Առավոտյան արթնանում եմ երեխայի ձայնից:
Կողքի սենյակի երեխան աղոթում է՝ օգտագործելով երկու տառ՝ Բ և Ա:
Բաաաա՜, Բաաաա՜, Բաաաա՜:
Այսպես այս երկու տառերը ձգվում են, լայնանում, հետո երկարում, հաստանում և բարակում, բայց չեն ընդհատվում:
Ես արթնանում եմ այս աղոթքի տակ և մեկ-մեկ զգում, որ ես էլ այդ հնչյուններն եմ արձակում:
Բաաաա՜, Բաաաա՜, Բաաաա՜:
Ամբողջ գիշեր ես լսեցի այս ձայնը, իսկ հիմա առավոտն է բացվում այս ձայնային ղողանջով:
Երբ ես վերադարձա խանութից, իմացա, որ կողքի սենյակը դատարկվել է, և հեռացել է նաև ղողանջ-մանուկը:
– Երբ սենյակի դուռը բացվեց,- պատմեց ինձ թակարդում աշխատող էգ առնետը ռուսերեն,- դուրս եկավ մի փոքրիկ մուկ, որը մանկան պարալիչի ազդեցությունն էր իր աչքերում կրում:
Պարալիչը պարում էր նրա վնասված ուղեղում:
Երկու լեզուներ խառնելով իրար՝ ես Նոր Կաթված եմ դառնում ծծկեր լակոտների համար: Նրանց, ովքեր իրենց ձեռքն են վերցրել գրիչը և թանաքի տեղ օգտագործում են բերանների անկյուններից թափվող կաթը:
Ռուսերեն` детский церебральный паралич (ДЦП):
Իսկ հայերե՞ն:
Դուք չեք հավատա:
Հայերեն հնչում է այսպես՝ մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ):
ՄՈ՞ՒԿ:
Անհավանական է:
Կաթված բառը ինձ մոտ միշտ ասոցացվել է ծերության հետ, իսկ հիմա մանկական անմեղ կաթված, երբ հնչյունները դուրս են գալիս մանկական թոթովանքի հետ՝ անիմաստ դատարկություն կրելով իրենց ներսում:
Այսինքն՝ երեխան մի քանի գիշեր ոչինչ չէր ուզում իր «բա»- յով:
Նրա մտքում չկար նաև գոյական:
Նա ոչինչ չէր ուզում, և ես մտածեցի, որ եթե ոչնչի մասին արվեստը դադաիզմն է, ապա ոչինչ ուզելու արվեստը՝ բաբաիզմը:
Բաբաիզմի մտքով ես հեռացա ներքին կաթվածի սահմաններից և ուղևորվեցի Փարաջանովի կնոջ տուն՝ վերցնելով ծաղիկներ և թխվածք:
Դուռը բացվեց, և ես մտա մոռացված թակարդի աշխարհը, որտեղ կնոջ հետ ապրում էր իր ներքին աստիճանին մնացած չաղ մուկը, որը մի ժամանակ Փարաջանովի տղան է եղել:
Նա բացեց թխվածքի տուփը և սկսեց գդալով ուտել հենց տուփի միջից՝ ընթացքում անընդհատ թաշկինակով սրբելով քթից հոսող խլինքը:
Նրա մատները ձգվում էին, և նրա միտքը խառնվում էր կաթվածին: Նա կարծես ժպտում էր, բայց մի վայրկյան անց լացում և հակառակը:
Նա ապրել է մի ժամանակ հեքիաթի մեջ, իսկ հիմա հեքիաթը դարձել էր մկան ծակ, որտեղ նա անցկացնում էր իր մեզի պես դեղին օրերը:
Այդ թակարդում դա միակ բնակարան-ծակն էր, որտեղ պատերին կախված էին մեծ արվեստագետի՝ փոշում խեղդված կոլաժները:
Նա ինձ պատմություններ պատմեց, որոնք ես չլսեցի, որովհետև նայում էի տան կատվին, որի բախտը չէր բերել: Նա միակ կատուն էր աշխարհում, որին կերակրում էր մուկը: Կատուն իր ինքնասիրությունը փոխել էր պանրի հետ:
Մուկը պանրով է կերակրում կատվին:
Բոլոր պանիրները թակարդի մեջ են:
Իսկ անվճար պանիր նույնիսկ թակարդում չկա:
Ես փոխեցի սենյակս և մտա Փարաջանովի կնոջ սենյակ:
Նա ապրում էր նեղ սենյակում՝ մթության մեջ: Նա իրեն զգում էր թակարդում, որը հենց ինքն էր իր շուրջ կառուցել:
Նա գեղեցիկ էր, ինչպես ամեն ինչ՝ թակարդում: Թակարդը ստեղծում է գեղեցկություն: Թակարդից դուրս ամեն ինչ մկնագույն է, մոխրագույն:
Թակարդից դուրս չկա գեղեցկություն:
Թակարդից դուրս ոչինչ չկա:
Ոչինչը մկնագույն է:
Ի սկզբանէ էր Բաաաա՜, Բաաաա՜, Բաաաա՜-նն. եւ Բաաաա՜, Բաաաա՜, Բաաաա՜- նն էր առ Աստուած. եւ Աստուած էր Բաաաա՜, Բաաաա՜, Բաաաա՜-նն:
Բաբաիզմը ոչինչ ուզելու արվեստն է:
Եվ ուրեմն, կարդա՛նք ճշմարտությունը:
Ի սկզբանէ ՈՉԻՆՉ էր. եւ ՈՉԻՆՉ ուներ Աստված. եւ Աստված էր ՈՉԻՆՉ:
Գիշերվա երկուսին Փարաջանովը զանգում է կնոջը և ասում, որ գա իր մոտ, որովհետև իրեն հյուրընկալել է Վիսոցկին, որի կիթառն ուներ թակարդի յոթ ճաղեր, և նա նրանց վրա նվագում էր:
Կինը գիշերվա վախից չի գնում:
Վիսոցկին հեռախոսով երգում է նրա համար, իսկ հետո հեռախոսն անջատվում է, և ականջի մեջ լսվում է չընդհատվող՝
Բաաաա՜, Բաաաա՜, Բաաաա՜:
Կինը վախենում է մթությունից, և դրա համար խլուրդ-գիշերը, զգալով այդ վախը, հարձակվում է նրա վրա և ծածկում իր փրչոտ մարմնով:
Մարդը Բաաաա՜, Բաաաա՜, Բաաաա՜-նական էակ է:
Եվ ուրեմն, ուղիղ նայենք կրծող ճշմարտության աչքերին և այնտեղ կկարդանք.
Մարդը ՈՉԻՆՉ է:
Եվ իր ամբողջ բանականությունը ՈՉՆՉԻ վրա է կառուցված:
– Երազումս Փարաջանովը հաճախ է ինձ այցի գալիս,- պատմեց կինը,- բայց ոչինչ չի ասում:
– Վերջերս մի երազ տեսա,- շարունակեց նա,- միասին քայլում էինք մի շքեղ դղյակում: Նա քայլում էր դիմացից, իսկ ես գնում էի նրա հետևից: Մարդիկ նայում էին մեզ և ծափահարում: Այդ ձայնից ես բացեցի աչքերս և տեսա պատուհանս ծածկած կեղտոտ և քրքրված վարագույրը, որը քամու ուժից գնում-գալիս և կպչում է ապակուն, և այդ հպումից սենյակում լսվում է այս մեղեդին.
Բաաաա՜, Բաաաա՜, Բաաաա՜:
Պարալիչով հիվանդ Արարիչը այս աշխարհի համար միայն Կաթված ստեղծեց:
Մահը կնոջ մոտ գալիս է երիտասարդ տղամարդու մարմնով, իսկ տղամարդու մոտ՝ կնոջ, որպեսզի կարողանա համոզել գնալ իր հետևից:
Ես եկա Քեզ հրաժեշտ տալու:
Ես եկա Քեզ մոտ տղամարդու մարմնով որպես մահվան սուրհանդակ:
Ես թողեցի նրան իր ծերության կնճռոտ վանդակում, որտեղից ճանապարհ չկա, որտեղից ելք չկա:
Ծերությունը չի ծնում, չի արարում:
Ծերությունը միայն կարողանում է սպասել:
Նա ամեն օր սպասում է գիշերվա գալուն և վախենում է, որ էլ չի արթնանա: Եվ որպեսզի չքնի, նա խոսում է ինքն իր հետ.
Բաաաա՜, Բաաաա՜, Բաաաա՜:
Եվ այնքան երկար է գիշերը տևում, որ մանկական կաթվածով է դիմավորում լուսաբացը:
(Հատված «Երբ առնետները կարդալ գիտեին» գրքից)
Ընտիր ա Արամ ջան։
Great Job.
Արա լավն ա ախր,շատ լավն ա
Հին եգիպտոսում Բան հոգու 4րդ մասնիկն էր, պատկերվում էր թռչնակերպի տեսքով՝ հոգու արթնացում անշարժ վիճակից՝
փրկություն մահվան տեսքով։