Այն, որ Գաղութում գործերը լավ չեն
կասկած չկա արդեն,
բայց առաջ ենք գնում, ասում ենք,
միգուցե, ժամանակն է, ինչպես շատերն են կարծում,
որ Քաղաքական Բարեփոխիչ բերենք:
Կան խոչընդոտներ ու բարդություններ սակայն,
մեծ պատմություն են սարքում ամեն բան
նրանք` այս Բարեփոխիչները: (Ինչ լավ կլիներ,
որ ոչ ոք երբևէ չունենար կարիքը նրանց:)
Նրանք ամեն ինչի, ամեն մանրուքի մասին հարցնում են, քննում,
ու արմատական բարեփոխումներ են դնում իրենց մտքում՝
անհապաղ ի կատար ածելու պահանջով։
Զոհաբերություններ անելու մի հակվածություն էլ ունեն։
Հրաժարվեք ձեր այսինչ ունեցվածքից,
այն ունենալը հղի է վտանգներով,
հենց այդ ունեցվածքներն են վնասում գաղութներին:
Հրաժարվեք տվյալ եկամտից,
ու դրա հետ առնչված մյուսից,
և երրորդից էլ, բնականաբար,
ճիշտ է, էական են, սակայն ի՞նչ արած,
հաշվետու լինելու վտանգ են ձեզ համար:
Եվ ստուգումները շարունակելով,
նորանոր բաներ են գտնում ավելորդ
ու պահանջում են վերացնել դրանք,
որ, հայտնի բան է, հեշտ գործ չէ բնավ:
Իսկ երբ, բարով խերով, վերջացնեն գործը,
կտրեն, սահմանեն ամեն մանրուքը,
ու վերցնելով նաև իրենց աշխատավարձն արդար`
պոչները քաշեն,
տեսնենք, թե հետո տակն ինչ կմնա
վիրաբուժական հմտությունից այդ:
Միգուցե ժամանակը դեռ չի եկել։
Չշտապենք, բռնությունը վտանգավոր բան է:
Վաղաժամ քայլերը զղջում են բերում։
Գաղութն, իհարկե, և դժբախտաբար, շատ անտեղի բաներ ունի:
Բայց կա՞ մարդկային որևէ մի բան, որ անթերի է։
Եվ ինչևիցե, չեք տեսնո՞ւմ, ահա` առաջ ենք գնում:
Թարգմանությունը հունարենից` Շամրիկ Խաչատրյանի