Այս հեքիաթը շատ հին է, ավելի հին, քան ինքը՝ մարդը: Ծնվել է իր երկվորյակի՝ Լույսի հետ, նախքան աստղերի ու մոլորակների շուրջպար բռնելը, արարչության ամենառաջին շնչով: Հետո թափառել են Լույսն ու Հեքիաթը երկա՜ր – երկա՜ր, աստղից – աստղ, մոլորակից – մոլորակ, մինչև որ հող ու ջուր են գտել Երկիր մոլորակի վրա։ Ու հանձնել է Լույսը Հեքիաթին մայր հողին, որ սնվելով ջրով, բարձր ու խրոխտ Սոսի մի ծառ է դարձել և դրա տերևների սուրբ սոսափյունը պատմել է Հեքիաթն այս իր շուքի տակ քնած մարդուն: Ընդունել է Մարդը Հեքիաթին սուրբ ակնածանքով և պատսպարել իր սրտի ամենագաղտնի, սուր անկյունում ու քայլել է նրա հետ Ժամանակի Արահետով, Ճանաչողության բարդ ու մութ անտառում: Միասին են կառուցել խրճիթն իրենց առաջին, տնկել խաղողի այգին ու ձոնել են աստվածներին գոհության արնագույն գինին: Միասին են ուրախացել հաջողություններով իրենց և կիսել են ձախորդ ու մութ օրերի դառնությունները: Զերծ է պահ մարդը Հեքիաթին ոսկեզոծ պալատների գայթակղություններից, վահանել է նրան ստրկատիրոջ մտրակի հարվածներից, թույլ չի տվել թառամելու գործատների միալար աշխատանքից: Այն սուր զենք է դարձել Մարդու ձեռքին երբ ելել է պաշտպանելու զավակներին, խրճիթն ու խաղողի այգին իր և երբ ընկել է Մարդը անհավասար կռվում, կյանքի ամենավերջին ակնթարթին, մտքի մի հուժկու թռիչքով հասցրել է պատմել Հեքիաթն իր Միակ Ժառանգին: Անցել է Հեքիաթն այս սերնդե–սերունդ մինչև հասել է մեզ և մենք, մեր հերթին, կրելով սուրբ Հեքիաթն այս մեր սրտերում, կանցնենք ճանապարհի մեր բաժինը ու երբ կհնչի ժամը մեր, համաձայն տերունական աղոթքի՝ թե տուր մեզ զպարտիս մեր, որպես և մենք թողումք մերոց պարտապանած, կհանձնենք այն մեր ժառանգներին, որ տանեն Հույսով՝ որ տեղ կահասնեն, Հավատով՝ թե բարի է նպատակը և Սիրով՝ որ ուղեցույց լույս կլինի նրանց համար որ հանկարծ ետ չշրջեն հայացքն իրենց երբ մոլորվեն ճանաչողության մութ անտառում, մինչև որ վերջինները՝ ընտրյալները, հավաստի գիտելիքի վերջին կաթիլը կավելացնեն ճանաչողության ընդհանուր գավաթին, վերջին օղակը կանցկացնեն ժամանակի մեծ շղթային և դրանով կբարձրանան ճանաչողության Արարատի բաղձալի գագաթը: Մարդը տեղ կհասնի և կհաղորդակցվի Մեծ Նպատակին: Անմահության Խնձորի հեքիաթն է՝ մայր հեքիաթը բոլոր հեքիաթների:
Եվ ինչպես բոլոր հեքիաթներում, կար-չկար, մի թագավոր կար: Ծեր, շատ ծեր էր թագավորը և այդ իսկ պատճառով՝ իմաստուն: Իր երկար ու ձիգ տարիների ընթացքում կարողացել էր խորապես ճանաչել մարդ արարածին և խորապես հարգում ու ակնածում էր աշխատասեր, ստեղծագործ, բարեգործ մարդուն, բայց ավելի շատ սարսափում ու վախենում էր ծույլ, գող, խաբեբա, չարագործ մարդուց: Մի օր երբ նայեց ծեր թագավորը իր հայելի-ապագային, մռայլ ու մութ ամպեր տեսավ կախված բարեգործ մարդու գլխին, մտահոգությունը սողոսկեց սիրտը նրա ու հիվանդացավ ծեր թագավորը: Նրա մի աչքը ժպտում էր բարի, իսկ մյուսը՝ ողբ ու կոծի մեջ լալիս էր անընդհատ: Շատ իմաստուններ այցելեցին ծեր թագավորին, բայց ոչ ոք չկարողացավ գտնել ճարը նրա հիվանդության:
Մի գիշեր, երբ քնած էր ողջ աշխարհը, Մեծ Երազը այցելեց հիվանդ թագավորին: Մտահոգ հայացքով, սպիտակամորուս մի ծերունի էր: Որպեսզի բուժվի թագավորը, ասաց նա, բարեգործ մարդը պետք է հաղթի իր մեջ նստած չարագործին, իսկ դրա համար անհրաժեշտ է գտնել Անմահության Խնձորենին, քաղել Միասնության Խնձորը ծառից և բաժանել այն բոլոր մարդկանց: Որտե՞ղ գտնել Անմահության Խնձորենին, ինչպե՞ս քաղել Միասնության Խնձորը ծառից և ի՞նչ համամասնությամբ բաժանել այն մարդկանց միջև՝ Մեծ Երազը ոչինչ չասաց։ Ծեր թագավորն էլ չհարցրեց, որովհետև Մեծ Երազը հարցերի չի պատասխանում, Նրան է իրավունքը, Նա է ընտրում մարդուն և պատգամում:
Առավոտ լուսո, Արեգակին արդար, կանչեց ծեր թագավորը զավակներին: Երեք տղա ուներ ծեր թագավորը, մեկը մեկից քաջ, մեկը մյուսից իմաստուն: Փութացին զավակները թագավոր հոր կանչին իրենց, երկրպագեցին նրան, ողջունեցին ու պատվո բարև բռնեցին առջևն իրենց հոր: Հանեց ծեր թագավորը մտահոգությունը սրտից, հավասարապես բաժանեց զավակներին և հանձնեց նրանց Մեծ Երազի պատգամը:
Ժամանակի անդարձելիության անխախտ օրենքի համաձայն, ավագության կարգն էր, անդրանիկ զավակն էր, հագավ իր պատերազմի արնագույն զգեստը, կապեց թուրն իր կայծակե, հեծավ կարմիր նժույգն իր ու ճանապարհ ընկավ: Շատ գնաց, քիչ գնաց, արկածներ ունեցավ, պատերազմներ մղեց, հաղթանակներ տարավ, բայց ի վերջո չարաչար պարտվեց և ստրուկ եղավ, մտրակի հարվածներ ստացավ – մարմինը ցավեց, ճորտ եղավ, անպատվություններ կրեց – հոգին ցավեց, գործատներում մի փոր հացով աշխատեց – միտքը ցավեց: Փոխվեց, աղավաղվեց հոգին ու դաժանացավ և քանի որ ազատություն ու արդարություն էր փնտրում, փախավ, քայլեց, յոթ սար անցավ, յոթ ծով անցավ ու եկավ հասավ մի ճամփաբաժնի: Իմաստության Ճամփաբաժինն էր, ուր Արդար Դատաստանի քարին մի ծերունի էր նստած: Ռազմի հագուստ կար հագին, դաժան հայացք ուներ, իսկ աչքերը անկենդան սպիտակ էին, կարծես անծայր սառցադաշտեր լինեին:
– Ի՞նչ ես փնտրում, – երկաթյա ձայնով հարցրեց ծերունին:
– Միասնության Խնձորը, որ Անմահության Խնձորենու վրա է աճում, ծերուկ:
– Միասնության Խնձորը ծառից կարող է քաղել միայն նա, ով գիտե ինչպես այն Հավասար Բաժանել մարդկանց միջև – ասաց ծերունին, գրպանից մի խնձոր հանեց ու մեկնեց տղային:
Տղան վերցրեց խնձորը և գրպանը դրեց:
– Ես եմ տառապյալը և իմն է որոշելու իրավունքը, ես ինքս կորոշեմ ինչպես բաժանել:
Ծերունու աչքերի սպիտակ սառցադաշտը կարմիր գույնով ներկվեց, նրա աչքերից արյուն սկսեց կաթել:
– Պարզիր այս հանելուկը և ես ցույց կտամ ճանապարհը, ասա’ ինչ գործոնո՞վ է պայմանավորված ապրանքների արժեքը։
– Դրանից էլ հեշտ հարց: Ապրանքների արժեքը պայմանավորված է դրանց արտադրության միջին պայմաններում հասարակականորեն անհրաժեշտ աշխատանքի քանակով ։
– Գնա ձախակողմյան ճանապարհով: Ճանապարհին մի պատ կա: Հասարակ պատ չէ: Դրա քարերը իրենք իրենց աճում են և պատը բարձրանում է: Սակայն պատը կառուցվածքի թերություն ունի, քարերը կռվում են միմյանց հետ, խաբում և շահագործում միմյանց, պատը ճաքեր է տալիս, ծռվում և կարող է քարուքանդ լինել: Քո հոգսն է լուծել պատի արագ և ուղիղ վեր բարձրանալու խնդիրը, քանի որ պատի ետևում Դև կա, կարմիր գույն ունի և անունն է Կոմմունիզմ: Եթե պատը արագ վեր չբարձրանա, Դևը կանցնի պատը և քեզ կուտի:
Տղան քանդեց պատը, փոշիացրեց քարերը, նոր, ուղիղ քարեր ձուլեց դրանցից և պատը վերաշարելիս շրջափակեց դրանք պլանային տախտակներով, որ քարերը աճեն այնպես ինչպես ինքն է ուզում, համաձայն իր պլանների ու ծրագրերի: Սակայն պատահեց անսպասելին, քարերը սառեցին, չէին ուզում աճել: Տղան համոզում էր նրանց, ոսկե սարեր էր խոստանում, նույնիսկ ոսկե զուգարաններ խոստացավ: Քարերը մի փոքր աշխուժացան, ոգևորվեցին, բայց հետո նորից սառեցին, չէին ուզում աշխատել: Այնժամ տղան զայրացավ, ինքը տառապանքներ կրեց, արյուն թափեց, իսկ նրանք՝ ապերախտ քարեր: Տղան սկսեց դաժանորեն պատժել քարերին, աքսորում էր ամենացուրտ տեղերը, գնդակահարում էր անհնազանդներին: Քարերից արյուն ծորաց, պատը ներկվեց կարմիր գույնով: Բայց քարերը մնացին անտարբեր: Այնժամ տղան հասկացավ որ սխալ է թույլ տվել, հեռացրեց պլանային տախտակները, խոսքի ազատություն և իրավունքներ խոստացավ քարերին, սակայն քարերը մոռացել էին բանական ամեն ինչ, նրանք հարձակվեցին իրար վրա, յուրաքանչյուրը աշխատում էր խլել ինչ կարող է՝ սկսվեց թալանը: Կարմիր Դևը անցավ պատը և հարձակվեց տղայի վրա: Պայքարը կարճ տևեց, զարմանալիորեն կարճ: Տղան ընկավ:
Եկավ թագավորի միջնեկ տղայի ժամանակը: Նա հոր գանձարանից գրպանը լցրեց ոսկով և արծաթով, յուրացրեց ծեր թագավորից փող ձուլելու իրավունքը և ճամփա ընկավ: Ամենուրեք առևտուր էր անում, որպես կշռաքար՝ աջ ոտքն էր օգտագործում, երբ առնում էր՝ սեղմում էր նժարին որքան կարող էր, երբ վաճառում էր՝ թեթևակի էր սեղմում նժարը, մարդիկ հավատում էին նրան, որովհետև բարետես էր և գեղեցիկ: Եվ երբ շատ ոսկի ու արծաթ կուտակեց, գործատներ բացեց, շատ շատերին տուն տեղ դարձրեց և սրանք օրհնում էին նրան, բայց շատ շատերին զրկեց վերջին պատառ հացից և սրանք անիծում էին նրան: Փառահեղ պալատներ ու տաճարներ կառուցեց, բոլորը զարմանում և գովաբանում էին նրան: Կուտակման մոլուցքով տարված տղան մոռացավ թագավոր հորն իր: Եվ մի օր որոշեց հաշվել թե ի՞նչ ունի ու չկարողացավ հաշվել իր անհաշվելի ունեցվածքը, այնժամ որոշեց նայել թե ի՞նչ չունի ու սարսահաբար ձեռքը խփեց ճակատին, հասկացավ, որ ամենակարևորը – այն որ ավելի արժեքավոր է, քան իր ամբողջ անհաշվվելի ունեցվածքը – չունի՝ անմահություն չունի:
Հիշեց թագավոր հորն իր այնժամ, վերցրեց իր ամենաթանկարժեք գանձերը, ճանապարհի ցուպն առավ ու քայլեց իր ավագ եղբոր անցած ճանապարհով, Իմաստության Ճամփաբաժնին ընդառաջ:
Ահեղ Դատաստանի Քարին նստած Ծերունին պերճ հագուստ ուներ հագին, նման էր դրամափոխի, աչքերի մեջ, բբերի փոխարեն, կանաչ ոսկեդրամներ էին շողշողում:
– Ի՞նչ ես փնտրում, – հարցրեց Ծերունին։
– Անմահության Խնձորենին, պապիկ, օգնիր, ինձ Միասնության Խնձորն է պետք,– և տղան մի պարկ անգին ադամանդ շաղ տվեց նրա ոտքերի տակ:
– Միասնության Խնձորը Ծառից կարող է քաղել միայն նա՝ ով գիտե ինչպես այն հավասար բաժանել մարդկանց միջև, – ասաց Ծերունին և տղային մի խնձոր մեկնեց:
Տղան իր ադամանդե դանակով ուղիղ երկու կես արեց խնձորը, մեծ կտորը դրեց գրպանը և փոքրը վերադարձրեց Ծերունուն:
– Պարզիր այս հանելուկը, ասա՝ ի՞նչ գործոնով է պայմանավորված ապրանքների արժեքը և քոնն է ճանապարհը, – հարցրեց ծերունին։
– Ասում են, թե ապրանքների քչությունն է պատճառը, եթե առատ լինեին արժեք չէին ունենա: Դրա համար է, որ ադամանդը շատ թանկ է, իսկ կենսական ջուրը էժան: Ճիշտն ասած ես գիտեմ, – տղան գետնից մի խոշոր ադամանդ վերցրեց, – թե ինչո՞ւ է այս անպետք ապակու կտորը թանկ, այդ իսկ պատճառով իմ համակրանքը նրանց կողմն է, ովքեր ասում են, որ արժեքը աշխատանքով է ստեղծվում, սակայն չգիտեմ որևէ մեկին, որ կարողանա հստակ պատասխանել հարցին: Դրա փոխարեն ես զորեղ սոսինձ ունեմ, կանաչ գույնի է, բարձր հոսունություն ունի, լցվում է բոլոր ճաքերը, բայց ափսո՜ս չի պնդանում: Ի՜նչ կարող ես անել, երկու երանի մեկտեղ չի լինում։
Ծերունին տղային ուղարկեց աջակողմյան ճանապարհով` պատի խնդիրը լուծելու։ Սկզբում տղան չէր խառնվում պատի աճին, չէր միջամտում: Պատը բարձրանում էր, ծռվում, քանդվում մինչև ուղիղ մասը, հետո նորից բարձրանում, ավելի շատ բարձրանում ու նորից ծռվում ու քանդվում: Բայց երբ պատը շատ էր բարձրանում, դրա քանդվելը դառնում էր վտանգավոր: Այնժամ տղան վերցնում էր մեծ քարերից ու տալիս փոքրերին, որ մեղմացնի պատի քանդվելը: Սակայն մեծ քարերին դուր չէր գալիս տղայի վարմունքը և նրանք խեթ-խեթ էին նայում տղային, իսկ նա չէր ուզում նեղացնել խոշոր քարերին, որովհետև պատի աճի տղայի հիմնական հույսը խոշոր քարերն են, փոքրերը դժկամորեն են ներդրվում պատի աճին: Այդ պատճառով էլ նա առատորեն իր կանաչ սոսինձը սկսեց օգտագործել, վազում էր պատի մի ծայրից մյուսը և որտեղ որ ճաք էր հայտնվում, սոսինձ էր ներարկում: Տղան մինչև այսօր էլ այնտեղ է: Պատը վեր է խոյանում, ծռվում, ավելի ու ավելի է ծանրանում ու ավելի ծռվում, տղան վազում է պատի երկայնքով ու սոսինձ ներարկում, միայն թե չքանդվի: Երբեմն պատը արագ և ուղիղ վեր է խոյանում և տղան փորձում է շունչ քաշել, հանգստանալ, բայց այստեղ էլ նրան հանգիստ չի թողնում պատի ետևի Վատնում անունով Կանաչ Դևը: Նա տղային ճարպոտ, համեղ ուտելիք, սպիտակ փոշի ու մերկ կանանց պատկերներ է նետում, որ տղան չաղանա ու թմրի: Կանաչ Դևն էլ իր հաշիվներն ունի, սարսափով է նայում կողքին սուտ քուն տված, սովից զնգրտացող իրԿարմիր եղբորը, թագավորի մեծ տղան չափից դուրս նիհար էր եղել՝ կաշի ու ոսկոր, բայց ավելի է սարսափում, երբ նայում է պատի բարձրությանը, թե’ քանդվեց, բոլորին տակով կանի, տղային էլ, դևերին էլ, ոչինչ չի մնա:
Ծեր Թագավորը արցունքն աչքերին ճանապարհեց իր վերջին զավակին: Շատ ծեր էր թագավորը և այլևս չէր կարող զավակներ ունենալ:Իրոք անդարձելի է ժամանակը, ինչ ցանես անցյալում, այն էլ կհնձես ապագայում: Եթե մարդը սովորեր տեսնել ապագան և կանխատեսել, միգուցե և հաղթեր Ժամանակին և չմնար վերջին Հույսին: Վերջին ընտրությունն էր, վերջին հույսը: Սակայն Ժամանակի Անդարձելիության օրենքը չարիքի հետ բարիք էլ ունի: Չարիքն ու Բարիքը հարազատ զույգեր են: Թագավորի կրտսեր տղան ի տարբերություն իր ավագ եղբայրների գիտեր այդ գաղտնիքը: Բոլոր հեքիաթներում ամենակրտսերներն են լուծում բարդ ու խրթին հանելուկները, խնդիրները ու հաղթում ամեհի դևերին, որովհետև նրանց է տրված իրենց ավագների սխալներից սովորելու եզակի հնարավորությունը:
Եվ թագավորի կրտսեր տղան վերցրեց իր ավագ եղբայրների գրած գրքերը ու կարդալով ճանապարհ ընկավ: Անցավ նրանց աշխարհներով, բայց չմտավ ներս, դրսից նայեց նրանց աշխարհներին, որպեսզի հասկանա և չկրկնի նրանց սխալը: Քայլում էր ու ճանապարհի կեսից ետ վերադառնում, ավելի առաջ էր գնում ու նորից վերադառնում և ամեն անգամ ավելի ու ավելի առաջ էր գնում, մինչև որ հասկացավ ու համոզվեց, յոթ անգամ չափեց ու նոր կտրեց ու վստահորեն քայլերն ուղղեց Իմաստության Ճամփաբաժնին ընդառաջ:
Ահեղ Դատաստանի Քարին, սապատավոր, անապատի խորշակներ հիշեցնող կնճիռներով, ցնցոտիների մեջ Ծերունի էր նստած: Նրա աչքերի մեջ խորը անհանգստություն ու մտահոգություն կար: Տղան հիշեց ծեր հորն իր՝ նույն աչքերն էին, Վերջին Հույսը:
– Ի՞նչ ես փնտրում, – հազիվ լսվեց Ծերունու մարող ձայնը:
– Հավաստի Գիտելիքի Դաշտը, Տեր, – և տղան մինչև գետին խոնարհվեց:
Ծերունու մութ աչքերում Հույսի Պայծառ Շողը հայտնվեց:
– Անմահության Խնձորենին միայն Հավաստի Գիտելիքի Դաշտում կարող է աճել, – ավելացրեց տղան:
– Միասնության Խնձորը ծառից կարող է քաղել միայն նա, ով գիտե ինչպէս այն Հավասար Բաժանել մարդկանց միջև, – ասաց Ծերունին ու տղային մեկնեց վերջին, երրորդ խնձորը:
– Միասնության Խնձորը պարգևատրում չէ, պարտականություն է, մենք պետք է գիտակցենք մեր պարտքը, գիտակցենք խնձորը հավասար բաժանելու անհրաժեշտությունը: Խնձորը հավասար բաժանելու համար անհրաժեշտ է պարտականությունը հավասար բաժանել մարդկանց միջև: Պարտականությունը` ներդրումն է, իսկ ներդրումն խնձորի աճի միակ միջոցն է: Հետևաբար Խնձորը հավասար բաժանելու համար անհրաժեշտ է դրա աճը հավասար բաժանել մարդկանց միջև: Միայն այդ պարագայում կպահպանվի պարտականության հավասարությունը, մարդիկ կգործեն միասնաբար, կհամագործակցեն միմյանց հետ։
– Ուրեմն գիտես արժեքի օրենքի գաղտնիքը ։
– Արժեքի օրենքը նպատակների, շահերի համաձայնության օրենքն է, որն էլ օգտակարությունների կապի անխախտ օրենքն է: Երբ պատի քարերը համագործակցում են, ապա պատը բարձրանում է ուղիղ և արագացումով և ոչ մի Դև չի կարողանա անցնել այն։
Ծերունին ակնհայտորեն երիտասարդանում էր, ժամանակի անդարձելիության օրենքը կարծես թե շրջվել էր:
– Ուրեմն կլուծես պատի խնդիրը, իսկ գիտե՞ս` որ ուղղությամբ պիտի գնաս։
– Ես այդ խաղը մանուկ ժամանակ շատ եմ խաղացել, երբ կապում են աչքերդ, իսկ ամբոխը ձայնում է, տաք է, սառն է, հուշելով ճիշտ ուղղությունը: Երբ ես լուծում էի համաձայնության խնդիրը, պարզ հասկացա, որ այն ինչ ավագ եղբայրս համարում էր ավելորդ, իսկ միջնեկը օգտագործում որպես սոսինձ, իրականում կողմնացույց – ժամացույց է և ինձ կուղղի Հավաստի Գիտելիքի Դաշտը, ուր և Անմահության Խնձորենին է։
– Քայլի՛ր, սակայն հիշիր, ինչ էլ որ լինի, երբեք, հայացքդ ետ չշրջես։
Տղան խոնարհվեց մինչև Մայր Հողը, երկրպագեց Ծերունուն ու քայլեց: Հանկարծ հիշեց, միակ հարցը, որի պատասխանը չգիտեր և գիտեր որ ոչ ոք չգիտե, բացի Ծերունուց: Թեպետ հաստատապես գիտեր, որ Ծերունին հարցերի չի պատասխանում, բայց որոշեց հարցնել, միգուցե բացառություն անի: Նա չշրջեց հայացքը ու հարցրեց:
– Իսկ կտեսնե՞մ Քեզ այնտեղ, Ծառի մոտ:
Պատասխան չկար, Ծերունին անհետացել էր, սակայն Տղան նկատեց իր կողքին քայլող երեք Զինակիցների: Ծերունին էր ուղարկել նրանց՝ Հույսը, Հավատը և Սերը: