Երբ աչքերդ լցվում են, դեռ չի նշանակում, որ լացում ես: Ծուխն է մրմռացնում: Ծխի դառնահամը հաճելի է: Ցրտին թվում է` ծխելը ջերմացնում է: Տղամարդը դանդաղ քաշում էր ծուխը ու հոգոցի հետ դուրս տալիս: Նա սիգարեթը չէր հանում բերանից, որովհետև ցրտի պատճառով ձեռքերը ծոցից չէր հանում: Բացի այդ, ծխից աչքերն արցունքոտում են ու կարելի է լացել առանց ամաչելու: Ճիշտ է` գիշերվա ուշ ժամին ցուրտ այգում անցորդներ չկան, բայց տղամարդու համար արտասվելը դժվար է անգամ երբ ոչ ոք չի նայում: Տղամարդը չէր հանում սիգարեթը բերանից, որպեսզի կծու ծուխը որքան հնարավոր է մրմռացնի աչքերը: Նստարանը սառել էր, բայց սառնություն արդեն չէր զգացվում: Ապրելու միակ պատճառն այդ պահին հերթական սիգարեթը վառելն էր: Միայն դա էր ստիպում նրան ձեռքերը հանել ծոցից, շարժվել:
Տարօրինակ էր թվում, որ ամեն ինչ ավարտվելու է այդ նստարանին, այդ ձմեռային գիշերը, երբ փաթիլները միակ վկաներն են: Նրա հիշողությունը լուսանկարչական ալբոմի նման թերթում էր կյանքի կարևոր և աննշան թվացող իրադարձությունները և թվում էր` ուրիշի մասին ֆիլմ է դիտում: Ահա մայրը, դեռ ջահել է ու գեղեցիկ և հայրը, որին նա մի ժամանակ սիրում էր բոլորից շատ: Հետո դռան վրա արյուն էր…հոր ձեռքի արյունը, որ տարիներ շարունակ չէր անցնում պատի վրայից: Այդ օրը ծնողների վեճը վերածվեց ծեծկռտուքի: Ինքն ու կրտսեր եղբայրը նայում էին և չէին շարժվում: Ինքը կուզենար պաշտպանել եղբորն ու մորը, բայց չգիտեր` ինչպես:
Նա փախչում էր տանից, փախչում ցավերից, բայց ցավերը հասնում էին նրան, իսկ երեխա ժամանակ դժվար է պատկերացնել ավելի տհաճ ու ձանձրալի զբաղմունք, քան պարբերաբար տառապելը: Երբ ափի թմրությունը ցավի վերածվեց նա հասկացավ, որ սիգարեթն այրում է ձեռքը: Այդ ցրտին միայն կրակը կարող էր վերադարձնել նրան իրականությանը: Նա հանեց ձեռքը ծոցից ու արյունոտ մատներով նոր սիգարեթ վառեց: Մանկության ու իրենց տան պատի արյան մասին հիշողությունները դառը կամ տհաճ չէին, պարզապես սառն էին գիշերվա ցրտի նման:
Տղամարդը գրպանի մեջ շոշափեց դանակը և փորձեց հանել այն դեն նետելու համար, բայց ցուրտն ունի կրիտիկական սահման, որից հետո գալիս է անշարժությունը: Նա կարծես անցել էր այդ սահմանը և կյանքը տաք արյան հետ լքում էր նրա մարմինը: Դանակի հետ հպումը հիշեցրեց նրան իր երդումը: Նա քսան տարեկան էր, երբ դանակով կտրեց ափը ու իր արյան վրա երդվեց, որ ծեծելու է հորը: Մի քանի օր անց մեռավ տատը, որի մոտ նա ապրում էր տասնհինգ տարեկանից: Իր մահվանով տատը ևս մի անգամ պաշտպանեց ու փրկեց հարբեցող զավակին: Տատի մահվան շնորհիվ նա չանցավ այն սահմանը, որը չի կարելի անցնել երբեք: Հիմա իր ծոցագրպանի դանակի վրայի արյունը հոր արյունը չէր, բայց արյունն արյուն է ու ում էլ ծակած լինի, միևնույն է հորն է ծակել:
Քիչ առաջ տեղի ունեցած կռվի դրվագները վերքի ցավի հետ երբեմն խուժում էին նրա ուղեղի մեջ, ջերմացնում արյունը: Չորսն էին: Չորսի մոտ էլ դանակ կար: Չէին սպասում, որ ինքն առաջինը կխփի: Պետք էր փախչել, որովհետև ողջ մնալու ուրիշ հնար չկար, բայց ինքը մնաց, թիկունքը ծառին արած, դանակը ձեռքում իր ցավերի ու վախերի հետ կռիվ տվեց, որովհետև որոշել էր, որ էլ երբեք ոչինչից չի փախչելու: Կռվի ժամանակ չես զգում ցավն ու վերքերդ, որովհետև տաք ես, բայց երբ սառում ես վերքերդ առանց խրթին բժշկական եզրաբանության, բութ կամ սուր ցավի միջոցով մատչելի պատմում են, թե մարմնիդ որ հատվածում ինչ վնասվածքներ ունես: Տղամարդը միայն կռվից տասը րոպե անց գիտակցեց, որ իրեն փորի շրջանում երկու տեղից ծակել են: Նշանակում է շուտով կսկսի արյան վարակում, կամ կմահանա արնահոսումից: Բայց ինքն էլ պարտք չմնաց: Իզուր չեն ասում, որ մարդու մարմինը կարագի պես փափուկ է, երբ ձեռքիդ դանակ կա: Երեքի երեսին սպիեր թողեց, իսկ չորրորդը երկար չի ապրի` խփածը սրտի մեջ էր: Երբ տեսան իրենց ընկերոջ հոգեվարքը, փախան, ու փախչելով սպառնացին, թե կգտնեն, կմորթեն: Ինքը չփախավ, չնայած հեռվում նշմարեց մոտեցող մենթերին. Ձեռքը վերարկուի տակից դրեց վերքին ու հանգիստ քայլեց մենթերին հակառակ ուղղությամբ:
Նա քայլում էր Երևանի փողոցներով և սիրած քաղաքն առաջին անգամ անմարդամոտ ու օտար էր թվում: Նա հասկացավ, որ քաղաքն իրենից երես է թեքել, որ արդեն նայում է իրեն որպես մեռելի: Լուսավոր, տաքուկ բնակարաններում ողջերը հիմա հեռուստացույց են դիտում, տաք թեյ խմում, ջերմությունն ու կյանքն այլևս նրանց համար են, իսկ իրեն արդեն ոչինչ չի մնացել, ինքն այլևս ոչինչ չունի այս քաղաքում գերեզմանոցի փոքրիկ հողակտորից բացի: Տուն գնալ չէր կարելի: Բջջայինը նետել էր աղբարկղը: Կինը հիմա հաստատ զանգում է ձեռքի վրա, բայց նա այլևս չի լսի իր ձայնը. իրենք էլ չեն տեսնի իրար: Նա մտածեց, որ էլ ստիպված չի լինի փախչել տանից, ոչ հորից, ոչ խորթ պապից, ոչ կնոջից և այդ մտքից սիրտը թեթևացավ ու մահն անտանելի չթվաց նրան: Չէ, փախչելն իր համար չէ: Նա կանգնեց ու ցույց տվեց, թե ոնց է կռվում: Առաջինն ինքը դանակը հանեց: Մեկը կմեռնի, իսկ մյուս երեքի դեմքներին դանակով արած իր ստորագրությունները կմնան մինչև դրանց կյնքի վերջը: Ամեն անգամ հայելու մեջ նայելով, կհիշեն, թե ոնց իրեն սխալ մոտեցան, ոնց հայհոյեցին ու ոնց պատժվեցին սխալի համար…
Տղամարդը թեքեց գլուխը դեպի ձախ: Նրան թվաց, թե իր շարժման պատճառը ձախ կողմի թփերի մեջ շարժում նկատելն էր, բայց հետո հասկացավ, որ գլուխն ինքն է ընկել ուսի վրա սեփական ծանրությունից: Նա մտածեց, որ էլ չի կարողանա սիգարեթ վառել և վերջին հատիկը պետք է դանդաղ ծխել: Հիմա նա հասկացավ, թե ինչու են գնդակահարությունից առաջ մարդուն սիգարեթ տալիս, հասկացավ, թե ինչ են զգացել իրենից առաջ վերջին սիգարեթը ծխող բոլոր տղամարդիկ:
Երբ աչքերդ արցումքոտում են` չես լացում` ծուխն է որ մրմռացնում է աչքերդ: Ծխելն օգնում է հանդարտեցնել շնչառությունը, թոքերը թթվածնի փոխարեն դառը ծուխ են ստանում, իսկ ուղեղը մտածելու ոչ հավես ունի, ոչ էլ բավարար քանակով թթվածին: Բացի այդ, երբ ծխում ես, ամեն ինչ դանդաղում է և ժամանակ ունես հիշելու անցածն ու ընդունելու անխուսափելին:
Նախքան սիգարեթը կմարեր, նա վերջին անգամ ծուխը ներս քաշեց: Ցավը մի պահ սրվեց ու մեկնդմիշտ լքեց նրան: Նա մտածեց, որ կյանքը մեզ այցելում ու լքում է ցավով, բայց ահա ցավն այլևս չկա, իսկ կյանքը դեռ մարմրում է իր սառած ճակատում, սրտի վերջին զարկերով արյուն ուղարկելով գլխի մեջ և արթնացնելով վերջին հիշողությունները: Այդ պահին չկա կարևոր կամ անկարևոր միտք, էական և ոչ էական հիշողություն, որովհետև ինչ էլ լինի կյանքինն է` հեռացող կյանքինը, որը հարազատ մարդու նման սուզվում է մութ ջրերի մեջ ու քեզ է նայում անթարթ աչքերով. երեսը հետզհետե կորում է սառը խավարում, իսկ դու ոչինչ չես կարող անել: Սուզվելուն զուգահեռ երեսը փոխվում է, ընդունում քո բոլոր սիրելիների դիմագծերը: Այդպես հարազատները հրաժեշտ են տալիս մեռնողին` անհետանալով ժամանակի մութ ջրերում, իսկ վերջում դու տեսնում ես քո դեմքը, որն ասես սիրելի մարդկանց դիմագծերի հավաքական պատկերը լինի, դեմք, որն անհնարին կլիներ, եթե քեզ ոչ ոք չսիրեր: Քո դեմքը լքում է քեզ և սուզվողն արդեն դու ես ու քեզ է կուլ տալիս սառը խավարը: Արցունքի վերջին կաթիլի հետ կյանքը լքում է մարմինդ, թողնելով այն այգու նստարանին, ինչպես առարկա: Դեմքդ դեռ չի հանդարտվել, ատամներդ սեղմված են, իսկ հոնքերդ երազկոտ պարզված են վեր, արտահայտելով քո վերջին զգացմունքը, անսահման ցավն ու ափսոսանքը, որ ոչ մեկին հրաժեշտ չտվիր և ներողությունը, որ չհասցրիր ասել ոչ հորդ, ոչ եղբորդ, ոչ կնոջդ, ոչ ինքդ քեզ:
Մհեր ջան, պատմվացքդ լավն է. շնորհավոր: 🙂 Իսկ քեզ ինչպես գտնեմ: մեյլ, հեռախոս…?
Shnorhakalutyun qez <> ays ~ arjeqavor gorci hamar…
Հայկարամ ջան շնորհակալ եմ ջերմ խոսքերիդ համար: Էս իմ մէյլն ա, գրի` գրվմռտվենք:)
mher_beyleryan@yahoo.com
Հետաքրքիր նյութ է,վերացարկված խոհ կյանքի ու մահվան մասին և ծխախոտի` տեղին օգտագործված սիմվոլի յուրօրինակ դրսևորում: