Իվան Բունին | Մոպասանի մահը

Մոպասանը վախճանվել է երեսունհինգ տարի առաջ Փարիզում՝ դոկտոր Բլանշի հիվանդանոցում։ Այդ մահը և դրան նախորդող ամեն բան անչափ հուզել է տվյալ ժամանակաշրջանի գրական և բարձրաշխարհիկ հասարակությանը։ Հուզել է հիմնականում այն պատճառով, որ հանրահայտ գրողի հիվանդության հանգամանքները հույժ գաղտնի էին պահվում։

Հազարավոր հերյուրանքներ էին պատմում։ Մոպասանին վաղուց խելագար էին հռչակել մինչև նրա այդպիսին դառնալը։ Նույնիսկ Ռիվիերայում, ուր նրան բժիշկներն էին ուղարկել, Մոպասանը ստանում է լրագրերի կտրոններ, որտեղ ասվում էր իբր արդեն հոգեբուժարանում է։ Լուրեր էին տարածվում, թե կանանց այդ «կուռքը», «կյանքի երջանկության երգիչը» կատարյալ աննորմալ վիճակում է, իր խցի պատերն է լիզում։ Այնուհետև բոլոր հնարավոր միջոցներով փորձում էին նրա մոտ հիվանդանոց մուտք գործել։

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ Ինչպե՞ս է անցկացրել կյանքի վերջին տարին իր դարաշրջանի «իդեալի մարմնացումը», ինչպես շատերն էին նրան անվանում։ Ո՞րն էր նրա խորհրդավոր խելագարությունը։ Որտեղի՞ց կարող էր այդ ուժեղ, կենսուրախ մարդու, անդադրում մարզիկի և համառ սիրեկանի մոտ նման բան ի հայտ գալ։ Մոպասանի մասին իր նոր գրքում, նրա վերջին օրերի գաղտնիքն առաջին անգամ բացահայտում է Ժորժ Նորմանդին։

Ըստ Նորմանդի, Մոպասանի մայրը՝ Լոռա դը Մոպասանը, արժանի է կիսելու որդու փառքը, քանի որ հենց նա է դաստիարակել և որդու մեջ զարգացրել հրաշալի ունակություններ ու սերը գրականության հանդեպ։ Մոպասանի մայրն ամբողջ կյանքում տառապել է այն ժամանակ ոչ այնքան հայտնի խորհրդավոր մի հիվանդությամբ, որն այսօր կոչվում է բազեդովյան։ Հիվանդության ախտանիշներն արտահայտվում են սրտի, աչքերի, պարանոցի մեծացմամբ և հայացքը դարձնում պսպղուն ու անշարժ, իսկ դեմքի արտահայտությունը՝ «ողբերգական»։ Այդ հիվանդությունը նյարդային համակարգը դարձնում է անսովոր զգայուն, կաթվածահար անում դեմքի և աչքերի մկանները, հիվանդին դարձնում դյուրագրգիռ, անկարող նույն վայրում երկար մնալու, ուժեղ գլխացավերի պատճառ դառնում, խախտում օրգանիզմի բոլոր կարևոր ֆունկցիաները։

Հոր՝ Գուստավ դը Մոպասանի մասին քիչ բան է հայտնի։ Վախճանվել է Սենտ-Մաքսիմում խորը ծերության հասակում, երբ արդեն անդամալույծ էր։ Մոպասանի եղբայրը՝ Էրվիենը, ուժերի և կյանքի ծաղկուն շրջանում անսպասելի հիվանդանում է (ծնողների համոզմամբ՝ արևահարումից) և մի քանի ամիս անց մահանում հոգեբուժարանում։ Այդ մահն ուժեղ ազդեցություն է թողնում Մոպասանի վրա. դոկտոր Բլանշի հիվանդանոցում զառանցելիս մշտապես վերադառնում է հանգուցյալ եղբորը, նրա գերեզմանին։

Մոր կողմից մնում է քեռին՝ Ալֆրեդ դը Պուատիենը, որի հետ Մոպասանի արտասովոր նմանությունը գրավում է բոլորի ուշադրությունը։ Նմանությունն այնքան մեծ է լինում, որ Ֆլոբերը գրում է նրա մորը՝ իր մանկության ընկերուհուն. «Չնայած մեր տարիքային տարբերությանը, ես որդուդ մեջ «ընկերոջ» եմ տեսնում։ Բացի այդ, նա ինձ այնքա՜ն է հիշեցնում իմ խեղճ Ալֆրեդին… Այդ նմանությունն ինձ երբեմն ցնցում է, հատկապես, երբ բանաստեղծություններ կարդալիս գլուխն իջեցնում է»։

Նորմանդին ավելին է ասում. «Ինչ-որ սարսափելի ճակատագիր է այն առումով, որ բացի նրանից, որ Ալֆրեդ դը Պուատիենի ոչ այնքան հայտնի կյանքը Մոպասանի փառավոր կյանքի ճշգրիտ ուրվագիծն է, այլև՝ արտաքնապես ապշեցուցիչ նմանություն ունի քեռու հետ»։ Ալֆրեդի կյանքը չափազանց ծանր և նյարդային է եղել։ Նա մշտապես ինքնավերլուծության, երկատման, անհավանական զգայունության, ծվատված ինքնասիրության ու ավելորդ հպարտության «հիանալի թերություններով» իր ամբողջ տոհմից տարբերվել է անկանոնությամբ, անչափավորությամբ, «տարաբնույթ էքսցեսներով», ծեծկռտուքով ու գինարբուքներով։ Այսպիսին է Մոպասանի ժառանգականությունը։

Հիվանդացե՞լ է արդյոք բազեդովյան հիվանդությամբ։

Այդ հարցը հաճախ է տրվել, սակայն բժիշկները որոշակի պատասխան չեն տալիս։ Մինչդեռ հայտնի է, որ չնայած արտաքուստ հիանալի առողջ տեսքին, արտակարգ դիմացկունությանն աշխատանքում և սպորտում, համառ՝ սիրո հարցում, արդեն երիտասարդ հասակում նա տառապում էր անհասկանալի գլխացավերով, անքնությամբ։ 1850 թվականից նրա մոտ ի հայտ էր եկել աչքերի հետ կապված տարօրինակ հիվանդություն՝ ակամայից դրդելով հիշել այն ժամանակները, երբ նրա մայրը բժիշկների կողմից դատապարտված էր ապրելու մթության մեջ, քանզի ամենաչնչին լույսն անգամ ստիպում էր նրան ցավից բղավել։ 1855 թվականին Մոպասանի աջ աչքն այլևս չի հանդուրժում րոպեական լարվածությունը, մարսողությունը զուգորդվում է մեջքի ուժեղ ցավերով, սրտի նյարդային բաբախյուններով, գլխի արյունալցմամբ։ Միգրենի նոպայի ժամանակ ձեռքերի մակերեսը, ինչպես և մեջքը կորցնում է զգայունությունը, և այս բոլորը դարձյալ շատ նման է Լոռա Մոպասանի հիվանդության որոշ դրսևորումներին։

Եվ ահա այդ հիասքանչ, արտաքուստ այնքան երջանիկ, իսկ իրականում՝ տանջալից կյանքը նպաստում է առողջության քայքայմանն ու կյանքի կրճատմանը՝ հանգեցնելով մահվան։

Մոպասանը Ռիվիերայում է՝ Կաննում, որտեղ նրան բժիշկներն են ուղարկել։ Ուժերը սպառվում են։ Իզուր է փորձում շարունակել «Angelus» վեպը, որին վիճակված չէ հիսուներորդ էջից առաջ անցնել։ Արդեն զգում է, որ «ուղեղը քիչ-քիչ դատարկվում է մտքերից, գլխից դուրս գալիս, ինչպես ջուրը մաղից…»։ Նրա հետ տարօրինակ բաներ են կատարվում. զբոսանքի դուրս գալու ժամանակ Գրասս տանող ճանապարհին՝ գերեզմանոցի մոտ, հանդիպում է ուրվականի, նախաճաշից հետո նրան թվում է, թե քիչ առաջ կերած ձուկը «թոքերում է և կարող է դրանից մահանալ…»։ Պայքարում է միտքն առավել հաճախ և թանձր պատած մշուշի հետ, փորձում է հանգստացնել Նիցցայում ապրող մորը, լուռ հանդուրժում ամեն կերպ՝ գրավոր ու բանավոր իրեն խելագար հռչակող ընկերների և թշնամիների արարքները, կտակ է գրում. «1891 թվականի դեկտեմբերի 31-ին արևը մայր է մտնում Էստերելի բացառիկ շքեղության ետևում»։

«Երբեք նման կախարդական տեսարան երկնքում չեմ տեսել», – մտախոհ ասում է Մոպասանը Ֆրանսուային՝ իր ծառային՝ հիանալով մայրամուտով։ Իսկական «արյուն է»…

Հաջորդ օրը վեր է կենում ժամը յոթին՝ պատրաստվելով առավոտվա գնացքով մեկնել մոր մոտ՝ Նիցցա։ Սակայն սափրվելու ընթացքում տարօրինակ տկարություն է զգում. նրան թվում է՝ աչքերն ինչ-որ բան փակում է։ Պատրաստ էր հրաժարվել ուղևորությունից, այդ մասին հայտնում է Ֆրանսուային, սակայն վերջինս հանգստացնում է նրան՝ պատրաստելով սովորական նախաճաշ՝ թեյից և երկու հավկիթից։ Նախաճաշից հետո նա իրեն ավելի լավ էր զգում, աչքի էր անցկացնում բազմաթիվ նամակներ ու փնթփնթում. «Ցանկություններ են, լոկ ցանկություններ…»։

Ծովայինների շնորհավորանքները «Բել Ամի»-ից նրան ավելի շատ են հուզում։ Գնում է նավաստիների մոտ, երկար ու ընկերաբար խոսում։ Ժամը տասին որոշում է մեկնել։

«Այլապես մայրս կմտածի հիվանդ եմ», – խորհում է Մոպասանը։

Մեկնում է Ֆրանսուայի հետ։ Ճանապարհին հայացքը չի կտրում կանաչաերկնագույն փայլկտուն ծովից, ի վերջո, ասում է. «Հիանալի եղանակ է զբոսանավով զբոսնելու համար»։

Մոր մոտ, նախաճաշելիս, ըստ Ֆրանսուայի, նա իրեն հանգիստ է զգում, ուտում է մեծ ախորժակով։ Տիկին Մոպասանն, ընդհակառակը, կարծում է, որ որդին շատ հուզված է։ Հանդիպելիս նա չափազանց մեծ խանդավառությամբ է գրկում մորը, նրա շնորհիվ տրամադրությունը սեղանի շուրջ փոքր-ինչ բարձր էր։ Սակայն, ըստ տիկին Մոպասանի, ընտանեկան բժշկի համոզմամբ, նա զառանցում է նախաճաշի ժամանակ, խոսում ինչ-որ իրադարձության շուրջ, որի մասին իբր «հաբ»-ն է իրեն նախազգուշացրել։ Նկատելով բոլորի զարմանքը, այնուամենայնիվ, հանկարծ սթափվում էր և մինչև նախաճաշի ավարտը տխուր նստում։

Ֆրանսուան պատմում է, որ ինքը տիրոջ հետ ժամը չորսին հանգիստ տուն է գնացել. տուն վերադառնալով Մոպասանը հագել է իր մետաքսե վերնաշապիկն իրեն ավելի ազատ զգալու համար և, ըստ երևույթին, գոհ, որ իր տանն է, մենակ է, սովորականի պես ընթրել է։

Տիկին Մոպասանն, ընդհակառակը, ասում է, որ որդին իր տանն է ճաշել, որի ընթացքում սարսափով նկատել է նրա զառանցելը։ Փորձել է որդուն համոզել պառկել անկողնում և իր տանը գիշերել, սակայն վերջինս պատասխանել է, որ անպայման պետք է Կաննում լինի։ Ի վերջո, մոռանալով սեփական հիվանդությունը, մայրը՝ որդու խենթ տեսքից ցնցված, գրկել է նրա ոտքերն ու աղերսել խնայել իր ծերությունը, չհեռանալ այդ վիճակում, մնալ… Չլսելով, հավանաբար չգիտակցելով՝ ով է իր հետ, իր տեսիլներով զբաղված՝ հրել է մորը և ինչ-որ բան փնթփնթալով, երերալով, հազիվ ոտքի վրա կանգնելով, դուրս է նետվել տնից ու անհետացել մթության մեջ…

Ինչևէ, նա վերջապես տանն է։ Ֆրանսուան նրան քնելուց առաջ երիցուկի թուրմ է բերում։ Մոպասանը գանգատվում է մեջքի ուժեղ ցավերից, նյարդերից։ Ֆրանսուան բանկաներ է դնում, և նա հանգստանում է։ Տասնմեկն անց կես նա արդեն անկողնում է։ Ֆրանսուան նկատելով, որ աչքերը փակել է, ոտքերի թաթերի վրա հեռանում է։ Սակայն շուտով դուռը զանգում են. ինչ-որ խորհրդավոր հեռագիր են բերում։ Ֆրանսուան, այնուամենայնիվ, որոշում է չանհանգստացնել խոր քնած տիրոջը։

Ժամը երկուսին տասնհինգ պակաս Ֆրանսուան տեղից վեր է ցատկում՝ արթնանալով Մոպասանի սենյակից լսվող սարսափելի աղմուկից։ Վազում է այնտեղ։ Մոպասանը գունատ, դողդոջուն ձեռքերով, արյունոտ կոկորդով շրջվում է դեպի Ֆրանսուան՝ ասելով.
— Տեսե՛ք, Ֆրանսուա, ինչ եմ արել. կոկորդս եմ կտրել։ Սա արդեն իսկական խելագարություն է։

Ֆրանսուան «Բել Ամի»-ի ծովայինների օգնությամբ նրան պառկեցնում է քնելու, ինչի համար մեծ ջանքեր են պահանջվում, այնուհետև բժիշկ է կանչում։ Իսկ դրանից մի քանի օր անց Կաննի կայարանի հարթակում հավաքված ամբոխը վավաշոտ հետաքրքրասիրությամբ ու սարսափով նայում է հազիվ ոտքի վրա կանգնած հայտնի գրողին, ում մի կողմից Ֆրանսուան էր օգնում, մյուսից՝ Փարիզի հիվանդանոցից ժամանած ծառայողը, և միմյանց շշուկով տեղեկացնում Մոպասանի վերարկուի տակ գտնվող զսպաշապիկի, ինչպես նաև այն մասին, որ նրան հոգեբուժարան են տանում։

Եվ ահա Մոպասանն արդեն դոկտոր Բլանշի հիվանդանոցում է՝ Պասսիում, Ռենուար փողոցից ոչ հեռու գտնվող այն տանը, որը հեղափոխության ժամանակ պատկանել է փարիզյան խաժամուժի մեջ սպանված հայտնի տիկին Լամբալին։

Մտնելով հոգեկան հիվանդների համար նախատեսված այդ տունը, որից միշտ այնքան վախենում էր և որն ամբողջ կյանքում նրան անհաղթահարելիորեն գրավել է, նա այլևս չի գիտակցում՝ որտեղ է ինքը։ Հազիվ է խոսում, ներկաներից ոմանց ճանաչում է, բայց գտնվում է խոր անտարբերության և ճնշված վիճակում։ Պարանոցի վերքը վիրակապում են և պառկեցնում անկողին։ Նա հնազանդորեն ենթարկվում է, սակայն հրաժարվում սննդից և, գանգատվելով անտանելի տառապանքներից, միայն փոքր-ինչ ջուր է խմում։

Առաջին շաբաթն անցկացնում է խոր անտարբերությամբ։ Մշտապես լուռ է, միայն բողոքում է, թե գողացել են իր վերջին վեպի ձեռագրի կեսը, բժշկի կողմից նշանակված հաբն ընդունելուց հետո ասում է, թե դրանցից մեկն իր թոքերում է։ Մոպասանը, բայց և այնպես, աստիճանաբար փոքր-ինչ աշխուժանում է։ Բժիշկ Գ.-ին մեղադրում էր իր մառանից գինու գողության մեջ։ Խնդրում էր իր սենյակի դուռը բաց թողնել, «որպեսզի սատանան այդտեղից դուրս գար»։ Նրան թվում էր, թե ապրում է սիֆիլիսով հիվանդ մարդկանցով բնակեցված տանը, որոնցից վարակվել է։ Անընդհատ լսում էր ինչ-որ անծանոթ ձայներ։

Առաջին անգամ անկողնուց վեր կենալուց հետո մոտ մեկ ժամ ոտքի վրա է մնում՝ լսելով այդ ձայները։ Ավելի ուշ հայտարարում է, թե բժիշկ Գ.-ն, ում նկատմամբ առաջին իսկ րոպեից անհասկանալի ատելությամբ էր լցվել, ցանկացել է ինչ-որ երկու կանանց նկատմամբ տածած խանդից դրդված իրեն սպանել՝ ստիպելով մեղրով լվացվել։

Հունվարի տասնմեկին անհանգիստ գիշեր անցկացնելուց հետո, հաճախ վեր է կացել, կանգնելով անկողնու մոտ՝ աղոթքներ կարդացել, կրկնում էր, թե սատանա է մտել սենյակ։ Այնուհետև օրվա մեջ հանքային ջրով լվանում էր ամբողջ մարմինը և հրաժարվում սննդից, բացի արգանակից՝ գանգատվելով, թե «աղը քաշվում է ուղեղն ու ամբողջ մարմինը»։ Այնուհետև ժամանակավոր բարելավում է նկատվում։ Պարանոցի վերքը սպիացել էր։ Նա այնքան էր սթափվել, որ մի առավոտ հարցնում է իր նամակների, թերթերի մասին, սակայն շուտով դարձյալ դրսևորում անսովոր հեռավորության վրա տեսնելու իր ունակությունները, նկարագրում Ռուսաստանի և Աֆրիկայի հիանալի բնապատկերները։ Գրեթե անքուն գիշերվա ընթացքում զբաղված է անընդհատ վեր կենալով ու պատին մոտենալով, որտեղ երկար ժամանակ կիսաձայն զրուցում է ինչ-որ մեկի հետ։

Հաջորդ օրը դոկտոր Մերիոն նրա հետ զբոսնում է հիվանդանոցի միջանցքում։ Մոպասանը հաճախ կանգ է առնում և զրուցում երևակայական ինչ-որ մեկի հետ։ Այնուհետև սկսում է մանրահատակն ուշադիր զննել. պարզվում է, որ պարկետի վրայով «միջատներ էին սողում, որոնք մեծ հեռավորության վրա մորֆին էին արտանետում»։ Երեկոյան հայտարարում է, որ վեց ամիս ժամկետով ազատազրկել է մի մարդու, ով բռնաբարել է ինչ-որ երիտասարդ աղջկա, նաև այն, որ թեև մեռյալներ չկան, սակայն ինքը նրանց հետ է հաղորդակցվում։ Գիշերը նրան թվում է, թե պատուհանների տակ Փարիզի խաժամուժի լացուկոծն է լսում. արդյոք նրան հայտնի՞ էր այդ տան արյունալի անցյալը, ինչևէ, փորձում է պատուհանից դուրս նետվել, ատրճանակներն է պահանջում։ Քնում է երկու ժամ, այն էլ՝ լուսաբացին։ Իսկ հաջորդ օրն անդադար խոսում մեռյալների մասին. զրուցում Ֆլոբերի, Էրվե եղբոր հետ՝ ասելով.
— Նրանց ձայները շատ ցածր են և կարծես հեռվից են լսվում։

Այնուհետև ասում է, թե Լև XIII-րդ պապին է գրել՝ նրան խորհուրդ տալով կառուցել այնպիսի դամբարաններ, որտեղ մեռյալների դիակները կարող էին մշտապես լվացվել տաք ու սառը ջրով, իսկ դամբարանի վերևի փոքրիկ պատուհանը թույլ կտար շփվել հանգուցյալների հետ։

Հետագայում նրա ուղեղը մշտապես անդրադառնում է Աստծո, մահվան, մեռյալների, իր վեհության վերաբերյալ մտքերին։

Ասում էր.
— Աստված երեկ նախաճաշից հետո Էյֆելյան աշտարակից հայտարարել է, թե ես նրա որդին եմ, նրա և Հիսուս Քրիստոսի։

Դարձյալ հրաժարվում է սննդից՝ համարելով, որ ինքը հեգեվարքի մեջ է, հաղորդություն է պահանջում, պատրաստվում է մենամարտել Կազանյակի և գեներալ Ֆևրիեի հետ, ի վերջո, շրջվելով դեպի պատը, կրկին երկար զրույցի է բռնվում հանգուցյալ եղբոր հետ։ Եվ այդպես ամբողջ գիշեր։ Նա բարձրաձայն ինչ-որ մեկին վստահեցնում էր, թե «Ֆիգարո»-ում ոչ մի հոդված էլ չի գրել։ Վերջիվերջո բղավում է.
— Եթե այդ հոդվածն իմ անունով է ստորագրված, ապա դա սուտ է։ Ես «Ֆիգարո»-ի հետ ոչ մի կապ չունեմ։ «Ֆիգարո»-ում չեմ գրել։ Դա փողոցում է եղել՝ կեսօրին։ Ամպը ծածկել էր Էյֆելյան աշտարակը։

Այնուհետև վստահեցնում է, որ իրենից վեց հարյուր հազար ֆրանկ են գողացել։

Լավ ճաշելուց հետո առաջին անգամ փորձում է գրել, գործի անցնել, շարունակել «երեկ կիսատ թողածը», սակայն անկարող է գրել, միայն հեռագիր է ուղարկում մորը. «Վաղը կստանաս, տանը վեց հարյուր հազար ֆրանկ ենք գտել, ուզում էին տունն այրել, փարիզեցիներն ինձ վրա կատաղած են, քանի որ ինձնից աղի հոտ է փչում, ինձ սարսափելի ցավ են պատճառել. ստամոքսս հերձել են, շուտով մեծ հայտնություն է լինելու…»։

Եվ նորից ու նորից զառանցում է.
— Երկու տարի առաջ հուղարկավորված եղբայրս վերադարձել է և Սենայում խեղդվել։ Այսօր դեղ եմ ընդունել, որն ամբողջովին մթագնել է ուղեղս. այլևս ո՛չ սիրտ ունեմ, ո՛չ էլ լյարդ, պատի մեջ անցք են բացել։ Նա էլ առավոտյան իմ անկողին եկավ, որ սպանի ինձ, Փարիզի տունս այրել են, գեներալ Նեգրիեն բժիշկ է կանչել ինձ զննելու համար, և այդ ամենն իմ սատանայական մտքերի պատճառով, ամբողջ խաժամուժը հավաքվել է ինձ սպանելու, քանի որ տունս այրել եմ։ Կա՛յսր, դուք ինձ լսո՞ւմ եք։ Այս պահին հազարավոր հանցագործություններ են կատարվում։

Թերթերում ամեն կերպ նրա հիվանդությունն է քննարկվում, հիշատակվում են տարբեր հանգամանքներ նրա կյանքից, կեղծավոր քննարկումներ անցկացվում այն մասին՝ «Կարելի՞ է արդյոք հիվանդին նրա կամքին հակառակ փակել հոգեբուժարանում, եթե նույնիսկ վերջինիս հոգեկան աշխարհը խաթարվել է»։ Ինչևէ, Մոպասանն այլևս հեռու էր այդ ամենից։ Նրան հետապնդող պատկերացումների շրջանակը գնալով սեղմվում էր.
— Իմ ստամոքսն արհեստական է, քանի որ անկարող է միսը մարսել, – ասում է նա։

Նրան թվում է, թե «աղը երեք անցք է բացել գանգի վրա, և ուղեղը դրանցից դուրս է գալիս»։ Ասում էր, թե իրեն այդ հիվանդանոցում պահում են ռազմական նախարարության հրամանով, որ Էրվիեն խնդրում էր լայնացնել իր գերեզմանը, որ Ֆրանսուան կողոպտել էր իրեն՝ հափշտակելով յոթանասուն հազար ֆրանկ, որ ինքը մահանում էր և ցանկանում էր խոստովանվել, հակառակ դեպքում՝ դժոխքի բաժին կդառնա, որ Ֆրանսուան Աստծուն նամակ է հղել, որում իրեն մեղադրում էր հավի, այծի հետ ունեցած սոդոմական մեղքի մեջ։

Նրա ուղեղում մշտապես միևնույն պատկերացումներն էին։ Անցյալի բոլոր վախերը, մտքերը, անհանգստությունները, նախկին բոլոր փորձերը բժշկական գրքերից ինչ-որ բան իմանալու իր զարգացող հիվանդության մասին, այդ ամենը վերհիշում էր, սակայն ինչպե՞ս…

Մշտապես նույն զառանցանքն է. սպանություններ, հալածանքներ, աստված, մահ, փողեր… Երբեմնի բարդ, ամենացավոտ, ճշգրտությամբ քանիցս գեղեցիկ ու նրբագեղորեն կազմված մտքերն արդեն այսպես էին արտահայտվում։

Գլխում տիրող խառնաշփոթը գնալով է՛լ ավելի էր մեծանում։ Օրերով խոսում էր, երբեմն էլ՝ գիշերները, բղավում էր, զանազան շարժումներ անում։

Ծանոթների այցելությունները նրան դարձնում էին մռայլ ու ճնշված։ Գրեթե չէր խոսում նրանց հետ, դժգոհ դեմքով շրջվում է, ինչ-որ բան փնթփնթում։ Գուցե ենթագիտակցաբար հիշելով, որ բազեդովյան հիվանդությամբ տառապողներին խորհուրդ չէր տրվում նիհարել, անսպասելի սկսում էր շատ ուտել։ Այնուհետև զսպում էր բնական կարիքները, երբ ստիպում էին նրան զոնդ կուլ տալ, բղավում էր, թե իր մեզի մեջ թանկարժեք քարեր կան, թե դրանք իրենից ուզում են խլել։

Գարնանը նրանից մնում է երբեմնի մարդու ստվերը միայն։

Մահվանից ոչ շատ առաջ նրան տեսնողներն ասում էին, որ դեմքը հողագույն էր, ուսերը՝ կորացած, բերանը՝ բաց։ Պարտեզում, գարնանային երկնագույն երկնքի ներքո նստած, անգիտակցաբար իր կզակն էր շոյում։

Թարգմանությունը ռուսերենից՝ Լիլիթ Գասպարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *