Յուսուֆ Իդրիս | Մի հայացքի պատմություն

Տարօրինակ էր, որ նրա նման փոքրիկ աղջնակը հարց կտար ինձ պես մեծահասակ մարդու, որին անգամ չի ճանաչում, հետո իր պարզությամբ ու անմեղությամբ կփորձի շտկել այն, ինչը գլխին էր պահում։ Իսկ այն, ինչը նրա գլխին էր, իսկապես թեքվել էր. փռի կարտոֆիլով սինի և նույն սինու վրա դրված մի թաս, որը սահում էր նրա գլխից ու թվում էր, թե կընկնի, չնայած որ աղջիկն ամեն կերպ փորձում էր պահել այն, սակայն ջանքերն ապարդյուն էին, այն ինչ նա համառորեն պահում էր իր գլխին՝ այնուամենայնիվ սահեց։

Ես նայում էի փոքրիկ աղջկան, և զարմանքս երկար չտևեց։ Տեսնելով ընկնող սինին, սաջն ու թասը՝ ես շտապեցի օգնել նրան, փորձում էի ուղղել բեռը, սակայն չէր ստացվում. սինու դիրքն էի ուղղում՝ թասն էր թեքվում, իսկ երբ թասի դիրքն էի փորձում ուղղել՝ սինին ու սաջն էին թեքվում։ Փորձեցի մի պահ երկուսը միասին ուղղել, այս անգամ աղջկա գլուխը չդիմացավ բեռին ու թեքվեց։ Ի վերջո երկար փորձելուց հետո ինձ մոտ ստացվեց։ Բեռն ուղղելը պսակվեց հաջողությամբ և դա մի տեսակ հանգստություն բերեց աղջկան, և ես խորհուրդ տվեցի նրան վերադառնալ փուռ՝ գուցե փորձելով բեռը կես-կես տանել, թեպետ փուռը մոտակայքում էր։ Որոշեց վերադառնալ։

Այն ամենը, ինչ պատահեց հետո, շատ պարզ ընթացք ուներ։ Նա վերցրեց բեռը, ձեռքերով պահեց իր գլխին, համոզվեց, որ ամուր է պահված, ու սկսեց արագ-արագ բառեր արտասանել, որոնց իմաստն ըմբռնել չհասցրի, ասվածի ընթացքում որսացի ընդամենը մեկ բառ՝ «Տիկի՜ն»։

Նա պտտվեց և քայլերն ուղղեց դեպի փուռը։ Բեռը ծածկել էր աղջնակի գլուխն ու այն գրեթե չէր երևում։ Ես անթարթ նայում էի նրան, դիմացս լայն փողոցն էր, խցանման մեջ կանգնած բազմաթիվ մեքենաներ, որոնց նեղլիկ արանքներով քայլում էր նա իր մաշված շորով, որը մի լաթի չափ էր, լաթի որով մաքրություն են անում փռում։

Աչքերս չէի կտրում անգամ նրա ոտքերից, որոնք ճմրթված շորի տակից նմանվում էին երկու բարակ մեխերի։ Ես շարունակեցի հետևել նրան սառած հայացքով, նրա բաց ոտքերին, որոնք դողում էին գետնի վրա՝ նմանվելով փոքրիկ թռչունների ճանկերի, բայց նա գնում էր՝ իր մանր, մուգ սև աչքերով նայելով չորսկողմը։ Քայլում էր, կանգ առնում, քանի որ բեռը տատանվում էր գլխավերևում, սակայն ուղղում էր ու շարժվում առաջ։ Ես կլանված էի նրա շարժումներով, սակայն անհանդարտ էի հետևում, քանի որ ամեն րոպե կարող էր մի ողբերգական բան պատահել։

Փոքրիկ աղջիկն ի վերջո հաջողությամբ հատեց փողոցը։ Մի պահ հայացքս նշմարեց նրա անշարժ կանգնած մարմինը փողոցի մյուս կողմում։ Ես անհապաղ վազեցի փողոցով՝ անտեսելով խցանումը, անցա այն՝ կառքի տակ ընկնելուց փրկվելով, և հասա նրան ու համոզվեցի, որ ամեն բան կարգին է, ավելին՝ ինքն անգամ չնկատեց ինձ։ Թասը գլխին էր՝ հավասար, ուղիղ, ինքը կանգնած էր անշարժ, իսկ փոքրիկ ու մուգ աչքերը հետևում էին օդում պտտվող կանաչ գնդակին. փողոցի մյուս երեխաները խաղում էին, վազում ու ծիծաղում։ Նա ինձ շարունակեց չնկատել, մի քիչ կանգնեց ու նորից շարունակեց քայլել, բայց մինչև կհեռանար, բեռը գլխին ամուր պահած, շրջվեց երեխաների կողմն ու երկար նայեց, իսկ հետո անհետացան՝ հետևում թողնելով թաղամասը …


Թարգմանությունն արաբերենից՝ Էլիզա Մխիթարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *