Չինական ժամանակակից պոեզիա

Յու Սյոուհուա

Կտրում անցնում եմ Չինաստանի մեծ մասը, որ քնեմ քեզ հետ

Ըստ էության՝ նույնն է, ես եմ քնում քեզ հետ, թե դու՝ ինձ հետ, պարզապես
զույգ մարմինների բախման ուժ է
պարզապես ուժ է, որով բացվում է ծաղիկը
պարզապես գարուն է՝ այդ ծաղկի ստեղծած. ու մեզ սխալմամբ թվում է, թե վերսկսվել է կյանքը։

Չինաստանի զգալի մասում ինչ ասես, որ չի կատարվում. ժայթքում են հրաբուխները, գետերն են ցամաքում
բազմաթիվ քաղբանտարկյալներ և փախստականներ անտեսված են
շուրջբոլորը եղջերուներ ու կռունկներ են
կրակի տակ. անհամար փողեր՝ ուղղված նրանց մարմիններին

ես գալիս եմ կրակոցների միջով, որ քնեմ քեզ հետ
ես անթիվ գիշերներ ձգտում եմ մի այգաբացի, որ քնեմ քեզ հետ
ես անհամար իմ «ես»-երից փախչում, մի «ես» եմ դառնում, որ քնեմ քեզ հետ։
Անշուշտ, թիթեռները մոլորեցնելու են ինձ
ու կորցնելու եմ ուղիս
որպես գարուն եմ ընդունելու գովասանքները
հարազատ համարելու
գյուղը, որ նման է Հընտիենին,
սակայն այս ամենն
անհրաժեշտ են, որ ես գիշերեմ քո գրկում։

 

Սի Մուրոն

Ծաղկած ծառը

Ի՞նչ կարող եմ անել
որ հանդիպես ինձ
կյանքիս ամենագեղեցիկ պահին…

ես Բուդդային աղոթեցի հինգ հարյուր տարի
խնդրեցի Բուդդային, որ մեր ճանապարհները հատվեն

Բուդդան ինձ դարձրեց ծառ,
որ աճեմ այն փողոցի մոտ, որով պիտի անցնես

ծաղիկներս զգուշորեն ծաղկել են
արևի տակ
ամեն ծաղիկը հույսն է նախորդ կյանքիս

Երբ կանցնես իմ կողքով
ուշադիր լսիր
դողացող տերևներին.
սպասմանս տենչն է

երբ անտարբեր անցնես իմ կողքով
ետևում թողնես ինձ
ընկե՛ր
այդ ծաղկաթերթերը չեն, որ թափվում են.
իմ թոշնած սիրտն է:

 

Այ Ցին

Հույս

Երազի ընկեր
Պատրանքի քույր…
Քո ստվերն է, որ
առաջնորդում է քեզ։
Անբաժանելի ինչպես
լույսը,
Անհանգիստ ինչպես քամին։

Նրա և քո միջև
ձգվող տարածություն կա միշտ.
Ինչպես պատուհանից այն կողմ թռչող թռչնի,
Ինչպես երկնքում լողացող ամպերի
միջև։

Գետափի թիթեռների պես
խորամանկ և գեղեցիկ։
Թե կանգնում ես, հեռու է թռչում,
Դարձյալ մոտենում, երբ
անտարբեր ես։

Նա միշտ ուղեկցում է քեզ
Մինչ դու կդադարես շնչել։

 

Սի Մուրոն

Դերասանը

Խնդրում եմ քեզ, չհավատաս գեղեցկությանս
Չհավատաս իմ սիրուն.
Շպարի տակ
Ունեցածս դերասանի սիրտ է
Ուրեմն, հազար անգամ խնդրում եմ, չհավատաս իմ տառապանքին
Ու թող ներկայացումն իմ չկոտրի սիրտդ,
Սիրելի ընկեր, այս կյանքում
Ես պարզապես մի դերասան եմ.
Որ այլոց պատմությունների մեջ միշտ
Թողնում է իր արցունքի կաթիլը։

 

Կու Չըն

Հեռու ու մոտիկ

Դու
Մի պահ հայացք ես գցում ինձ
Մի պահ հայացք ես գցում ամպերին
Ու ես մտածում եմ
Ինչ հեռու ես, երբ ինձ ես նայում
Ինչ մոտ, երբ նայում ես ամպերին։

 

Լին Հուեյին

Դու աշխարհի ապրիլն ես
Ձոն սիրուն

Դու աշխարհի ապրիլն ես,
Ծիծաղդ տարածվել է չորս կողմի քամիների մեջ՝
Թեթև
Փոխել գարունն ու լցրել գույներով։

Դու վաղ ապրիլյան երկնքի ամպերն ես
Մթնշաղին փչող մեղմ հովիկ,
Աստղերը, որ առկայծում են երկնքում,
Անձրևի կաթիլները, որ ցողվում են ծաղիկների վրա։

Այնքան նուրբ, այնքան նրբագեղ ես,
Գլխիդ երփներանգ ծաղկեթագ ես կրում
Դու՝ անմեղ ու վեհ,
Դու գիշերվա լիալուսին ես։

Ձյան վրա լույսի դեղին շղարշը քեզ է նման
Նորաբողբոջ կանաչը, դու ես՝
Փափուկ
Ջրի բերած ճերմակ ջրաշուշանն ես, որի մասին ինքդ ես երազում։

Դու ամեն ծառի ծաղկունքն ես,
Բակլաների միջև շշուկը
Դու սեր ես, ջերմություն ու հույս,
Դու աշխարհի ապրիլն ես։

Թարգմանությունը չինարենից՝ Գոհար Աթիկյանի

Խմբագրեց Գևորգ Համբարձումյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *