***
Եթե պարանոցդ մոմ չբուրեր,
ես՝ անհավատս,
եկեղեցիներում չէի լուսացնի:
***
Վազեցինք դեպի մետրո:
ես գնացի,
դու չեկար:
միշտ այդպես է.
ես գնում եմ,
դու չես գալիս:
***
Սուրճի բաժակը
էլ չեմ շրջում.
մրուրը մրուր էլ կմնա:
***
Ինչ-որ մարդիկ
վերանորոգել են
այգու փոշոտ ու կոտրված նստարանը.
անիծյալներ.
ես դեռ հույս ունեի:
***
Արևը նորից լապտերների ստվերներ ծնեց ասֆալտին ու…
մեռավ.
էլի մի մայրամուտ առանց քեզ.
թքած.
հիմա էլեկտրական լապտերները կվառվեն:
***
Դու էիր հմուտ հեքիաթասաց,
թե ես էի միամիտ երեխա,
չգիտեմ.
բայց քո հեքիաթներից ներշնչված՝
դրամաներ եմ գրում:
***
– Իսկ ինչու՞ ինձ չպահեցիր կողքիդ…
հարյուրերորդ անգամ կրկնեցի
անպատասխան հարցս:
գիտեմ, սերս,
դու հարյուրմեկերորդին էիր սպասում:
***
Մոխրագույն քաղաքը
վարդագույն տուֆ է խնկում,
ու արձագանքը խեղդվում է
մեծ ժամացույցի սլաքների արանքում:
Հոգեբուժարանի մուտքն ազատ է,
զսպաշապիկները չեն հերիքում:
Տուֆ խնկացող քաղաքում մարդիկ չեն ապրում:
***
Պանդոկի անմաքուր պատուհանի տակ
մլավող կատուն կիթառ է նվագում
մի գավաթ գինու մասին:
Մարդիկ կան, որ մլավելով էլ մնացին:
***
Ես արևածաղկի դաշտեր խնդրեցի,
դու Վան Գոգից մի ծռմռված արտանկար նվիրեցիր
ու ես…
նրան սիրահարվեցի:
***
Մասուրի գույնով ներկված հորիզոնից այն կողմ
մի նկարիչ մեջքով նստել է ինձ
ու դիմանկարում է:
Մի բաժակ մասուրի հյութից արև եմ քամում,
որ քաղաքի ծաղկանոցները ջրեմ.
իմ յասամանը հնգաթերթ է:
***
Ոչ օրորոց ենք գնել միասին,
ոչ էլ դրամատուփ ենք ունեցել
նվագարկիչ գնելու համար:
Չեմ հիշում նույնիսկ՝ որտեղ թողեցինք
մեր ննջասենյակի համար չգնած լուսամփոփը
և Թագորի «Պարտիզպան»-ը:
***
Ջութակ նվագել չիմացողի պես
մնացիր ականջներումս,
ու ես թռուցիկներ եմ բաժանում քաղաքում
այն երաժիշտի համերգի համար,
որ ջութակ նվագել չգիտի: