-Ախչի, հմի էդ զադումադը Կիրովականի՞ց տենք առնի, թե քշեմ Ստեփանավան:
-Այ տա, ինչ Ստեփանավան, զադ չկա ընդի…Ռիտայի խանութն էր նորմալ, էն էլ էն ա, ասըմ են շահած կտրոն չի տվել, փակել են:
-Շահած չէ, այտա, շահող…դու էլ ասած բանը հո կարըմ չես դուզ հըսկանաս….
-Դե հմիկ շահած ա, թե շահող ա, չգիտեմ, նաղդի խանութը փակ ա…
-Լավ, դե հըվաքվի…հենց հըմի դուս տենք գա, ուրեմն:
-Էնա հըվաքված եմ, էլի, էլ հըվաքվիլը ո՞նց ա ըլըմ՝ մազերըս հըվաքել եմ, շորերս փոխել եմ:
-Դե գնամ ավտոն խոդ տամ, փողը վեկալ, արի:
Նախորդ անգամ Կիրովական մեկ էլ «կարտոլ» ծախելու էր գնացել Մարգոն ու քանի որ կարտոլի մեշոկների հետ գիշերային ուղևորությունը այդքան էլ լավ հիշողություններ չէր թողել նրա մոտ, հիմա էլ էդ նույն ճանապարհով անցնելիս մի տեսակ անհանգիստ ու լարված էր: Լարված էր նաև էն պատճառով, որ գնումները, որ պիտի կատարեին իրենց աղջկա հարսանիքի համար, ուզում էր անպայման լավն ու որակով լինեին ու թարմ ու շատ թանկ չլինեին, որ մի քիչ էլ ձեռքներին մնար, դեռ հազար ու մի ուրիշ ծախսեր կար անելու…Էս բոլորի մասին մտածում էր Մարգոն ու նաև մտքում կռիվ տալիս ապագա խնամիների հետ, որոնք ոնց էրևում էր՝ իրենց նման ձեռնաբաց ու «ջոմարթ» չէին, ամեն կոպեկի վրա դողում էին ու հեչ պետքները չէր, որ մարդկանց առաջին «խայտառակ են ըլելու» իրանց գցած սեղաններով…
Մի քանի օր առաջ խնամիներն եկել էին, որ որոշեն հարսանիքի՝ որտեղ և ինչպես անցկացնելու հարցերը…Սպիտակցի խնամիները մի կերպ համաձայնել էին հարսանիքը «զալըմն» անել, բայց կտրականապես դեմ էին արտահայտվել խոհարար վարձելու ու սնունդի համար հավելյալ վճարելու դեմ:
-Այ տա, աթոռը յոթ հարյուր դրամ ա, էդ հըսկացանք, կտանք, աթոռները մեզանով կանենք, բայց մեր տան քյալամի թթուն ու «պամիդոր-խիյարով» սալաթը թողըմ եմ տանը, ուրիշ սալաթի հըմար փող տալի՝ որ ի՞նչ, -Մարգոյի աղջկա ապագա կեսրարը չէր գտնում էս հարցի պատասխանը:
-Այ տա, էդ թթուն հա էլ կուտես, ձմեռը ըղաքիդ ա, էս հըրսանիքը մըհետ տի ըլի, բեր փողը դնենք, տանք պովրին, թող պարյադկին սարքի սաղ….,-Մարգոյի ամուսինը հարցը լուծված էր համարում:
-Ըլող բան չի, ես իմ հըրսանքավորին իմ կնգա սարքած ճաշերը տեմ հյուրասիրի:
-Ա, բա դու իմ մասին մտածը՞մ չես, ես ըստիան ո՞նց տեմ ուտելիքը իրարով տալով հասցնի Սպիտակ: Ա, իմ սարքած սալաթնին ու տոլմեն խու կտուտած կառտոլ կդառնան մինչի տեղ հասցնեմ:
-Խնամի ջան, նեղվիլ մի, մի զադ էլա ըլիլ չի: Առխային կբերեք, նորմալ տեղ կհասցնեք:
-Այ տա, էս ինչ գլխացավանք ա էս հըրսանիքը, որ իմ ջանին ա ընգել….
-Էլ խի՞ ա գլխացավանք, աղջիկ ես պըսակըմ, ուրխանալ տես:
-Ուրխանըմ եմ, ուրխանըմ: Դու էն ասա՝ հմի ռազի՞ ես, որ խորոված-քյաբաբը մի ռեսով տանք:
-Էդ ըլողական չի….ես արդեն որոշել եմ, խորովածը առանձին տենք տալ, քյաբաբն էլ եդով….
-Այ տա, էդ որ սաղ որոշել ես, էդ ու՞ր ես էկել հըմի, էկել ես ինձ նեռվահա՞ն անես:
-Նեռվահան չեմ անըմ, ասըմ եմ՝ ինչը ոնց տի ըլի…
-Դե դու էլ ինձ լսի, դու քու հյուրերին ոնց ուզում ես, ինչ ուզում ես կուտացնես, կխմացնես, իմոնց հետ գործ չունես….էնքան թթու կերեք՝ փորացավ ընգնեք…
-Ոնց որ կատարդ տաքացել ա՝ էս ինչեր ես խոսըմ:
-Ի՞նչ եմ խոսըմ, ես էլ իմ որոշածն եմ ասըմ: Հմի վեր եք կենըմ ու գնըմ: Գնացեք հմիկուց թթվի պատրաստութինը տեհեք…
Սենց վիճել էին խնամիները ու Մարգուշը հիմա անհանգիստ էր շատ…Դրանց քծիպությունը քիչ էր, հիմա էլ հարսանիքին երկու տեսակ սեղանների առկայությամբ են խայտառակ ըլելու: Որոշել են արդեն, իրենք իրենց հյուրերի համար են սեղան գցելու, նրանք էլ իրենց: Իսկ սեղանները չխառնելու համար, կեսին սպիտակ անձեռոցիկ են դնելու, մյուս կեսին՝ կարմիր: Էս իմանալով՝ բարեկամ տղերքը սկզբում մի լավ բարկացան դրանց չորկողության վրա, հետո սկսեցին կատակներ անել.
-Այ տա, հըմի կարո՞ղ ա մուզիկանտնին էլ տարբեր ըլեն, մինը մի բան նվագի, մինը՝ մի:
-Խոխմեն էն կըլի, որ էս մուզիկանտնին էլ իրար հետ ունեցած չըլեն ու իրար ինադու իրար երգերին խանգարեն:
-Դրա ինչն ա՝ խոխմա, այ շան որդի, քվորդ հըրսանիքն ա, խայտառակ տենք ըլի, դու խոխմա ես ասըմ:
-Բիձի, բա որ էդ զալի կեսըմը պլիտա ըլի միացրած, էն մի կեսըմը՝ ցուրտ-ղիամաթ. Դե դրանք դժվար տոկի փող տան զալին:
-Շաշ-շաշ դուս մի տա, քյալլես պայթըմ ա արդեն:
-Բա որ մեր խորոված-քյաբաբը բերած ըլեն արդեն ու սրանց ղոնախնին աչքները տնկած ըլեն մեր սեղանների քյաբաբների վրա,- ջահելները չէին հանգստանում, ասում ու ծիծաղում էին: Լավ ա՝ հարսնացու Լուսինեն արդեն «ջոմարթ» խնամիների տանն էր ու էս խոսակցությունները չէր լսում:
Հիմա Մարգուշը մեքենայի մեջ նստած հիշում էր ամուսնու ու խնամու էդ խոսակցությունները ու նեղվում, նեղվում…Ամուսինը լուռ էր, խոսում էր միայն մեքենայի վրա ջղայնանալիս.
-Մենակ դու էիր պակաս՝ հըմի ինձ քաշես:
Բայց մեքենան ականջալուր չէր Սիմոնի հորդորներին՝ իր արտառոց ձայներով ու փռթփռթոցներով «քաշում էր» նրան: Սիմոնը, որ տեսավ, չի կարողանում մեքենային համոզել, որոշեց մի հատ տանի «խադավիկի» մոտ , թե չէ երկար ճանապարհ էր գնալու, թունելով էր անցնելու, ճամփին մի բան կըլներ, կմնային ճամփին: Ճանապարհի վրի մի գյուղ մտան ու ուղիղ խադավիկի մոտ:
-Ուստա լա մի մըտիկ տու՝ սա ինչ ա ուզըմ ինձանի:
-Էսա նայեմ, ապո, լա կապոտդ բաց արա:
«Խադավիկը» կռացավ, իր մազութոտ ձեռքերով շոշափեց մեքենան, զննեց մրի մեջ կորած աչքերի խիստ հայացքով, հետո ավտոյի մաս հանեց կապոտից, բերեց դրեց Մարգոյի ոտքերի տակ:
-Քիրիկ ջան, էս թող ըստի մնա, սա փչացել ա, բայց դե անձրևախափան օր ա , առանց դրա էլ յոլա կգնաք:
-Ապրես, ուստա:
-Բարով գնաք, մտածես ոչ:
Սիմոնը նստեց ղեկին, քշեց. Իսկապես, տարօրինակ էն ձենն անցել էր:
-Ա դե լավն ա էլի ուստեն, հո զոռով չի, մի րոպեըմը նենց գլխի ա ըլըմ էս ժեշտի հիվանդութինը, որ մարդ զըրմացած ա մընըմ:
Սիմոնը դեռ գովում էր «ուստի» ձեռի շնորհքն, հունարն ու «ուղուփը», երբ մեքենան սկսեց նորից ձեն հանել. էս անգամ էլ մի ուրիշ ձեն:
-Սե բան կըլի՞, հըմի ես սրան ինչ անեմ….եդ տենք դառնա ուրեմն. Մինչի Կիրովական էլ ուրիշ խադավիկ չկա, սենց Կիրովական հասնելն էլ զոռ ա…
Սիմոնը շրջադարձ կատարեց ու մեքենայի աղմկոտ «լացուկոծի» տակ քշեց մինչև «ուստի» գեղը: Ուստեն դարձյալ խոժոռ հայացքով զննեց մեքենան ու Մարգոյի ոտքերն ավելի վեր բարձրացան՝ նրանց տակ դրված ևս մեկ մեքենայի մասի պատճառով, որի բացակայությունը նույնպես պետք է աննկատելի անցներ «անձրևախափան օրը»:
Սիմոնը քշեց. Էս անգամ արդեն ճամփին չէր գովում ուստին: Բողոքում էր. «Շան տղեն իրան ուստի տեղա դընըմ, բայց ոնց րեվաց՝ զադ չի հըսկանըմ»:
Ցավոք, Սիմոնն այս անգամ ճիշտ էր հասկացել, ուստեն «զադ» չէր հասկացել մեքենայից. Մեքենան կարգին անսարք էր գտնվել, ու Սիմոնը մի քանի հարյուր մետր քշելուց հետո զգաց, որ չի տիրապետում ղեկին, զգաց, որ քրտինքը վրա ա տալիս ջղայնությունից, զգաց, որ կինը ճչում ա՝ Սի~մոն, զգաց, որ դիմացը մի հաստաբուն ծառ ա, զգաց, որ էլ չի զգում ոչինչ….
Մեկ էլ էն զգաց, որ հիվանդանոցում պառկած ա, որ Մարգոն լացըմ ա՝ «Այ Սիմոն, ասեի ո՞չ՝ էդ փինաչի ա րևըմ, դրան լսիլ մի, հըմիկ հըրսանքավորի մոտ խայտառակ տենք ըլի, ուրխանալու տեղը լաց եմ ըլըմ, խրովածի մսի տեղակ դեղեր տենք առնի էսա, էս ինչ զուլում էր»:
Մի րոպե անց Սիմոնն արդեն զգաց վիրավորված ոտքի տնքացող ցավն ու իր շարժվելու անկարողությունը: Ուզեց դժգոհի, բայց զգաց, որ ուժերը չեն հերիքի՝ բառ արտաբերի: Մինչ Սիմոնը փորձեց վերհիշել, թե ինչ է կատարվել ու էդ ինչի՞ պիտի իրանք խայտառակ լինեն, բժիշկը հայացքով Մարգոյին դուրս հրավիրեց:
-Տիկին Մարգո, ինձ Ձեր համաձայնությունն է պետք, որ վիրահատենք հիվանդին:
-Հիվանդն ո՞վ ա՝ Սիմո՞նս, դու նրան առողջ վախտ չես տեհել, լա կաց՝ մի քանի օր անց կենա:
-Տիկին Մարգո, սպասելու ժամանակ չունենք, հոդի կոտրվածքի պատճառով թեև Ձեր ամուսնու կյանքին վտանգ չի սպառնում, բայց եթե չվիրահատենք՝ կաղ կմնա:
-Էս ի՞նչ ես ասըմ, այ բժիշկ, Սիմոնս հիմնարկըմը կընանցոց միջին ըշխատող մարդ ա, բա ամոթ չի սախատ մնա, ասա՝ խայտառակ էլանք, էլի, գեղով մեկ:
-Ուրեմն, անու՞մ ենք վիրահատությունը:
-Անըմ ենք, բա ոնց, էն էլ ինչքան հնարավոր ա շուտ ենք անըմ, հըրսանիք տենք անի, մինչի հըրսանիքը Սիմոնս պետք ա ոտի ըլի, թե չէ….