«Իմ մահվան օրը կիջնի լռություն…»
Ե. Չարենց
Քամին, ձմեռային անտանելի քամին իր ցուրտ ափերով անընդհատ հարվածում էր աչքերիս: Այնտեղ լճացած արցունքի կաթիլների մեջ լուսինը երկտակվում էր՝ անկիրք, անտարբեր ու սառը, ինչպես ՀԽՍՀ ՆԳԺԿ ՀԿԳ քննիչ, պետանվտանգության ավագ մայոր Մ.-ի բիբերը:
Կես ժամ առաջ, կաղնեփայտե սալերով երեսպատված իր աշխատասենյակում քննիչն անչափ քաղաքավարի, մեղմ ու մարդամոտ էր թվացել: Հուզվել էի առաջին անգամ ժամադրված ուսանողի պես: Չէի կարողացել չնկատել նրա բռունցքների կոճերի կոշտուկները, որոնք վկայում էին կասկածյալների դաժան ծեծով, ծանր հիշոցներով ու սպառնալիքներով կորզված խոստովանական ցուցմունքների՝ վերադասի համար գոհացուցիչ քանակության մասին: Մատներիս դողը մատնել էր հուզմունքս, ու ավագ մայորը գրաֆինից սառը ջուր էր լցրել իմ առջև դրված նիստավոր բաժակի մեջ և «Հերցոգովինա ֆլորի» թանկարժեք գլանակ հյուրասիրել:
Ծխել էի ագահությամբ: Առատորեն արտաշնչածս ծխի կապտավուն քուլաների մեջ Մ.-ի աչքերը լողացել էին՝ ասես հսկայական, սարսափելի, գունատ լիալուսիններ: Լիալուսնի աղոտ լույսի ներքո անդառնալիորեն կերպարանափոխվող մարդագայլի սոսկումով զգացել էի մարդուն ու գազանին բաժանող սահմանագիծը: Ինձ համակած անհուսությունից ուժ քաղելով՝ վճռականորեն հատել էի այն:
Պետանվտանգության ավագ մայոր Մ.-ի աշխատասենյակից դուրս գալուցս առաջ մատնագիրը ստորագրված էր եղել:
Մի երկարաշունչ բանաստեղծության առաջին բառերի երկրորդ տառերով կազմված խորամանկ մեզոստիքոսը, անթաքույց մտերմությունը «դոֆին» հակահեղափոխական տիտղոսով հորջորջված գանգրահեր ինքնասպանի հետ (մեր կուսակցական ժողովներում նրա հանելուկային ինքնասպանությունը դավաճանություն էինք համարում, որովհետև նոր մարդու, նոր երկրի ձուլման ահեղ տարիներին ամենակուլ, հին կարգերի աղբից մաքրագործող քուրայից խուսափելը փոքրոգություն էր ու փախուստ), տարբեր վայրերում արտասանված անզգույշ բառերը ՆԳԺԿ լուռ աշխատասենյակներում անխուսափելիորեն վերածվելու էին մահացու մեղադրանքների:
Մոտակա գիշերներից որևէ մեկի առավել խաղաղ ժամին լսվելու էր բազմաբնակարան շենքի մուտքի առջև կտրուկ արգելակած մեքենայի անվադողերի ճռինչը: Մութ շքամուտքը լցվելու էր առողջ, ամուր, շտապող ոտքերի անհամբեր դոփյունով: Դռան պահանջկոտ թակոցը զուրկ էր լինելու մասնավոր այցելուի՝ քաղաքավարությունը վկայող զգուշավորությունից: Արթնացած հարևանները՝ աննկարագրելիորեն վախեցած բարեհույս և կարգապահ ընկերները, լուռ ու աննկատ էին մնալու փակ դռների հետևում. այդ գիշեր կոշտուկավոր կոճերով ձեռքը նրանցից որևէ մեկի դուռը չէր բախելու:
Ամուր իրաններով շրջապատած, լայն ուսերով սեղմելով, փոքրացնելով ցողի պես ցնդող նրա ազատությունը ՝ այդ գիշեր տանելու էին միայն բնակարանում ապրող տխուր աչքերով մարդուն: Եղյամապատ պատուհաններով սև մեքենան անէանալու էր լուսադեմի գունաթափ խավարում, ու տխուր աչքերով բանաստեղծը հավիտենաբար ձուլվելու էր իր երգած գիշերներին, արնամած մեգին ու հրաբորբոք արևներին:
Երբ մտածեցի այդ մասին, աչքերից արցունքներ ցայտեցին: Տխուր աչքերով մարդու անէանալը աղճատելու էր տիեզերքի կատարելությունը: Աստղավառ գիշերների, կապույտ երկինքների, Ծիր Կաթինի, արնանման ծաղիկների, անհյուրընկալ խրճիթների աստվածային գեղեցկությունից անդառնալիորեն պակասելու էր մի վիթխարի մաս: Նրա կոկորդը լցված արյան, նրան ջղաձգած հոգեվարքի խռխռոցի մեջ խեղդվելու էին Տիեզերքը մարդուն հասկանալի դարձնող, Տիեզերքը թարգմանող անչափ կարևոր բառերը:
Հանդիպած աղջիկների վախվորած լռությունը նկատելով՝ հասկացա, որ քայլելիս բարձրաձայն, վերջին խոսքերով հայհոյել եմ ինքս ինձ: Ինքն իրեն մայր հայհոյող մարդն անպատճառ խելագար էր թվալու: Խելագարը սովորական մարդու սահմաններից անդին էակ էր, այդ պատճառով էլ սարսափելի՝ ինչպես բնության վայրի տարերքը: Աղջիկները չգիտեին, որ այդ օրը ՀԽՍՀ ՆԳԺԿ աշխատասենյակներից մեկում մարդուց անդին էակ էի դարձել նաև ես, չնայած՝ դեռևս չէի կորցրել բանականությունս:
Տուն հասա՝ լիովին ուժասպառված: Շքամուտքի դռան անագե բռնակի մակերևույթին լուսնի արտացոլանքի մեջ նորից նկատեցի պետանվտանգության ավագ մայոր Մ.-ի անկիրք աչքերը: Այս անգամ ամպերի քուլաներում լողացող տիեզերական բիբերում ծաղրի ու խորշանքի փոքրիկ կայծեր նշմարեցի:
Ավագ մայորի աշխատասենյակում մատնությունս հիմնավորել էի գաղափարական նկատառումներով: Խոսել էի ազգերի եղբայրության, կուսակցական խղճի, կուսակցության քաղաքական ուղեգծի մասին: Մ.-ն արտաքուստ հավատացել էր ինձ: ՆԳԺԿ ղեկավարության անունից շնորհակալություն էր հայտնել իմ ցուցաբերած կուսակցական սկզբունքայնության համար:
Գիտեի, որ կանանց մատնությունները ամուսինների, եղբայրների մատնությունները քույրերի, որդիների մատնությունները հայրերի մասին բազմաթիվ անգամներ արձանագրած ավագ մայորը չի հավատում ինձ: Իմ մատնությունը հասկանալու համար նա անձնական շարժառիթ պիտի հորիներ. վախ, գրական նախանձ, սիրային ծածուկ մրցակցություն կամ մի վաղեմի, բոլորի կողմից վաղուց մոռացված վրեժխնդրություն:
Իհարկե, պետանվտանգության ավագ մայորը սխալվում էր: Ես՝ անողոք կոտորածներից մազապուրծ, տխուր աչքերով բանաստեղծին առաջին անգամ ինձ ապաստանած որբանոցում հանդիպած մարդս, իրականում շարունակում էի մնալ մոլի ազգայնական ու հայրենասեր: Սակայն այդ մարդախոշոշ տարիներին իմ գործն ավարտին հասցնելու համար ես պիտի կարողանայի կատարելապես խաղալ ուրիշի՝ համայնավար տականքի ու բանսարկուի դժոխային դերը:
Գիտակցում էի, որ իմ գրական ձիրքի համեստ լինելը երբևէ թույլ չէր տալու դառնալ զանգվածներին առաջնորդելու ունակ մարգարե. իմ խոսքը՝ թեկուզ երբեմն քաղցրաբառ ու հատու՝ ինչպես թուր, այնուամենայնիվ չէր կարող անշեջ հուր բորբոքել մարդկային սրտերում: Չեր կարող նաև հանուն լուսավոր գալիքի վերծանել անցյալի կապարագույն մշուշում փշրված դարերը:
Երկարատև ու տառապագին մտորումների արդյունքում կարողացել էի հասկանալ, որ իմ գոյության արդարացումը, իմ ճշմարիտ առաքելությունը մարգարեների տատասկոտ ճանապարհով անցնող արժանավորին օգնելն է լինելու:
Պարականոն ավետարանների հեղինակներն ու մի կույր գրող պնդում էին, որ ամեն Քրիստոսի անհրաժեշտ է իր Հուդան, ով Աստծո որդու առաքելությունը ավարտին հասցնելու համար կամովին հանձն կառնի հավիտյանս նզովյալ լինելու տառապանքը:
Իմ մատնությունը օգնելու էր տխուր աչքերով մարդուն սահմանված կերպով ավարտել իր երկրային ուղին: Պետանվտանգության ավագ մայոր Մ-ի աշխատասենյակի լռության մեջ ստորագրելով մատնագիրը՝ Գողգոթայի խաչը իմ դողդոդացող ձեռքերով Չարենցի վտիտ ուսերին դրեցի ես՝ թախծոտ աչքերով հանճարին դարձնելով նահատակի չափ կատարյալ բանաստեղծ: