Իրականում սա ամենևին օրագիր չէ, այլ ուղակի դագաղի կափարիչի տակից լսվող ձայնի նման մի բան. մի շատ տարօրինակ հանգուցյալի փոքրիկ պատահական նոթեր….Արդեն իսկ տարօրինակ այն պատճառով, որ տարօրինակ է պառկած լինելով գերեզմանում զբաղվել կենցաղային հարցերով, և, ընդ որում, այդպիսի ակնհայտորեն թեթևամիտ ձևով: Առավել ևս անպարկեշտ է, որ այդ հարցերը հույժ կարևոր են և նման վերաբերմունքի ամենևին արժանի չեն…….
Ենթադրենք այս ամենը ես եմ հորինել, բայց հարցի էությունը դրանից ամենևին չի փոխվում:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Արդեն տասը տարի է ինչ ինձ թաղել են:
Ինձ համար նույնիսկ հաճելի է հիշել իմ մահվան հանգամանքները, քանի որ իմ մահը այդքան էլ սովորական չէր, իսկ չկա ավելի հաճելի բան, քան սեփական կյանքից մի անհավանական դեպք պատմելը: Համենայն դեպս ես պնդում եմ, որ ո´չ սերը, ո´չ արվեստը, ո´չ հերոսությունը մարդուն չեն տալիս այնպիսի լիարժեք, գրավող բավականություն, ինչպիսին նա զգում է այն ժամանակ, երբ մի անհավանական պատմություն է պատմում իր կյանքից: Իսկ եթե դիպվածը իսկապես ոչ սովորական է և ունկնդիրները անկեղծորեն ցնցված են, այդ դեպքում պատմողի հիացմունքին սահման չկա….Փայլում են և´ նրա աչքերը, և´ այտերը, նրա ձայնը հնչում է անհավանական վառ և ուժգին…ուղղակի հաճույք ես ստանում մարդուն նայելիս: Եվ այստեղ արդեն բոլորը սկսում են պատմել անհավանական դեպքեր իրենց կյանքից, և բոլորը առանց իրար հերթ տալու պատմում են և բոլորը ոգևորվում են,- պատահում է, որ ստեն, բայց դա չէ՞ որ այնքան բնական է նման մեծ ոգևորության ժամանակ….
Եվ ահա:
Ես մահացա դժբախտ սիրուց:
Շատերին կարող է թվալ, որ սա սովորական դեպք է: Շատ թեթևամիտ մարդիկ կասեն, որ շատ մարդիկ են մահանում դժբախտ սիրուց, և այդ պատճառով այստեղ ուշադրության արժանի ոչ մի բան չկա…Բայց ինձ թվում է, որ այն ոչ սովորական, նույնիսկ ավելին, ուղակի անհավանական դեպք է…. Համենայն դեպս, երբ որ դա տեղի ունեցավ, ես այն այդպես էլ ընդունեցի, որպես բացարձակապես անհասկանալի դեպք:
Դուք միայն պատկերացրեք. ինձ դավաճանել էր այն կինը, որին ես սիրում էի և որին երջանկացրել էի իմ սիրով: Նա՝ այն կինը, որի մարմինը ինձ այնքան շատ էր դուր գալիս, որին ինձ պատկանելու երանելի բախտ էր վիճակվել, որը բոլորից լավ գիտեր իմ բոլոր գեղեցիկ հոգևոր որակների և ինտիմ արժանիքների մասին, իմ սրամտության, իմ խելքի և այլոց նկատմամբ իմ ակնհայտ առավելության մասին:
Նա դավաճանել էր ոչ թե ինչ-որ ուրիշ մեկի, այլ ինձ, որը….ես չեմ ուզում թվարկել իմ անառարկելի առավելությունների մասին….առաջին հերթին, ես շատ համեստ եմ, երկրորդ հերթին, ինձ թվում է, որ դա առանց այդ էլ պարզ է, չափազանց ակնհայտ, երրորդ հերթին, դուք բոլորդ ինքներդ էլ գիտեք, թե ինչքանով եք դուք ավելի խելացի, օրիգինալ, արժանի և հետաքրքիր բոլոր մնացած մարդկանցից…
Ամենակարևորը՝ ավելի հետաքրքիր․․. Դե իհարկե, հնարավոր չէ չընդունել, որ Մեչնիկովը ավելի գիտակ է, որ պրոֆեսոր Իվանովը ավելի իրազեկ է որոշ հարցերում, որ Լև Տոլստոյը ավելի տաղանդավոր է….Կարելի է համաձայնել նույնիսկ որ, այո, ձեր դեմքի դիմագծերը անկանոն են և կազմվածքը որոշ թերություններ ունի…Իհարկե, դուք հիանալի գիտեք ձեր թերությունները և ամենևին կողմնակալ չեք ինքներդ ձեր նկատմամբ, բայցևայնպես չի կարելի հերքել, որ դուք ինչ-որ մի յուրահատուկ բան եք կրում ձեր մեջ….որ ձեր թերությունները այնքան էլ շատ չեն, և համենայն դեպս, ունեն իրենց պատճառները, և, վերջիվերջո, դուք այնուամենայնիվ բոլորից հետաքրքիր եք….
Եվ հանկարծ ձեզ դավաճանում է հենց այն կինը, որի առջև դուք արդեն խորապես բացահայտել եք ձեր բոլոր համակրելի և հետաքրքիր որակները բացարձակ և անբասիր անկեղծությամբ…..
Եվ դավաճանում է մի մարդու հետ, որը, արդեն անկասկած և´ ավելի հիմար է, և´ ավելի անհետաքրքիր, ավելի վատը, և´ համենայն դեպս, ձեզնից անսահմանորեն աննշան….
