. նրան` որպես վեհագույնի, կարելի է միայն երկրպագել, ընդսմին` լռելյայն: Եվ միայն չարիքի գոյությունն է և նրա հանապազօրյա հայտնությունը, որ սահման է դնում մարդուս մեջ ներդրված մետաֆիզիկական ճանաչողությանը: «Աստվածը և սատանան արարչագործության հարցում մի մեծ միություն են կազմում: Դա նկատելի է նաև տառացի արտահայտությամբ: Աստված ուղարկում է ողջը, ինչը մարդս սիրում է և, միաժամանակ, յուրաքանչյուր արարածի ուղուն իր անեծքն է տալիս»:

Ինչպե՞ս հասկանալ չարիքի գոյության բուն իսկ արմատը, եթե ոչ նրա պատճառներն հետազոտելով: Մետաֆիզիկական աբսուրդի որոնումները ընդհատվելու պես լռում են խորհրդավորի` միստիքականի հայտնության առաջ: Միստիկան գերազանցում է մետաֆիզիկային: Մարդկային բանականությունն ի զորու չէ թափանցելու խորհրդավորը բնորոշող վիճակի խորքը, որի ծագումը մեզ անհայտ է և հայտնապես գերազանցում է մեզ: Միստիքականի հայտնությամբ մեր առաջին իսկ տպավորությունն է, որ այս տիեզերքը, այս արարչագործված բարի և կանոնակարգված աշխարհն այլևս խորտակվել է: Ընդսմին` այս աշխարհն առկախված է անսահմանորեն միստիքական Աստծո հրաշակերտած սկզբի մեջ: Եվ հենց այստեղ էլ, այս զտագույն մետաֆիզիկական մտածողության սահմաններում, մեր բանականությունը տեղի է տալիս անըմբռնելիի, բացարձակի առաջ: Ակնհայտ է դառնում, որ կա մի բացարձակ, անսահման Էություն, որը մեզ գոյություն է տվել. մետաֆիզիկորեն դիտված` այս միտքը մշտապես ուղեկցում է մարդուս` իր  աստիճանական նեխումի ողջ ընթացքում: Մեզ ծնունդ տված և բանականությամբ օժտած առատաձեռն էակը` այդ Շռայլը, որը մեզ նաև ազատություն, ազատ կամք է շնորհել` գործելու համար ու նաև մաքրագույն ու կատարյալ սեր, որի հանդեպ մեր բոլոր սերերը, անգամ իրենց լավագույն ձևերի կամ դրսևորումների մեջ, ընդամենը առաջինի դժգույն արտացոլանքն են:

Չարիքի այս հայտնությունից էլ, որը սահմանափակում է մարդուս մետաֆիզիկական բացվածությունը, ծնունդ է առնում նույն ինքը բարոյականություն ասվածը: Բարոյականությունը ուղիղ գծով սերում է մետաֆիզիկայից: Իր զտագույն վիճակում մետաֆիզիկան ի ցույց է դնում ճշմարտությունը, բարոյականությունը դրանից հետևություններ է անում և պատասխանում այն հարցին, թե ի՞նչ պետք է անել, ինչպես Իմանուիլ Կանտի «Դատողական ընդունակության քննադատությունն» է հավաստում: Մետաֆիզիկական ճշմարտությունից մակաբերված բարոյական պատասխանը իրեն ծնողի պես նույնքան պարզունակ է ու ակնբախ: Բարոյական կյանքն, ինքնին, պարզագույն կյանքն է: Սեփական ճշմարտացիության մեջ անթեղված, ներփակ ազատությունը, ըստ էության, հոգու հայացքի մաքրությունն է` շրջված դեպի բարին: Սակայն մարդս մաքուր բանականություն չէ, մեր յուրաքանչյուր գործողությունը ժամանակավոր իրականություն է: Մեր կեցության ձևը, այլև խորհրդանիշը տևողությունն է, որը նշանակում է` տարբեր պահերի միակցումը մեկը մյուսին: Մեր հոգու խորընթաց շարժումը դեպի բարին, դեպի ատելությունը, ինքնաներփակումը, ինքնամեկուսացումը արտահայտվում է մեր մասնահատուկ գործողությունների մեջ և նրանց միջոցով: Եվ հենց այստեղ էլ հստակորեն որոշարկված երկու բևեռների` փաստականության և հիմնարար կողմնորոշումների նախ` տարանջատման, ապա և` համադրման խնդիր է դրվում: Քանզի մարդս իր էության մեջ, միասնական չէ, պարզ գոյություն չէ, նա բաղադրյալ մեծություն է` մարմին է և հոգի: Բայց նա պետք է միավորվի, պարզեցվի, իր իրական գոյավիճակը միավորի, համադրի իրեն հատկաշնորհված բարձրագույն և ստորին վիճակների մեջ:

Դարասկզբի մտածողները և, առաջիններից մեկը, Մուզիլը գտնում էր, որ մետաֆիզիկան միակ գիտանքը չէ, որն անդրադառնում է ծագման ու ճակատագրի խնդիրներին: Մարդկային բանականությունը ճանաչում է իր սահմանափակությունը, այն, որ իրականությունը գերազանցում է իրեն: Այն ընկալում է իր սահմանները` հենց որ բախվում է խորհրդավորին, ընդսմին` բացարձակի առումով: Հենց այստեղ էլ մեր բանախոհությունը կողմնորոշվում է դեպի Վեհը:

Վերացական բանականությունը տեսանում է, որ պատմական իրականություն մեջ ներկայացված են այլ ճանաչողություններ, այլ իմացություններ ևս, որոնք, փիլիսոփայորեն դիտված, բանախոհական քննության այլևս ենթակա չեն, դրանք ո՛չ պատկերացումներ են` մեր բնական կարողությունները գերազանցող, ո՛չ էլ վերմարդկային լույսին միտված մտահայեցություններ:

Ի տարբերություն մետաֆիզիկայի, որը գիտական դիսցիպլին է կամ ուսմունք, որը քննում է այնկողմնային, զգայականորեն փորձառելիից, ճանաչելի բնական աշխարհից անդին ընկած կեցության սկզբնապատճառներն ու փոխկապակցությունները, պատաֆիզիկան ուսումնասիրում է արարչագործված աշխարհի ինքնարարման արդյունքում հառաջադիմած և տվյալ պահի դրությամբ գոյող էակների վերջնապատճառներն ու նրանց համերաշխ համագոյակցության բուն իսկ հնարավորությունը` հասարակական-քաղաքական կյանքի ներկա անցուդարձերում: Ի տարբերություն մետաֆիզիկայի, որն հիմնված է a priori, ցանկացած փորձը գերազանցող գիտելիքի վրա, պատաֆիզիկայի ուսումնասիրության առարկան փորձի վրա հիմնված a posteriopri գիտելիքն է, որը բոլոր ժամանակներում հավասարապես ուղեկցել է մարդկության պատմությանը և անհատ մարդուն:

Իմանուիլ Կանտի «Զուտ բանականության քննադատություն», ավելի վաղ`«Պրոլեգոմեններ բոլոր տեսակի ապագա մետաֆիզիկայի համար, որ կարող է հանդես գալ որպես գիտություն» աշխատությունների հիմնարար եզրահանգությունն այն է, որ գիտությունը և մետաֆիզիկան իրարից սահմանազատվում են փորձարարական ստուգման` վերիֆիկացիայի ենթակա լինելու հնարավորությամբ:

Ժամանակակից ուսումնասիրողներից Քրիստիան Անդերսոնը անդրադառնալով մետաֆիզիկայից տարբեր` պատաֆիզիկական ճանաչողությանը, մի առիթով նշում է, որ «Պատաֆիզիկան այս երկուսից տարբերվում է անհնարինության սահմանագծովպատաֆիզիկական առարկաները (կամ, ավելի ճիշտ, ոչառարկաները) ենթարկա չեն մոդալականության երեք կատեգորիաներին տիպական աստիճանակարգությանը: Նրանք, նախ` անհնարին են, երկրորդ, նրանք գոյություն չունենև երրորդ, նրանք անհրաժեշտ են առնվազն մեկ ընդլայնված իմաստով: Եթե ապացուցման անենթակա պնդումները մետաֆիզիկական են, ապա հարակցված անարտահայտելի պնդումները պատաֆիզիկական են: Պատաֆիզիկական այդ հորիզոնը ճանաչողական է, քանի որ անհնարինությունը, որը կազմավորում է այն, ինքն էլ ճանաչելի է, կոգնիտիվ: Պատաֆիզիկական պնդումը հավաստում է, որ մենք չենք կարող առմտածել x-ը, բայց ոչ թե այն պատճառով, որ x-ը չի կարող գոյություն ունենալ մեր ճանաչողական ընդունակությունից անդին: Պատաֆիզիկական դատողությունը աբսուրդային է ըստ սահմանման, սակայն ես հույս ունեմ ցույց տալ, որ դա օգտակար աբսուրդայնություն է, որը մեզ թույլ է տալիս մտածել անմտածելիից առաջ, եթե ոչ նրա մասին: Այս առումով, ես առաջարկում եմ, որ պատաֆիզիկական ասույթները արգելքներ կամ պատնեշներ են, որոնք մենք գործածում ենք` քաոսի ծովից ափեզերք հասնելու հայց ներկայացնելու նպատակով: Կամ, փոխառելով Հայդեգգերի միտքը, կարող ենք ասել, որ պատաֆիզիկական դիսկուրսները գործիքներ են, որոնց միջոցով մենք ստեղծում ենք նոր պարզաբանումներ»:

Հետաքրքիր է, որ ուսումնասիրողը մետաֆիզիկա-պատաֆիզիկա հակադրության իր այս տեսությունը փորձում է հիմնավորել Մուզիլի «Մարդն առանց հատկություններ» վեպի և նրա գլխավոր հերոս Ուլրիխի կերպարի վրա, Մուզիլի վեպը ներկայացնելով որպես լուսավորության շրջանում սկզբնավորված գերմանական ուսուցողական-դաստիարակչական վեպի օրինակ: Հոդվածում հեղինակը նշում է նաև, որ ինքը ներկայումս աշխատում է անհնարինության զգացողության գաղափարի վրա, որը իբրև պատաֆիզիկական հակակշիռ պետք է ծառայի հնարավորության զգացողության մուզիլյան սկզբունքին. «Իմ հիպոթեզն է, որ հնարավորության զգացողությունը ներկայանում է իբրև հիմնարար խանգարիչ գործոն պատաֆիզիկորեն օտարված ուսուցողականդաստիարակչական վեպում»:

Ի տարբերություն կոշտ փաստերի փաստարկումների, իրագործումների և վճռադրումների վրա հիմնված նյութական աշխարհի, որի մեջ մենք գոյում ենք, տեսությունների վրա հիմնված մետաֆիզիկական աշխարհը, որին մենք ձգտում ենք, նկուն է, փափկաճկուն և, այդպիսով, նվազ բացարձակ: Եվ միայն այս երկու կեսերը միասին կազմավորում են ամբողջականության պատրանքը: Այս երկու կեսերն էլ հարաբերական մեծություններ են. առաջինը` որպես միակ իրականության, երկրորդը` որպես բազմաթիվ հնարավորություններ: Մետաֆիզիկական դիտանկյունից` իրականությունը մաքուր կեցություն է` բոլոր ձևերից, որոշակիությունից ու նկարագրողականությունից անդին: Ճշմարտությունը` որոշակի ձևի մեջ լցված իրականություն, և դրանով իսկ, արիստոտելյան համակարգի մեջ դիտված` նյութականի, սահմանափակի, հաշվարկելիի մեջ ներդրված վերացարկում:

ՄԱՀ-ը վեպում Մուզիլը, անդրադառնալով մետաֆիզիկայի վերջին դարերի պատմությանը, և մասնավորապես Գալիլեյի ժամանակներում բնագիտության բնագավառից սերող նրա ընդդիմախոսներին, գրում է. «այն ժամանակ մետաֆիզիկայից արթնացումը դեպի իրերի վերաբերյալ դաժան հետազոտությունը, դատելով բոլոր տեսակի վկայություններից, ուղղակի ասած եղել է զգաստամտության արբեցումն ու կրակըՍակայն եթե ինքներս մեզ հարցնելու լինենք, թե հատկապես ինչու մարդկության խելքին փչեց ինքն իրեն այդպես վերափոխել, ապա դրա պատասխանն է, որ նա վարվեց ճիշտ այնպես, ինչպես յուրաքանչյուր խելամիտ երեխան է վարվում, երբ նա շատ վաղ փորձում է քայլել. նա նստում է գետնին և դիպչում է նրան վստահելի և ոչ այնքան ազնվական մարմնի մասով. այս դեպքում կարելի է ասել` նա դա արեց հենց նրանով, ինչի վրա նստում են: Քանի որ ամենաարտառոցն այստեղ այն է, որ երկիրը չափազանց պատրաստակամ գտնվեց ընդունելու այն և այդ շփումից ի վեր թույլ է տալիս իր միջից դուրս կորզել հայտնագործություններ, հարմարություններ և գիտական եզրակացություններ, որոնք, ասես առատության եղջյուրից թափվելով, սահմանակցում են հրաշքին»:

Մետաֆիզիկան և գիտությունը, ըստ Մուզիլի, այլ բան չեն, քան երկու գեղագիտական համակարգեր, բայց կա նաև մի երրորդը, որը ուրիշները պատաֆիզիկա են համարում, մինչդեռ ինքը` Մուզիլը, բավարարվում էր դադաիզմ եզրով: Բոլոր երեքն էլ նպատակ են հետապնդում, գեղագիտական տարբեր համակարգերի միջոցներով, արտահայտելու, բացատրելու իրականությունը կամ ճշմարտությունը: Ընդսմին` այս երրորդ գեղագիտական համակարգը, ինչ անունով էլ որ այն կոչելու լինենք, ընդամենը միավորում է առաջին երկուսին, կարելի է նաև ասել` այն մի երրորդ օրգան է, Գ.Ի.Գյուրջիևի էզոտերիկ տեսության մեջ հիշատակվող «կունդաբուֆերի» նմանողությամբ, որ ներդրված է մարդկային մարմնի ու հոգու արանքում, հայտնի չէ, թե որտեղ:

Մուզիլը նաև նկատում է, որ յուրաքանչյուր տեսություն, լինի գիտական, թե մետաֆիզիկական, նախ ներկայացնում է լոկ ժամանակով պայմանավորված իրականությունը կամ ճշմարտությունը,  և երկրորդ, գեղագիտական տվյալ համակարգի մեջ դրված տեսությունը մի որոշակի կետից սկսած սեփական կյանք է ձեռք բերում` կտրվելով իր արարչից, հեղինակից, մտածողից. «Այդ պատճառով ամենահուզիչ մեծազոր գաղափարները բաղադրված են մի մարմնից, որն ինչպես մարդկային մարմինը, խիտ է ու ունայն, և մի հավերժական հոգուց, որը նրա իմաստն է կազմում, սակայն խիտ չէ, այլ այն սառը բառերով բռնելու յուրաքանչյուր փորձի դեպքում` տարրալուծվում է ոչնչի մեջ»:

Ներկայացնելով ճշմարտության ճանաչման դժվարագույն խնդիրը, Մուզիլը գրում է. «Ճշմարտությունը բյուրեղ չէ, որը կարելի է խցկել ինչոր մեկի գրպանը, այլ մի անվերջանալի հորձանք, որի մեջ ընկնում ես` գլխապատառ խոյանքով»: Ճշմարտության ճանաչման համար մետաֆիզիկական սկզբունքը միշտ էլ պակասավոր է. «…Մարդս սովորաբար չգիտե, որ նա պետք է հավատա, որ ինքն ավելին է, քան կա, որպեսզի կարողանա լինել այն, ինչ որ է: Բայց նա, ամեն դեպքում, պետք է դա ինչոր ձևով զգա` իրենից վեր կամ իր շուրջը, և երբեմն էլ նա կարող է նաև հանկարծակի զրկվել դրանից: Այդժամ նրան մի ինչոր երևակայական բան է պակասում»:

Դիմելով կյանքի մետաֆիզիկական իմաստի որոնումներում ճշմարտության դեմ ամեն քայլափոխի մեղանչող փիլիսոփաների հավակնոտ փաղանգին (տվյալ դեպքում` էքզիստենցիալիզմի ներկայացուցիչ Ժան-Պոլ Սարտրին)` 20-րդ դարի «պատաֆիզիկական դպրոցի» խոշորագույն ներկայացուցիչ, ֆրանսիացի Բորիս Վիանը մեկ բառով սահմանում է մետաֆիզիկային հակադրվող պատաֆիզիկական պատվիրանը. ԱՐԻՍՏՈՏԵԼԱԶԵՐԾՎԵ՛Ք: 1959 թ. իր հեղինակած «Քաղաքացիական գիտակցության մասին» տրակտատում այս առնչությամբ նա գրում է.  «Ես երբեք ինձ համար դույզնինչհայտնություն“անելու փորձությունը չեմ ունեցել, և երբեք ամբողջ գիշեր իմ սենյակում հպարտորեն ետևառաջ քայլելու երջանկությունը չեմ ունեցել փիլիսոփաներին ընթերցելիս, որպեսզի բռունցքով հարվածեի փորիս ու բացականչեի. Ահա՛, ահա՛ միակ ճշմարտությունը»:

Պատաֆիզիկան, որպես «ֆիզիկայից անդին գիտություն», ցուցադրում է նաև «ներքին իրականությունը» ներկայացնելու տարբեր բնագիտական և արվեստագիտական ուղղությունների ու շարժումների գործադրած ջանքերի անհամապատասխանությունը, անբավարարությունը և անիմաստությունը: Այս մտահոգություններն ու ընկալումներն են ընկած Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» վեպի առաջին գրքի հատպապես երկրորդ`«Տեղի է ունենում հար և նույնը» մասում, որի ամերիկյան հրատարակություններից մեկում սույն հատվածի վերնագիրը իմաստաբանորեն թարգմանված է «Իշխում է կեղծ-իրականությունը» արտահայտությամբ:

Պոստմոդեռնիզմի տեսաբան Ժան Բոդրիյարը, ձայնակցելով ժամանակակից մարդուն տված մուզիլյան բնորոշմանը, Ժարրիի հերոս Ուբուին բնութագրում է որպես «գազաձև և ծաղրանկարային վիճակ, դատարկության բարակ աղիքն ու փայլը», հավելելով նաև, որ Պատաֆիզիկան ոգու բարձրագույն գայթակղությունն է: Ըստ Բոդրիյարի, ներկա թեական` վիրտուալ դարաշրջանում պատաֆիզիկան գործիք է, որ սահմանազատում է երևակայականը և իրականությունը: Ելնելով Բոդրիյարի վերոհիշյալ բնորոշումից, պատաֆիզիկայի դպրոցի գործող անդամ և ուսմունքի ժամանակակից գերմանացի հետազոտող Քլաուս Ֆերենչիկը իր վերջին մենագրությունը հենց այդպես էլ վերնագրել է`«Պատաֆիզիկա-Ոգու գայթակղություն»: Աշխատության մեջ քննության են առնված դպրոցի հիմնադրման պատմությունը, ներկայացված են պատաֆիզիկային տրված սահմանումները և ուսմունքին առնչվող հարուստ փաստաթղթային նյութ:

Պատաֆիզիկայի դպրոցը` Collége de Pataphysique, հիմնադրվել է 1948 թ. Փարիզում` ի պատիվ Ալֆրեդ Ժարրիի: 2000 թ. հիմնադրվել է Լոնդոնի նշանավոր Պատաֆիզիկայի դպրոցը` London Institute of Pataphysics: Անցյալում ստեղծվել ու այսօր էլ պատաֆիզիկական դպրոցներ են գործում, եվրոպական երկրներից բացի` նաև այլ աշհարհամասերում, Հարավային ու Հյուսիսային Ամերիկաներում, Ավստրալիայում, Աֆրիկյան երկրներից` Եթովպիայում:

20-րդ դարի նշանավոր պատաֆիզիկներից կամ դպրոցին հարած արվեստագետներից են Մարսել Դյուշանը, Մաքս Էռնստը, Դարիո Ֆոն, Էժեն Յոնեսկոն, Խոան Միրոն, Ռայմոն Քենոն, Ռընե Քլերը, Անտոնեն Արտոն, Մաքս Ժակոբը, Մարքս եղբայրները, Ժաք Պրեվերը, Ժան Պոլ Բոդրիյարը, Իտալո Կալվինոն, Ումբերտո Էկոն և այլք, ովքեր իրենց ստեղծագործական այս կամ այն փուլում կամ հարել են կամ էլ ջատագովական դիրքերից արտահայտվել պատաֆիզիկական ուսմունքի մասին: Արվեստագետների նույն խմբին են հարում նաև Խուլիո Կորտասարն իր պիկարեսքային ռեալիզմով: Հայտնի է նրա հետաքրքրությունը սյուրռեալիզմի և պատաֆիզիկայի հանդեպ, ինչպես և արևելյան կրոնների: Փաստված է նաև, որ Խ.Լ.Բորխեսի ստեղծագործության մեջ ներդրված միստիքական հարաբերությունները, նրա դավանած մոգական ռեալիզմի սկզբունքը ևս սերում են պատաֆիզիկ մտածողությունից:

Այդ գիտությունը, որին նվիրել է իր ողջ կյանքը Ժարրին, բոլոր մարդիկ և յուրաքանչյուր ոք, առանձին-առանձին կամ միասնաբար, այն գործածում են առանց այդ մասին իմանալու: Այս գիտակերպ ռացիոնալ ուսմունքի նպատակն է հայտնաբերել բոլոր իրերի կատարյալ ներդաշնակությունը և նրանցում գոյող դատողությունների խորիմաստ փոխհամաձայնությունը: Պատաֆիզիկան նաև ոմանց համար հնարավորություն է` գիտակցաբար անելու այն, ինչ բոլորը անում են անգիտակցաբար:

Ժամանակի ընթացքում պատաֆիզիկային տարբեր բնութագրումներ են տրվել: Երևակայական լուծումների գիտություն, վերջին ատյան, գիտությունների գիտություն, գիտություն, որն ընկած է մյուս բոլոր գիտությունների հիմքում, այսպես էր անվանում ինքը` Ժարրին իր այս աբսուրդիստական փիլիսոփայությունը, գիտականության հավակնող իր այս էզոտերիկ` թաքչատեսական համակարգը: Նրա զուգադիր հերոսները` պատաֆիզիկայի դոկտոր Ֆաուստրոլը և Ուբու արքան, հավաստում են, որ «պատաֆիզիկայի հայտնագործման պահանջը համընդհանուրի կողմից սպասվող էր»: Այն ծաղրանմանակում է ժամանակակից գիտական տեսությունների հղացման, այլև մեթոդաբանական անհեթեթությունները, հայտնաբերելով զուգահեռ գոյող, ճանաչելի մի տիեզերք` ճանաչված, Աստծո կողմից արարչագործյալ աշխարհին ընթերակա: Աստված ամենակարճ ճանապարհն է 0-ից մինչև անսահմանություն, այսպես է Ժարրին բնորոշում պատաֆիզիկական սպիրիտուալիզմը: Ուբու արքայի Ժարրիի իսկ ձեռքով արված ծաղրանկարներում նրա որովայնին դաջված պարուրաձև սպիրալի` զսպանակի պատկերը դարձել է պատաֆիզիկայի խորհրդանիշը, քանի որ, համաձայն նաև Մուզիլի աշխարհընկալման, արարչագործության արդյունքում մեր այս կյանքի ուղղագիծ ընթացքի վրա այլևս ոչ մի ամուր բռնելատեղ չկա. ողջը երևակայություն է, որն արտահայտվում է ըղձական ապառնի եղանակային ձևի մեջ, ինչև և քերթության առաջադրանքն է:

Երևակայական լուծումների գիտությունը ԴաԴա-ն է, ավանգարդիստական մեկ այլ բնորոշմամբ` ԳաԳա: Վերջինս կարող է մեկնաբանվել որպես պատաֆիզիկայի ներառում զտագույն աբսուրդի ուղղության մեջ, այն առումով, որ Ժարրիի մտահղացած «երևակայական լուծումները»` իբրև այդպիսիք, իբրև լուծումներ, դառնում են աներևակայելի: Հետևաբար, պատաֆիզիկական աշխարհը հնարավոր իրականության աշխարհն է` երկրորդ պոտենցիայում: 1950-ականներից ի վեր այս խնդիրներն են արծարծվում պատաֆիզիկների այսպես կոչված երկրորդ սերնդի կողմից հիմնված «Հնարավոր գրականության ալմանախում» (OuLiPo): Այսօր` պատաֆիզիկական գրականության և փիլիսոփայական աշխարհընկալման խնդիրները լուսաբանվում են նաև ինտերնետային կայքերում, մասնավորապես`«Պատաֆիզիկի օրագրերում», ուր բազմաթիվ են զուգահեռները նաև Ռոբերտ Մուզիլի և պատաֆիզիկական հիմնարար պատկերացումների առնչակցության շուրջ:  1960-ականներին պատաֆիզիկան գործածվել է նաև որպես մեթոդաբանական, այլև` կոնցեպտուալիստական սկզբունք արվեստի բազմաթիվ ձևերում, մասնավորապես «սիտուացիոնիստների» գործերում` որպես նորագույն կրոն: Որոշ ուսումնասիրողներ պատաֆիզիկան գաղափարները նաև որպես մետաֆիզիկայի հաղթահարում են դիտարկվում Մարտին Հայդեգգերի փիլիսոփայական համակարգում:

Պատաֆիզիկայի` որպես գիտության, հիմնարար սկզբունքներից են հայտարարված համարժեքությունը և հակադրությունների հաշտեցումը: Այս գաղափարները բազմիցս և ամենատարբեր տեսանկյուններից շրջանառվում են Մուզիլի երկերում: ՄԱՀ-ը վեպում Մուզիլը, մասնավորապես, գրում է. «Հակադրությունները հետևանք են պակասող համաձայնությունների… » կամ`«Հակադրություններն, անշուշտ, բաղկացած են ոչ այլ ինչից, բայց միայն համաձայնությունների պակասից, ինչպես շատ ամուսնությունների դեպքում այսպես կոչված բնական դժբախտությունը մակերևույթ է բարձրանում` հենց որ ամուսինները դադարում են կուրորեն երջանիկ լինել»: Նույնն է նաև գիտության և արվեստների բնագավառում. «Իսկական արվեստը չի ճանաչում ուղղությունների մեջ ոչ մի հակասություն»: «Շատ ավելի մեծ թվով հակադրություններ կան աշխարհում, եթե միայն դրանք արթնացնելու լինես»:

Ընդսմին` Մուզիլը հաշտեցնել է ձգտում կատարելապես բոլոր տեսակի հակադրությունները. կյանք և մահ, հայեցում և ճանաչում, կերպար և կանոն, խորհրդանիշ և օրենք, դառնալիություն և արդյունք, շարժում և հանգիստ, սեփականը և օտարը, համաբանություն և օրենք, հոգի և աշխարհ, ուղղություն և տարածություն, ճակատագիր և պատճառականություն… Մուզիլը այս սկզբունքային մոտեցումը բնորոշում է որպես «Իդեալիստական կոնցեպցիա. Ոգին գիտակցում է իր կախվածությունը արտաքին աշխարհից, ոգին ազատ է: Բարին, որին մենք ձգտում ենք, արդարությունը աշխարհի սկզբում է, և աշխարհն առաջնորդվում է ներդաշնակության օրենքովՔննական գրականության մեջ այն կոչվում է նաև նպատակահարմարության սկզբունք: Սա իր անգերազանցելի բարձրակետին է հասել Պլատոնի ու Արիստոտելի համակարգերում»:

«Ժառանգության» մեջ, մեկ այլ տեղ, նա գրում է, որ հարկ է վերառել առկա հակասությունները. «Բարու և չարի միջև մի հինավուրց հավասարակշռություն գոյություն ունի, ինչպես և համարժեքություն` վերջիններիս ճշմարտացիության, նմանության, հավասարարժեքության իմաստով: Տարածության ուղղությունները հոգեպես այլևս համարժեք չեն: Այն, ինչ դու ես, երջանկություն է, քո ուղղության մեջ երջանկության մի հորձանքԻ դեպ, հակասություն է նաև, թե արդյո±ք պետք է հասնել զգայունակության շեշտադրմանը` զգացական մասնակցության բարձրացման միջոցով»:

Վիանի կողմից կարկառուն պատաֆիզիկների պատվավոր փաղանգին հատկաշնորհված Ռոբերտ Մուզիլն իր հռչակավոր «Օրագրերում», կանխելով Մեծն Պատաֆիզիկին, գրում է. «Օրինաչափությունների նկատմամբ բացառությունների տիրապետությունը ստեղծագործող մարդու հայրենիքն է»:

Վերևում արդեն անդրադարձանք «Պատաֆիզիկան գիտություն է բացառությունների մասին, քանզի բացառություններն են կառավարում աշխարհը» սկզբունքի պաշտպանությանը Մուզիլի կողմից: «Բացառություններն ակնբախ չեն, միայն եթե թոթափումզգուշանում ես հրապուրանքից ու սպառնալիքից, որոնք ոգուն են փոխարինում»: Նույն բացառություններն են իշխում նաև քերթության մարզում. «Քերթությունը կենդանի բարոյախոսություն է: Սովորաբար` բարոյական բացառությունների նկարագրություն: Սակայն, ժամանակ առ ժամանակ, համադրում, ամփոփում և բացառությունների բարոյականություն»: Կամ, Ուլրիխի կապակցությամբ, անդրադառնալով բարոյականության բնագավառին, Մուզիլը հաստատագրում է. «Առաքինություններն ու արատները ներքուստ, սակայն, նույնական են, ընդհանուր ծագում ունեն` բխելով նույն կանոններից, օրենքներից, բացառություններից և սահմանափակումներից»:

Մետաֆիզիկան թոթափելուն ուղղված պատվիրանին`«Արիստոտելազերծվե՛ք»-ին զուգահեռ, պատաֆիզիկան, ի վերջո, զբաղվում է նաև նրանով, ինչը չկա, ինչը, սակայն, հնարավոր է, որ գոյություն ունի, քանի որ, համաձայն Պարմենիդեսի ուսմունքի, «Գոյություն չունեցող չկա»: Ասել է, թե`«հնարավորն ըստ հավանականության և անհրաժեշտության» եվրիպիդեսյան սկզբունքին համահունչ:

Մուզիլը ևս աշխարհաճանաչողական գործընթացում մետաֆիզիկայից անցումը դեպի ճանաչողական այլ գիտանքների համակարգին, բացատրում է մետաֆիզիկ մտածողության սահմանափակությամբ և դրանից բխող բնության մեջ հակակշռող-համակշռող սկզբունքի խաթարմամբ, կատարյալ հավասարակշռության հիմնանպատակից շեղմամբ, որի վերականգնման համար ասպարեզ է նետվում բռնությունը` որպես սիրո և ազատության միջակայքում տնկված, երկրային կյանքիª հոգսերի, բնազդային պոռթկումների և գաղափարների այդ եռամասնյա միախառնուրդն ուղղորդելու կոչված այլևս անբեկանելի գործնական մեխանիզմ: Այս գործողության ներդրմամբ մարդս ավելի հեռու է նետվում իր նախասկզբնական տիեզերական կարգավիճակից:

Մուզիլյան «Էսսեիզմը»՝ որպես պատաֆիզիկական մտածողությանն սպասարկու զտագույն հնարավորության զգացողություն և երևակայական ճշգրտության վերհանմանը միտված համադրող կառույց, փորձում է վերառել արարչագործությամբ բաժանված, տարակայացված մարդ-տիեզերք հարաբերակցությունը, նպատակ ունենալով միացնել, համադրել դրանք: Հենց այստեղ էլ թաքնված է Մուզիլի Աստվածը, թաքչատեսական, խորհրդավոր մի էություն, որը հենց աշխարհային կարգն է, բայց ոչ իբրև տրվածություն, այլ իբրև մշտապես և ամենուրեք ինքնադրսևորվող գործունեություն:

Ըստ Մուզիլի, մենք` մարդիկս, գիտենք, թե որքան սահմանափակ է մեր ճանաչողության շրջանակը` մեր հետաքրքրությունների շրջանակի համեմատությամբ: Մենք տարբերակում ենք լոկ միստիքական հետաքրքրությունը, քանի որ նրանց երկուսի առարկան էլ մետաֆիզիկականն է, և քանի որ երկուսի ձգտումն էլ ճանաչողությունն է, մինչդեռէսսեի համար մենք միայն մարդկային վերակրթության խնդիր ենք դնում: Ըստ Մուզիլի` գրող-փիլիսոփաներ Մետերլինկը, Էմերսոնը, Նիցշեն տրանսցենդենտալի` այնկողմնայինի վերացարկման պարագայում միստիկներ են, բայց նաև «կյանքի փիլիսոփայության» հիմնադիր Վիլհելմ Դիլթայը, պոզիտիվիստ Իպոլիտ Տենը… այդպիսով նրանք բոլորը պատկանում են էսսեի շրջանակին, մի բնագավառ, ուր հանգրվանում է կրոնի մարդկային չափումը: Մենք կանգնած ենք հոգևոր գործունեության ոլորտների նոր վերաբաժանման շեմին: Դրանք երկու խմբի են պատկանվում, գործունեության ոլորտներ, որ ճանաչողությանն են ուղղված և այնպիսիք, որ մարդկանց վերակրթման խնդիր են դրել: Եվ հենց այստեղ է, որ պոզիտիվիստների, էմպիրիոկրիտիցիստների ասած զգայական կոմպլեքսները պայքար են մղում իրենց տիրապետության հաստատման համար:

«Գերմանացի մարդը որպես հայտանիշ» էսսեում Մուզիլը մետաֆիզիկան սահմանում է որպես ապերցեպտոր` ընկալուչ մեծություն, որպես չափազանց բարձր զգայականություն կամ գերզգայականություն: Այս առումով, «սովորական, միջին մարդը շատ ավելի կրքոտ մետաֆիզիկ է, քան որ նա խոստովանում է… »: «Փոխանակ իր զգացմունքը խորացնելումարդս ձգտում է մետաֆիզիտորեն իրեն նշանակալի դարձնել, ազնվականացնել: …Մարդս պետք է ինչոր կերպ գլուխ հանի, համակերպվի իրեն շրջապատող աշխարհի հետ: Սա է մետաֆիզիկական վարկի, հավատամքի ֆենոմենը»: Ընդսմին` տիեզերականը, մետաֆիզիկականը, համենայնդեպս` հենց է՛ անսովորն  ու անձնականը: Շրջանի մեջ տեսանվող անցքը ինքնին մետաֆիզիկական է, քանի որ դա հենց այն անսովորն է, որ միայն անձնական պրիզմայով է նկատելի  դառնում:

Ի տարբերություն սովորական, միջին մարդու, ստեղծագործող մարդիկ, ըստ Մուզիլի, «մետաֆիզիկորեն անհանգիստ են, իրականությունն արհամարող, հակաիդեալիստ: Ողջ տրամաբանությունը և իմաստնությունը ընկած է ոչ թե շատ իմացության մեջ, մետաֆիզիկական տրակտատի կամ աստվածաբանական գիտությունների ամբողջականության մեջ, այլ սոնետում կամ թատերախաղի մեջ` անակնկալհուզիչսովորականության շղթաները կազմաքանդող»: Ստեղծագործող մարդկանց մեջ մետաֆիզիկական հավատն, ըստ էության, մարդակենտրոն է և, այդ առումով, ոչ ամբողջապես մետաֆիզիկական, քանի որ ստեղծագործողը ներշնչված է ավելի շուտ տեսական-բարոյական խնդիրներով, և հակված չէ դեպի ապրիորի ճանաչողությունը: Նրա ողջ ստեղծագործությունը կարելի է «լրագրողականմետաֆիզիկական փաստագրություն համարել, ինչպես Շպենգլերի պարագան էԳաղափարախոսության բացակայությունը և պրակտիկ կյանքի ճանաչողության պակասը ժամանակ առ ժամանակ բերում են պայթյունների, մետաֆիզիկական կրախի»: Այստեղից էլ Մուզիլի հիպոթետիկ եզրակացությունը. «Չի՛ կարող որևէ կասկած լինել, որ մենք փաստագրական գիտությունների միջոցով հնագույն մետաֆիզիկական կարդինալ հարցերի առնչությամբ նոր հայեցակարգեր ենք զարգացնելու»:

Տիեզերական կարգի բացատրության և մարդու ճակատագրի ընկալման մետաֆիզիկային հակադրվող պատաֆիզիկական և միստիքական աշխարհընկալումներին զուգահեռաբար Մուզիլը ոտք է կոխում նաև թաքչատեսական ուսմունքների ընձեռած ճանաչողական հնարավորությունների ոլորտը: Ուսումնասիրողներից ոմանք Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» վեպը համարում են 20-րդ դարի ամենանշանավոր էզոտերիկ` բնազանցական երկը, գլխավորապես նկատի ունենալով նաև նրանում արտահայտված, միստիքական քողով շղարշապատված, ասոցիալական ուղղվածությունը, այն, որ գրողն ասես վերջնականապես իր վիպական պատումից դուրս է մղել նրա հասարակական բովանդակությունը: Այստեղ առաջին հերթին նկատի է առնվում վեպի երկրորդ`«Դեպի հազարամյա թագավորությունը» մասի գաղափարական ուղղվածությունը: Վեպի այս երկրորդ մասն, իրոք, իր էական գծերով սահմանակցում է միայն առանձնաշնորհյալներին տեսանելի գաղտնի ուսմունքների` էզոտերիկայի բնութագրական նյութին:

Այստեղ, ինչպես և ավելի վաղ` 1911 թ. լույս ընծայած «Խոնարհ Վերոնիկայի գայթակղությունը» նովելում, միստիքականից սահուն անցում է կատարվում դեպի աշխարհընկալման թաքչատեսական կառույցը. Կրոնը այլևս մեռած է: Արվեստը և գիտությունը էզոտերիկ երևույթեր են, որոնք ձգտում են մարդկանց հետ շփման մեջ մտնել` իրենց թաքչատեսական, բնազանցական, աշխարհի հետ հաշիվները փակած, պոստմոդեռնիզմի տերմինաբանությամբ ասած` դիսկուրսի միջոցով: Վերոնիկայի և Յոհաննեսի, ինչպես և Ուլրիխի և Ագաթեի` քույր-եղբոր սերը, որ պատկերվում է այլ կացության կառույցի մեջ, պետք է համապատասխանի «թիթեռնիկի լեզվին», սոցիալական կյանքը, նույնպես և սեքսուալության, ցանկասիրական տեսլականը նրանում վերառված են ի սկզբանէ, սիրային զբաղմունքի հաղթահարումն արտահայտվում է սիրախաղի մասնակիցների, քույր-եղբայր փոխհարաբերությունների էզոտերիկ իմաստավորման միջոցով:

Այս առնչությամբ Մուզիլը «Ժառանգության» մեջ գրում է. «Մեդիտացիան մարդուս ազատ է արձակում բանական կյանքի պատկերացումներից` թույլ տալու համար տիեզերական բանականության ազատորեն ներխուժումն այնտեղ: Այս օրենքին անձնատուր` սովորական կամ վերջավոր գիտակցությունից վերանալով, ծածուկ հաղորդակցվում ես տիեզերական գիտակցությունը»: Այստեղ «Զգացումների հերթագայությունը կարգավորվում է հուզագրգռությունների միջոցով, իսկ պատկերացումների ու հասկացությունների հերթափոխությունը` համաբանության օրենքների միջոցովԵրբ երկու զգացումներ միաժամանակյա կամ անմիջական հերթագայության մեջ են գտնվում գիտակցության մեջ, նրանցից յուրաքանչյուրը, երբ նրանք որպես զգացում կամ պատկերացում են հանդես գալիս, միտում ունեն գիտակցության մեջ նաև ուրիշներն արթնացնել»:

«Մարդն առանց հատկություների» վեպի նախնական տարբերակներից մեկում, երբ գլխավոր հերոս Ուլրիխը հանդես էր գալիս դեռևս Անդերս` «Ուրիշը» ծրագրային անվամբ, «Ժառանգության» մեջ Մուզիլը նկատում է. «Մարդս իրեն որպես անձնավորություն է զգում տիեզերական կարգավորման միջոցով: Իռացիոնալի մեջ արմատավորված է կյանքի ներքին անվտանգությունը: …Օկկուլտիզմը մատերիալիստական փորձ է, միայն թե` մատերիայի մեկ այլ հասկացության հիմքի վրա: Ապացուցողական ցանկությունը ռացիոնալիզմին է վերաբերում»:

Ըստ Մուզիլի` այդ էզոտերիկ հայեցողության մեջ ի սկզբանէ վերառված է ողջ կրոնականն ու տիեզերականը, նա, ով միայն տրամաբանական և հոգեբանական հաշվարկներով է առաջնորդվում, երբեք չի հասկանա, որ հաշվեկշռված, հաշվարկելի բանականությունից անդին ապրում է հոգու թագավորությունը: Խորապես գիտակցելով և հստակորեն սահմանազատելով խորհրդավորի, բնազանցականի և թաքչատեսության ճանաչողական նշանակությունը, Մուզիլը գտնում էր, որ մարդկային կյանքը գոյավորող և ուղղորդող «Տիեզերական ծուխը երեք առանձնահատուկ ձևեր ունի. ա. հերոսականը, բ. ցանկասիրականը, գ. մոգականը»: Մեկնաբանության մեջ նա հատկապես շեշտադրում է մոգականի` էզոտերիկ գիտելիքի աշխարհաճանաչողական նշանակությունը, ճիշտ է` թեկուզ և առանձնաշնորհյալներին հասանելի, քանի որ վերջինս, փորձառության գերզգայական ձևի փոխանցման միջոցով, միջնորդավորված կապ է հաստատում տվյալ ճանաչողական ձևին անհաղորդակից մարդկային պարզ հոգիների և տիեզերական կարգի պահապաններից այս մի կարևորագույն գործառնության միջև:

Այս կետում մուզիլյան ճանաչողական ձգտումը առնչակցվում է ժամանակին ասպարեզ իջած էզոտերիկ ուսմունքների, մասնավորապես Գեորգի Գյուրջիևի (1877-1949թթ.) նշանավոր «Չորրորդ ուղու» թաքչատեսական գաղափարների աշխարհի հետ:

Իրական և տիեզերական իմացությանն հետամուտ երկու մտածողների համառ ու անխոնջ որոնումների պատմությունը, դավանած գաղափարները իրենց բարձրակետում մի պահ միայն, սակայն տևական ժամանակով, ասես խաչվում են ու միահյուսվում: Գյուրջիևյան գաղափարները, որ արտահայտություն ու զարգացում են ստացել նրա գլխավոր երկերում. 1. «Բեհեղզեբուղի զրույցները իր թոռան համար», 2. «Հանդիպումներ նշանավոր մարդկանց հետ», 3. «Կյանքը իրական է միայն այնժամ, երբ ես կամ» և 4. «Դիտարկումներ իրական աշխարհից», որ ամփոփված են «Ողջը և ամենը» ընդհանուր խորագիրը կրող երկաշարում, գլխավորագույն նպատակ էին հետապնդում պայմաններ ստեղծելու այն փորձառության համար, որի միջոցով իմացությունն ի զորու կլինի հառնելու իր մեռյալ վիճակից և հնարավորինս լիակատար ձևով կենդանանալու: Ընդսմին` դրան հասնելու համար առաջին գրքում Գյուրջիևը, իր բառերով ասած, իր առաջ «նպատակ էր դրել ամենաանխնա կերպով ջախջախելու մարդուս մտավոր ու զգացական մարզերում դարերի ընթացքում արմատացած հավատալիքներն ու պատկերացումները՝ ձգտելով ընթերցողի ուղեղում վերարթնացնելու անսովոր մտքերի շիթը»: Երկրորդում՝ նրա հետապնդած գլխավորագույն նպատակն էր «ցուցանել այն նյութը, որ աշխարհի նորովի ու ստեղծագործ ընկալման պահանջ էր դնում», երրորդ և չորրորդ գրքերում նրա ձգտումն էր`«օժանդակել մարդուս մտքում ու զգացմունքների մարզում իրական աշխարհի վերհանմանը, փոխանակ պատրանքային աշխարհի, որը նա այժմ ընկալում է»:

Մուզիլի և Գյուրջիևի համար ընդհանուր կարելի է համար հայացքի ուղղվածությունը. Մուզիլի դեպքում` գիտելիքի ձեռքբերումը վիվիսեկցիա է. «Այսպիսով` գիտելիքն այլ բան չէ, քան օտար մի բանի յուրացում. մարդս այն սպանում է, պատառոտում և մարսում, ինչպես կենդանին: Հասկացությունը` անշարժ դարձած սպանվածն է: Համոզմունքը` այլևս անպատասխանատու, սառած հարաբերակցությունը»: Գյուրջիևի պարագայում` նույն գաղափարն արտահայտվում է անկողմնակալ դիտարկողի կամ հետազոտողի կերպարով: Ընդսմին` Գյուրջիևի անկողմնակալ դիտարկողի կամ ներքին մարդու դատողականության համար բնութագրական է, որ, կյանքը դիտարկող մուզիլյան գիտնական-հետազոտողի համաբանությամբ, այն իրականացվում է կանխակալ դատողություններից զերծ, առանց սեփական շահի և ինքնասիրության միջամտության:

Մուզիլը, ասես գյուրջիևյան դիտարկումի զուգաբանությամբ, իրարից հստակորեն տարբերակում է ներքին և արտաքին մարդուն, իր հերթին նշելով, որ շատուշատ սովորական մարդկանց կամ արտաքին մարդկանց չի հաջողվում նմանօրինակ դատողականություն հանդես բերել: Իրերի ոգու նրանց տեսանումը հաճախ աղավաղվում-աղճատվում է ուժգին հուզագրգռությունների պատճառով, որոնք առաջ են գալիս, օրինակ, ինքնասիրության, նախանձի ու ատելության միջոցով:

Մուզիլն ու Գյուրջիևը բազմիցս անդրադառնում են ակնհայտորեն և սիստեմատիկորեն անսիստեմատիկ գործող, սեփական ստրկությունից ազատագրվել ձգտող մարդկանց որոշումների կայացման, գիտելիքի կուտակման խնդրին և վերջինիս վրա անհատականությունից կախված ազդեցության գործոններին: Էզոտերիկ ուսմունքներում, մասնավորապես` Գյուրջիևի պարագայում, հույզերը, զգացմունքները, բնազդները, ըստ էության կազմում են ռացիոնալի բաղկացուցիչները: Նույնն է նաև Մուզիլի վեպում, ուր ասվում է. «Գիտելիքը մի գործելակերպ է, վարվեցողություն, կիրք: Քանի որ` ինչպես հարբեցողության կիրքը, սեռական կիրքը և բռնության կիրքը, այդպես էլ` գիտելիք կուտակելու հարկադրանքը մի այնպիսի հատկություն ունի, որը դուրս է հավասարակշռության վիճակից: Ճիշտ չէ, որ հետազոտողը հետապնդում կամ դարանակալում է ճշմարտությանը, ճշմարտությունն ինքն է դարանակալում հետազոտողին: Վերջինս տառապանքով է ձեռք բերում գիտելիքը»:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *