Իլյա Կամինսկի | Մենք երջանիկ ապրում էինք պատերազմի ընթացքում

Լուսանկարը` Դինո Իգնանի (Getti Images)

Իլյա Կամինսկին (ծ. 1977) ամերիկացի բանաստեղծ է` ծագումով ուկրաինացի հրեա: Ծնվել և մեծացել է Ուկրայինայի Օդեսա քաղաքում և պատանի հասակում տեղափոխվել ԱՄՆ: Այժմ ստեղծարար գիր է դասավանդում Փրինսթոնի համալսարանում: Կամինսկին հեղինակել է «Օդեսայում պարելով» (Dancing in Odessa, 2004) և «Խուլ հանրապետություն» (Deaf Republic, 2019) բանաստեղծական ժողովածուները: 2019 թ. BBC-ն նրան ներառեց տվյալ տարում աշխարհը փոխած 12 արվեստագետների ցուցակում: Նրա երկերն արժանացել են մի շարք հեղինակավոր մրցանակների, ինչպիսիք են «Լոս Անջելես Թայմզ»-ի «Գրքի մրցանակ»-ը (Los Angeles Times Book Award), Անիսֆիլդ-Վուլֆի մրցանակը (Anisfield-Wolf Book Award), Ուայթինգի մրցանակը (Whiting Award), Արվեստի ու գրականության ամերիկյան ակադեմիայի Մեթքալֆի մրցանակը (American Academy of Arts and Letters’ Metcalf Award), «Poetry» ամսագրի Լևինսոնի մրցանակը (Poetry magazine’s Levinson Prize): «Նյու Յորք Թայմզ»-ը նրա «Խուլ հանրապետություն» բանաստեղծական ժողովածուն դասել է 2019 թ. ականավոր գրքերի շարքին:

Այդ գիրքը հայտնվել է Ազգային գրքի մրցանակի (National Book Award), Ազգային գրքի գրաքննադատների խմբի մրցանակի (National Book Critics Circle Award), Նոյշտադթի միջազգային գրական մրցանակի (Neustadt International Literature Prize) և Թ.Ս. Էլիոթի մրցանակի (T.S. Eliot Prize) կարճ ցուցակում: 2023 թ. նրան ընդունել են Արվեստի ու գրականության ամերիկյան ակադեմիա:

«Մենք երջանիկ ապրում էինք պատերազմի ընթացքում» բանաստեղծությունը «Խուլ հանրապետություն» ժողովածուի նախաբան-բանաստեղծությունն է: Սա Կամինսկու հայերեն հրապարակված առաջին ստեղծագործությունն է` Կարեն Ղարսլյանի թարգմանությամբ:

 

Մենք երջանիկ ապրում էինք պատերազմի ընթացքում

Ու երբ նրանք ռմբակոծեցին ուրիշների տները, մենք

բողոքեցինք,
բայց ոչ բավականաչափ, մենք ընդդիմացանք նրանց, բայց ոչ

բավականաչափ: Ես
պառկած էի անկողնում, անկողնուս շուրջ Ամերիկան

տապալվում էր` անտեսանալի տուն առ անտեսանելի տուն:

Աթոռս դուրս տարա ու արևին նայեցի

Կործանարար տիրապետության
վեցերորդ ամսում փողե տանը

փողե փողոցում փողե քաղաքում փողե երկրում`
մեր չքնաղ փողե երկրում, մենք (ներեք մեզ)

երջանիկ ապրում էինք պատերազմի ընթացքում:

Թարգմանությունը անգլերենից՝ Կարեն Ղարսլյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *