ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ | Բանաստեղծություններ

Մհեր Արշակյան

ՊՈԵՏԸ

Լուսամուտից դուրս էլ չնայեց
առավոտյան:
Կնոջը ոչինչ չասաց:

Մի կես հաճույք թեյի միջից շնչեց
որպես քթախոտ:

Տանից դուրս եկավ
բոլոր թերթերն աջ թեւի տակ:

Մտավ տնային կառավարչություն
տան վարձը մուծելու:

Մի քանի ընկեր խփեցին ուսին
Կետիկնոցում`
երեկվա օղին լավն էր:

Կրկին նստեցին: Օղի չկար:
Կրկին լավն էր: Օղու մասին հիշողությունը:

Աղոտ հիշեցին քաղաքական անցուդարձը
փողոցների: Զոհեր կային:
Նույնիսկ մատիդ ցավից ապրելդ գալիս է:

Հետո նա վեր կացավ: Փողոցներում
ծլվլոց կար հացի փնտրտուքի:

Հընթացս կարդաց թերթերի վերնագրերը`
«8 զոհ Երեւանում. շա՞տ է թե` քիչ»,
«Արտակարգ դրություն. նախագահը վճռական է»:

Երկուսը դուրս պրծան գարեջրատնից`
գիրուկ ջահելը եւ քնատ աչքերով մի ծերունի.
«Ոճն ազատ է, իսկ միտքը` ոչ»,-
բղավում էր գիրուկը:

Սա երրորդ գարունն է վերջին
ստիխից հետո:
Կինը կվկայի նման մի բան:

Դեռ լուսանում է, թշվառ քաղաքի
բոլոր օրերը նույն հաշվետվությունն են
մոգերի հետագծի:

Եկեղեցին ձախից`
գոյության եւ անգոյության միջեւ:

Դժվար ժամանակների տեսիլներն են
հիմա մրթմրթում ստվերում:

Աղջիկներն ավելի գեղեցիկ են,
երբ մենակ չես:
Փողոցը հռչակում է նոր զգացումներ:

Անընթեռնելի տարբեր կյանքեր`
նույն գերեզմանոցում,
ուր, ի վերջո, հասավ: Միակ որդու մոտ:

Այդպես ամեն օր:
Չգտավ նրան: Մտքում:
Ավելի հեռու գնալ չէր կարող:

ԾՆՆԴՈՑ

Պետք է դիմանալ այդ սիրուն,
պետք է դիմանալ,
ոչ մի սուրբ հոգի, ոչ մի սուրբ արյուն,
ոչ մի գիր, թանաք,

ոչ մի քար այդպես չի նստելու քո`
քեզ հաղթահարող ստվերին,
եւ ոչ մի աղոթք այդպես երգով
չի ծանրանալու Վերից.

ոչ մի անուն գիր չի դառնում այդպես
սիրո դեմ հանդիման,
եւ ես, եւ դու վերջանում ենք` տես,
մի ուրիշ բախտին` բանիմաց,

իսկ արեւն առաջինն էր ասել`
դա մահն է առաջին,
եւ նա, ով եղավ ու կա այստեղ,
նա է, ում չի ասվել ոչինչ:

Պետք է դիմանալ այդ սիրուն,
պետք է դիմանալ,
թվում է` մարմինն է քեզ տիրում,
թվում է` հողմերն են գարնան,

որ բերում են հին ծիծաղը քամու
դռներով, ապարանքներով Երուսաղեմի,
թվում է կրկին իմ աղոթքն են ծամում
բերանները, որ եղան ու չկան-վաղեմի

մի դավանանքի լռությամբ ցիր ու
ցան եղած դռներով-կանաչ…
Պետք է դիմանալ այդ սիրուն,
պետք է դիմանալ:

***

Մամա,
ես հիմա այնտեղ եմ, որտեղից մենք սկսեցինք…
Այնտեղ ես ինձ համար էի լացում, մամա,
եւ ջղաձիգ խնդրում, որ ինձ հիշեն
բոլոր կինոներում…
Ինձ համար էի ընկնում ծառից
ու կանգնում, մամա, մի հայացքով,
որտեղ ծառը չկար, ու ընկնելն էլ չկար,
բայց ես գիտեի, մամա, թե ինչու է այդպես…
Ու ես ինձ համար էի, ուրեմն, մերժում
վախճանը ինձ հայտնի հեքիաթի,
ու դու, փաստորեն, ինձանից լավ գիտեիր, մամա,
որ խնձորները երկնքում են,
ոչ ծառերի վրա,
ու թե քանի՞ օր է յոթ օր ու յոթ գիշերը
հարս ու փեսայի համար…
Որ ոչ մի հարց իմաստ չունի, մամա…
Ես ինձ համար էի որդի, դու քեզ համար` աղջիկ…
Եվ ես արդեն չեմ հասկանում, մամա,
թե կինս ինչո՞ւ է գոռում
զուգարանում լռված իմ ետեւից…

***

Ես ուրիշի անունն եմ, ուրիշի երգը,
ուրիշի ստվերից ածանցված հոգին,
ուրիշի վերադարձը ուրիշ երկիր`
ուրիշ մի քամով փախած փոթորկից:

Ես դեռ երեկ հողված ալիքներն եմ
անդունդներ գծող մայրամուտներում,
որտեղ քայլեցի ու եղա ձմեռներ մսխող լեռները,
որտեղ ես ես էի իմ դերում:

Ես ուրիշի դերն եմ հիմա լրիվ ուրիշ երգից`
երգի եղանակները բոլոր `
ամառը, գարունը, աշունը, ձմեռը-գիժ`
առանց ինձ անավարտ ու խորթ:

Ես ուրիշի մահն եմ, սա է ապրելուս հայտը
ուրիշի գեշն եմ, մենակը` խեղճ,
ուրիշի անշփոթ  Աստվածն է հատնում
իմ արդեն ուրիշ հավատի մեջ:

Ես ուրիշի տողն եմ հավիտյան վերջում,
որ վերապրում եմ առաջին աջով,
ուրիշ ոչ մեկը չեղա-ուրիշ մի աշխարհի մեջ է
Քրիստոսը` Հոբ ու Հոբի ձեռքբերումները` ճոխ:

***

Երգից, որ հենց նոր սովորեցի,
քամուց, որ իմ ապրելու նշանն է գործող
անձանցից վեր,
սարերում վերջապես լռված մի խումբ
ձիավորների լռությունից, որ
մնալու տեղ չունեն եւ չեն կռելու
ողնաշարը ճախրանքի թեւերին,
անուններից, որ քսվում են քամու աղաղակին
Մասիսն ի վեր,
ծաղիկներից, որ Մեռելոցի նախորդ օրվա
գիրն են,
երգից, որ ինձնից չեք լսելու,
դուրս է պրծնում աղոթքը,
որի վրա հավաքում են
Աստծուն…

© Մհեր Արշակյան

Share Button

Նշանաբառ՝

11 Կարծիք

  • Կարեն Անտաշյան says:

    Փողոցներում ծլվլոց կար հացի փնտրտուքի…

  • Արքմենիկ Նիկողոսյան says:

    Միշտ տաղանդավոր ու ինքնատիպ է Մհեր Արշակյանը:

  • Հարութ Կբեյան says:

    Շատ լավն էր

  • Սիրանուշ says:

    Ես ուրիշի մահն եմ, սա է ապրելուս հայտը
    ուրիշի գեշն եմ, մենակը` խեղճ,
    ուրիշի անշփոթ Աստվածն է հատնում
    իմ արդեն ուրիշ հավատի մեջ:

  • anahit says:

    like -i nshan el dir eli karen, te ch4 chka inch vor ban greln el hehst chi eli:)

  • Կարեն Անտաշյան says:

    Յաաա, ֆեյսբուքում փիս եք սովորել 🙂

  • Esim ov says:

    Deeeeeeeeeeeeeee…..asenq….mi pah…karces te…hnaravor a…@st is…miguce…gri eli,in4 asem?

  • Մերի says:

    Դու գեշ չես, խեղճ էլ չես, չնայած ՈՒՐԻՇ ես..
    Մտածում էի` ավելի ուշ կամուսնանաս, չնայած սազում էր քեզ էն օրը` այգում այնպես հայրաբար
    Հարգում եմ խորախոր մտածելակերպդ:

  • hasmik says:

    Հանկարծ լույսը չգնա,-էս մտավախությամբ ու ընթերցեցի….

    Քանիսն են անց կացել ճամփով ինձնից առաջ,
    Մանուկ Հիսուսների բարուրներ կան դատարկ,
    Աշխարհը ծոցը լի ծաղիկ ունի ու խաչ,
    Ապրելու համար դեռ կունենամ ժամանակ…

  • Anna Mnatsakanyan says:

    Այս ունայն աշխարհում, լավ է, որ դու կաս, բանաստեղծություններդ էլ` տեղատվություն-մակընթացությունների ժամանակ բռնվելու տեղ:

  • Ուստա says:

    Մհե՞ր…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *