Ես երբեք չեմ կարող կանգնել որեւէ առաջնորդի կողքին:
Մարդն ինչպե՞ ս կարող է առաջնորդվել մեկ այլ մարդով: Որ ի՞ նչ անի: Ինչու՞ համրերը առաջնորդ չեն դառնում: Նշանակում է, մարդն առաջնորդող խոսքի թիրախ է: Ես կարող եմ ասել` կորչի հանրապետությունը: Այսինքն, տեքստ եմ ներկայացնում: Որովհետեւ եթե սուս ու փուս անապատ քաշվեմ` հանրապետության ամբողջ չարիքն իմ մեջ կուտակած, ոչ ոք իմ ետեւից չի գա: Ուրեմն, տվեք մարդուն տեքստ: Այսինքն, առաջնորդող:
Սակայն քաղաքական տեքստը ինչ-որ բանով տարբերվում է, ասենք, Բուդդայի տեքստից: Քաղաքական տեքստը քաղաքային տեքստ է, այնտեղ օր օրի պակասում են ամպերը, ծառերը, հողը, քոթոթը, փիսիկը, մեղուները, մենակ մնալու ազատությունը: Քաղաքը ամեն օր տեքստ է թելադրում ապրել շտապելու մասին: Քաղաքն ասում է` կան գործարաններ, որտեղ շահագործում են մարդուն, կան պետական հաստատություններ, որոնք թերանում են մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Ընդ որում մարդու իրավունքներ ասվածը ազատ արտահայտվելն է:
Քաղաքական տեքստը քաղաքային մարդու մեջ հասունանում է որպես ելք: Չկա հողի պահանջ, չկան ծառեր, չկան ոչնչից տեղյակ չլինելու քո իրավունքը լրացնող մարգագետիններ, որոնք աչք են խնամում, չկան մեղուները: Բայց կա եռանդը մարդ լինելու: Որովհետեւ կյանքը եռում է: Որովհետեւ այստեղ, քաղաքում մարդը օդից չի որսա խոնարհությունը: Փոխարենը կնայի իր նմանի աչքերի մեջ ու կասի` թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի: Բայց սա մյուսներին ասելու համար չէ: Սա անելիք է, լինելիք: Սա Չարենցի ասածը չէ, այլ` եղածը, որովհետեւ նրանից առաջ Համլետն է ասել` լինե՞ լ, թե չլինել: Այսինքն, լինել: Որովհետեւ լինելիքը ասելիք չէ:
Արիստոտելը մարդուն անվանում է քաղաքական կենդանի` ավելի բարձր կոչումով, քան մեղուները կամ խմբերով ապրող այլ կենդանիներ: Միշել Ուելբեկը գուժում է քաղաքակրթության վերջը: Հետո ավելացնում է. Սկզբում դու քեզ այնքան էլ հարմար չես զգում այս աշխարհում, հետո երազում ես իսլամական հանրապետության մասին: Այսինքն, այնուամենայնիվ, քաղաքակրթություն է ուզում: Ես ուզում եմ հասկանալ` մարդու ինչին էր պետք քաղաքակրթությունը:
Հեմինգուեյի հերոսուհին ամուսնուն ասում է` փիսիկ եմ ուզում: Որովհետեւ մարդու կեսը մյուս մարդը չէ, քաղաքակրթության մեջ մարդը լրացումների կարիք ունի: Որովհետեւ ամբողջական չէ: Փիսիկը լրացնում է նրան, որպեսզի դուրս պրծնի քաղաքակրթությունից: Ինքն իրենով փիսիկը կա եւ ինքն իրենով կա մարդը: Փիսիկը,-կունենաս այն, թե ոչ,-բնության ներկայացուցիչ է: Մարդն այդպիսին չէ, եւ որքան այդպիսին չէ, այնքան քաղաքակրթության մաս է:
Ինչպե՞ ս: Օրինակ: Մարդն ուզում է առաջնորդել իր նմանին: Բնավ պարտադիր չէ, որ նա նայի մյուսների աչքերի մեջ, ում ուզում է առաջնորդել: Որովհետեւ գաղափարներ ունի, պիտի տեղ հասցնի: Ասում է` եկեք իմ ետեւից հանուն ընկածների, հանուն հարստահարվածների, հանուն բանտարկվածների: Նույնիսկ Աստվածաշունչն են կեղծել այս լոզունգներն առաջ տանելու համար: Քրիստոսը չի ասել` գնացել եւ ամբողջ աշխարհով տարածեք իմ ուսմունքը: Այսինքն, չի ասել` բոլորին ուղարկեք իմ ետեւից: Քրիստոսն ապրել է մյուսների փրկությունը մեն մենակ:
Մարմնավորվել, նշանակում է ընկնել, նշանակում է` փրկություն չկա. այլ լինել լինելիքը: Որովհետեւ փրկություն չկա լոզունգի հետ կողք-կողքի: Որովհետեւ փրկությունը քաղաքական չի լինում: Եվ եթե պետք է ոտքի կանգնել հանուն ընկածի, գնա եւ նայիր նրա աչքերի մեջ` միգուցե քո փոխարե՞ ն է նա ընկել: Միգուցե նա քո անապատու՞ մ է, միգուցե նա արդեն այնտեղ քո ետեւի՞ ց է գնում` սուս ու փուս, առանց իր վերջինը լինելը թմբկահարելու: Գնա ընկածի ետեւից ու կտեսնես, որ դու ես խոսքի մեջ եւ ոչ թե խոսքը քո մեջ: Ահա ինչու` համրերն առաջնորդ չեն դառնում:
Հրապարակ | 30.11.2011
Էդ որ ասում ես «Քրիստոսն ապրել է մյուսների փրկությունը մեն մենակ:», հետեւանքները պատկերացնո՞ւմ ես։
հանճարեղ է
Հետեւանքներն այնտեղ են, որտեղ գաղափարախոսությունն է:
Այսինքն, այնտեղ, որտեղ Աստված չկա:
Ես էդ հետեւանքները նկատի չունեի։ Խնդիրն, ավելի շուտ, փոխխհատուցոււմն է։
Այ մարդ էս քոմենթների դաշտը շատ տարօօրինակ կառուցվածծք ունի։ Ասեցի՝ Մհերի գրածի տակ գրեմ, ստացվեց, որ Անուշն իմ ասածն է հանճարեղ համարում։ Չեղավ, չեղավ, չէ…