Մհեր Բեյրլերյան | Մայորը

Մայորի աչքերը հազվադեպ են երևում հաստ հոնքերի տակից: Ընկերները նրան Ուղտ են ասում, ինչը զարմանալի չէ, եթե նկատի ունենանք նրա կոտրատվելով քայլելը և մշտապես որոճալը, անկախ այն բանից` բերանը լի՞քն է, թե՞ դատարկ: Ընդհանուր առմամբ մայորը չափազանց անհետաքրքիր է` նրա մասին գրելու համար, բայց կա մի առանձնահատկություն, որը նրան տարբ երում է մյուսներից: Երբ մայորը խոսում է, ունկնդիրները հանկարծ արտասվելու ցանկություն են ունենում ` անկախ նրա ասածի
բովանդակությունից…
-Դու ինձ մի օր հասցնելու ես,-հեկեկալով ասաց վերադասը, այն բանից հետո, երբ մայորը զեկուցեց, որ հերթապահությունն անցել է առանց միջադեպերի:
-Հոգիս հանեցիր,-լացելով խոստովանեց կինը, երբ մայորը հետաքրքրվեց նրա առողջական վիճակով,-էլ ինձ հետ մի՛ խոսիր: Լացելուց հոգնել եմ:
Մայորը միայն թոթվեց ուսերը և հեռացավ: Աշխարհի բոլոր մայորների նման նա ևս թուլություն ուներ ամենայն խմիչքի և ուտելիքի նկատմամբ, և ես որոշեցի օգտագործել այդ թուլությունը և վերջապես բացահայտել նրա գաղտնիքը:
-Էսօր ի՞նչ ես անում. արի գնանք` մի քիչ նստենք:
Նա միայն թոթվեց ուսերն ու շարունակեց որոճալ, չնայած բերանում ոչինչ չկար:
Երբ զգացի, որ քեֆը տեղն է, առանց նախաբանի հարցրի.
-Լսիր, ինչի՞ց է, որ հետդ խոսելիս մի տեսակ հուզվում եմ:
Նա հոնքերն ավելի կիտեց, կոնծեց ու ասաց.
-Գիտե՞ս, պատերազմի ժամանակ ինչեր եմ տեսել: Կամ պիտի գժվես, կամ հոնգուրհոն
գուր լաց լինես: Բայց ո՞նց լացես, երբ զինվորներդ քեզ են նայում:
Նա երկար լռեց, հետո խմեց վերջին բաժակը, թոթվեց ուսերն ու հեռացավ:
Քիչ անց ինձ մոտեցավ մատուցողը: Նա բութ մատով մաքրեց աչքից ծորացող արցունքն ու ասաց.
-Ախպերս, մայորն ասավ հաշիվը դու ես փակելու:
Ես վճարեցի ու դուրս եկա: Մայորն արդեն հասել էր խաչմերուկին և հիմա փորձում էր անցնել փողոցը: Անցորդները չէին կռահում, որ նա խելագար է: Այդ մասին գիտեր միայն ինքը և ես: Նա չէր կարող արտասվել իր զինվորների մոտ և նախընտրել էր խելագարվել: Նա այնքան արցունք էր կուլ տվել, որ հիմա բոլորը լացում էին նրա փոխարեն: Բայց ոչ ոք չէր կռահում, որ նա խելագար է, քանի որ մայորը թաքցնում էր աչքերի ցնորքը թավ հոնքերի տակ:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *