Մեկ տարի անց պարզվում է, որ Գերմանիան հաղթել էր ոգով՝ նախքան զենքը վայր դնելու մասին որոշում կայացնելը, եւ որ նրա թշնամիներն ոգով պարտված են զգացել՝ նախքան ուժով զինաթափվելը: Ձեր նշանաբանը փոխվել է, այլեւս չի հնչում՝ «Ընդդեմ ռազմականացման» կարգախոսը: Այժմ հնչում են հետեւյալ կարգախոսները` «Գերմանական օրինակը» «Մենք պետք է ընդօրինակենք Գերմանիային», «Կազմակերպություն»: Նրանք բավականին լրջացել են Գերմանիայի հետ պայքարում, բացահայտ եւ ոչ առանց մտահոգության, միմյանց ցույց են տալիս «իրավիճակի լրջությունը», եւ հիմա ավելի շուտ կհրաժարվեն լիբերալ-անհատական տատանումներից, կկազմակերպվեն, կռազմականացվեն. մի խոսքով՝ դառնալով գերմանացի, նրանք ցանկանում են արդարություն հաստատել լուրջ իրավիճակում: Բայց ինչո՞վ եւ ինչի՞ համար են նրանք պայքարում: Մի՞թե դա ցույց է տալիս, որ հաղթանակն ու գեմանական կանխորոշված ապագան, գերմանական պետության գաղափարն ու մշակութային կերպը արտահայտվում են «ռազմականացման» եւ ոչ թե «քաղաքակրթության» մեջ, Մանչեսթերի փառքի եւ «անմահ սկզբունքներ»-ի մեջ, մի՞թե դա ցույց է տալիս, որ դեռեւս հաղթելու ակնկալիքով ստիպված ես ընդունելու թշնամու գաղափարն այնքանով, որքանով կարող ես դու նրան շրջել իր իսկ դեմ եւ պայքարել: Կգտնվի՞ մեկը, որ հաղթի: Եթե նույնիսկ հաջողվի ֆիզիկապես ճնշել Գերմանիային, ապա այս պատերազմից հետո, աշխարհը, միեւնույնն է, գերմանական կերպով կներկայանա: Միայն հուսահատությունից գլուխը կորցրածն է շարունակում վիճել նրա դարձի գալուց հետո: Հերքումից հետո միայն չար կամքի շնորհիվ է հնարավոր պահպանել համառությունը: Հին կայսրությունների կամքն է՝ միացյալ ուժերով ներքեւ քաշել եւ շնչահեղձ անել Եվրոպայի ժամանակակից եւ պատմական առաքելություն ունեցող ուժին. դա համաշխարհային պատմական մեղք էր, երբ դեռեւս կույր եւ անգրագետ կամքն էր ամեն ինչ թելադրում: Այսօր պայքարի մեջ լինելն ու դրա մասին գիտակցելը հանցագործություն է դիտվում:
Պատերազմի սկզբում հնչող «Մենք պետք է հաղթենք» գերմանական կարգախոսը կրկնակի նշանակություն ուներ: Մի տեսակ ճակատագրապաշտությամբ հայտարարվում էր. «Մեր հաղթանակն անխուսափելի է, որովհետեւ պատմության ոգին մեզ հետ է»: Բայց նաեւ խորը սարսափ կար հետեւյալ կարգախոսում. «Մեր հաղթանակն ամենադառն անհրաժեշտությունն է, որովհետեւ աներեւակայելի է, թե ինչ կլիներ, եթե մենք չհաղթեինք»: Ռուսների, ֆրանսիացիների եւ անգլիացիների (իրենց ասիական եւ աֆրիկյան օժանդակ զորքերով)՝ Գերմանիա համատեղ ներխուժման մտադրությունն իրականում այնքան սասրափելի էր` հաշվի առնելով այն ժամանակվա հոգեւոր աշխարհի կարգը, որ համընդհանուր բացականչությունը՝ «Միայն՝ ոչ դա», բխում էր սարսափից եւ ընդգծված վճռականությունից: Պատկերացումները, որոնք աշխարհը կազմել էր մեր մասին խելահեղ ագիտացիայի միջոցով, եվրոպական հանրության մոլեգին համոզմունքը, որ Գերմանիան պետք է ջնջվի, աննշան բաներ կթվային, եւ երբ աշխարհը խելքի գար, դրանք արդեն ուշացած կլինեին:
Սակայն պատմաբանը, որը կփորձի պատկերացնել, թե ինչ է սպասվում Գերմանիային, որն ավելի թույլ է, իրավունք չունի մոռանալու եւ չխոսելու այն մասին, թե ինչ տառապանքներ է նա կրել իրականում: Քանզի դա ավելին էր, քան երբեւէ սպասվում էր ժողովրդից: Իր ողջ պատմության ընթացքում երբեք ոչ մի ժողովուրդ այդքան վիրավորանք ու տառապանք չի կրել: Նախկինում երբեք չի եղել այն պատկերը, որ մի ժողովուրդ կարող է կործանվել եւ անհետանալ ողջ աշխարհի ատելության, զայրույթի եւ արհամարհանքի տարափի տակ, եւ որ դրանից չկարողանա այլ ելք նշմարել: Դրսում ինչ-որ մեկը ժամանակ գտա՞վ` թափանցելու մշակութային ժողովրդի հոգին, որը հավատում էր մարդկության արարչագործություններին եւ մի սարսափելի օր կարող է հռչակվել որպես մարդկության թշնամի: Այդ մարդկությունը, որը մեզ թվում էր, թե բաղկացած է սենեգալցի նեգրերից, մալուխ կտրողներից եւ “Harmsworth”-ի լրագրողներից, համոզված էր, որ մեր անկումն իր բարեկեցության նախապայմանն է: Նա համոզված էր, որ ինքն իրավացի է մեր հարցում, մինչդեռ մեր իրավունքներին վերաբերող տաք զգացմունքներն այրում էին մեր հոգին: Կասկածի որդը չի՞ կրծում ու երբեմն ցավ պատճառում Ձեր հոգուն: Իրոք, ավելի ամուր նյարդեր են պետք` արդարության գերիշխող ուժին հակառակվելու համար, քան` բարձրագույն ուժին: Կարո՞ղ է մեկն իրավացի գտնվել` ընդդեմ բոլորի: Թե՞ օրենքը միայն մեծամասնության իշխանության հավակնությունները չի արտացոլում, այսինքն` այն, ինչ մեծամասնությունն ընկալում է որպես օրենք: Եկեք այսօր ընդունենք, որ եղել են պահեր, երբ հասկացել ենք, որ մենք բոլոր ժամանակներում չցուցաբերեցինք եսասիրական վճռականություն եւ համառություն, որոնք անհրաժեշտ են ընդհանրապես հուզական ճնշմանը հակազդելու համար: Մենք չունենք այն ժողովրդի սառնասրտությունը, որը գոնե մի պահ չի տուժել եղբայրական ազգերի ատելությունից: Միանգամայն հնարավոր է, որ Անգլիան ավելի լավ կարողանար ելք գտնել մեր իրավիճակում: Պատկերացրեք մի ժողովրդի, որը ենթարկվել է այդ զգացմունքային ճնշմանը, որն ուժային մեթոդներով քաղաքականության կողմնակից չէ, այլ ավելի շուտ բարոյախոս ու փիլիսոփա ժողովուրդ է` ոչ թե հանրագիտարանային-լուսավորչական իմաստով, այլ շատ ավելի խնդրահարույց, հոգեւոր, հայեցողական իմաստով, եւ այդ առումով շատ ավելի վտանգավոր է. նա Համլետի ժողովուրդն է, որին տերերը մեծացրել են որպես Ֆորտինբրաս, բայց որը միշտ կրել է եւ կկրի Համլետի ոգին… Բարոյական, սրանով հանդերձ, թերահավատ, համեստ, հոգեպես տարուբերվող ժողովուրդը, որը հակադրվում է ամեն բառին եւ արդարության մասին համընդհանուր պատկերացում ունի, պետք է ավելի շատ տառապեր յուրաքանչյուր ճնշումից, քան մեկ ուրիշը կտուժեր դրանից: Մի ողջ ժողովուրդ, որը պետք է սովորի լինել հանուն իրավունքների արկածախնդիր, հանուն իրավունքների ապստամբ եւ սեփական ճակատագիրը տնօրինող, ստիպված է համակերպվել մի մենության, որը միայն հանճարներին ու հանցագործներին է հասու իրենց անձնական կյանքում: Ե՞րբ է դա զգացվել: Գերմանացի ժողովուրդը պետք է ինքն իրեն խոստովանի, որ եթե ինքը պարտություն կրի, աշխարհի կողմից կարժանանա անսահման արհամարհանքի ու ցնծության, այս դեպքում երբեք արդարության չի հասնի, թեեւ նրանք իրականում անարդար են: «Մենք պետք է հաղթենք»-ը ցնծագին խոսք է, որը նաեւ ծայրահեղ դառնություն ու մելամաղձություն է պարունակում, ոչ պակաս դառը եւ մելամաղձոտ, քան Ֆրիդրիխ թագավորինը. «Ուրեմն ի՞նչ է մնում մեզ անելու: Մենք պետք է հաջողության հասնենք»:
«Օրենքը Գերմանիայի հետ է» խոսքը սովորական է հնչում մեր որոշ հայրենակիցների ականջին, նրանք դա համարում են անմիտ եւ անարժանապատիվ: «Գնացեք Անգլիա: Այնտեղ կա անկախություն, տոկունություն, ազատություն` ազգայնական հիստերիայից: Այնտեղ կա օբյեկտիվություն, կան անգլիացիներ, որոնք արդարացնում են Գերմանիային»,- ասում են նրանք: Եվ ի՞վնչ: Ի՞վնչ հետեւություն պետք է անել սրանից: Հավատալով հոգեւոր ազատությանը` պետք է ասենք, որ այդ անգլիացի ցուցարարներն ու Գերմանիայի ջատագովները սխալվո՞վւմ են: Եթե միայն այդ մարդիկ իրավացի լինեն: Մենք չենք ժխտում, որ նրանց վերապահված դերը հոգեւոր տեսանկյունից հատուցում է: Իրոք, ոչինչ այնպես չի զովացնում ոչ միայն հայրենասեր գերմանացիների սրտերը, այլեւ նրանց, ովքեր սիրում եւ հարգում են ոգու անկախությունն ավելի, քան այն նամակը, որն անգլիացի գաղութարար, քաղաքական գործիչ Մովատը գրել է «The Stateman» շաբաթաթերթում, եւ որում նա ներկայացնում է, թե գերմանացիներն ինչպիսի պարզությամբ եւ սրամտությամբ են պայքարում անգլիական ինքնավստահության եւ ամբարտավան խնամակալության դեմ: Ոչինչ ավելի չի զովացնում եւ ոչինչ ավելի հարգանքի արժանի չէ: Եթե այդօրինակ տրամաբանությունը թելադրում է, որ մենք, ինքնավստահություն ունենալու դեպքում, կարող ենք հիանալ այդ խիզախ եւ ազնիվ մարդու կերպարով, եւ, որպեսզի հետ չմնանք նրանից հոգեւոր ազատությամբ, պետք է հետեւենք հրահանգավորված կեղծիքին եւ խիզախություն ունենանք ժխտելու Գերմանիայի գոյությունը: Սակայն ինձ թվում է, որ էական է հիշելը` չի կարելի ճշմարտությունից ավելի օբյեկտիվ լինել: Այս տրամաբանությունը, ինչպես տեսնում եք, ինտելեկտուալ առումով չի բխում արժեքավոր թերահավատությունից, որն օրենքը տեսնում է ամենուր եւ ոչ մի տեղ, շատ բան գիտի դրա մասին, բայց այս պատերազմում իրեն ինչ-որ չափով պարտված է զգում: Սակայն պատմությունից առաջ կա ճակատագրի կամքը, ճիշտը եւ սխալը հասկանալու անհրաժեշտությունը, եւ այս պատերազմը երկուսն էլ կապացուցի: Եթե անգլիացիները ցույց են տալիս իրենց ոգու ազատությունը` ճանաչելով եւ բարձրաձայնելով իրենց երկրի անարդարությունների մասին, մենք աննկատ կերպով ի ցույց ենք դնում մեր հնարավորությունները` առանց վախենալու եւ գիտակների բերանով խոստովանելով` իրավունքը Գերմանիայինն է:
Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի