Ռի-Մա | Մի մրջյուն, որ ուզում էր դիպչել աստղերին

Իսկ նրանք, որ երկրներ են կործանում,
ի՞նչ գույնի թիթեռներ են սիրել
մանուկ հասակում

 

***
Ափսեներ են կոտրվում քո մասին,
Սավաններ են ծակծկվում ձեռքերիդ բացակա սառնությունից,
Դռներ են ճռճռում քո ձայնով,
Ու սուրճի գոլորշին մազերդ է նմանակում.

Իմ տանը բոլորը ճանաչում էին քեզ

 

***
ես գիտեի, որ հրաշքներ չկան,
ու որ երազանքները երազանք էլ մնում են,
մինչև մի օր մի մրջյուն,
որ ուզում էր դիպչել աստղերին,
բարձրացավ ու հասավ գլխիս՝
դրանց մի քանի մատնաչափ
ավելի մոտ կանգնելու համար…

 

***
Աշունը մատը թաթախեց երկնքի մեջ,
Ծառերի մեջ,
Աչքերի մեջ,
Սրտերի մեջ․

Ու խաշամը մատնեց
Հանդիպումը մեր

 

***
Ես խոր անտառում թափառող
Խուլ ճամփորդ եմ,
Ինձ ասել են, թե անտառի մյուս կողմում
Լուսավոր խրճիթ կա.

Նորից մթնեց:

***

Ծակ տանիքից
Կաթկթող անձրևի հետ
Ներս էր նայում երջանկությունը.

Այսօր ընթրիքին հաց չկար:

 

***

Ես լարախաղաց եմ,
Իսկ դու պարանը,
Որի վրայով քայլում եմ
Եվ որից կախել եմ կյանքս,

Եվ քանի դեռ քայլերս ճիշտ եմ դնում,
Դու ինձ
Ցած չես նետի:

 

***
գիշեր
անլուսին
ու բարձր շենքեր
մոմե աչքերով

այդ՝
պատուհանագոգերի արանքում ապրող
երջանկությունը

 

***
մենք տարբեր ենք, տարբեր այնքան,
որ ես ծնված օրից ի վեր
զգացած չկամ համը հողի,
իսկ դու սողուն՝ թևատ մողես,
հողն ես ընտրել քեզ անկողին

արծիվը քո ընկերը չէ,
չընկերացար և մարդու հետ,
երբ դեպի վեր ձգվելու տեղ
փաթաթվեցիր նրա ոտքին
ու փորձեցիր ցած գլորել

ու չեն հատվի ճամփաները
երկինք ու հող չափողների․
հուսանք, թե ոչ լուրթ երկինքը
գոնե հողը քեզ կների

 

***
Ես բառ եմ
Ինձ գրվելիս չեն տեսել
Ու չեն տեսել գրված.
Ես ծնվել եմ լույսի սպասող կույրի աչքից
Ու նշանակում եմ ներում

Երկնքի տակ

 

***
ես նայեցի ափերիցս ներս
ու տեսա տիեզերքը՝ իր գունավոր աչքերով
պեպեններով
գիսախռիվ գանգուրներով
քմահաճ բնավորությամբ
արցունքների անսահման պաշարով
մոլեգին վախերով ու պայթյուններով
բազմահազար անուններով
ժանիքներով
ճանկերով
փափուկ թաթերով
ու որոտաձայն քայլերով

դու նայեցիր ինձ
ու մտածեցիր
թե ինչ փոշոտ են ափերն իմ․

քեզ նման ադամները
լիլիթ ունենալ արժանի չեն

 

***
փափուկ
փխրուն

փշուր
փոշի

փրփուր
քամի

փայլուն
երազ

նուրբ ու բարակ
կտոր լույսի

քեզ տվեցին
անվերադարձ

ու փոխեցին
փակ
փեղկերով

անհուն
ազատ
իմ անկումը

Share Button

Նշանաբառ՝

4 Կարծիք

  • Յուրահատուկ ձեռագիր, շատ հետաքրքիր ասուրա կա ձեր գրի մեջ : Հաջողություններ եմ մաղթում:

  • Ռի-Մա says:

    Շնորհակալ եմ շատ 🙂

  • Շուշանիկ Պարոնյան says:

    Ապրես, Ռիմա ջան, շատ խորիմաստ մտքեր են։Ինձ համար հաճելի հայտնություն էր քո այս տաղանդը, իմ խելացի ուսանողուհի։

  • Ռի-Մա says:

    Շնորհակալ եմ շատ, տիկին Պարոնյան ջան <3

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *