Հանկարծ տեսա, որ գլուխս բոցավառվեց,
Այրվեցի ես ու մոխիրս բոցավառվեց:
Աչք բացեցի, լռությունս ջուր դարձավ,
Աչք փակեցի, անկողինս բոցավառվեց:
Դուռ թակեցի, այս վանդակը ոչ ոք չբացեց,
Թևածեցի, թև ու փետուր բոցավառվեց:
Ձմռան քունը թռավ իմ գլխից,
Ջուրը թաց աչքիս մեջ բոցավառվեց:
Մի տառ քո անունից եկավ լեզվիս,
Ձեռքերս, տետրս բոցավառվեց:
ԵՐԱԶԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ գիշեր վերստին
Ասես ինքս ինձ տեսա երազում
Սլանում էի երկինք
Եվ թռչում էի ամպերի միջև
Իսկ առավոտյան երբ արթնացա
Անկողնուս մեջ
Մի ափաչափ փետուր տեսա
Մի ափաչափ փետուր
Տաք ու ցրված
Բարձիս ներքևում
Իմ անկողնու մեջ շնչում էր
Հետո անհավանական մի հորանջով
Ձեռքս շփեցի հոգնած ուսերիս
Ուսերիս
Ասես ինչ-որ դատարկ մի բանի
Մի բան նման թևի
Զգում էի
ԿԱՅԱՐԱՆԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Գնացքը մեկնում է
Դու մեկնում ես
Ամբողջ կայարանն է մեկնում
Եվ ես որքան միամիտ եմ
Որ երկար տարիներ
Քեզ սպասելով
Կանգնել եմ
Այս մեկնած գնացքի կողքին
Եվ դեռևս
Հենված մնացել եմ
Այս մեկնած կայարանի
Բազրիքին
ԻՄ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ Է
Իմ վերաբերմունքը սովորական է
Սակայն չգիտեմ ինչու
Այս օրերում
Ընկեր ծանոթներից
Ով տեսնում է ինձ
Հեռվից ասում է.
Այս օերում կարծես
Այլ է հոգևիճակդ
Սակայն
Ես ամնօրվա պես եմ
Այն պարզ նշաններով
Եվ նուն ստորագրությամբ նուն անունով
Եվ նույն սովորականվերաբերմունքով
Լուռ ու հանգիստ ինչպես միշտ
Այս օրերում միայն
Զգում եմ որ մի քիչ քչախոս եմ
Երբեմն մի քիչ մտացիր եմ
Զգում եմ
Նախկին օրերի համեմատ ավելի շատ
Սիրում եմ այս օրերը
Երբեմն
/ քեզնից ինչ թաքցնեմ/
Երգում եմ քարերի հետ
Եվ որոշ պահերի արժեքը լավ եմ հասկանում
Այս օրերում երբեմն
Օրացույցից օր ու ամսից և տարվանից
Եվ թերթերից անտեղյակ եմ
Զգում եմ որ երբեմն մի քիչ քիչ
Երբեմն խիստ առավել եմ
Նունիսկ եթե հնարավոր լիներ ասել
Այս օրերում երբեմն Աստծուն էլ
Մի այլ ձևով եմ պաշտում
Երեկ գիշեր էլ օրինակ
Անխիղճ գիշերներից մի այլ գիշեր էր
Ես ամբողջովին ազատ էի
Նախ նստեցի լավ
Գուլպաներս հարթուկեցի
Միայն շուրջ յոթ կիլոմետր սենյակիս մեջ քայլեցի
Կոշիկներիս հետ զրուցեցի
Դրանից հետո էլ
Գնացի բոլոր նամակները տակնուվրա արեցի
Եվ նամակները էջ առ էջ
Փնտրեցի այն վերացական հեքիաթը
Փնտրեցի այն առեղծվածը
Ոչինչ չգտա
Միայն նամակներիցս մեկը
Անորոշ և օտար բույր ուներ
Ասես
Նամակի ծալծլված թղթի արանքներից
Զգացվում էր
Երկնքի բոլոր հասմիկների բույրը
Երեկ գիշեր դարձյալ
Անհամբեր ճոճվեցի ծառերի արանքում
Ամպերի ելարանով գնացի մինչև երկինք
Շրջեցի երկնքում
Եվ գրպաններս
Լցրի ամպաքուլաներով
Ձեր տեղը դատարկ
Մի պատառ փխրուն սպիտակ ամպի ծավալից
Մի կտոր լուսնից կերա
Երեկ գիշեր երեսուն տարի անց հասկացա
Որ աչքերիս գույնը մի քիչ շագանակագույն է
Եվ ի տարբերություն նախկին տարիների
Ծիրանագույնն ու մանուշակագույնը
Առավել եմ սիրում քան կապտավունը
Երեկ գիշեր առաջին անգամվա համար
Զգացի որ անունս այլևս
Այնքան էլ մեծ ու պատկառազդու չէ
Այս օրերում այլևս
Չգիտեմ ճերմակ մազերիս քանակը
Երբեմն փոքրիկ մի պահի հիշատակին
Մի ամբողջ օր տոնում եմ
Երբեմն
Մի օրում մեռնում եմ հարյուր անգամ
Նույնիսկ
Գիշերվա սիրեցյալներից մի ճյուղ
Մի ճյուղ բողբոջած մարիամածաղիկն էլ
Բավ է մեռնելուս համար
Երբեմն հայացքս ամբողջ օրվա ընթացքում
Քաղաքի անծանոթ անցորդներին
մշուշոտ ծանոթություն է զգում
Երբեմն գլխիկոր անճարակ սիրտս
Ցնծվում ու սավառնում է
Թախծոտ մի երաժշտության հնչյուններից
Սակայն
Բացի այս զգացողություններից որ ասացի
Եվ բացի այս սովորական վերաբերմունքից
Եվ բացի այս պարզ ու սովորական հոգևիճակից
Սրտիս մեջ չունեմ
Այլ հոգևիճակ
Իմ վերաբերմունքը սովորական է
ՊԱՏԱՀԱՐ
Ընկավ
Այնպես ինչպես տերևը
Այդ դեղին պատահարն է
Պատահում
Ընկավ
Այնպես ինչպես մահը
Այդ սառը պատահարն է
Պատահում
Սակայն
Նա կանաչ ու տաք էր երբ
Ընկավ
ԴԵՌԵՎՍ
Դեռևս
Ձգվում է
Դեռևս և մինչև այժմ
Ցավը
Ձգվում է
Ըմբռնման ճյուղի սկիզբը
Առաջին անվան արձագանքը
Հողի ուսի շարժումը
Եվ արգելված պտուղի համը
Որ մինչև քարի շնչառությունը
Կձգվի
Եվ ցավը
Դեռևս կձգվի
ԻՆՉՈՐ ԿԱՍ ԵՂԻՐ
Քեզ հետ եմ
Ով ապաքինման խարիսխ
Ով սրտի շարժումներ
Ով ափի խաղաղություն
Քեզ հետ եմ
Ով լույս
Ով լուսճաճանչ
Ով արևի ամբողջական լուսապատկեր
Ով կապույտ ծիրանագույն
Ով կապույտ մանուշակավուն
Քեզ հետ եմ ով հույզ ով քաղցր հուզմունք
Քեզ հետ եմ
Ով ուրախ տխրություն
Քեզ հետ եմ
Ով թախիծ
Անորոշ թախիծ
Էհ չգիտեմ
Ինչոր կաս եղիր
Բայց երանի
Չէ ուրիշ երազանք չունեմ
Ինչոր կաս եղիր
Բայց եղիր
Թարգմանությունը պարսկերենից՝ Էդուրադ Հախվերդյանի