Ասում եք` նրա գիրկը նախասահմանված է, ինչպես` լուսաբա՞ցը…
Ասում եք` ձեր գիրկը այս աշխարհի վրա կանոնավոր բացվող արևի մյուս անու՞նն է…
Ասում եմ ձեզ` դուք չեք գրկել իրար, եթե չեք գրկել ձեր միջի քաոսը, բայց, առավելևս, դուք չեք գրկել իրար, եթե ձեր մարմինները ձգտում են կանոնավոր կրքի:
Որովհետև նախ գալու է այդ օրը` կիրքը սկզբից պահմտոցի է խաղալու ձեր մարմիններում, հետո դուրս է գալու փնտրելու ինքն իրեն:
Վախեցեք ձեր հոգիներից, որտեղ փախչում է կիրքը ողորմություն խնդրելու:
Վախեցեք ձեր հոգիներից, որտեղ ամեն ինչ խլացված է անխոս կրքով:
Ձեր հոգիներում կիրքը հրթիռ է, որը միայն ներքև է արձակվում:
Ձեր հոգիներն ուզում են իրացվել, բայց ոչ` բաշխվել, ցնծալ, բայց ոչ` լուծվել, դուք միշտ հաջորդ օրվա մարմինն եք, որը խնամվում է կրքով, բայց ոչ` դրա հաջորդ վայրկյանով:
Ահավասիկ, կորցնելով է մարմինը գտնում իր անցյալը, հեռանալով է փրկում գիրկը, որտեղ ամոթխած է նույնիսկ չլինող աշխարհը:
Ասում եմ ձեզ` սերը չի մոռանում, որ դուք մի հոգի եք, բայց մարմնից մարմին է նա ստեղծում իր մի հոգին, որը դուք չեք:
Որովհետև ամենավերջում դուք հիշելու եք, որ չեք սիրել, որովհետև սերն անձեռնմխելի է, քանի դեռ սիրողը դուք եք: