—Կներեք, ի սեր Աստծո, մի հարց․ կկարողանայի՞ք սիրել առանց ականջ տղամարդու։
Չնայած անծանոթի ձայնալարերի ելևէջների ակնհայտ բարյացակամությանը և տեղին գործնականությանը, Լիդոչկան թաքնված դավ կասկածեց և նախընտրեց անբարեհամբույր կերպով մռլտալ․
—Հանգի՛ստ թողեք ։
—Դե լավ, այլ կերպ ձևակերպենք․ արդյո՞ք ամուսնության համար Ձեր ընտրյալի մոտ ականջների առկայությունը պարտադիր պայման է։
Լիդոչկան հպարտորեն հետ գցեց գլուխը՝ հեծանիվի ղեկի պես թեքված ճակատով:
—Դուք կանգնել եք իմ ճանապարհին։
—Պատասխանե՛ք, այո՞, թե՞ ոչ,- կեղծ քմահաճությամբ պահանջեց անծանոթը։
Լիդոչկան զգաստացրեց անամոթին սառցե արհամարանքով լի հայացքով։
—Այո, իմ ընտրյալը պետք է ականջներ ունենա։ Իսկ հիմա, թույլ տվեք անցնել։
—Այսպես ո՞նց կլինի, հենց նոր պարզվեց, որ ես Ձեր ճաշակով եմ… – անծանոթը վճռականորեն հանեց կապիշոնը։ Լիդոչկան ճչաց և շփոթված ժպտաց։ Աչքերի առաջ երևացին բավականին բարետես, ոչ այնքան ցցված ականջներ։
Անծանոթը հարգալից կերպով վերցրեց պայուսակը Լիդոչկայի ձեռքից․
—Եթե դեմ չեք, Ձեզ կճանապարհեմ…
—Դեմ չեմ,- խրոխտ պատասխանեց Լիդոչկան։
—Չասացիք՝ ինչ է Ձեր անունը…
—Լիդա, և կարելի է «դու»-ով։—Նա սարսափեց սեփական սանձարձակությունից։
—Իսկ դու կձանձրանաս ինձ հետ․ ես այնքան հնաոճ եմ, ոչ մի տեղ չեմ գնում,— խոստովանեց Լիդոչկան սեթևեթանքից դողացող ձայնով։ Ծանոթության առաջին քայլերից նա բարձրաշխարհիկ ժպիտով զրպարտում էր գոյություն չունեցող ամուսնուն։
—Հեռացավ հրեուհու մոտ՝ ավելի լավ կյանքի հետևից։
—Նմանատիպ իրավիճակ։ Տղամարդը կարեկցաբար գլխով արեց, բայց մանրամասներ չներկայացրեց, միայն կրկնվեց։—Նմանատիպ իրավիճակ։
— Խե՜ղճս,—Լիդոչկայի մեջ վառվեց ընկերակցի մազերը գզզելու խաղային միտքը, բայց վրիպեց և ճնկացրեց ականջով, ինչպես լարերով։ Ականջը թեքված միզարանի ձև ստացավ։ Մտածելով թե հալուցինացիայի մեջ է՝ Լիդոչկան երկու մատով բռնեց ականջը։ Կպչուն ճոպաններ ձգվեցին, կտրվեցին ու գնդիկվեցին։
«Թքած-կպցրած էր»,- հասկացավ Լիդոչկան։
Անծանոթը դավադրական աչքով արեց և լռելու հրավիրելով՝ ասաց․
—Սո՛ւս,- կտրուկ դեն նետեց պայուսակը և փախուստի դիմեց։
—Օգնեցե՜ք,- ուշքի եկավ Լիդոչկան, և փողոցը լարված ուշադրությամբ քարացավ։ Քաղաքացիներից մեկը նետվեց փախչողի հետևից։
—Բռնի՛ր, բռնի՛ր նրան,— բարակ ձայնով ծղրտաց աղջիկը, մինչև հետապնդողն անհետացավ մոտակա շրջադարձի հետևում։ Այդժամ Լիդոչկան կտրեց ձայնը և վազեց դեպի տուն։
Մուտքի դուռը բացելով՝ նա բացահայտեց, որ ձեռքում դեռ ամուր սեղմել է չարաբաստիկ ականջը։ Նողկանքից դողդղալով՝ Լիդոչկան նետեց այն զուգարանի մեջ, հետո սկսեց հեծկլտալ։ «Ինչո՞ւ եմ այսքան անհաջողակ»,- ցնցվեց անկողնում։ Նա մտածեց, թե օրը չստացված էր դեռ ճաշի ընդմիջումից, երբ ամբողջ դերձականոցով խաղում էին՝ «Ո՞ր ազգանունով տղամարդու հետ արժե ամուսնանալ»։ Չար ձևողներ Լյուսկան և Կատյան Լիդոչկային ամուսնացրեցին Քաղցրամեղրովիչի հետ՝ ենթադրաբար փոքրահասակ, գեր, ճաղատացող կնամոլ մատակարարի հետ…
Լիդոչկան գլխում պտտեց հիմար երեկոյի իրադարձությունները։ «Եվ որտեղի՞ց էր նա ականջ գտել, երևի հիվանդանոցից էր ցրել»,- ենթադրեց Լիդոչկան՝ որսալով ինքն իրեն այն մտքի վրա, որ նույնիսկ չէր մտածել ականջը պրոթեզ անվանել։
«Ինչո՞ւ որոշեցի, որ ականջն իսկական է»։ Պատասխանը գտնվեց միանգամից․«Դե, որովհետև այն տաք էր»։ Տաք էր, երբ այն պոկվեց, և երբ տանում էր ձեռքին։ Լիդոչկան հիշեց, թե ինչպես է ազատվել ականջից և գնաց մի անգամ էլ տեսնի այն։
Հախճապակու վրայով ծորացող ջրային ժապավենը թույլ հոսանք էր ստեղծել, և ականջը պտտվում էր թղթե նավակի նման։ Լիդոչկային արցունքներից հետո թվաց, թե ականջի՝ ջրի մեջ ընկղմված ծայրերը թեթևակի շարժվում են, բայց նա արագ հասկացավ, որ դա բեկված լույսի խաղն է։
Երկար նայելուց հետո Լիդոչկան մռայլ սեղմեց լծակը։ Մի քանի լիտրանոց ջրվեժ գահավիժեց ականջի վրա, պտտեց այն, ձգեց խողովակի մեջ, բայց այն ինչ-որ անհասկանալի կերպով նորից ջրի երես դուրս եկավ։ Լիդոչկան սպասեց մինչև բաքը լցվի և նորից սեղմեց։ Ջուրն ականջը կողքի գցեց, տարավ դեպի խորքը, բայց ականջը դուրս լողաց ջրապտույտից՝ պտտվելով, ինչպես բադիկը սառցանցքի մեջ։
Լիդոչկան փակեց զուգարանի կափարիչը, բաց թողեց ջուրը երրորդ անգամ։ Նայել՝ մնացել էր արդյոք ականջը, նա չհամարձակվեց։ Այդ անխորտակելիությունը նրան վախեցնում էր և տագնապ առաջացնում։
Գիշերը Լիդոչկան արթնացավ։ Երազի մեջ նա մանկան հեռավոր լացի ձայն էր լսում։ Հարթմնի հնչում էր սովորական քաղաքային լռություն, բացի միայն կտուրի տակ կատաղած կատուների ձայնից։
Լիդոչկան նեղություն զգաց միզապարկում և հասկացավ արթնանալու պատճառը։ Զուգարան նա գնաց վախվխելով։
Վատագույն ենթադրություններներն արդարացան։ Ականջը չէր սուզվել։ Այն պարզապես մի քիչ ավելի էր ընկղմվել ջրի մեջ, կարծես լցվել էր և ծանրացել։
Կանգնած միզել Լիդոչկան չգիտեր, իսկ նստել վախենում էր։ Նա պատկերացնում էր, որ ականջը կարող է դուրս թռչել ու կծել։ Մի անգամ, շատ վաղուց, դատարկ աղբամանի մեջ մուկ էր ընկել։ Դաժան հետաքրքրությունից Լիդոչկան դույլը դատարկեց զուգարանի մեջ։ Գազանիկը խիզախորեն պայքարում էր կյանքի համար, բայց սայթաքուն պատերը թույլ չէին տալիս դուրս գալ։ Լիդոչկան բռնեց նրան տափակաբերան աքցանով և բաց թողեց…
Նա գնաց փայտե գդալի հետևից, որով վերանորոգման ժամանակ խառնում էր ներկը, և դրանով դուրս բերեց ականջը, ինչպես որ սոխն էր ապուրի միջից հանում։ Թե՞ Լիդոչկայի ձեռքը դողաց, թե՞ գդալն էր փոքրիկ, ականջը միջանցքում ընկավ գետնին։ Ճլմփոցով չպպաց լինոլեումի վրա, հետո էլի ու էլի… Ականջը թպրտում էր, ինչպես կենդանի ձուկը։
Լիդոչկան վախից թուլացավ։ Նրա սեփական ականջներն այնպես էին փակվել, կարծես ինքնաթիռով թռչելիս լիներ, իսկ հիշողության մեջ խրվել էր աղավաղված մանկական ոտանավոր․ «Ականջիկը, ականջիկը, ինչպես գորտիկ ղորտղորտիկը, թռչկոտելով փախավ ինձնից …»։
Նա կախարդված հետևում էր ականջին, որ թպրտալով հասել էր խոհանոցի մարտկոցի տակ։ Լիդոչկայի մարմինը դող ընկավ։ Նրա ձայնային ընկալումը բաժանվեց երկու շերտի։ Սովորականը՝ արտաքնայինը, հաստատ վնասված էր, բայց երկրորդը՝ ներքին շերտը, հստակ որսում էր տանջալի հևոցներ՝ խառնված հեծկլոցի հետ։
Հանկարծ զանգեց հեռախոսը, Լիդոչական նույնիսկ չհասկացավ, որ լսել է զանգը ներքին լսողությամբ։ Դրսից հեռախոսը լռել էր, քանի որ այդ պահին աշխատում էր ոչ մարդկային ակուստիկ հաճախականությամբ։
Այնուամենայնիվ դա Լիդոչկայի համար իսկական հոգեբանական փրկություն էր, բնականոն կյանքի դրսևորում, թեկուզ և գիշերվա երեքին։ Լիդոչկան վերցրեց հեռախոսը։ Հարյուրավոր անհասկանալի երկխոսություններ, աղմուկ և ռադիոխանգարումներ էին սուրում նրա վրա, նրանց միջից հազիվ լսվում էր ինչ-որ մեկին կանչող միայնակ ձայն։
-Վերադարձրու այն, վերադարձրու։
Լիդոչկան վախեցած շպրտեց հեռախոսը և միանգամից անդրադարձավ լացող ականջի իմպուլսներին։ Նրա մտքով անցավ, որ այն հեշտությամբ կցատկի իր անկողնու մեջ՝ տաքանալու։ Ականջը պտույտ էր գալիս փոշոտ անկյունում, աղմկոտ շնչում էր՝ կուլ տալով անտեսանելի արցունքները։ Լիդոչկան զգուշությամբ չորեքթաթ սողաց ականջի մոտ։ «Ասենք, ատամներ նա չունի»,- հանգստացնում էր ինքն իրեն։ Մոտեցրեց դեմքը ականջին և վերծանեց իրեն անծանոթ բառերով ձևակերպված բողոքները։
Լիդոչկան խղճահարության նման մի բան զգաց։ Ականջը ցնցվում էր ցրտից, մի քանի անգամ փռշտաց և հազաց։ Այն ակնհայտորեն ավելի տաք տեղի կարիք ուներ։ Լիդոչկան վերցրեց գդալը և փորձեց տակից բարձրացնել ականջը, բայց ոչինչ չէր ստացվում․ նա միայն քաշ էր տալիս այն փոշու մեջ, պատահաբար ճզմեց բլթակը այնպես, որ ականջը ճչաց։ Նա չդիմացավ փոքրիկ արարածի տանջանքներին և բարձրացրեց ձեռքով, մաքրեց այն փոշուց և ուշադիր զննեց։ Ականջի հակառակ մասը կատարյալ հարթ էր, առանց սպիների…
Լիդոչկան բանկան ներսից պատեց բամաբակով և այնտեղ դրեց ականջը, իսկ հետո նստեց՝ հետևելու նրան։ Սարսռացող և ուժասպառ ականջն արագ հանդարտվեց։ Լիդոչկան հանգիստ սրտով միզեց և պառկեց քնելու։
Առավոտյան զարթուցիչը չէր, որ նրան արթնացրեց․ դեռ մի ժամից ավել կար, որ վեր կենա։ Ականջը լալիս էր ու կանչում։ Այն փոխել էր գույնը․ երեկվա բաց վարդագույնից դարձել էր մորեգույն։ Լիդոչկան շոշափեց այն։ Պարզապես այրվում էր․ նրա ջերմությունն էր բարձրացել, ականջի անցուղու շրջակայքում հայտնվել էր ականջաթթվի առատ արտազատուկ։ Զուգարանում անց կացրած կես գիշերն անհետևանք չմնաց՝ այն մրսել էր։ Լիդոչկան չգիտեր էլ ինչ աներ․ բանկան ավելի տաքացրեց՝ բամբակ ավելացնելով, մաքրեց ականջը բորաթթվով։
Պահարանից գտավ հատուկ լամպ և կապույտ լույսով տաքացրեց ականջին։ Այնպես էր տարվել, որ քիչ էր մնում աշխատանքից ուշանար։
Նախկին տիրոջ հետ հանդիպումից վախենալով՝ Լիդոչկան մեքենա նստեց։
Դերձականոց մտավ գերհուզված ինչպես մի երեխա, որ փիսիկին տուն էր բերել, և ծնողները թույլ էին տվել պահել։
Խորհրդավոր ականջից բացի Լիդոչկան ուրիշ ոչ մի բանի մասին չէր կարողանում մտածել։ Նա հիշում էր անօգնական մարմնի տաքությունը, երախտապարտության զգացողությունն իր՝ Լիդոչկայի խնամքի համար և երջանիկ կուչ էր գալիս։
Երբեմն երևակայությունը պատկերում էր սարսափելի անծանոթի դեմքը, և այդժամ Լիդոչկան ցնցվում էր։
Ճաշի ընդմիջման ժամանակ, երբ Լիդոչկան հետևում էր ծամող երախներին, տագնապալի միտք խոցեց նրան․ չէր կերակրել ականջին։ Դե ինչպե՞ս, եթե այն բերան չունի։ Եվ ինչո՞վ նրան կերակրել։ Նա հազիվ դիմացավ մինչև աշխատանքային օրվա վերջ և սուրաց տուն։ Ականջից առատորեն ականջածծումբ էր արտազատվել։ Վիճակն ավելի էր վատացել։ Այն չէր արձագանքում Լիդոչկային, միայն ժամանակ առ ժամանակ ցածր հևում էր։
Համենայն դեպս, Լիդոչկան ափսեի մեջ տաք կաթ լցրեց և ականջին դրեց ծայրին։ Ականջը չդիպավ կաթին։ Կեսգիշերին մոտ ցնցվեց անձայն հեռախոսը։
—Ես քեզ կգտնեմ, ես գրեթե գտել եմ քեզ,- ոռնաց տարածության մեջ լղոզված ձայնը՝ խորտակվելով էլեկտրաաղմուկի մեջ։
Նախկինում երբեք Լիդոչկան այսպիսի անքուն գիշեր չէր ունեցել։ Նա պարբերաբար անկողնուց դուրս էր թռչում և վազում նայելու՝ ինչ է եղել ականջին։ Ականջը միայն խզխզացնում էր, ամեն տեսակ ձեռնածությունների թույլ արձագանք էր տալիս։ Լիդոչկան փոխ առ փոխ մեկ բորաթթու էր կաթեցնում նրա մեջ, մեկ կաթ։
Առավոտյան Լիդոչկան աշխատանքի չգնաց, թույլատվություն խնդրեց՝ կարիերան ռիսկի տակ դնելով։ Ներքին զգացողությունը հուշում էր, որ եթե ականջի հետ մի բան պատահի, ընդհանրապես ոչ մի կարիերա էլ չի լինի։
Բժշկական տեղեկատուի մեջ թերթեց ականջի հիվանդությունների բաժինը։ Որպես վերջին միջոց՝ պատրաստվում էր մանրացնել հակաբիոտիկի հաբ և փոշին լցնել ականջի մեջ կամ ավելի լավ է՝ ներարկել։ Իր մոտ Լիդոչկան ոչ մի համապատասխան բան չգտավ, իսկ դեղատուն գնալ չէր համարձակվում․ անծանոթը կարող է թափառելիս լիներ մոտակայքում։
Լիդոչկան երկու հարկ իջավ հարևանի մոտ։ Նրա հարսը բուժակուհի էր, և բացի այդ էլ, վերջերս նրանց թոռնիկ էր ծնվել ու Լիդոչկան հույս ուներ, որ նրանք մանկական դեղորայք ունեն։ Միայն մի փոքրիկ ամպուլա գտնվեց։ Հարևանը խոստացավ երեկոյան մի ինչ-որ բան էլ հասցնել, երբ հարսը հիվանդանոցից վերադառնա։
Քառորդ խորանարդ ներարկումից ականջն այտուցվեց։ Այն դարձավ մանուշակագույն և գրեթե կենդանության նշաններ չէր տալիս։ Մի քանի ժամից կապտությունն անցավ, և ականջը սադափե երանգ ստացավ։ Լիդոչկային թվաց, թե ականջի վիճակը թեթևացավ, քանի որ հևոցները դադարեցին։ Նա պառկեց ննջելու և արթնացավ ուշ երեկոյան։ Միանգամից թռավ սեղանի մոտ և դիպավ ականջին։ Այն սառն ու փայտացած էր։
«Սատկեց,- հասկացավ Լիդոչկան,- լավ չհսկեցի…»,- և սարսափելի կանխազգացումները կաշկանդել էին նրա ոգին։ Ականջի դիակիկը բամբակի վրա, լամպի կանաչավուն լույսը, պատուհանի հետևում տեղացող մանր ձյունը նրան խելագարեցնում էին: Լսվեց լիֆտի ճռնչյունը, որ կանգնեց նրա հարկում։ Դռան զանգը հնչեցրին, և Լիդոչկան շունչ քաշեց:
– Հարևանուհին անտեղի բերեց դեղը։
Լիդոչկան բացեց դուռը և սաստիկ նվաղեց։ Շեմքին կանգնել էր ականջի զարհուրելի տերը։ Գլուխը ծածկված էր սև կապիշոնով, որի տակից նայում էր կապույտ դեմքը։ Նա իր հետևից փակեց դուռը, և Լիդոչկան վախից կծկվեց։ Նա քայլեց դեպի սենյակ, Լիդոչկան, սողալով նրա հետևից, ձեռքը վերցրեց մեռած ականջը և նայեց Լիդոչկային։
Նրա աչքերից անսահման չարություն էր ճառագում։ Դիմագծերն այլայլվեցին, իսկ կոկորդից արյունալի կլկլոց եկավ։ Նա ձգվեց դեպի Լիդոչկան։
Նա աղեկտուր բղավեց ներքին ճիչով, այնքան բարձր, որ եթե իրականում հնչեր, իրարանցում կառաջացներ ողջ միկրոշրջանում։ Իր իսկ ճիչը ճաքեցրեց Լիդոչկայի սիրտը, և նա մի ակնթարթ մեռավ։ Հետո նորից կենդանացավ։ Նախկին Լիդոչկան, Մեծ Լիդոչկան, անշունչ ընկած էր։ Նոր Լիդոչկան, Փոքրիկ Լիդոչկան ոչ ձեռք ուներ, ոչ ոտք, ոչ աչք, ոչ ստամոքս, ոչ սիրտ։ Միայն կորացած, լցոնով կարկանդակի նման, հարթ մարմնիկ՝ ներս ընկած ծայրերով, մեջտեղում կոպեկանոցի չափ ձագարափոսով և փափուկ լողաթևային հենամասով, ոսկյա կեռով ծակված։ Նոր ընկալումների աշխարհ բացվեց Լիդոչկային, բայց նախքան հնի մոռացվելը, նա, գիտակցելով՝ ինչ է կատարվել իր հետ, վերջում սարսափելի մարդկային անեծք թափեց։ Ապա Լիդոչկայի մտքերն այլ ընթացք ստացան, իր նոր բնույթին համապատասխանող։
Մարդը բարձրացրեց դիակը՝ գլխից բռնելով, և կտրուկ շարժումով, որով մարգից հանում են գազարը, պոկեց ականջը գանգից։ Կապիշոնը հետ գցելով՝ մարդը կիսադարձ կանգնեց հայելու առաջ։ Մի առ ժամանակ նա զննում էր տեղը, որտեղ բացակայում էր նրա ականջը, հետո խնչեց մատի վրա, քսեց մաշկային դատարկությանը և չափումներ անելով՝ հմտորեն նստեցրեց ականջը։ Մի քանի րոպե պահեց ձեռքով, մինչև այն կպավ։ Այդ ժամանակ մարդը հագավ կապիշոնը, անցավ Լիդոչկայի մահացած մարմնի վրայով և գնաց անհայտ ուղղությամբ։
Թարգմանությունը ռուսերենից Նոննա Արզումանյանի