Բացարձակապես անհասկանալի մի բա´ն….Սա բանականության ցանկացած սահմաններից դու´րս է… Եթե սա չհամարենք անհավանական դեպք, այդ դեպքում ես իրոք արդեն չգիտեմ, իսկապես….
Ախր հերիք չէ դավաճանում է, բայց և պնդում է, որ նա, այդ իսկական ոչնչությունը, տափակամիտը և անառակը և՛ ավելի խելացի է, և՛ ավելի զվարճալի, և՛ ավելի գեղեցիկ, և՛ ավելի լավը, քան դուք: Եվ դա հենց այն կինը, որին, որը ….
Այդ անհասկանալի, արտասովոր, բացարձակ անբացատրելի դեպքը ինձ բացարձակապես հանեց հունից….Եվ ես որոշեցի ինքնասպան լինել:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Չեմ պատմի, թե ինչպես էի ես կշտամբում այդ թշվառին, ինչպես էի մեղադրում նրան գարշելի տռփանքի մեջ, ինչպես բացահայտեցի մարմնավաճառի նրա հոգին, թե ինչպես էի սրամտորեն և դառնորեն ծաղրում նրան, թե ինչպես էի տպավորիչ և անդիմադրելի ապացուցում նրա արարքի ողջ նողկալիությունը և գռեհկությու՛նը… Չեմ նկարագրի, թե ինչպես ես հարվածեցի նրա դեմքին, նրան գիտակցության բերելու և իմ նկատմամբ նախկին սերը վերածնելու համար….Թե ինչպես էի հիստերիկորեն հռհռում, ինչպես էի անիծում կյանքն ու երկինքը, թե ինչպես էի գլուխս պատով տալիս, ինչպես էի խնդրում և աղոթում՝ հուսալով, որ գոնե իմ այդ նվաստության մեջ նա կտեսնի իմ հոգու վեհությունը….Չեմ հիշատակի, թե ինչպես էի փորձում իմ միայնության, լքվածության և դատապարտվածության պատկերներով հուզել նրան և ստիպել հասկանալ, որ նրա համար միակ երջանկությունը հենց այն է, որ ես չլինեմ այդքան փոքր, թույլ և դժբախտ…
Ի՞նչ իմաստ ունի հիշելը… Այդ անբարո կինը, իհարկե, չհասկացավ և չգնահատեց ոչինչ…Ճիշտ է, նա լացում էր, տատանվում էր, նույնիսկ պատրաստ էր մնալ և փորձում էր…..նույնիսկ տրվում էր ինձ, երբ ես փորձում էի իմ կրքի օգնությամբ հաղթել նրան….Սակայն նրա գարշելի էությունը հաղթեց, և նա այնուամենայնիվ թողեց գնաց այդ սրիկայի, գռեհկի և սանձարձակի մոտ….
Միայն կասեմ, որ չնայած իմ էության հարստությանը և հոգու վեհությանը, երբ մենակ մնացի ամայացած բնակարանում, ես միայնության և կատարյալ դատարկության այնպիսի սարսափ զգացի, որ նույնիսկ հիմա շուռ եմ գալիս գերեզմանումս, երբ հիշում եմ․․․
Մի խոսքով, ես ինքնասպան եղա, և ահա արդեն տասը տարի է՝ պառկած եմ գերեզմանում:
Հնարավոր է, որ սա շատ նրբանկատ չէ իմ կողմից, բայց պետք է խոստովանեմ, որ շատ տհաճ է գերեզմանում լինելը…Հուսով եմ, որ չեմ փչացնի աշխարհաստեղծման գաղտնիքները, եթե ասեմ, որ գերեզմանային իմ գոյությունը այդպես էլ սահմանափակվեց խավարով, խոնավությամբ, որդերով և փտածությամբ: Ոչ մի այդպիսի առանձնահատուկ բան․ ո´չ դրախտ, ո´չ դժոխք, ո´չ մի այսպես ասած նիրվանա այստեղ չգտնվեց․․․ Հավանական է, որ դրանք ինչ-որ ուրիշ տեղ են․․․ Կարծում եմ, որ անշուշտ մեկ այլ, քանի որ հո՞ իզուր չէ, որ այդքան պատվելի և նույնիսկ շատ արժանի մարդիկ ասում էին, որ դրանք ինչ-որ տեղ կան․․․ շատ տարօրինակ կլիներ և նույնիսկ անպարկեշտ կասկածել նրանց․․․ Այո՛, հավանական է՝ դրանք մի ուրիշ տեղ են․․․ Իսկ գերեզմանում այդ ամենը չկա։ Ընդհանրապես ոչինչ չկա։ Միայն ու միայն ձանձրույթ։
Ես, իհարկե, առարկություն չունեմ խավարի, քայքայման և դրա նման բացարձակապես անխուսափելի մանրամասների դեմ, որոնք հատուկ են հավերժական հանգստին։ Առաջին հերթին դա բնության օրենքն է, բացի այդ կյանքի ընթացքում ստիպված ենք լինում այնքան տարբեր դժվարություններ կրել, որ իսկապես չարժե ուշադրություն դարձնել նման մանրուքների վրա։
Բայց ձանձրալի է՝․․․ օ̃․․․ խելագարվելու աստիճան․․․
Անելու բացարձակապես ոչինչ չկա․․․ Իհարկե, կարելի կլիներ զբաղվել սեփական քայքայման դիտարկումներով, բայց նախ դա շատ տգեղ և ոչ անուշաբույր տեսարան է, իսկ հետո այն ինքն իրեն և առանց ձեր մասնակցության է տեղի ունենում․․․
Մտածելու նույնպես ոչինչ չկա․․․ Ինչի՞ մասին մտածեք, երբ ոչ մի կարիք և հնարավորություն չկա, երբ դուք ընդմիշտ ապահովագրված եք տարբեր տեսակի պատահականություններից և ամեն ինչ ընթանում է համաձայն անփոփոխ և շատ սրամիտ օրենքի․․․
Ես լսել էի, որ ամենասարսափելին խղճի խայթ զգալն է․․․ Բայց, աստված վկա, ես ոչ մի խղճի խայթ չունեի․ եթե ես ինչ-որ վատ բան էլ արել էի, ապա չէ՞ որ այնքա՛ն բարոյականության տեսակներ կան…Եվ այն, ինչը, ասենք ըստ քրիստոնեական բարոյականության հաստատ չարիք է, ապա ըստ մուսուլմանականի՝ ուղղակի յուրաքանչյուր ինքն իրեն հարգող հավատացյալի պարտականություն ․․․
Ես մտածում էի, որ այստեղ կպարզվի գոնե, թե բարոյականություններից ո՞ր մեկն է իսկական բարոյականություն, սակայն բարոյականության փոխարեն հայտնվեցին որդերը․․․
…. Խղճի խայթի փոխարեն նրանք իրենք սկսեցին ինձ կրծել և շատ շուտով կրծեցին ոչ միայն խիղճս, այլ նույնիսկ հենց ինձ։
Մնում է միայն հիշողությունը․․․ Բայց ահա, տարօրինակ բան․ երբ կենդանի էի, թվում էր, թե ես ազատ ժամանակ չունեմ, որ ես ունեմ անհամար ապրումներ, տհաճություններ, գաղափարներ, մտքեր, զգացմունքներ, ամենաբարդ և խառը իրադրություններ․․․ չէի կարողանում պատկերացնել այն ժամանակը, երբ դեռ չէի ծնվել, և այդ պատճառով թվում էր, թե մի ամբողջ հավերժություն լցված է իմ գոյությամբ, իմ կարևոր, հսկայական, բացառիկ ապրումներով․․․ Իսկ այստեղ հանկարծ պարզվեց, որ հիշելու բան էլ չկա․․․
… Ուղղակի բացարձակապես ոչի´նչ:
Այն ամենը, ինչը ես հիշում էի, պարզվում էր, որ այնպիսի աղբ է, որ նույնիսկ մի տեսակ անհարմար էի զգում։ Չէ՞ որ ես ապրել էի, զգացել, մտածել, տառապել և մահացել․ ամեն ինչ, ինչ կարող էր անել մարդը, արել էի․․․ Եվ հանկարծ հիշելու բան չկա․․․ անհա՛րմար է։
Սկզբում ես դրան չէի հավատում և փորձում էի կարևորություն տալ անցյալի տարբեր մանրամասներին, բայց հետո թողեցի այդ անիմաստ զբաղմունքը․․․
Հենց այդ անիմաստությունն էր, որ ինձ ցնցեց․ լավ կլիներ հիշել այնպիսի մի բան, ինչը տվյալ իրադրության հետ ինչ-որ կապ կունենար, թե չէ, ախր, չափազանց պարզ դարձավ, որ եթե ես նույնիսկ ոչինչ չանեի, այլ ամբողջ կյանքս անցկացնեի ճահճի մեջ, փորի վրա պառկած, ապա այն ժամանակ նույնպես ամեն ինչ տեղի կունենար բացարձակապես նույն կերպ, ինչ հիմա․ նույն կերպ ինձ կթաղեին, որդերը նույն կերպ կգային և կուտեին ինձ, նույն կերպ անելու ոչինչ չէր լինի և նույն կերպ ես կփտեի առանց որևէ հաճույքի։
Դե, համալսարանը ես ավարտեցի, ճանաչեցի շատ գաղափարներ, դե, սկզբում մարքսիստ էի, իսկ հետո՝ սոցիալ-հեղափոխական, դե, վեպ գրեցի, և ինձ շատ գովեց գրաքննադատության մի մասը և շատ փնովեց մյուսը…դե, կանանց էի սիրում, և նրանք էլ էին ինձ սիրում, դե… շատ ջանասիրաբար մի բանով էի զբաղվում, որը բարեպաշտության հետ ոչ մի ընդհանուր բան չուներ, դե, որդի ունեցա․․․ Սրանք բոլորը փաստեր են, իսկ ո՞րն է դրանց արժեքը։
Մի խոսքով, հիշելու ընդհանրապես բան չկար, և անասելի ձանձրալի էր։ Ես նույնիսկ ափսոսացի, որ այդ սատանաները չկան. գոնե կտապակեին տապակի վրա, էլի զվարճանք կլիներ․․․
Եվ հետո, ինձ որպես մարդասպանի թաղեցին գերեզմանատան ամենահեռավոր անկյունում։ Հարևաններ չկան, դիտելու ոչինչ չկա․․․ Աշնանը, երբ քամին սկսում է ծառերի հետ միասին աղմկել, անասելի անտանելի է դառնում․․․
Միակ հաճույքը, որ մնում է, դատարկ գանգում մեկ-մեկ փամփուշտը զրնգացնելն է, հա´, մեկ էլ, երբ ձախ ոտքս պոկվեց, ոսկորից սուլիչ պատրաստեցի և քամու նվագակցությամբ մարսելյեզն եմ սուլում․․․
Կենդանության օրոք ես ջերմեռանդ հեղափոխական էի և շատ լավ մտապահել էի այդ մեղեդին․․․ շատ լավ, ոգևորիչ մեղեդի է․․․
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Կարծես, կյանքը երկրի վրա շարունակվում էր իր հունով, քանի որ գերեզմանատունը ապշեցուցիչ արագությամբ բնակեցվում էր: Արդեն ոչ մի կերպ հնարավոր չէր հարգանքի արժանի հանգուցյալներին առանձնացնել այնպիսի դատարկ, թեթևամիտ եվ այլասերված մեռելից, ինչպիսին իմ պես ինքնասպան էր։
Անկեղծ ասած, ես նույնիսկ չեմ բողոքում նման ատեստավորումից. իհարկե, քանի որ ես չեմ պայքարել կյանքի համար, և այդպիսի բացարձակ չնչին պատճառով, որ ինձ ահավոր ձանձրացրել էր, ինքնասպան եմ եղել, ուրեմն ես փոքրոգի եմ․․․ քանի որ անգամ մահից հետո էլ քայքայման վեհ ակտում չտեսա ոչ մի միստիկական բան, և ընկնելով` չխոնարհվեցի, ապա պարզ է՝ ես դատարկ մարդ եմ…իսկ եթե ինձ հաճույք է պատճառում գերեզմանի հետևում այնպիսի բաների խոստովանությունը, որոնց մասին պարկեշտ մարդիկ նույնիսկ կյանքի ընթացքում ամաչկոտությամբ լռում են, ապա ուրեմն ես այլասերված մարդ եմ, արհամարհանքի արժանի մարդ և լիովին արժանի եմ անկյունում, ջրանցքի մոտ գտնվող իմ տեղին, որի մեջ արվարձանի տնտեսուհիները կեղտաջրերն են լցնում։
Բայց, կրկնում եմ, գերեզմանը լցվում էր, և ամեն շաբաթ, եթե ոչ ամեն օր, ավելի ու ավելի բարձր էին ինձ հասնում հուղարկավորության մասնակիցների խռպոտ ձայները և քարերի ու ծառերի արմատներին բնորոշ ճռճռոցը, որ առաջանում է բահերին քսվելուց։ Եվ, վերջապես, մի գեղեցիկ երեկո, իմ հավերժական հանգստավայրից տասը քայլից ոչ ավել հեռավորության վրա, ես բահերի զնգզնգոց և գերեզմանափորների տպավորիչ վիճաբանություն լսեցի, որոնց, ըստ երևույթին, կարգին հոգնեցրել էր իրենց մերձավորների թաղումները։
Համարձակվում եմ ձեզ վստահեցնել, որ մարդկային այդ առաջին բառերը, որոնք ես լսեցի տասնամյա գերեզմանային լռությունից հետո, իմ վրա առանձնապես ուրախալի տպավորություն չթողեցին։
Բայց միևնույն է, ես ամբողջ գիշեր ծայրահեղ հուզմունքի մեջ էի: Չեմ ասի, որ իմ նյարդերը չէին դիմանում, քանի որ շատ վաղուց է, որ ես նյարդեր չունեի, բայց դրա նման մի բանի զգացողություն ունեի․․․ Ինչպիսի՞ն կլինի հարևանս, կհաջողվի՞ արդյոք նրա հետ հաճելի հարաբերություններ պահպանել կամ չե՞նք կարող արդյոք համատեղ թեթև զվարճություններ հորինել․․․ Իսկ եթե հանկարծ պարզվի, որ տիկի՞ն է․․․ Մի խոսքով, մինչև արեվածագ ես ականջ էի դնում կողքից լսվող ցանկացած ձայնի և բառացիորեն այրվում էի անհամբերությունից․․․ Դա շատ ներելի է․ դե մարդը այնպիսի էակ է, որ իր նմանների հանդեպ կատարյալ անհարգալից վերաբերմունքով հանդերձ, միևնույն է առանց նրանց ապրել չի կարող․․․ Մենակությունը մենք չենք մարսում․․․
Զուտ գրական ոճին հարազատ մնալու համար հիշում եմ, որ բազմաթիվ հայտնի գրողներ իրենց համար կարիերա են ստեղծել հենց մի կողմից հպարտ մենակությունը և գռեհիկ ամբոխի նկատմամբ արհամարհանքը գովերգելով, իսկ մյուս կողմից՝ այդ նույն մենակությունը ամենամեծ ողբերգությունը դարձնելով:Այդ փաստը թերևս ապացուցում է, որ նրանք սրամիտ են և ամենաանսպասելի համադրություններ անելու շնորհք ունեն, և ուրիշ ոչինչ։
Գիշերն աներևակայելի երկար էր ձգվում։ Այն պահից երբ մահացա, ես վերջնականապես համոզվեցի, որ մարդուն չափից դուրս երկար ժամանակ է տրված։ Ձանձրույթից փորձում էի ինչ-որ բանով զբաղվել․ փամփուշտները դղրդացրի, փոշոտված ակնախոռոչները մաքրեցի, ավելորդ գերեզմանային փոշին մի կողմ տարա, մի քանի անգամ շվշվացրի մարսելյեզը։
Վերջապես եկավ այդ օրը, և ես լսեցի թաղման արարողության զանգերի հեռավոր ողջունող զնգոցը։
– Բերու՞մ են, բերու՞մ են,- բացականչեցի ես ծայրահեռ գրգռվածությամբ և նույնիսկ ուրախությունից վեր թռա, ընդ որում դառնությամբ համոզվեցի, որ ոչինչ հարատև չէ ոչ միայն երկրի երեսին, այլ նաև հողի տակ․ ես արդեն դժվարանում էի ոսկորներս կարգին վիճակում պահել․․․ Եվ դա տխուր մտորումների պատճառ դարձավ։
– Մեկ էլ տեսար հանկարծ մի օր շփոթվես ու կոնքային ոսկորի փոխարեն սեփական գանգդ դնես տեղը։ Հիմա դեռ ամեն ինչ իր տեղում է, դեռ ոչինչ, իսկ եթե փշրվի, ապա սատանան կիմանա միայն թե ինչն ինչոց է։ Բայց չէ՞ որ ես այդքան տարի այնուամենայնիվ այս գանգում եմ պահել անմահ հոգին և այդքան հպարտանում էի նրանով։ Բացի այդ, մեռելների հարության դեպքում էլ անպարկեշտ բան կստացվի։ Դեռ կմտածեն թե ակնարկ է․ չէ՞ որ շատերը կյանքի օրոք էլ այդքան պարզ չեն գիտակցում, թե որտեղ է իրենց գլուխը, և թե որտեղ է իրականում տեղավորված այդ անմահ հոգին։
Զանգերը շարունակվում էին։ Լսվում էր հուղարկավորության միաձայն երգեցողությունը և հուղարկավորողների ծանր քայլերը։
Թաղումը, թերևս, չեմ նկարագրի. նախ դա ամենևին այնքան էլ զվարճալի չէ, երկրորդը՝ բավականաչափ հիմար բան է, իսկ երրորդն էլ դուք ինքներդ էլ իր ժամանակին կզգաք այդ հաճույքը․ դա ես երաշխավորում եմ, կարող եք վստահ լինել։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Անցավ մի քանի օր, և ես դառնությամբ հասկացա, որ իմ հաշվարկներում ես խաբվել եմ․ հարևան գերեզմանից ոչ մի ձայն չէր լսվում․․․ ուղղակի բացարձակապես ոչ մի ձայն․․․ Կարելի էր մտածել, որ պարկեշտ անմահ հանգուցյալի փոխարեն այնտեղ սովորական կեչու գերան են թաղել։
Իսկ ապաշխարել․․․ չնայած կյանքի ընթացքում ես հայտնի էի որպես աթեիստ և հպարտությամբ պնդում էի, որ դա այդպես է, սակայն փոքրիկ, մի ուղղակի շատ փոքրիկ անմահության հույս ունեի․․․ ամեն դեպքում ունեի՛․․․ Եվ այստեղ արդեն վերջնականապես պարզ դարձավ, որ հանգուցյալները, կյանքի հետ իրենց հաշիվները մաքրելուց հետո, իրենց համար խոնարհաբար պառկում են և կամաց-կամաց փտում են՝ հաճույք չպատճառելով ո´չ իրենց, ո´չ էլ ուրիշներին։
Նրանց տեսքը, միգուցեև շատ խորհրդավոր է, բայց վիճակը ամենահիմարն է։
Ես նույնիսկ նեղվեցի․ այնքան հաճելի էր ինչ-որ մի մահացած Իվան Իվանովիչի խիստ, գաղտնիքներով լի դեմքին նայելով, խորին ապրումակցման տեսքով արտասանել․
– Նա արդեն իմացավ մի բան, որը մենք, կենդանի մնացածներս, երբեք չենք իմանա․․․
Եվ հանկարծ պարզվում է, որ ոչինչ, բացարձակ ոչինչ Իվան Իվանովիչը չիմացավ։
Վիրավորական է․․․ վիրավորական է պոեզիայի համար․․․
Պառկել է և լռում է։
Եվ հենց այդտեղ էլ առաջին անգամ մտքովս անցավ, որ բնության ինչ-ինչ անհայտ օրենքներով, իսկ միգուցե հենց չնայած բոլոր օրենքներին, ես ընդհանուր չափումներից դուրս եմ թռել, և ես այդքան էլ սովորական հանգուցյալ չեմ։
Ու դե որ դուրս եմ թռել, ուրեմն կարիք էլ չկա որ բնության այդ օրենքների հետ հաշվի նստեմ։ Ես որոշեցի գործել առանց վարանելու և դուրս եկա դագաղից:
Երկու րոպե չանցած ես արդեն նստել էի հարևանիս դագաղի կափարիչի վրա և ոտքս էի թափահարում։ Իմ առջև լուռ պառկած էր մի դիակ։ Դա փոքրամարմին, չորուկ ծերուկ էր, կոշտ սև բաճկոնով, որը իհարկե կարերի երկայնքով մի փոքր մաշված էր, բայց դեռ բավականին կարգին վիճակում էր։ Պառկած էր նա ինչպես ցանկացած իրեն հարգող հանգուցյալ՝ շատ արժանապատվորեն, ավանդական կեցվածքով՝ ձեռքերը խաչած կրծքին և աչքերը փակ։
Ես նստեցի, նայեցի։ Գերեզմանից ոչ թե խոնավության և փտածության հոտ էր գալիս, այլ ուղղակի նոր, թարմ կտրված տախտակների և ծաղիկների, որոնք դեռ այնքան էլ չէին թոռոմել։
Շատ սովորական էր և ակնհայտ էր, որ հաշվարկված էր երկար ժամանակի համար։ Ես հիասթափված գնացի տուն, վերցրի իմ սուլիչը և երկու ժամ, առանց շունչ քաշելու մարսելյեզ էի շվշվացնում, սակայն շատ մելամաղձոտ տոնով։
Համարյա որոշել էի հարևանիս վրա ոչ մի ուշադրություն չդարձնել, ինչպես մի մարդու վրա, որը չի արդարացրել իմ ակնկալիքները, բայց անախորժությունները հետապնդում են մարդուն նույնիսկ գերեզմանից այն կողմ․․․ այսինքն ես չեմ կարող պնդել, որ «գերեզմանից այն կողմ», իսկ ա՛յ գերեզմանում ՝ այո․․․
Պարզվեց, որ հարևանս կին ունի։
Եվ ահա մի անգամ, պառկած եմ իմ համար գերեզմանում, ձանձրույթից շարժելով մատներս, և հանկարծ ինչ-որ շատ մոտիկ տեղ լսում եմ մի շատ բարակ, խղճալի ձայն, ճիշտ մոծակի զնգոցի կամ սարդոստայնում լացող ճանճի նման․․․ Ականջ դրեցի․․․ Ճիշտ է, լացում է․․․ բայց ճա՛նճը չէ․․․ Անմիջապես դուրս եկա դագաղից, նստեցի բլրի վրա և տեսնում եմ․․․
Իմ ծերուկի գերեզմանին նստել է փոքրիկ ալեհեր ծեր կին, բաց աչքերով նայում է գերեզմանին, և արցունքները հոսում են, և նա այնքան ցավալի է ողբում, որ ես էլ կլացեի, եթե ունենայի այն, ինչով լացում են։
Ահ, ինչ լավ է, որ մարդիկ մահից հետո չեն կարողանում լացել։
Նա այն մասին էր ողբում, թե նրանք ինչպես են միասին ապրել երկար, ծանր կյանքով, կիսելով և՛ ուրախությունները, և՛ վիշտը, թե ինչպես նրա նկատմամբ մեղմ, հանդարտ լույսով էր ջերմացել իր նվիրված ծեր սիրտը, ինչպիսի միայնակ, ոչ մեկին պիտանի, բոլորի կողմից մոռացված էր նա մնացել։
Հիշեցնում էր նրան, կարծես նա կարող էր լսել իրեն, իրենց ամբողջ կյանքը, և դա մի ամբողջ պոեմ էր։ Խոստովանում եմ, շատ խորացա ականջ դնելով։ Ինչպես դուք արդեն գիտեք, իմ կյանքում սիրո հետ կապված չի կարելի ասել որ հաջողակ եմ եղել, իսկ այստեղ ես իմացա, որ գոյություն ունի սեր, մահից իսկապես ուժեղ՝ այսօր և ընդմիշտ։ Աստված վկա, լսելով այս ալեհեր մազերով ծեր կնոջը, ես պատկերացնում էի նրան, ինչպես և նրան (որը հիմա հանգիստ պառկած էր, ձեռքերը կրծքին ծալած)՝ երիտասարդ, էներգիայով և կյանքի ուրախությամբ լի։
Կար ժամանակ, երբ նրա երիտասարդ մարմինը ուրախությամբ քնքշանք էր խնդրում և սիրո էր սպասում նուրբ, մաքուր հոգին, իսկ աչքերը վառվում էին ցանկությունից և մկանները լարվում էին այնպիսի ուժով, որ թվում էր, կարելի է աշխարհը շուռ տալ։ Լուսնյակ երեկոներ էին, սպիտակ ակացիայի բուրմունք, լուսնային շողի ահարկու կրքոտ խաղ այգիների մութ թավուտներում։ Ինչ-որ տեղ սոխակներն էին երգում, ինչպես լինում է բոլոր վեպերում, և լուսաբացը վարդագույն նոր օրվա ուրախությունից գտնում էր նրանց ցողոտ խոտերի վրա՝ կրքից ու քնքշանքից արբած։
Հետո եղել են աշխատանքային ընդհանուր կյանքի լավ ձմեռային երեկոներ։ Աստվա՜ծ իմ, ինչպես էր հպարտանում գրականության մեջ նրա հաջողությամբ (այստեղ ես իմացա, որ իմ պատվելի հարևանը գրող է եղել), ինչպես էր գնահատում նրա յուրաքանչյուր միտքը, յուրաքանչյուր բառը։ Նրա աշխատանքը իր աշխատանքն էր, նրանք միասին զգում էին ստեղծագործելու և՛ հրճվանքները, և՛ տանջանքները։ Եվ նրանց կյանքում չէր եղել ո՛չ այն ժամանակ, երբ նա բարեկազմ, ճկուն աղջիկ էր, ո՛չ այն ժամանակ, երբ նրա շքեղ մարմինը գիրացել էր և ձևավորվել, ո՛չ այն ժամանակ երբ այն փայլում էր վերջին աշնանային գեղեցկությամբ. չէր եղել ո՛չ ցանկություն, ո՛չ կարիք, ո՛չ միտք դավաճանության մասին․․․ Օ՜, դա իսկական սեր էր․․․ Այն սերը, որի մասին երազում են մարդիկ․․․
Գերեզման վերադարձա զարմացած և տխուր․․․ ինչո՞ւ ինձ նման երջանկություն չի վիճակվել․․․ Ես պատրաստ էի խիստ բողոք ներկայացնել Արարչին։
Եվ ահա ժամանակն անցնում էր․․․ Ամեն օր նա գալիս էր գերեզման, լացում էր և պատմում էր անցյալ կյանքի մասին․․․ Ամուսնու գերեզմանը նրա համար դարձել էր սրբավայր, իր որբացած կյանքի միակ ուրախությունն ու իմաստը․․․ Ես ժամերով ստիպված էի լսել նրա լուռ, հազիվ լսելի ողբը։ Նա ապրում էր միայն նրա հիշատակով։ Այն, ինչ կատարվում էր երկրի վրա նրա մահից հետո, անցնում էր նրա կողքով, նա ամբողջովին անցյալում էր, միայն նրա հետ, միայն հուշերում:
Ես լսում էի, թե ինչպես գլուխը հողին խոնարհած՝ նա հանգուցյալին էր շշնջում սիրով, քնքշությամբ և նույնիսկ կրքով լի այնպիսի քաղցր խոսքեր, որոնք մարդիկ նույնիսկ կենդանության օրոք չեն լսում… Լսում էի, թե ինչպես ուշ երեկոյան, երբ գերեզմանի ցանկապատից այն կողմ արդեն մռայլորեն վառվում էր մայրամուտի կարմիր շերտը և քամին թեքում էր գերեզմանոցային բարդիների լռակյաց գագաթները, հրաժեշտ էր տալիս նրան և ողբում էր, որ նա մնում է մենակ այստեղ, գերեզմանում, մութ աշնանային գիշերվա վախի և ցրտի մեջ․․․
Ես, իհարկե նկարիչ չեմ և ամեն ինչ չեմ կարող փոխանցել, բայց երդվում եմ ինչով որ կուզեք, որ այդ փոքրիկ ծեր կինը, միայնակ մնալով ամբողջ աշխարհում, իր հսկայական, հավերժական սիրով ցնցող տպավորություն էր թողնում և աղոտ, այն ժամանակ դեռ անորոշ կասկած էր արթնացնում իմ մեջ սեփական եզրակացությունների ճշտության մեջ․․․
Ա̃հ, որքան տխուր էր լսել նրա հեկեկոցը, նրա ջերմեռանդ աղոթքները, նրա քնքուշ խոսքերը գերեզմանոցի լռության մեջ, գերեզմանային բլուրների և մարդկային ոսկորների կույտերի ծովից վեր․․․
Իսկ օրերն անցնում էին։ Սկսվեց թախծալի ամպամած աշունը․ անվերջանալի անձրևը ամբողջ օրը մաղում էր և թափված տերևներն էր խշխշացնում։ Իսկ ծեր կինը մշտապես գալիս էր և ժամերով նստում էր հարազատ գերեզմանի վրա՝ անձրևից ամբողջովին թաց, թշվառ, խեղճ և լացելու աստիճան հուզիչ։
Իսկ այնտեղ՝ գերեզմանում, արդեն տեղի էր ունենում անխուսափելի գործընթաց․ հին բաճկոնը աստիճանաբար խոնավացել և մաշկին էր կպել, մարդկային դեմքի փխրուն դիմակը ցած էր սահել թարախի կանաչավուն զանգվածի մեջ, նեղ տուփի մեջ ծանր և ամուր կանգնել էր քաղցրավուն, սարսափելի դիակային հոտը և նստել էր դագաղի փտած տախտակների վրա պղտոր կաթիլների տեսքով ինչպես գոլորշին բաղնիքում․․․
Ծեր կինը քայլում էր, լացում և սիրային բառեր էր շշնջում․․․
Հետո ձմեռ եկավ, սպիտակ բարի ձմեռ, որը դադարեցրեց քայքայումը դագաղներում և ծածկեց մեզ բոլորիս, խեղճ մեռելներիս, փափուկ, սպիտակ ինչպես անմեղությունը, վերմակով։ Ցերեկը ճկուն թփերի վրա ճոճվում էին կարմրակուրծք խածկտիկները և փափկամազ կանաչ կծիկներով թափվում էին ձյան վրա, և ծառերի վրա էին թռնում ճարպիկ անձայն երաշտահավերը․․․ Սև խաչերը հագել էին շքեղ սպիտակ գլխարկներ․․․ Գիշերը սև երկնքում փայլում և վառվում էին սառցակալած աստղերը, և բյուրավոր երկնագույն կայծերով փայլում էր մաքուր կոշտ ձյունը։ Ինչպիսի̃ անհաս բարձրություն․ այդ գիշերային ցրտաշունչ երկինքը․․․
Եվ ծեր կինը անընդհատ գալիս էր և, ցրտից դողալով, իր հին մուշտակը հագին, շարունակում էր սգալ այն մասին, որ երբեք չի տեսնի նա ամուսնուն, երբեք չի ջերմացնի, չի փաղաքշի նրան, և պառկած է նա մենակ, մեն-միակ բաճկոնով սառցակալած հողում։
Խղճով ասած, այնտեղ արդեն ո´չ թանկագին հանգուցյալ կար, ո´չ բաճկոն․․․ միայն փտած, սառցակալած աղբ և ուրիշ ոչինչ։ Բայց իմ կողմից, թերևս, դաժան կլիներ ակնարկել նրան այդ մասին։
Եվ նորից եկավ գարունը։ Աստվա̃ծ իմ, ինչպես գերեզմաններից կայտառությամբ դուրս սողացին գարնանային խոտի կանաչ ցողունները։ Գերեզմանը ծիծաղեց և ուրախացավ։ Վերևում թարմ կպչուն տերևների և խոտի հոտ էր գալիս, և գերեզմանների վրա ուրախ կռվում էին աշխույժ ճնճղուկները․․․
Բայց գերեզմանում տաքացած, փափկած հողի ջերմությունից այնպիսի ապշեցուցիչ խմորում սկսվեց, որ օր օրի վրա դիակը իմ համար անճանաչելի էր դառնում։ Հիմա բաճկոնի թևքերից արդեն դուրս էին ցցվել միայն ձեռքերի ոսկորները․․․ գանգը արդեն սկսել էր կամաց-կամաց, ասես վարժվելով, ժպտալ մթության մեջ․․․
Իսկ գերեզմանի վրա դեռ լացում և սգում էր թախծոտ, միայնակ, լքված ծեր կինը։
Եվ նա ցնցեց ինձ։
«Գրողը տանի,- մտածում էի ես ,- գիշերները, չի կարող չէ՞ պատահել, որ այդպիսի սարսափելի ուժը հենց այդպես դեպի դատարկություն գնա․․․ Ի՞նչ իմաստ կունենար այդ ժամանակ նրա գոյությունը․․․Դա հնարավո´ր չէ»։
Եվ արդեն, ինքս դա չնկատելով, իսկ հետո և գիտակցաբար, ես սպասում էի այն պահին, երբ կմահանա վերջապես և ծեր կինը և կտեսնվի իր հավատարիմ ամուսնու հետ․․․
Աստված իմ, ինչ կրքոտ և անհամբեր էր նա ինքը սպասում այդ երանելի պահին․․․ Ինչ խորին հավատով էր սպասում այդ հանդիպմանը․․․ Ինչպես անասելի ուրախությանը, ինչպես ազատությանն են սպասում․․․ Եվ ինչպես էր նա ուրախանում, որ թուլանում են ուժերը, որ մթագնում են աչքերը, որ ավելի ու ավելի կամաց է բխում հին, սիրող, այդքան տառապած սիրտը․․․
– Մի փոքր էլ սպասիր, սիրելի´ս, իմ սիրելի´․․․ շշնջում էր նա, ինչպես սիրուհի, որը ժամադրություն է նշանակում…Շուտով, շուտով ես կգամ մոտդ․․․ Դու ինձ չե՞ս մոռացել, չե՞ս մոռացել քո փոքրիկ կնոջը․․․ Շուտով, շուտով կտեսնվենք․․․ Հիմա արդեն շուտով․․․
Եվ նա հալվում էր մոմի նման աչքիս առաջ, բայց հենց մոմի նման՝ ամբողջովին փայլելով հանդարտ ուրախությամբ և երանելի սպասմամբ:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Լրացավ մահվան մեկ տարին․․․ Եվ հանկարծ ես ինչ-որ նոր բան լսեցի։ Սկզբում ես նույնիսկ չհասկացա, միայն հետո գլխի ընկա․ հասկանո՞ւմ եք, մինչև հիմա, հիշելով ամուսնուն, նա ամեն օր վերհիշում էր, թե կոնկրետ ինչ էր նա անում մի տարի առաջ այդ օրը․․․ Այնքան կենդանի և հստակ էր պատկերանում նրան ամեն ինչ, հիշողությունը սրբության նման պահպանել էր ամեն մի մանրուք, այնպես, որ նա կարծես թե տեսնում և խոսում էր նրա հետ այնպես, կարծես նա կենդանի էր․․․ Բայց տարին անցավ, և հիմա, երբ նա փորձում էր վերհիշել, հիշում էր, որ այդ օրը, մի տարի առաջ, նա արդեն չկար․․․ Չկար այնպես, ինչպես չկա և հիմա․․․ Ինչ-որ բան ընդհատվեց․․․ երևաց վերջին և արդեն վերջնական դատարկությունը․․․
Ապրելու համար այլևս ոչինչ չէր մնացել, և ես հասկացա, որ հիմա նա արդեն շուտով պետք է մահանա, քանի որ կտրվել էր վերջին թելը, որը ճիշտ է, միայն երևակայական էր, բայց կապում էր նրան երկրի հետ․․․ Նրա հետագա գոյությունը արդեն կատարյալ անհեթեթություն կլիներ․․․ Մինչև այդ պահը նա ապրում էր ինչպես կենդանի հիշողություն մահացածի մասին․․․ Հիմա ամեն ինչ վերջացած էր, և այլևս պահպանելու ոչինչ չկար։
Եվ ահա մի անգամ ծեր կինը չեկավ․․․ Մեկ օր, երկու օր, և երեք օր էր նա չկար․․․
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Թաղեցին նրան ամուսնու կողքին, ոչ ավելի քան երկու քայլ հեռավորության վրա… Եվ երբ փոքրաթիվ ուղեկցորդները հեռացան, և գերեզմանի խորքում լռեցին նրանց անտարբեր քայլերը, ես արագորեն դուրս եկա դագաղից և աճապարանքով նետվեցի այնտեղ…
Պահը եկավ, ես ուզում էի ներկա լինել հանդիպմանը: Այդ ժամանակ, շատ հնարավոր է, ես արդեն հավատում էի, որ հանդիպումը կկայանա։ Ես չէի ցանկանում բաց թողնել այդ վեհաշուք, ամեն ինչ բացատրող և ամեն ինչ հաշտեցնող ակնթարթը, որպեսզի հավերժական ուրախության փայլով պարուրված, բարձրագույն Իմաստության և Բարության նկատմամբ անսահման խանդաղատանքով, խանդավառ և ինքնամոռաց, ողջ աշխարհի հետ միասին գոռայի․ Օվսաննա̃․․․
Դա ցնցո´ղ ակնթարթ էր․․․ Ես արդեն զգում էի հիացմունքի մոտեցումը, որը ցնցելու է երկիրն ու երկինքը․․․
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ծեր կինը պառկած էր բոլորովին նոր դագաղում՝ փոքր, մաքուր, կոկիկ, մեծագույն ուրախության արտահայտությունը պահպանած նույնիսկ մահացած վիճակում, այնպես, կարծես ներսից ինչ-որ հանդարտ լույսով պայծառացած լիներ․․․ Միայն քիթն էր մի փոքր սեղմվել դագաղի կափարիչից․․․ Բայց հիշում եմ, որ այդ պահին ես այդ բացարձակ անտեղի մանրամասնը չնկատեցի․.․ Ես ամբողջովին դողում էի սպասումից, ես այրվում էի և պատրաստ էի բացականչել «օվսաննա» ժամանակից շուտ․․․
Լավ էր, որ չշտապեցի…
Ծեր կինը հանգիստ պառկած էր, երանությամբ նայելով դագաղի կափարիչին, որը սեղմել էր քիթը․․․ Իսկ կողքին գերեզմանում նույն հանգստությամբ պառկած էր փոքրիկ դեղին կմախքը և դեղին գանգով հիմարորեն ժպտում էր մթության մեջ․․․
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ոչինչ…
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Կմախքը սկսել էր քանդվել․․․ Ծեր կնոջից արդեն ուժեղ հոտ էր գալիս․․․
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Կմախքից մնացել էր մի կույտ փշրված ոսկորներ․․․ Կողքին պառկած է ուրիշ մաքուր, բոլորովին նոր կմախք և նույնպես ժպտում է․․․ Ինձ սկսում է թվալ, որ դժվար թե պետք լինի «օվսաննա» գոռալ, և այդ պատճառով․․․
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Հեղինակի կողմից
Ոչ, ես չեմ կարող այս տոնով շարունակել․․․ Նա ծաղրում է, նա ակնհայտորեն ծաղրում է այն ամենը, ինչը մեզ համար ամենասուրբն ու ամենաթանկն է։
Թարգմանությունը ռուսերենից՝ Հայկանուշ Ավետիսյանի