Պատշգամբից երևում էր միայն գմբեթը՝ թեթև ձյունը վրան, իսկ հյուրանոցի շրջակայքում հալոցք էր: Կարոն դեռ առաջին գործուղումից գիտեր, որ վանքը շատ հեռու չէ և կարելի է ոչ ավելի, քան կես ժամվա զբոսանքով հասնել տասներեքերորդ դար: Բայց առաջին անգամ պայծառ, գունավոր աշուն էր, մոսկվացի հյուրերը հրճվանքով ասում էին, թե մեզ դրախտ եք բերել, և Կարոն տարավ նրանց ոտքով: Ճանապարհի կեսին մի ծերուկ պատահեց՝ սպիտակ ավանակի հետ: Հյուրերն ավելի ոգևորվեցին և անպայման լուսանկարվել ցանկացան, հետո ծերուկը մի մեծ շիշ հանեց խուրջինից ու հանդիսավորությամբ հայտարարեց, թե մինչև իր գինու համը չտեսնեն՝ ոչ մի քայլ առաջ չեն գնա: Իհարկե, առանց առարկությունների խմեցին՝ էմալապատ թասը ձեռքից – ձեռք փոխանցելով, միմյանց երկար կյանք ու առողջություն մաղթելով, իսկ երբ արդեն հին բարեկամների պես բաժանվում էին, ծերուկը բռնեց Կարոյի թևն ու ասաց. -«Էս մարդիկ թող իմանան, որ սպիտակ էշին դեմուդեմ գալը բարի բախտի նշան ա:» – «Իրո՞ք» – զարմացավ Կարոն: – «Փորձված բան եմ ասում, – վստահեցրեց ծերուկը, – մեր պապերից ենք լսել»: Կարոն թարգմանեց: Գլխավոր հյուրն ու նրան ուղեկցող փարթամ, կապուտաչյա տիկինը քահ -քահ ծիծաղեցին, ծերուկը քթի տակ խնդաց ու անխոս հեռացավ՝ ինքնամփոփ, անտարբեր ավանակի հետ, իսկ իրենք շարունակեցին քայլել դեպի վեր: Կարոն չէր հոգնում, չնայած համարյա ամբողջ օրը ոտքի վրա էր անցկացրել, իսկ այդ աշնան միջից ճառագաթող մի անխորտակելի պատրանք առանց հատուկ ջանքեր վատնելու ներշնչում էր նրան, թե աշխարհը միշտ այսպես ոսկեզարդ ու նույնիսկ՝ անձմեռ կմնա:
Պատշգամբում, այնուամենայնիվ, չարժեր երկար կանգնել: Խոնավ սառնությունն ստիպում էր ներս անցնել, ու նա սենյակ վերադարձավ: Պայուսակը դրված էր սեղանիկին: Վերարկուն սպասում էր՝ մահճակալին գցված: Շավարշը նոր էր գնացել, ասելով, թե մեքենայի վրա ամենաքիչը դեռ մի ժամվա գործ կա, և մնում էր ենթարկվել այդ դատավճռին: Դեռ երեկ հարկի հերթապահը հարցրել էր, թե առավոտվա քանի՞սին են դուրս գալու: «Կեսօրին, – պատասխանել էր Կարոն, որովհետև մինչև այդ դեռ թղթեր ունեին ստորագրելու, – ի՞նչ կա որ:»- «Մեծ խումբ ենք սպասում, հենց էդ ժամին էլ գալու են: Բայց մինչև սենյակները մաքրենք…» Կարոն խոստացել էր, որ համարն ավելի շուտ կհանձնի: Որտեղի՞ց իմանար, որ Շավարշի բազմաչարչար «Գազելը» չի ցանկանա նույնիսկ տեղից պոկվել:
Մի կողմ հրեց վերարկուն: Նստեց մահճակալին, որ ծխի: Չծխեց, որովհետև տուփն արդեն դատարկ էր: Գմբեթը, իսկ գուցե հիշողությունը, ձգում էր: Բայց վանքի զառիվեր ճանապարհին հիմա լպրծուն ցեխ կլիներ ու ցեխի հետ խառնված ձյուն: Դրախտային աշունը վաղուց չվել էր այս սարերից ու հազիվ թե իմաստ ուներ գմբեթի ուղղությամբ գնալ, քանի դեռ ճանապարհների հին ընկեր Շավարշը՝ կյանքից առանց այդ էլ միշտ դժգոհ, փորձում էր ուշքի բերել մեքենան: «Էս ավտոյին շատ քնքուշ անուն են դրել, – անսպասելիորեն սրամտել էր նա, -դրա համար էլ շուտ – շուտ ա փչանում»:
Դուռն անվստահ թակեցին: Ինչ խոսք, դա Շավարշի ձեռքը չէր: Կարոն բացեց: Շեմին կանգնած էր հարկի հերթապահը՝ կարճափեշ մուշտակն ուսերին:
– Արդեն դուրս եմ գալիս, – միամգամից ասաց Կարոն, – բարև ձեզ:
– Համ էլ ձեզ հեռախոսի մոտ են կանչում, ներքևում, առաջին հարկ:
– Շնորհակալ եմ, հիմա կիջնեմ:
Առիթ էր, հագավ վերարկուն, պայուսակն ուսին գցեց, վրա բերեց մի ժամանակ սպիտակ, իսկ հիմա բոլորովին գորշացած դուռը, կողպեց խոշոր բանալիով: Միջանցքի հնամաշ ուղեգորգին ցեխոտ ոտնահետքեր էին դաջվել: Նեոնե լամպերից մեկն անտեղի վառվում էր առաստաղի տակ, մյուսը՝ ջղաձգորեն թարթում: Կիսաբաց դռան հետևում կնոջ զգուշավոր ծիծաղ հնչեց, իսկ անորոշ մի անկյունից ռադիոն թերթերի տեսություն էր հաղորդում: Զարմանալի է, մտածեց Կարոն, այստեղ, մեզանից բացի, ուրիշ շունչ – արարած էլ կա: Ու դեռ մի ամբողջ խումբ է գալու: Ո՞վ է փետրվարի կեսերին երկու ժամվա ճամփա կտրում, որ հասնի սարերի մեջ ծվարած մի քաղաք:
Իսկ առաջին հարկում կյանքն արդեն եռում էր:Նախասրահի լայն բացված դռներից լրջադեմ տղաներ ու աղջիկներ էին մտնում, ձեռքներին՝ ջութակ ու թավջութակ և էլի ինչ-որ գործիքներ: Լսափողը Կարոյին էր սպասում՝ գրանցման սեղանին դրված:
– Ես եմ, – ասաց Կարոն՝ ակամայից զննելով նորեկներին:
– Դեռ չենք պրծել, – բղավեց Շավարշը լսափողի միջից, – էս գործը վայ թե երկար քաշի:
– Ուրախ եմ, – պատասխանեց Կարոն:
– Մի վախենա, էսօր տուն կհասնենք, – դարձյալ բղավելով հանգստացրեց Շավարշը, – դու Երևան զանգի, զգուշացրու:
– Լավ, -ասաց Կարոն: Հետո հարցրեց՝ արդեն ադմինիստրատորին դիմելով. – Ձեզ մոտ համե՞րգ է լինելու:
– Երեկոյան, – պատասխանեց ադմինիստրատորը, – եկել են, որ կուլտուրայի տանը նվագեն:
– Ես կարո՞ղ եմ պայուսակս ձեզ մոտ թողնել: Մի երկու ժամ դեռ թափառելու եմ:
– Համեցեք, – ասաց ադմինիստրատորը, – ես ձեզ հիշում եմ, գիտե՞ք: Մոսկվացիների հետ էիք մեզ մոտ, մագիստրալն ընդունելու գործով:
Կարոն ժպտաց: Ինքն էլ էր մտապահել այդ կնոջը՝ համալսարան ավարտածի կրծքանշանը բաճկոնին: Բայց հիմա ուրիշ բաճկոն էր՝ ավելի նորաոճ և առանց ռոմբաձև կրծքանշանի, ու արդեն ճերմակող մազեր, իսկ հյուրերի հետ վանք բարձրանալու գաղափարը վերջին պահին ծագեց, Երևան վերադառնալուց առաջ: Կարոն կարծում էր, թե այնտեղ ոչ ոք չի լինի, բայց ներսից կիթառի ծլնգոցներ էին լսվում, և ինչ – որ մեկը՝ աղջկական մաքրամաքուր մի ձայն, երգում էր. «Այս գիշեր տո-ո-ն է, հոգվույս կիրակի-ի-ի…»
Կանգ առան: Աջից ու ձախից՝ թափված խնձորներ, մի քանի դարերից պահ տրված լռություն, օդում պտտվող բզեզ ու երգը: «Вот и ангелы поют» – մրմնջաց փարթամաշուք տիկինը, Կարոյին թվաց՝ անտեղի, որովհետև սա հենց այն դեպքն էր, երբ բառերը պակասեցնում էին գեղեցկությունը: Միանգամից ներս գնալ չէր լինի, եթե հրեշտակը երգում է՝ չեն խանգարում: Գլխավոր մոսկվացին հարցրեց՝ ինչո՞ւ ռեստավրացիա չեն անում, հրեն՝ գմբեթի կողքից ուր որ է ծառ կաճի: Կարոն ասաց՝ ո՞ր մեկը հասցնեն, բայց սա, միևնույն է, ուխտատեղի է, օրեր կան, երբ շրջակա բոլոր գյուղերից գալիս են: Ես հավատացյալ չեմ, անուամենայնիվ ընդգծեց մոսկվացին, բայց այսպիսի տեղերում միշտ էլ մի խորհրդավոր բան կա: Երգը դադարեց, ներս մտան: Երեք ջահել, մեկը՝ աղջիկ, մոմ էին վառում խորանի դիմաց: Կիթառը հենած էր պատին: «Ափսոս, – ասաց Կարոն իր ուղեկիցներին, – գլխի չընկանք, մոմ չվերցրինք: Գոնե տնտեսական խանութից կարելի էր առնել:Ճիշտ է, հնարավորին չափ կամաց ասաց, բայց աղջիկն այդ խոսքերի վրա շրջվեց: «Մեզ մոտ կա, – թեթևակի ժպտաց նա կիսամութի միջից, – եթե ուզում եք՝ տանք»: – «Իսկ կարելի՞ է, – շփոթվեց Կարոն, – չէ՞ որ ամեն մարդ իր մոմը պետք է վառի»: – «Համարեք, որ ձերն են»:
Բանալին հանձնեց, հրեց զսպանակով դուռն ու դուրս եկավ: Դիմացի մայթին, խանութի մոտ, մի քանի երեխա հավալլա էին խաղում: Ոչ ցուրտ էր, ոչ էլ առանձնապես տաք: Կարոն շրջանցեց ջրափոսը,անցավ փողոցն ու մտավ խանութ: Երկու վաճառողուհիները, գլուխ – գլխի, խաչբառ էին լուծում: Նրանցից մեկը հայացքը կտրեց թերթից ու դժգո՞հ, թե՞ տարակուսանքով նայեց անծանոթ հաճախորդին: Աջ անկյունից մի լղարիկ կատու հայտնվեց, ճկվեց ու ցատկեց վաճառասեղանին:
– Կորի՛, – զայրացավ կանանցից մեկը: Կատուն իսկույն իջավ: – Ի՞նչ եք ուզում, եղբայր ջան:
– Հայոց թագուհի, – ասաց մյուս վաճառողուհին, – ութ տառ:
– Փառանձեմը կլինի, – ենթադրեց Կարոն՝ հախճապակյա բաժակներին, թեյնիկներին, մեծ ու փոքր սկուտեղներին նայելով:
– Ճիշտ որ:
Աղմկելով ու հրմշտվելով՝ ներս լցվեցին հավալլա խաղացող երեխաները: Կատուն անկյուն փախավ, թաքնվեց արկղերի ետևում:
– Մամ, – ասաց ամենափոքրը, – կոճակս պոկվեց: Համ էլ ջուր տուր:
Կարոն այստեղ ավելորդ էր: Դուրս ելավ, հիշեց, որ անծխախոտ է մնացել, բայց քայլեց դեպի վարչութ- յան բակ՝ «Գազելն» ու Շավարշը այնտեղ էին: Այդ ավտոն չուզենալով էր եկել՝ ճանապարհին երկու անգամ կանգ առան, չարչարվելով խելքի բերեցին, օրն արդեն չբավականացրեց, ստիպված գիշերեցին հյուրանոցում, չնայած վարչության պետն ասում էր՝ եկեք մեր տուն տանեմ, երկու հարկ, կյանքս մաշելով սարքեցի, բայց հիմա սենյակներս դատարկ են. տղաս բանակից հետո ամուսնացավ, Սարատովում մնաց, իսկ աղջիկս սովորում է Երևանում:
Կարոն թեյարանի մոտով էլ անցավ՝ փակ էր: Դռանը գրություն էր կպցրած. «Սանիտարական օր»: Արձակեց վերարկուի կոճակները՝ օդը ջերմացել էր առավոտվա համեմատ, իսկ փողոցը համարյա թե անմարդ էր ու խորթ լինելու չափ անաղմուկ: Ոտքը չգիտես ինչու կախ գցած կամ նույնիսկ անսպասելիորեն կանգ առած ժամանակի զգացողություն էր ծիկրակում այս ալարկոտ օրվա ու չնախատեսված դադարի հանդիպումից՝ դեռ չավարտված ձմեռվա ու հերթից առաջ ընկած վաղ գարնան սահմանագծին, որի մեջ իրար էին խառնվում թե՛ հմայք, թե տագնապ, այստեղ հավերժորեն մնալու և այստեղից որքան հնարավոր է շուտ մեկնելու ցանկություն:
Իսկ ո՞ւր էր ընդառաջ եկող իշուկը, իր ցեղի բացառությունը՝ սպիտակ: Ո՞ւր էր գինու թաս առաջարկող ծերունին: Վանքի մոտ կրկնակի դարձած աշունը՝ աներևույթ կիթառի ծլնգոցներով, թեպետև՝ մի քիչ անվարժ: Երգը: Կարծում ես, Աստված երկու անգա՞մ է բարի բախտ խոստանում:
Աղջկա մոտ մնացած մոմերը երկուսն էին: Կարոն դրանք մոսկվացիներին փոխանցեց: Դուք այս գիշեր մեկնում եք, ասաց, վառեք, որ ձեր վայրէջքը փափուկ լինի: Ես իմ մոմը ինձ ու շեֆիս համար կվառեմ, ելքը գտավ փարթամափայլ կապուտաչյան, ի վերջո, դուք էլ ձե՛ր նվիրական ցանկությունը կունենաք:
Կարոն ևս մի ջրափոս շրջանցեց: Ձախից սյունազարդ շինություն էր, ճակատին խոշոր ու տգեղ տառերով գրված էր. ԿՈԻԼՏՈԻՐԱՅԻ ՏՈԻՆ, իսկ սյուներից մեկին ազդագիր էր սոսնձված: «Կամերային երաժշտության համերգ, – կարդաց Կարոն, – Երևանի կոնսերվատորիայի նվագախումբ: Ծրագրում՝ Կոմիտաս, Շոստակովիչ, Վիվալդի»:
Պատկերացնենք, որ մեր «Գազելը» դեռ մինչև երեկո չի սարքվում: Հրաժարվում է մեզանից, ըմբոստանում: Ի՛նչ լավ առիթ՝ ժամը վեցին համերգի ենք գալիս, վերարկուն ուսերին գցած՝ տեղավորվոմ ճռճռացող թիկնաթոռին՝ «Տարվա եղանակների» սպասումներով: Մի քանի տեղացի արվեստասերներ, նաև՝ մշակութային միջոցառման բերված կոլեկտիվ: Ոմանք երբեմնակի հազում են,ոմանք՝ ուշացումով մտնում, իսկ ոմանք էլ՝ փսփսում իրար ականջի: Բայց ոչինչ, առայժմ ոչ մի եղանակ չի սկսվել, առայժմ գործիքներ են լարում: Բայց ո՞վ ասաց, որ դա էլ երաժշտություն չէ:
Ինչ – որ մեկը թեթևակի թփթփացրեց Կարոյի ուսին: Կարոն շրջվեց. Շավարշն էր:
– Աչքդ լույս, – ասաց նա,- սարքեցինք:
– Վատ նորություն չի, – ժպտաց Կարոն:
– Մի նորություն էլ կա, – շարունակեց Շավարշը, – Երևանում միտինգներ են սկսվել, Օպերայի մոտ լիքը մարդ կա հավաքված:
– Բայց ինչո՞ւ, – հարցրեց Կարոն:
– Ղարաբաղի համար:
«Գազելն» արագ էր գնում: Արդեն կես ժամ կլիներ, չէին խոսել: Կարոն ծխում էր Շավարշի սիգարեթները՝ կծու, մի գլուխ հանգչող: Մի ուրիշ կյանքի ընդառաջ սլանալու զգացողությունը՝ դեռ աղոտ, դեռ գործիքներ լարող նվագախմբի խառնաձայնության պես անվերծանելի, կամաց – կամաց կուտակվում էր ընթացքի հետ:
– Հիշո՞ւմ ես, – հանկարծ հարցրեց նա Շավարշին, – մենք հինգ տարի առաջ էլ էինք էս կողմերը եկել:
– Հետո՞, – անկիրք արձագանքեց Շավարշը:
– Տուն հասանք, աղջիկս հենց այդ գիշեր ծնվեց:
Այս պատմվածքը նախորդ երկու պատմվածքների հետ եռանկար է կազմում: Եռանկարի մյուս երկու պատմվածքները կարդացեք այստեղ և այստեղ