ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-1
Ես չեմ կարող քեզ բառեր նվիրել
թեկուզ այն պատճառով,
որ բառերն իմը չեն…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-2
Զբոսանքն ու քունն ամենալավ
բանն են,
որ դու անում ես
առանց ինձ…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-3
Երբ ես քեզ կարոտում էի,
դու դեռ չկայիր…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-4
Եթե սիրում ես ինձ,
ինչու՞ ես միշտ նույնը…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-5
Քո մնալու հոմանիշը
չվերադառնալն է…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-6
Եթե դու միայն ինձ կարոտեիր,
ես քեզ միայն չէի սիրի…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-7
Տեր Աստված,
նույնիսկ քեզ չէր խանգարի
կասկածել…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-8
Դու հիմա ավելի հեռու ես,
քան՝ երբ չկայիր…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-9
Չնվիրված ոչ մի աստղ
չպետք է մնա երկնքում…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-10
Վերջապես
ստացա բոլոր այն նամակները,
որոնք դու չգրեցիր…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-11
Ինձ
չվիճակված տառապանքներից
դու ամենածանրն էիր…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-12
Տարվա մեջ մի օր կար
ու նա քեզ հետ դուրս եկավ
տարուց…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-13
…կանչում եմ քեզ կանաչելու…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-14
Սիրում եմ,
երբ ապրում եմ հետմահու…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-15
Երբ դու չկաս,
կան միայն մարդիկ,
բայց երբ դու կաս,
կա ամբողջ աշխարհը…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-16
Ինչու՞ են քեզանից հետո
բոլորը դու,
երբ քեզանից առաջ
նույնիսկ դու
դու չէիր…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-17
Դու բառն ես,
որը ես դեռ չեմ վերջացրել:
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-18
Երեկ այնքան շատ գրեցի քեզ.
տողերս ցավում են:
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-19
Սարսափելի է քեզ կորցնել այնտեղ,
որտեղ դեռ չես եղել…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-20
Կսիրեի՞ քեզ նորից: Այո, կսիրեի:
Կսիրե՞մ քեզ նորից: Ոչ, չեմ սիրի…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-21
Կյանքս իր տեղում է՝
որտեղ վրիպեցիր:
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-22
Ես քո հանդեպ
ոչ արդար եղա, ոչ էլ անարդար,
ես քո հանդեպ ուղղակի եղա:
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-23
Ոչ կյանքն եմ սիրում,
ոչ քունը՝ անկյանք:
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-24
Միակ նվերը, որ
ճակատագիրն անում է ձեզ,
խլելն է…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-25
Վերևում ոչ ոք չկա,
բոլորը ներքևում են՝ տարբեր
խորություններում…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-26
Բանաստեղծություն է այն ամենը,
որտեղ ապրելու գործիքները քիչ են…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-27
Ես սիրել եմ
Աստվածաշունչ կերածի դեմքով մի
աղջկա…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-28
Միայն իմ մտքով կարող էր անցնել,
որ քեզ չեմ սիրում…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-29
Ես մեռել եմ երեք աշուն
անընդմեջ…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-30
Ես քեզ սիրեցի,
որովհետև դու նման չէիր
ոչ մեկին։
Հիմա դու նման ես բոլորին,
որոնց չեմ սիրում։
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-31
Նա մի աղջիկ էր,
առանց որի
նույնիսկ ուրիշի հանդեպ սերն
իմաստ չուներ։
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-32
Միշտ վճարում ես
այն սիրո համար,
որն անձամբ չես սիրել…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-33
Մենք
չափազանց երկար սիրեցինք
ուրիշներին,
որոնք սիրում էին ոչ մեզ:
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-34
Քեզ ամեն օր կասեմ,
որ դու գեղեցիկ ես,
բայց, ի վերջո, դու դա լսելու ես
առաջին անգամ:
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-35
Ժամանակին ինձ քիչ չեն սիրել,
բայց ինձ երբեք չեն սիրել ժամանակին:
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-36
Նա հոգեկան հիվանդ էր,
որովհետև չէր խելագարվում…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-37
Ես ու՞մ մոտ լռեմ նրա մասին,
որ իմ լռությունը չբամբասվի…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-38
Սեր չկա ու ես քեզ սիրում եմ:
Բա որ լիներ, ի՜նչ կանեի…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-39
Մի լռիր:
Իմ բառերը վերջացել են…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-40
Առանց քեզ որբացել է նույնիսկ
ժամացույցը…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-41
Մենք տեղի ենք ունենում
Աստծո մեջ,
ոչ թե նրա աչքի առաջ…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-42
Մեր առօրեայի մեջ լցոնել են
բախտեր:
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-43
Բառերը վերջինն էին,
որ պետք է ասվեին…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-44
Մարդը
հնարում է միայն մահվան գործիքներ:
Ներառյալ` պոեզիան:
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-45
Մեռած բաների մասին մեռած ձեւով…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-46
Մարդկությունը որբ է,
մնացել են միայն մարդիկ…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-47
Մարդը քնում է հանգամանքի հետ…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-48
…իմանալ պետք է մարմնով:
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-49
Ճշմարտության մեջ տեսիլքներ չկան…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-50
Մարդն ասելիք չունի,
եթե մինչ այդ ամեն ինչ
ասված չէ…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-51
Գիտե՞ս ինչ է թախիծը,
երբ անձրև է գալիս ու դու չգիտես,
թե որտեղ է նա,
ով չկա…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-52
Հույսը ծաղրածու է,
երբ ապրել գիտես…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-53
Իսկ դու փորձե՞լ ես մեռնել`
ապրելը չթարգած:
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-54
Մարդիկ,
ի սեր Աստծո,
կյանքից հեռու ապրեք…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-55
Եթե դու ծաղիկ լինեիր,
ես միայն
քեզ կնվիրեի
ուրիշներին…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-56
Միայն քեզ
չսիրելիս
ես մի ալիբի ունեմ՝
ես դեռ չեմ սիրել…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-57
Տխուր է:
Դեռ այնքան բառեր ունեմ:
Մինչդեռ ոչ մի ասելիք:
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-58
Դատարկ սիրտը
սուր ատամներ ունի․․․
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-59
Այն, ինչ չեմ գրում,
դառնում է «Համլետ»:
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-60
Ես փոքր եմ այնքան,
և պոեզիան ինձ հետ ավելի
շատ է խոսում, քան՝
Տիեզերքը․․․
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-61
Ինձ ոչ ոք չսիրեց…
Բայց ի՜նչ գեղեցիկ չսիրեցիր
դու…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-62
Սիրուց մի քայլ հեռու
բառերը զզվելի են
միշտ…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-63
Բանաստեղծություն,
դու ես եմ,
բայց ինձնից հետո մնացած բառերով:
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-64
Աշնան սիրո մեջ գնալ կա:
Միշտ ավելի հեշտ է սիրել
առանց
զգացողության…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-65
…որերորդ անգամ
ծագում է արևը,
ու դու
արդեն նորություն չես…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-66
Ամենահեշտը
քեզնից դժվար բաժանվելն է…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-67
Գիշերում սիրում էր մեկին:
Իսկ գիշերը՝ երկուսին…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-68
Դաշտում ամեն ծաղիկ
քո չսիրո օգտին է
և ես քաղում եմ նրանց,
որ… չքվեարկեն:
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-69
Սերն
ապարդյուն է մի Աստծո մեջ,
որտեղ ինքը կա, իսկ ես` ոչ…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-70
Տարվա
ոչ մի եղանակ
չի ընդմիջվում սիրով…
Իսկ դու ընդմիջվում ես:
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-71
Կարոտում եմ,
հեռացիր:
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-72
Ամեն սիրո արանքում
բացակա է մի աստված,
և ամեն սիրո մեջ
կա մեկը, որն Աստված է…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-73
Չափազանց հեռվից եմ քեզ ասում.
-Արձակիր իմ տեսադաշտը:
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-74
Ամեն քեզնից հետո
ես իմ նախկինն եմ…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-75
Ես
հասկանում եմ` քեզ չսիրել
ու մեռնել:
Բայց սիրել քեզ ու չմեռնել`
չեմ հասկանում…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-76
Գրողը տանի,
այս ինչքան մարդ է
քեզ սիրում
առանց
ինձ…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-77
Կյանքը սիրուց հետո
հենց հետմահու կյանքն է…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-78
Հավերժ սիրուն
չի հերիքում
հենց այնքան օր, որքան
սիրել ենք…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-79
Ես
իմ գոյության
«ի դեպ»-ն եմ…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-80
Երբ քո ժպիտից
մի վախ
կպակասի,
ինձ էլ ավելացրու…
ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-81
Քո դժոխքը
լցված է ուրիշներով,
որոնցից յուրաքանչյուրը
դու ես…