ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ | Հորեղբորս տղան

Գոնե մի գրող լիներ, մի բանաստեղծ կամ դրա նման մի բան` գրեր այս մասին: Ուրեմն, հորեղբայրս մահացել էր: Կլիներ 50-55 տարեկան: Բոլորն ասում էին` երիտասարդ է, թե ի՞նչն է երիտասարդ: Միայն այն ժամանակ, երբ նայում էի տատիս, պապիս, նրանց չորացած ու կուչ եկած կերպարանքներին, հորեղբայրս երիտասարդ էր թվում: Բայց, միևնույն է, նա ջահել չէր. միշտ լուրջ, ծանրակշիռ, սպիտակ վերնաշապիկ-փողկապով, թղթապանակը կամ պորտֆելը ձեռքին էր գնում-գալիս: Նրա ասածն ասած էր, նույնիսկ պապս չէր ընդդիմանում: Բոլորն էին հարգում հորեղբորս: Մեր շրջանի բնակիչներից շատ քչերն ունեին ձեռքի հեռախոս, իսկ նա ուներ. սև, փայլուն, ձեռքի հաղթ ափի մեջ հանգիստ տեղավորվում էր: Այնքան վարժ էր գործածում` սեղմում, միացնում, պտտում, ասես իր հետ ծնված լիներ, իր մի մասն էր կազմում: Մեր ցեղի հպարտությունն էր հորեղբայրս, թեև հորս հետ համարյա կապ չկար: Երբեմն կարող է հանդիպեին, կարճ, ինչ-որ նախադասություններ փոխանակեին ու վերջ: Տատ ու պապս էին նրանց միջև կապ ստեղծողը (նրանք ապրում էին հորեղբորս հետ): Տատիս միջոցով հորեղբայրս երբեմն փող էր փոխանցում կամ ինչ-որ բան մեր տան համար ու վերջ, դրանով ամեն բան ավարտվում էր: Իսկ նրա որդին այդպիսին չէր. մեղմ, փափուկ բնավորություն ուներ, իմ ու եղբորս հետ էլ ուզում էր շփվել: Գուցե նրանից էր, որ չունե՞ր քույր ու եղբայր, իսկ մենք էլ անմիջապես կողքն էինք ապրում: Տատ ու պապս երեք տարին մեկ մի տղա թոռ են ունեցել. ավագը ես էի, հետո հորեղբորս տղան էր, հետո`փոքր եղբայրս: Շատ բարի էր, հորեղբորս տղան, բայց հիվանդոտ էր ու թուլակազմ: Երևի հենց դա էր պատճառը, որ բոլորի ուշադրությունն ամենից շատ նրա կողմն էր:
Հորեղբորս մահը ցնցել էր բոլորիս, հայրս նույնպես լաց էր լինում: Ասացին` սրտից է հանկարծամահ եղել, թեև երբեք սրտից բողոքած չկար: Ախր ու՞մ մտքով կարող էր անցնել` հորեղբայրս` ամեն ինչում առաջինը…
-Առաջ ընկար, առա՛ջ ընկար,- ծնկներին էր խփում տատս, ու ես չէի հասկանում` ինչ նկատի ուներ, մինչև որ չճչաց.
-Վե’ր կաց, ե’ս պառկեմ տեղդ…
Ինձ հեշտ չի լացացնելը(մայրս ասում է` հորեղբորս եմ քաշել), բայց երբ տեսնում էի տատիս ողբն ու հատկապես հորեղբորս տղայի փոքրացած կերպարանքը… Շնորհակալ եմ, ինձ պետք չի անձեռոցիկ, ես թաշկինակ ունեմ:
Մեռնելուց մեկ ամիս առաջ էր որդու համար հեռախոս գնել հորեղբայրս: Տղան, իհարկե, մեզ անմիջապես ցույց տվեց, թույլ տվեց ձեռքներս առնել, զննել: Իրենը Sony էր, ասացի` Samsug-ն ավելի լավն է, Nokia-ն` ամենալավը: (Մի տեղ կարդացել էի նման մի բան): Ասաց` պապան ասել է` սա ուղղակի իր զանգերին պատասխանելու համար է, իսկ դպրոցն ավարտելուց հետո կառնի լավը` կամերայով, վիդեոյով: Ես ու ինձանից վեց տարով փոքր եղբայրս իսկապես նախանձեցինք նրան: Ակամա հարցրի.
-Բա էս մեկն ի՞նչ ես անելու:
Նա մի պահ մտածմունքի մեջ ընկավ, հետո անվարան պատասխանեց.
– Քե’զ կտամ:
Ես գոհ ժպտացի, իսկ փոքր եղբայրս խոր հոգոց հանեց. փաստորեն, մեր միջից նա էր մնալու անհեռախոս:
Շատ լավ տղա է հորղբորս տղան, շա՛տ, մինչև հիմա էլ չգիտեմ` ինչ հիվանդություն ունի, բայց հորեբայրս հաճախ էր նրան տանում քաղաք` բժշկի:
Ուրեմն այդպես, հորեղբայրս մահացավ: Կյանքն ասես կանգ էր առել, աշխարհը շուռ եկել, հավատալու բան չէր: Չէի համարձակվում հորղբորս տղային մի բան ասել կամ ձեռքը բռնել, չէ’, չէի կարողանում: Մայրը մի քանի անգամ նրան հեռացրեց սենյակից, որտեղ հոր դագաղն էր դրված, երբեմն դեղ էր տալիս: Խեղճը ահավոր գունատ էր, մեջքը կորացած, շատ էի ուզում մի բան անել նրա համար, բայց չգիտեի` ինչպես կամ ինչ, ոչինչ չէր ստացվում:
Թաղումը հաջորդ օրն էր: Ես ու եղբայրս անընդհատ կամ հորեղբորս տան ներսում էինք կամ տան շրջակայքում. դե, մեր բակը համարյա ընդհանուր է, այդքան ժողովուրդ ասես մեր տուն եկած լիներ: Ուշք ու միտքս հորղբորս տղան էր, որն այդ ժամանակ բոլորինն էր, բացի ինձանից:
Թաղումից հետո ճոխ հոգեհաց տվեցին: Մարդիկ կերան, խմեցին, օղորմի ասացին ու գնացին: Մեր բակը նորից դատարկվեց: Հաջորդ օրը ինքնահողն էր: Գերեզման գնալիս առանձին էինք, բայց վերադառնալիս` մոտեցա, կանգնեցի կողքին: Ձեռքը բռնեցի ու ամուր սեղմեցի: Ինքը չսեղմեց. շատ թույլ թվաց ինձ ախպորս ձեռքը…
Այդ օրը, ինչպես և հաջորդ օրը, հորղբորս կինը շատ բարեհաճ էր իմ ու փոքր եղբորս հանդեպ. ներս էր հրավիրում, երևի ուզում էր որդու հետ լինեինք: Սովորաբար, այդքան էլ նրա սրտով չէր, երբ որդին շփվում էր մեզ հետ: Տատիցս լսեցի, որ մայրը մտադիր է տղային որոշ ժամանակով ուրիշ տեղ տանել, որպեսզի մի քիչ ցրվի, անգամ հորը հիշեցնող ակնառու իրերը պահել էին: Անկեղծ ասած` ինձ շատ ցնցեց, որ մի քանի իրեր, այդ թվում` հորղբորս բջջային հեռախոսը, դրել էին դագաղի մեջ ու նրա հետ թաղել: Դա էլ տատիս ցանկությունն է եղել, եսիմ` ինչ է մտածել: Բայց հիմա նրանց ուշքն ու միտքը հորեղբորս տղան էր, որ 2-3 օրում ուղղակի հյուծվել էր:
Այդ օրը հորղբորս կինը հորդորեց մեզ գնալ գետի բերանը` մի քիչ զբոսնելու: Հորեղբորս տղան չէր ուզում, զոռով համոզեցի: Տնից դուրս գալուց առաջ ձեռքը գրպանը տարավ. հեռախոսը միշտ այնտեղ էր լինում, որպեսզի, եթե հայրը զանգի, անմիջապես կարողանա պատասխանել: Գրպանից հանեց հեռախոսն ու լուռ գցեց սեղանին. ո՞վ պիտի զանգեր իրեն: Ես համոզեցի նրան վերցնել հեռախոսը ու ինքս էլ հետ գցեցի նրա գրպանը: Ավելի վաղ ասել էր, որ հեռախոսի մեջ խաղեր կան, բայց ինքը գլուխ չի հանում: Հիմա իսկակական ժամանակն է, խելք խելքի կտանք` հասկանանք` ինչ է դա: Իմ ուզածն էլ հենց այդ էր`մի ձևով շեղել նրան, հանել իր ծանր վիճակից:
Փոքր եղբայրս մեզ հետ չէր: Ճիշտն ասած`վերջին երկու օը նա ինձ չէր էլ հետաքրքրում, ուշք ու միտքս հորղբորս տղան էր: Սկզբից անհանգստանում էի, թե ինչից սկսեմ, որ և’ բնական ստացվի, և’ հետաքրքրի նրան: Արդեն նստած էինք գետափին, կարծես ամեն ինչ ստացվում էր, խոսակցությունը հունի մեջ էր ընկնում, հանկարծ… հեռախոսը զանգեց: Եղբորս ձեռքն ինքնաբերաբար գրպանը գնաց, բայց ձեռքն անշարժ մնաց գրպանում` հեռախոսը պինդ բռնած: Պարզ էր, թե սկզբում ինչ անցավ խեղճի մտքով: Ամեն դեպքում, կյանքը շարունակվում է, ու ես, անմիջապես կողմնորոշվելով, ասացի նրան.
-Հը’ ի՞նչ ես սպասում, վերցրու’, տես` ով է,- թեպետ իմ մտքում էլ նույն պահին ծագեց նույն հարցը.«Ո՞վ պիտի զանգեր»…
Նա հանեց գրպանից նախօրոք պինդ բռնած հեռախոսն ու …դեմքն այլայլվեց, աչքերը չռվեցին, ափը բացվեց ու հեռախոսը ցած սահեց ձեռքից: Մինչ կհարցնեի` ո՞վ է, աչքերս հասցրին կարդալ էկրանի վրա պարզ երևացող մեկ բառ`PAPA: Արյունը տվեց գլխիս, ո՞նց թե` PAPA, ի՞նչ PAPA: Ես հստակ գիտեի, որ հեռախոսի վրա կարող էր պապա գրվել միայն այն դեպքում, եթե իրեն զանգեին հո’ր համարից, նրա’ հեռախոսից, որը գետնի տակ է, հոր հետ…Անհավանակա’ն է, անհնարի’ն է: Թեև վախով, բայց մեծը լինելու պարտավորությամբ հեռախոսը վերցրի գետնից. զանգն արդեն ընդհատվել էր: Ստուգեցի հետադարձ զանգը` նույնն էր…Արագ-արագ սկսեցի սեղմել բլոկնոտի համարները, հետո բաց թողնված զանգերը: Ձեռքս դողում էր, ինքս էլ առանձնապես վարժ չէի, երևի տարբեր բաներ սեղմեցի, ու վերջին զանգը ջնջվեց: Բայց մեկ է` կարդացել էի այն, ինչ եղբայրս տեսել էր… Նայեցի նրան. երեսին գույն չկար, շրթունքները դողում էին: Ի՞նչ անեի, մեկը լիներ` ինձ հանգստացներ…«Բայց ախր չի՛ կարող պատահել»,-հազիվ մրմնջացի, հաջորդ րոպեին հավաքեցի ինձ ու ժխտեցի.
-Երևի սխալ էին զանգել, դրա համար էլ անջատեցին:
Ասածս, միևնույն է, անհեթեթություն էր. չէ՞ որ հոր համարի տակ է հեռախոսի բլոկնոտում գրված PAPA.
-Գնանք տուն, չանհանգստանան, -ասացի, էլի մի երկու անհեթեթություն շաղ տվեցի, ու քայլեցինք դեպի տուն: Թե ինչ ձևով կարողացա նրան տուն հասցնել, Աստված գիտի. ոտքերը երերում էին, ոչ մի բառ չէր խոսում: Հորեղբորս կինը դեռ հեռվից տեսավ մեզ ու ընդառաջ եկավ.
-Ի՞նչ է եղել,- զգաց, որ մի բան եղել է:
– Ոչ մի բան, ի՞նչ պիտի լիներ, տեսա` լավ չի զգում, հետ եկանք:
Շտապ պառկեցրին նրան, իր դեղերից տվեցին, ինչ հարցնում էին, չէր պատասխանում: Հանգստացնող ինչ-որ բան տվեցին, քնեց, ես էլ շտապ ինձ դուրս գցեցի նրանց տնից: Ի՞նչ անեմ, գնամ, հենց հիմա հորս պատմեմ: Վախն ուղղակի ինձ ներսից ուտում էր: Հա’, հենց հիմա, քանի հորեղբորս տղան կողքիս չի, պետք է մի բան ձեռնարկել, հայտնել բոլորին, քանի ուշ չի…
Որպեսզի արագ հասնեմ, ուղիղ այգու միջով, հևասպառ կտրեցի-անցա: Տեսնեմ` այգու ետնամասում` ծառի տակ, փոքր եղբայրս` գլուխը կախ, ծառի տակ նստած` ինչ-որ բան է անում: Նրա կողքով արագ սուրալիս հասցրեցի նկատել, որ ձեռքերի մեջ ինչ-որ իր կա, որ ծլը’նգ-մլը’նգ` ձայներ է հանում: Ոտքս կախ գցեցի, կամաց հետ դարձա. նրա ձեռքին հորեղբորս հեռախոսն էր, այն, որ տատս դրել էր դագաղի մեջ…
-Անասու’ն,-խփեցի գլխին ու ձեռքից թռցրի հեռախոսը,- որտեղի՞ց ես վերցրել:
-Ը…ը…
Ամեն ինչ պարզ էր: Մի քանի անգամ էլ հասցրի գլխին, մեջքին.
-Ապուշի’ մեկը, հասկանում ե՞ս` ինչ ես արել:
Սկսեց լաց լինել: Արցունքները գլոր-գլոր հորդում էին: Չգիտեմ` ցավու՞մ էր, զղջու՞մ էր, թե՞ հորեղբոր համար էր լացում:
-Բա ինձ հիշատակ չմնա՞ր հորեղբորիցս…
– Հո ուրիշ տեղ չե՞ս զանգել:
-Չէ, ու՞մ պիտի զանգեի, բոլորն անծանոթ էին, մենակ էդ մի համարը գիտեի, ուրախացա, ասեցի` զանգեմ, հետո հասկացա` ուրեմն պիտի ասեմ, որ մոտս ա հեռախոսը, անջատեցի:
-Էշի’ գլուխ, երբ զանգում են, հեռախոսի համարը կամ տիրոջ անունը գրվում ա…
-Վայ’, մամա’ ջան…
Ապագայում իրեն հեռախոս չունենալուց ապահովագրած տասնամյա եղբայրս վայնասունը դրել էր:

-Սու’ս, ասում եմ, ձե’նդ, տեսնեմ`ինչ ենք անելու:
Ի՞նչ պիտի անեի. թե ասեի ճշմարտությունը, ամբողջ շրջանով մեկ խայտառակվելու էինք, եղբայրս գողի անուն էր հանելու, նրա հետ գուցե և մենք` որպես նրան դրդողի: Պարզ բան է` հորեղբորս կինը երբեք չէր ներելու մեզ` որդու վիճակը վատանալու համար, դեռ հայտնի չէ, ինչով է ավարտվելու այս ամենը: Էլ չեմ ասում` հայրս շանսատակ էր անելու եղբորս ու ոչ էլ հավատալու էր, որ ես անտեղյակ եմ եղել…
Առա հեռախոսը, վերադարձա գետափ ու նետեցի ջրերի մեջ: Երբ վերադարձա տուն, տեսա` մեր բակում շտապօգնության մեքենա է կանգած. հորեղբորս տղայի վիճակը վատացել էր: Շտապեցի ներս մտնել` նրա’ն, միայն նրա’ն ասելու ճշմարտությունը, բայց նա համարյա անգիտակից էր, բացի դրանից, նրան անհապաղ տեղափոխում էին հիվանդանոց:
Ամբողջ գիշեր աչք չփակեցի: Սա մի քանի անգամ ավելի ծանր սթրես էր ինձ համար, քան հորեղբորս մահը: Իմ խե’ղճ, խե’ղճ հորեղբոր տղա, ի՜նչ ապրումների մեջ էր ընկել դժբախտը: Ասացի` ես ունեմ թաշկինակ, պետք չէ (աչքերս սրբելուց ավելի են բորբոքվում): Եթե սա չպատմեի, ուղղակի կպայթեի: Մինչև հիմա ոչ մեկի չէի ասել այս մասին, ոչ մեկի: Միայն նրան` հորեղբորս տղային պատմեցի փոքր եղբորս հափշտակության մասին, բայց նա ոչ մի ռեակցիա չտվեց. բացակա հայացքով նայեց վրաս, ոչինչ չխոսեց: Չհավատա՞ց, թե՞ տեղ չհասավ ասածս` չգիտեմ: Ավելի լավ է մտածեմ` չհավատաց, չհավատա’ց…
Հիմա նա բուժումներ է ստանում ինչ-որ հեղինակավոր հոգեբուժական կլինիկայում: Բժիշկներն ասում են` պատճառը հոր մահն է, հնարավոր է` ժամանակի հետ անցնի: Հնարավոր է… Իսկ ես, հնարավոր է՝ ինձ եմ մեղադրում. ինչու՞ չկարողացա ժամանակին և տեղում գտնվել թե’ եղբորս, թե’ հորեղբորս տղայի կողքին…

Share Button

3 Կարծիք

  • Հովիկ says:

    Հուզիչ է,բայց լուսավոր չէ:

  • Arthur Zakarian says:

    Zgacvum e vor duk tkha cheq

  • anna says:

    Լրիվ ապրում էր:Երկու օր է տպավորության տակ եմ ու որոշեցի գրեմ այստեղ: Շատ քիչ է լինում, որ կարդացածդ ազդեցիկ լինի… Ուրեմն խիստ հաջողված գործ է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *