Ուզենք թե չուզենք` գրականությունը կապված է կյանքին,
որևէ ժողովրդի, որևէ կենսագրության: Առնչությունները երբեմն ակնհայտ են, երբեմն ենթաշերտային, սակայն մշտապես առկա են` մի տեսանող աչքի սպասմամբ տոգորված, ինչպես գաղտնագրերն են սրտի թրթիռով երկար տարիներ, երբեմն դարեր սպասում վերածնման միստիկ պահին, այն պահին, երբ թաքնված ինֆորմացիան ինքնադրսևորման հնարավորություն կստանա: Նույնիսկ միտումնավոր, մեծ խնամքով թաքցրածը ի վերջո որոշակի խտության հասնելիս պայթում է` երևան հանելով գրական գենետիկական հզոր հոսքի ակունքները: Նման մի պայթյունի հետևանք է Մայքլ Առլեն կրտսերի «Դեպի Արարատ» գիրքը, որը որպես գրական երևույթ պայթյունային նշանակություն չի ունեցել և ոչ էլ օժտված է գեղարվեստական անթերի ձևերով, սակայն հուզական մեծ լարվածությամբ է լիցքավորված, ճանաչողական նշանակությամբ, հոգեբանական հետաքրքիր ֆենոմենների արտացոլմամբ և մանրազնին քննությամբ, մշտարթուն «հայրեր և որդիներ» պրոբլեմատիկայի խորաթափանց պատկերմամբ և շատ ու շատ այլ մանրահարցերի արծարծմամբ, որոնք խիստ ազգային շեշտադրում ունենալով հանդերձ նախ և առաջ մարդկային խնդիրներ են, ողջ մարդկության հետաքրքրության առանցքն են կազմում, և հենց այս կետում է, որ սովորաբար հատվում են անձնականը, ազգայինը և համամարդկայինը` գրական երկը դարձնելով համընդհանուր արժեք: «Դեպի Արարատ» գրքում անձնականը արտաքնապես ամենաընդգրկուն և արտահայտիչ տարրն է, սակայն այն իրականում անխառն տեսակ որպես հնարավոր չէ դուրս բերել, քանի որ մշտապես հանդես է գալիս ազգայինով բովանդակվելու տենդագին ձգտմամբ: Ինքնակենսագրական էսսեատիպ վեպը հեղինակի կյանքի մի հատվածի օրագրության նմանողությամբ է կառուցված, որում գործողություններն ու դեպքերը անհամեմատ ավելի քիչ են, քան վերհուշը, մտորումները, ներքին մենախոսությունը: Գրքի գեղարվեստական զարգացումը այլ բան չէ, քան հեղինակային ես-ի հոգեբանական զարգացման աստիճանական շիկացումը: Ըստ էության ողջ ընթացքում որևէ բան տեղի չի ունենում, սկիզբից ևեթ ամեն ինչ նույնն է: Արտաքին իրականությունը միշտ եղել է և կա այն, ինչ որ է, թե´ Ամերիկայում, թե´ Երևանում, թե´ Ստամբուլում, թե´ մանկության հուշերի Անգլիայում և Ֆրանսիայում: Վեպի ընդգրկած իրականությունն ազդեցություն չի ունենում հերոսի կամ իրադարձությունների վրա` պահպանելով պասիվ ներկայություն: Երկի դինամիկան առավելապես հոգեբանական մոմենտի վրա է հիմնված: Ստատիկ իրականության հանդեպ աստիճանաբար փոխվում է հերոսի, նույն իր` Մայքլ Առլեն կրտսերի վերաբերմունքը: Սակայն հարկավոր է ի նկատի առնել, որ ստատիկ վիճակում է ոչ միայն միջավայրը, այլև երկի սյուժեն, որը գրեթե բացակայում է կամ գոնե խիստ անկապակից է: Մի կողմից սա կարող է որպես թերություն ընկալվել, մյուս կողմից սյուժետիկ ցաքուցրիվ շարադրանքը մտադրվածայնության համատեքստում է, քանի որ զուգահեռվում է հերոսի հոգեվիճակին, հայկականության պրոբլեմատիկայի արմատական ընկալմանը, որն անշուշտ մեծապես առնչվում է և կոնկրետ այս պարագայում պատճառային հարաբերության մեջ է Սփյուռք ասվածի և վերջինիս ակամայից ցաքուցրիվ «էության» հետ: Վերջիվերջո զուտ տեսական հարթակում նույնպես սյուժեի դասական ընկալումն այլևս կարծրատիպային չէ: Հիշենք Խոսե Օրտեգա-Ի-Գասեթի հոդվածներից մեկում արված հետևյալ դատողությունը. «Ոչ, սյուժեն չէ, որ վայելքի աղբյուր է,- ամենևինն էլ կարևոր չէ մեզ համար, թե ինչ է պատահելու այս կամ այն կերպարին: Ահա, խնդրեմ, ապացույցը. ցանկացած վեպի սյուժե կարելի է երկու խոսքով պատմել: Ստացվում է չափազանց անհամ պատմություն: Մենք ուզում ենք, որ հեղինակը դադար տա,- մի քանի անգամ պտտեցնի մեզ իր հերոսների շուրջբոլորը»[1]: Մայքլ Առլենը ոչ միայն մի քանի անգամ պտտեցնում է մեզ իր հիմնական հերոսի` իր իսկ շուրջը, այլև ներսը: Միջավայրը փոխվում է ոչ թե իրապես, այլ հերոսի ընկալումների փոփոխմամբ պայմանավորված: Պատահական չէ, որ բոլոր կուլմինացիոն տեսարանները, կարծես թե «հաջողվում են» երկրորդ անգամից. Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին այցելությունը, Արարատի հետ հանդիպումը, պատմության թանգարանում ցուցանմուշների հետ նյութական հաղորդակցումից բարձրանալով հոգևոր կապի հաստատումը որոշակի ճանաչողական մոտեցում էին պահանջում, ինքնագիտակցման սրբազան ակտ, որը նշված երեք դեպքերում էլ առաջին անգամ ոչ միայն չի ստացվում, այլև հակադարձ էֆեկտի ազդեցություն է թողնում, քանի որ չգիտակցվածը, անհասկանալին միշտ էլ վախի զգացում է առաջ բերում` ներքին հուզական մեծ ցնցման ֆոնին հասնելով ընդհուպ մինչև ատելության: Երբ հանդիպումը տեղի է ունենում երկրորդ անգամ, Արարատը, հուշարձանը, պատկերասրահը բնականաբար նույնն էին մնացել, մինչդեռ փոխվել էր հերոսի ներքին վերաբերմունքը. հոգեականի ինքնընկալումը զուտ անձնայինից վերաճել էր ավելի բարձր մակարդակի` ազգայինի: Այս մակարդակում, անշուշտ արդեն կայանում է հաշտեցումը: Հաշտեցումը սակայն բարդ և բազմակողմանի գործընթաց է, որի բոլոր բաղադրատարրերը փոխկապակցված են: Այն ոչ միայն անձնականից ազգային ուղությամբ է ընթանում, այլև հակառակ, ինչպես նաև այս երկուսից բխող համամարդկային ուղղվածությամբ: Հերոսը քանի դեռ անհաշտ է իր ազգային էության հետ, անհաշտ է նաև ինքն իր հետ, հասարակության, հատկապես այլազգի հասրակության հետ: Մինչդեռ երբ ընկալում և ընդունում է իր արմատները, կարծես լուծվում են նաև մնացյալ կոնֆլիկտները: Հետդարձն Ամերիկա փախուստ չէ, այլ՝ անհրաժեշտություն, որի հետ հարաբերվելն այսուհետ բռնազբոս լինելու երանգ չի պարունակի, քանի որ այժմ հերոսը գիտակցում է իր ով լինելը, իր ազգային պատկանելությունը և դրանով էլ փաստորեն ստանում է որոշակիություն և կշիռ համամարդկային հասրակությունում: Մինչդեռ վերադաձը տեսակին հոգևոր բնույթի է, որն ավելի զորեղ է և թերևս ավելի կարևոր՝ իր էթնոգենիկ գործառույթով, ներքին տարերային փոթրիկի խաղաղմամբ: Անշուշտ, սեփական էությունը բացահայտելու այս ուղին միանշանակ և հեշտ չէ: Դրա ճանապարհին հերոսը բախվում է բազմաթիվ խնդիրների, անընդունելի իրողությունների: Որպես հետևանք գրանցվում է երկարատև ինքնամեկուսացում: Ժամանակակից հոգեթերապևտ Լիտվակն ասում է, որ «իր մեջ մեկուսացումն ինքն իր հետ շփվելու հատուկ ձև է, որի ժամանակ հաղթում է Երեխան»[2]: Հավանաբար այդ երեխան է, որ անվերջ գլուխ է բարձրացնում Մայքլ Առլենի հոգում` ստիպելով տարօրինակ թվալ անգամ իր կնոջ աչքերում: Վերջապես գալով բաղձալի Հայաստան` Մայքլը փակվում է հյուրանոցի սենյակում` պատճառաբանելով, թե ուզում է կարդալ Հայաստանի մասին պատմական գրքեր: Մինչդեռ քառասունամյա «Երեխան» վախենում է տեսնել իրականությունը, տեսնել իր հորը, ճանաչել նրան… Քառասուն տարի ապրել է օտարված իր տեսակից, էությունից` առանց ճանաչելու սեփական հորը.
«Հայրս էր: Բայց և` վախենում էի նրանից: Մեզ միշտ ինչ-որ բան բաժանել է իրարից` չխոստովանված ու անհասանելի մի բան: Օտար էինք միմյանց:
Երբ հայրս մահացավ տասնինը տարի առաջ, ավելի մոտ չդարձանք:…Կարոտում էի նրան, թեպետ որոշ առումով ինձ ավելի անկաշկանդ էի զգում, որ այլևս նա չկար: Բացակա էր: Ճշմարիտն ասած, նրան հաճախ էի տեսնում երազներումս, սովորաբար նույն բովանդակությամբ կամ նույն զգացողությամբ պարուրված` մեր միջև եղած հեռավորության զգացողությամբ: Երբեմն կանչում էր ինձ. ես, սակայն, չէի հասկանում,թե ինչ է ասում: Երբեմն պարզապես կանգնած էր մեկուսի` լքված ու կշտամբալի կերպարանքով: Տակավին օտար էինք միմյանց» (էջ 10):
Սակայն Մայքլ Առլենը քառասուն տարիների ընթացքում միշտ զգացել է անլիարժեքության ճնշիչ ուժը և ի վերջո գտել պատճառը: Տարբեր առիթներով ամերիկաբնակ հայերի հետ հանդիպումները, մանկական հիշողությունների այն ջերմ բեկորները, երբ իրնեք ընտանիքով հայկական ռեստորան էին հաճախում, և հայրը կարծես թե կիսով չափ հաշտվում էր իր հայ լինելու հետ, ստիպում են ավելի հետևողական լինել ու հասկանալ, որ եթե չի կարող հրաժարվել իր էությունից, ջնջել իրողությունը, ապա միայն մնում է ավելի լավ ճանաչել ու ընդունել սեփական տեսակը: Որոշումը կայացվում է դժվար, սակայն իրագործումն ավելի դյուրին չէր, քանի որ ճանաչումը պետք է սկսել ամենամերձավոր անցյալից` հորից, իսկ հայրն ամեն ինչ արել է անճանաչելի լինելու համար` նույն մտածողությունը սերմանելով նաև որդու մեջ: Խզված կապը հաստատելու համար Մայքլը դիմում է հոր ընկերոջը` մեծ հային` Վիլյամ Սարոյանին: Ինքնաճանաչման մեծ ճանապարհը հենց Սարոյանից է սկսվում ու սկսվում է ամենափոքր, բայց ամենաէական բաներով, որոնք միգուցե անգամ այդ պահին չեն գիտակցվում Մայքլի կողմից, բայց և այնպես հայկականության հետ առնչվելու նրբագույն ձևերն են ուսուցանում.
«Սարոյանը երգում էր, իջեցնելով լուսամուտի ապակին:…
-Սիրո ու անարդարության, հասունացող նռների մասին է այս երգը,- ասաց Սարոյանը:- Այլ խոսքով` կյանքում կարևոր նշանակություն ունեցող բաների մասին»:
Հենց այսպես իմիջայլոց Վիլյամ Սարոյանը տալիս է հայ լինելու առաջին դասը`շատ սեր, շատ անարդարություն և հասունացող նռներ. հին երգ է, որն այնուամենայնիվ գեղեցիկ է և սովորել է պետք: Հենց Սարոյանն է սովորեցնում ապրել հարազատների հիշողությամբ` տանելով Ֆրեզնոյի հայկական գերեզմանատունը, ուր թաղված էին Սարոյաններ գերդաստանի հանգուցյալները, մինչդեռ Մայքլը դժվարությամբ էր կարողանում պատկերացնել անգամ, որ իր հայրը երբևէ հայր է ունեցել: Տալով հայ լինելու կարևորագույն բանալիները` Սարոյանն իր առաքելությունը համարում է ավարտված, մնացյալ ուղին Մայքլը պետք է ինքնուրույն անցնի.
«-Եթե ուզում ես ճանաչել հայերին, պիտի գնաս Հասյատան, կամ այն, ինչ մնացել է Հայաստանից: Պիտի գնաս Երևան` Խորհրդային Հայաստան»:
Հետաքրքրական է, որ հայերին ճանաչելու համար Մայքլ Առլենը ստիպվում է նախ և առաջ ճանաչել թուրքերին, որովհետև որ կողմից որ փորձում է մտնել հայկական հոգեբանության դաշտ, բախվում է թուրքական խնդրին տարբեր երանգավորումներով. երբեմն այն առկա է որպես խեղճացում և խղճահարություն առաջացնելու նախանշան, երբեմն որպես զայրույթ, ատելություն, երբեմն որպես անտարբերություն և չեզոքություն, ինչպես իր հոր դեպքում էր: Սակայն սա հարցի միայն արտաքին կողմն է: Պատահական չէ, որ իր ամերիկուհի կինը հայերի հետ շփվելու համար թուրքական բարդույթի մեջ խորամուխ լինելու պահանջ չուներ, թեպետ Երևան գալու առաջին իսկ օրերից ավելի ռեալ և օբյեկտիվ էր վերաբերվել հայերին, քան իր շփոթահար ամուսինը: Ստացվում է, որ թեև Առլենը իրեն ողջ կյանքում հայ չի համարել, և այժմ էլ շարունակում էր պնդել, թե ինքն ուրիշ է, սակայն անգիատկցորեն վարակված էր նույն բարդույթով` թուրք-հայ փոխհարաբերությունների ենթաշերտային նստվածքով, որն իրեն հանգիստ չէր տալիս և անընդհատ ջրի երես էր դուրս գալիս: Գիրքը հենց սկզբից երկպլան ընթացք է ստանում` բուն իրականության, գեղարվեստական շարադրանքին զուգահեռ պատմական փաստերի շարադրում` սկսած Նաիրյան թագավորներից մինչ խորհրդային իրականություն: Նիցշեն ասում էր, որ «պատմականը և ոչ պատմականը հավասարապես անհրաժեշտ են անհատ մարդու, ժողովրդի և մշակույթի առողջության համար»[3], սակայն միաժամանակ նշում էր նաև, որ պատմությունը «պատկանում է նրան, ով պահպանում ու հարգում է անցյալը, ով հավատարմությամբ և սիրով է հայացքն ուղում այնտեղ, որտեղից որ հայտնվել է, որտեղ որ դարձել է այն, ինչ որ է»[4]: Մեր հերոսի խնդիրը հենց այս կետում է. նա ոչ մի կերպ չէր կարողանում իր պատմական կենսագրությունն ընդունել այնպիսին, ինչպիսին որ եղել է ամբողջության մեջ: Կարծես թե հպարտանալով Նաիրյան թագավորներով և հերոսական դրվագներով` խորշանք էր զգում թուրքական կոտորածների հիշատակումից: Պատահական չէ, որ դեռ Ամերիկայում ավելի շուտ փնտրում էր այն հայերի ընկերությունը, ովքեր հարգալից դիրք ունեն հասարակության մեջ և թոթափել են հայ լինելու խեղճությունը, մինչդեռ երկու ծերունի զարմիկների պատմությունը, զարմիկներից մեկի արցունքները հակակրանք են առաջացնում: Երբ տարեց մարդը լաց լինելով ասում է «Հայրս որևէ ոճիր չէր գործել, հավատացեք ինձ: Որևէ մեղք չուներ», Մայքլ Առլենը սարսռում է ողջ հոգով և ապա գրքի ընթացքում պարբերաբար հիշում ծերունու խոսքերը. «Հավատում էի: Սակայն ուզում էի հեռու լինել այդ ամենից, դրսում` մարդաշատ փողոցոմ»: Դժվար է ընդունել, որ դա նույնպես քո էության մի մասն է, քո պատմությունը: Եվ հենցա սա է պատճառը, որ Առլենն, ի տարբերություն իր կնոջ, հայկական մթնոլորտ մտնելու համար նախ և առաջ պիտի հաղթահարեր թուրքական վայրագությունների հոգեբանական պահը, հաստատեր իր մեջ որոշակի մոտեցում այդ հարցին, ինչպես որոշակի սթափ և անալիտիկ հայացքով կարողանում էր զննել մեր պատմության մյուս իրադարձությունները: Դեպքերին զուգընթաց պատմության համառոտ շարադրումը փաստորեն ոչ այնքան տեղեկատվական նպատակ ունի, որքան միտված է ներքին հակակշռի ապահովմանը: Թեև անշուշտ տեղեկատվական առումով ինքնաճանաչման գործոնը նույնպես առկա է: About.com կայքի դասական գրականություն բաժնում գրող Էսթեր Լոմբարդին «Դեպի Արարատ» գրքի մասին գրում է. «Մի հայ գրող խոսել է «տխրության վիթխարի ծանրության» մասին, բայց Առլենը առաջ է գնում` խոսելով արմատացած մոլության մասին, որը խորքից է գալիս: Սակայն, թվում է դրա համար որևէ պատճառ չկա…»: Այստեղ Լոմբարդին իհարկե վրիպում է, քանի որ Առլենն այնուամենայնիվ գտնում է պատճառները, որոնք օտարերկրացու համար միգուցե ընկալելի չեն. «Մտածեցի մի երևույթի մասին, որն ավելի ու ավելի ցայտուն կերպով էի նկատում հայերի մեջ. խորապես համոզիչ «բարկության բռնկումների» բացակայությունը` առնվազն թուրքերի նկատմամբ ունեցած զգացմունքներում: Այն կատաղության բացակայությունը, որի գոյությաննիրենք հավատում են: Կամ գուցե դա ոչ այնքան կատաղության բացակայություն էր, որքան դրա վերաուղղում` թաքնված կատաղություն: Ենթամաշկային կատաղություն»: Ահա թե ինչ «արմատացած մոլության» մասին է խոսք գնում, որը նկատել է օտարերկրացի գրողը, սակայն չի հասկացել: Հեղինակ-հերոսը Երևանում Սարգսի, Վարդանի և այլ հայերի հետ շփվելիս աստիճանաբար ստանում է իրեն հուզող հարցերի պատասխանները կամ ավելի ճիշտ` սովորում է անպատասխան հարցերի հանդեպ հայեցի վերաբերմունք դրսևորել, տեսնել իրերը հայկական գույներով: Ասածս ո´չ ազգայինամոլություն է, ո´չ էլ ծայրահեղություն. Ստենդալն իր «Սիրո մասին» գրքում ունի «Սիրո հարցում ազգերի տարբեությունները» վերնագրով գլուխ, որում, առանձնացնելով «Ֆրանսիայի մասին», «Իտալիայի մասին», «Գերմանական սիրո մասին», «Սերը Միացյալ նահանգներում» և այլ ենթագլուխներ, խոսում է սիրո դրսևորման ազգային ձևերի մասին: Ռուս փիլիսոփա, բանասիրական գիտությունների դոկտոր, մշակութաբան և էսթետ Գաչևը գտնում էր, որ գոյություն ունի այսպես ասած` «ազգային տիեզերք» (национальный космос), որն, ըստ էության, ազգային աշխարհընկալումն ու տրամաբանությունն է, որն արտահայտվում է գրեթե բոլոր հարցերում: Ըստ ամենայնի` այս «ազգային տիեզերք» ասվածն ավելի վառ արտահայտված է կամ որ ավելի ճիշտ է` առաջնային պլան մղված է հատկապես այն ազգերի պարագայում, որոնք ազգապահպանման խնդիր են ունեցել: Հետևաբար, զարմանալի չէ, որ հայերի մոտ հատկապես ընդգծված է ամեն բան փոքր-ինչ յուրովի, ավելի հայեցի ընկալելու ներքին մղումը: Ահա միայն այս հայկականացված մթնոլորտում է, որ հասցեատիրոջ փոխարեն դեպի ներս ուղղված բարկության ինչպիսին լինելը ոչ միայն հասկանալի է դառնում ու տարօրինակ չի թվում, այլև անգամ ինչ-որ տեղ արդարացվում է. «Այս վերջինիս պես բարկությունը, իմ կարծիքով, պիտի առաջանար հորս նման մարդկանց մոտ, որոնց համար նախնիների սպանդը (առասպելների նույն շարքից` սրբացված) այնպիսի վիշտ ու մորմոք էր, որ չէին կարողանում դեմքով շրջվել դեպի այն»: Ազգային բովանդակությունը դուրս է գալիս օտարադավ մտածողությունից և տեղակայվում համապատասխան միջավայրում: Եվ հենց դրա շնորհիվ է, փաստորեն, վերջապես որդու համար լուծվում է հոր հանելուկը և հայրն անմիջապես հարազատ է դառնում, նախկինում եղած սառնությունն ու օտարությունը հոդս են ցնդում: Սարոյանի հետ հանդիպմանը որդի Առլենը հարցնում է հոր մասին, թե ինչու վերջինս հայերի մասին որևէ լուրջ բան չի գրել: Այս հարցը նրան միշտ է տանջել: Հայաստանում ի վերջո հասկանում է նաև դա: Ռ. Ուելլեքի և Օ. Ուորրենի «Գրականության տեսություն» գրքում կարելի է հետևյալ միտքը գտնել. «Արվեստի գործը կարող է ավելի շուտ մարմնավորել հեղինակի «երազանքը», քան նրա բուն կյանքը, կամ այն կարող է «դիմակ» լինել, «հակա-ես», որի հետևում թաքնված է իր իսկ անձը կամ այն կարող է լինել կյանքի պատկերը, ինչից հեղինակը ձգտում է փախչել» (էջ 106): Համաշխարհային հռչակ վայելող անգլիացի հեղինակի հիանալի գրականությունն իրականում «հակա-ես» էր, որը որդու համար մինչև վերջ բացվեց միայն նրա իրական ես-ը ճանաչելուց հետո: Միայն այդ բանից հետո նաև հնարավոր դարձավ թափանցել Սարգիսի` այդ կամավոր բարեկամի հորդոր-հրամանի բուն իմաստի մեջ. «Քո հայրը հայ էր…. Պիտի հարգես հորդ»: Բառային ձևակերպմամբ նյութականացած և այլևս իրացված այս բանաձևն էր սակայն ի սկզբանե առաջմղիչ դեր կատարում` հասցնելով Առլենին Հայաստան: Կիսով չափ այս հայը (մայրը հույն էր), ով նույնիսկ հայերեն չգիտեր (հայտնի բան է, որ լեզուն է ձևավորում կրողի մտածողությունը), փնտրում էր իր արմատները` ներքին գենետիկական հիշողության դոմինանտ նախասկզբի ակունքներում: Հիշողության այս ձևն ամենազորեղն է և Մայքլ Առլենին անվրեպ տանում է դեպի այն կետը, որին կապվում են ամենանախնական հուշերը` դեպի Արարատը. «Մտածեցի, թե որքան երկար ու ոլորապտույտ է եղել բոլորիս այստեղ բերող ճանապարհը»: Ըստ Գաչևի` «պատմությունը յուրաքանչյուր աշխարհի, յուրաքանչյուր ազգի և մարդու ճակատագրի ու ազատության միջև է»: Անձնական ու ազգային պատմության համակցմամբ, ճակատագրի մեջ ազատ լինելու բարդ խնդրի իրականացմամբ միայն հնարավոր է դառնում ևս մեկ հայի`Մայքլ Առլեն որդու վերադարձը, որին մերժման կեղևի միջից ողջ կյանքի ընթացքում սպասել է նաև հայրը: Ի վերջո չկան անառակ որդիներ, կան միայն վերադարձի ճամփին մոլորված որդիներ: