Մանե Խաչատրյան | Մի կարգին ձյուն

Վերջերս մեկն ասաց.
—Մի կարգին ձյուն էլ չի գալիս, որ ոտքերդ թափ տաս տուն մտնելուց առաջ։
«Ճիշտ որ, շքամուտքերի կոշկազարկ աղմուկը չկա էս ձմեռ։ Աղմուկն էլ սովորական ու անհետաքրքիր է»,- մտածեցի։
Փակեցի պատուհանը։ Մեր բնակարանը երկրորդ հարկում է, մեկն էլ, հավանաբար, մեր շենքի բնակիչներից էր՝ հետաքրքիր մեկը (կիսամութ էր, դեմքը չկարողացա տեսնել). ձյան բացակայությունը երբևէ ինձ չէր ստիպել մտահոգվել ոտքերը թափ տալու կարևոր արարողակարգի մասին։ Էս քաղաքում չգիտեմ՝ ոնց է, բայց մեզ մոտ դռների առաջ ավելներ էին դնում, որովհետև ձյունն հենց էնպես գալու համար չէր գալիս, մի կամ երկու մետր դնում էր ու եթե ճամփադ ոտքով անցնելու էր, լավ կլիներ՝ ավելն էլ օգտագործեիր տուն մտնելուց առաջ, կոշիկներին սառած-կառչած կույտերի համար թափ տալն ի՞նչ էր որ։
«Մի կարգին ձյուն էլ չի գալիս»,- ասում է։ Իսկ գուցե գալի՞ս է, ուղղակի ոչ էստեղ, գալիս է ու լավ էլ կարգին (տեսնես ձյան կարգինը ո՞րն է)։ Մեկն էլ մի տեղ պիտի ասի՝ մի կարգին արև էլ չկա՝ էս ձյունն արագ հալվի։ Մեկն էլ լիներ, էս մեր բարեկամին ասեր, որ վերցնի իր կոշիկներն ու թափահարելու տեխնիկան ու էդ տեղը գնա, որտեղ մի կարգին արև էլ չկա։ Հա, մեկ էլ տունն իհարկե։ Չէ՞ որ պիտի տուն լինի, որ ոտքերդ թափ տալու պատճառ ունենաս, թե չէ ինչ, հո հենց էնպես ոտքերդ գետնին չես զարկելու։ Լավ, ասենք համաձայնվեց, բա տունը՞։ Տունն էլ հո չի՞ կարող հետը տանել։ Մեկը կասեր՝ տունը միայն շինությունը չէ, բա օջախի սերը, մարդիկ, որ քեզ միշտ սպասում են ու սիրում են և, ի վերջո, հոգին, որտեղ դու քեզ տանն ես զգում։
Լավ, բայց պիտի չէ՞ ինչ-որ մի տեղ լինի, որ էս մարդը տեղ ունենա մտնելու՝ ոտքերի ձյունը թափ տալուց հետո։ Չէ, երևում է՝ սրա բանը բուրդ է։ Չնայած, եթե էս մարդը նեղն է ընկնել ոտքերը թափ տալու պատճառ չունենալուց, ուրեմն կա՛մ մի ժամանակ լավ էլ ձյունոտ տեղ է ապրել, կա՛մ էլ էս քաղաքում ժամանակին լավ էլ ձյունոտ ձմեռներ են եղել։ Առաջինի դեպքում գործը հեշտանում է։ Թող իրերն հավաքի ու էդ տեղը գնա։ Էդտեղ հաստատ մի ծանոթ-հարազատ կունենա, ում վաղուց-վաղուց չի տեսել։ Պատկերացնու՞մ եք, ձյունոտ կոշիկները թափ կտա շեմքի առաջ ու կարոտով կգրկի տանտիրոջը։ Է՜հ, ինչ լավ բան է էս ձյունը, էս մարդուն հազար տարի է չէր տեսել։ Իսկ եթե հենց իր տու՞նն է էդտեղ։ Էլի լավ է, վերադառնալը միշտ էլ լավ է։ Բանալին կմտցնի վաղուց քնած կողպեքի մեջ ու կարթնացանի նրան մի խուլ ճռինչով։ Միգուցե տանը մարդ չլինի, բայց ոտքերն էլի թափ կտա, չէ՞ որ տուն է մտնում։
Լավ, ասենք էսպես ամեն ինչ իր տեղն ընկավ, բայց եթե էս մարդը ոչ մի ձյունոտ տեղից էլ չի եկել։ Հենց էստեղ էլ ծնվել-մեծացել է։ Ուրեմն երկրորդ դեպքն է, որ քիչ հավանական չէ, չէ՞ որ էս եղանակի խելքն էլ գլխին չի մնացել։ Ուրեմն էս մարդը կարոտում է, երևի շատ է կարոտում հին, ցուրտ ձմեռները։ Լավ մարդ է ուրեմն։ Չնայած՝ էսպես, թե էնպես, լավ մարդ է։ Լավ, բայց չէ՞ որ ինքը գոնե կարոտում է, բա էն երկրների մարդիկ ի՞նչ ասեն, ուր տարին կլոր ամառ է. ձյան մասին միայն լսել են ու տեսել ֆիլմերում։ Ախ, ինչքան տարբեր են դրանք մի անգամ զգալուց։
Իրականում, սակայն, սա մեր բարեկամի վիճակն ամենևին էլ չի թեթևացնում, միայն կարող է ժամանակավոր թմրեցնող ազդեցություն ունենալ։ Ի՞նչ անել ուրեմն։
Ուրեմն էսպես, սիրելի մարդ, միակ ելքը սպասելն է կարծեմ։ Եղանակին հրամայել չես կարող, համոզել էլ, շատ քմահաճ է ախր։ Դու միայն պատրաստ պահիր թափ տալու տեխնիկադ, մի օր հո կարգին ձյուն է գալու, թե չէ էլ ինչ ձմեռ։ Իսկ ապահովության համար, լավ կլինի, որ մի ցուրտ ու հեռու տեղ գնաս, մի տան դուռ թակես, ողջունես բարեկամաբար ու ներս մտնես։ Առհասարակ, կյանքում բարեկամներ ունենալը լավ բան է չէ՞, էնպիսի բարեկամներ, որոնց տանը դու միշտ սպասված ես։
Քիչ անց, շքամուտքի դուռը նորից բացվում է ու դուրս է գալիս նույն մարդը( կարծեմ՝ ոտնաձայներից ճանաչեցի )։ Նորից բացում եմ պատուհանը ու նայում իրեն։ Շենքի դիմացի կարճոտ լապտերը լույս է գցում նրա կիսադեմին. ճանաչում եմ. վերջին հարկի բնակիչներից է՝ քառասուննանց մի մարդ, միշտ խորն ու խոհուն հայացքով, տպավորիչ ու լուրջ, բայց բարի մարդ է. այդպես եմ զգացել, չէ՞ որ եթե բարությունը կա, զգալու համար մի հասարակ բարևն էլ բավական է։
Կանգնում է շքամուտքի առաջ ու գլուխը բարձրացնում է վեր. միգուցե փորձում է աչքերով ձյան փաթիլնե՞ր որսալ։
Գիտեք, շատ հնարավոր է, որ իրականում այս մարդն ինչ-որ ձյունոտ երեկոներ է կարոտում, երբ ինքը քայլելիս է եղել անաղմուկ երեկոյի միջով՝ կապույտ, կիսամութ, թեթև մշուշով լցված։ Քայլել է անշտապ՝ վայելելով դեմքը ծակծկող ամեն փաթիլի տաքությունը։ Գուցե մենակ չի եղել։ Գուցե քայլել է՝ ինչ-որ մեկն իրեն թևանցուկ՝ վայելելով այդ մեկի ներկայությունն ավելի։ Շատ երկար են քայլել ու շատ դանդաղ։ Հետո նրան ճանապարհել է տուն ու ինքը մենակ վերադարձել է՝ դեռ կախարդված։ Վերադարձել է ու մի պահ հապաղել իրենց տան շեմքի առաջ։ Ժպտացել է ու հիշել ամեն ակնթարթն այդ երեկոյի։ Հետո թափ է տվել կոշիկների ձյունը, թեթև խփել գետնին, բացել է դուռն ու ժպիտով ներս մտել։
Գուցե այս մարդն իրականում հենց դա է կարոտում ու գուցե հենց դրա՞ համար է տուն մտնելուց առաջ ոտքերը թափ տալն այդքան կարևոր նրա համար…
Մի քանի րոպեից ձեռքերը դնում է գրպաններն ու հեռանում շքամուտքից։ Նայում եմ այդ մարդուն, մինչև հեռանում է կետի չափ դառնալու աստիճան։ Հետո նայում եմ վեր։ Աստղեր չեն երևում։ Միգուցե այսօր ձյու՞ն կգա։ Կգա՛, չէ՞ որ աշխարհը մի քիչ այն չէ առանց շքամուտքերի կոշկազարկ աղմուկների, առանց հիշողությունների, առանց կարոտների։ Անպայմա՛ն կգա, չէ՞ որ ինչ-որ մեկն այնքա՜ն ուժեղ է զգում դրա կարիքը…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *