«Ինչպես դառնալ լավ ընթերցող» կամ «Հեղինակի հետ լավ հարաբերության մասին»՝ մոտավորապես այսպիսի ենթավերնագիր կսազեր այս տարաբնույթ մտորումներին, որոնցով ցանկանում եմ հոգածու եւ անշտապ մանրազննությամբ վերլուծել եվրոպական գրականության մի քանի գլուխգործոցներ:
Հարյուր տարի առաջ Ֆլոբերը սիրուհուն ուղղված նամակում գրում էր. «Comme l’on serait savant si l’on connaissait bien seulement cinq a’ six liveres» – «Ինչպիսի գիտնական կարելի էր դառնալ՝ ինչպես որ հարկն է իմանալով հինգ-վեց գիրք»:
Ընթերցողը պետք է նկատի մանրամասները եւ հրճվի դրանցով: Վատ չէ ընդհանրացման պաղած լույսը, բայց այն բանից հետո միայն, երբ արեւի լույսի ներքո խնամքով հավաքված են բոլոր մանրուքները: Պատրաստի ընդհանրացումից սկսել՝ նշանակում է գործն սկսել ոչ ա’յն ծայրից, բաժանվել գրքից՝ նույնիսկ այն հասկանալ չսկսած:
Ինչը կարող է ավելի ձանձրալի ու անարդար լինել հեղինակի հանդեպ, քան, ասենք, ձեռքն առնել «Տիկին Բովարին»՝ նախապես իմանալով, որ այս գրքում մերկացվում է բուրժուազիան: Պետք է միշտ հիշել, որ արվեստի ցանկացած ստեղծագործության մեջ վերաստեղծված է նոր մի աշխարհ, եւ մեր հիմնական խնդիրն է հնարավորին չափ մանրամասնորեն ճանաչել այդ աշխարհը՝ առաջին անգամ մեր առջեւ բացվող եւ ուղղակիորեն ոչ մի կապ չունեցող այն աշխարհների հետ, որոնք մեզ հայտնի էին ավելի վաղ: Այդ աշխարհն անհրաժեշտ է մանրամասնորեն ուսումնասիրել. այդ եւ միայն այդ ժամանակ սկսեք մտածել այլ աշխարհների, իմացության այլ բնագավառների հետ նրա ունեցած կապերի մասին:
Հիմա մեկ այլ հարց. կարելի՞ է արդյոք վեպերից տեղեկություններ քաղել երկրների ու նրանց պատմության վերաբերյալ: Մի՞թե ինչ-որ մեկը դեռեւս միամտորեն ենթադրում է, որ այն փքուն բեստսելլերներից, որ պատմավեպի տեսքով մեզ ամեն քայլափոխի հրամցնում են գրապալատները, կարելի է ինչ-որ բան իմանալ անցյալի մասին: Կարելի՞ է արդյոք վստահել բարոնետներով եւ այգիներով ճարտարապետված կալվածատիրական Անգլիայի այն պատկերին, որը թողել է Ջեյն Օստենը, եթե կյանքի մասին ունեցած նրա պատկերացումները պարփակված էին հոգեւորականի տան պատերի մեջ:
Կամ «Ցուրտ տունը», ֆանտաստիկ տեսարանները ֆանտաստիկ Լոնդոնի ֆոնին. կարելի՞ է արդյոք Լոնդոնի՝ հարյուրամյա հնությամբ կյանքի ուրվագիծը համարել այն: Իհարկե, ո’չ: Նույնը վերաբերում է նաեւ մյուս վեպերին: Ճշմարտությունն այն է, որ մեծ վեպերը մեծ հեքիաթներ են, իսկ մեր կուրսում անցնելիք վեպերը՝ մեծագույն հեքիաթները:
Ժամանակն ու տարածությունը, տարվա եղանակների ներկապնակը, մկանների եւ մտքերի շարժումը՝ այս ամենն ահա (որքանով կարելի է դատել, եւ ինձ թվում է, որ այստեղ սխալ չկա) բարձրագույն շնորհով օժտված գրողի համար ոչ թե ավանդական հասկացություններ են՝ մաշված ճշմարտությունների հանրամատչելի գրադարանից կորզված, այլ՝ անգյուտ հայտնությունների մի շարք, որոնց համար հանճարեղ վարպետը կարողացել է գտնել նաեւ արտահայտման յուրահատուկ կերպ:
Միջակ գրողի ճակատագիրը կլիշեն գունազարդելն է. նա այնքան թափ չի առնում, որպեսզի նորովի վերստեղծի աշխարհը. նա ընդամենը փորձում է իրերի արդեն իսկ սահմանված կարգից, հորինվածքի այլոց կողմից արդեն իսկ փորձարկված շաբլոններից քամել ամենայն լավը: Տարաբնույթ համադրումները, որոնք միջին գրողն ընդունակ է կառուցել նախապես տրված շրջանակներում, զուրկ չեն լինում յուրօրինակ վաղանցիկ հմայքից, քանի որ միջին ընթերցողին դուր է գալիս, երբ նրան հաճելի տեսքով հրամցվում են իր իսկ մտքերը: Բայց իսկական գրողը, որը մոլորակներին ստիպում է պտտվել, կերտում է մարդուն, եւ, մինչ նա քնած է, անողորմաբար փոխում է նրա կողոսկրը. այսպիսի գրողն ահա պատրաստի արժեքներ չունի, նա ինքը պետք է դրանք ստեղծի:
Գրողական արվեստը միանգամայն ավելորդ է, եթե այն չի ենթադրում աշխարհը նախեւառաջ իբրեւ հորինումի շտեմարան տեսնելու ունակություն: Եթե այդ աշխարհի հիմնանյութն (материя) անգամ ռեալ է (որքանով որ ռեալությունն ընդհանրապես հնարավոր է), ապա այն բնավ էլ ամբողջական տրվածք չէ. այն քաոս է, որին հեղինակն ասում է «Ի գործ», եւ աշխարհն սկսում է բոցավառվել ու հրահեղվել: Այն այլկերպվել է իր ատոմային իսկ կազմությամբ եւ ոչ պարզապես մակերեսային, տեսանելի մասերով:
Գրողն առաջինն է քարտեզագրում նրա ուրվածերը, անվանակոչում տարրերը: Ահա հատապտուղները, դրանք ուտելի են: Այնտեղ՝ առջեւում, բծավոր ինչ-որ մեկը հեռու է ալանում, հարկավոր է նրան ընտելացնել: Իսկ ծառերի հետեւում գտնվող ահա այն լիճը ես կկոչեմ «Մարգարտյա» կամ՝ ավելի նրբագեղորեն արտահայտվելով՝ «Արտահոսող»: Այս մշուշը լեռ կլինի, եւ պետք է այն նվաճել: Վարպետը մագլցում է դեռ անկոխ լանջն ի վեր, եւ այնտեղ՝ հողմալից բարձունքում, հանդիպում է, ինչ եք կարծում՝ ու՞մ, երջանիկ ու հեւասպառ ընթերցողին, եւ նրանք իրար գիրկ են նետվում, որ հավիտյանս այլեւս չբաժանվեն, եթե հավիտյան ապրելու է գիրքը:
Գավառական մի քոլեջում, ուր հայտնվել էի դասախոսական երկարաձգված մի շրջագայության ընթացքում, ես փոքրիկ մի հարցում անցկացրեցի: Առաջարկեցի ընթերցողի տասը բնորոշում. ուսանողները պետք է ընտրեին չորսը. այնպիսի համադրումը, որ, իրենց կարծիքով, ապահովում է լավ ընթերցողին: Այդ ցուցակն ինչ-որ տեղ անհետացել է, բայց կփորձեմ հիշողությամբ վերականգնել այն: Ընտրեք չորս պատասխան այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի եւ ինչ պետք է անի լավ ընթերցողը.
Լինել գրքասերների ակումբի անդամ:
Նույնացնել իրեն գրքի հերոսի/ հերոսուհու հետ:
Հետաքրքրվել նախեւառաջ սոցիալ-տնտեսական տեսանկյունով:
Նախընտրել գրքերը, որոնցում ավելի շատ են գործողություններն ու երկխոսությունները:
Ձեռնամուխ չլինել ընթերցմանը՝ էկրանացումը դիտած չլինելով:
Լինել սկսնակ գրող:
Ունենալ երեւակայություն:
Ունենալ լավ հիշողություն:
Ունենալ բառապաշար:
Ունենալ գրական որոշ ճաշակ:
Ուսանողները միահամուռ ծանրացել էին համակրալից նույնացման, գործողության, սոցիալ-տնտեսական եւ պատմական տեսանկյունների վրա: Ինչպես դուք անշուշտ արդեն կռահեցիք, լավ ընթերցողը նա է, ով օժտված է երեւակայությամբ, հիշողությամբ, բառապաշարով եւ գրական որոշ ճաշակով, ընդ որում, վերջինը ես մտադիր եմ իմ եւ ուրիշների մեջ զարգացնել ցանկացած հնարավորության դեպքում:
Պետք է մի վերապահություն անեմ, որ «ընթերցող» բառը ես օգտագործում եմ միանգամայն ազատ: Թող որ տարօրինակ թվա, բայց գիրքն ընդհանրապես չի կարելի ընթերցել. այն կարելի է միայն վերընթերցել: Լավ ընթերցողը՝ ընտրող, համագործակցող եւ ստեղծող ընթերցողը, վերընթերցող է: Հիմա բացատրեմ՝ ինչու:
Երբ մենք առաջին անգամ կարդում ենք գիրքը, հայացքը ձախից աջ, տող առ տող, էջ առ էջ տեղափոխելու աշխատատար ընթացքը, այդ դժվարին ֆիզիկական աշխատանքը, որը մենք կատարում ենք, հենց գիրքն իմաստավորելու տարածաժամանակային պրոցեսն ինքը խանգարում է նրա գեղագիտական ընկալմանը: Երբ նկար ենք դիտում,առանձնապես հարկ չի լինում հայացքը յուրահատուկ կերպով տեղափոխելու, նույնիսկ եթե այնտեղ էլ կա խորք եւ զարգացում:
Գեղանկարչական ստեղծագործության հետ առաջին անգամ շփվելիս ժամանակն ընդհանրապես որեւէ դեր չի խաղում: Իսկ գրքի հետ ծանոթանալու համար անհրաժեշտ է ժամանակ ծախսել: Մենք չունենք ֆիզիկական մի օրգան (այնպիսին, ինչպիսին գեղանկարչության դեպքում աչքն է), որը կարողանար միանգամից ընդգրկել ամբողջը, իսկ հետո՝ զբաղվել մանրամասներով:
Բայց երկրորդ, երրորդ, չորրորդ ընթերցմամբ մենք ինչ-որ իմաստով հաղորդակցվում ենք գրքի հետ այնպես, ինչպես նկարի հետ: Չշփոթենք, սակայն, աչքը՝ էվոլյուցիայի այդ հրեշավոր արդյունքը, գիտակցության՝ նրա՝ էլ ավելի հրեշավոր ձեռքբերման հետ: Ցանկացած գիրք, լինի դա գեղարվեստական ստեղծագործություն, թե գիտական աշխատության (սրանց միջեւ սահմանն այնքան էլ հստակ չէ, որքան ընդունված է կարծել), նախեւառաջ ուղղված է մտքին: Միտքը, ուղեղը, սարսռուն ողնաշարի այդ գագաթը. ահա այն եզակի գործիքը, որով պետք է մոտենալ գրքին:
Իսկ եթե այդպես է, մենք պետք է հասկանանք, թե ինչպես է աշխատում միտքը, երբ մշուշոտ ընթերցողը հանդիպում է գրքի արեւային փայլատակմանը: Նախեւառաջ, մշուշոտ տրամադրությունը փարատվում է եւ, քաջությամբ լի, ընթերցողը տրվում է խաղի ոգուն: Քիչ չի պատահում, երբ անհրաժեշտ է լինում բռնանալ ինքդ քեզ վրա, որպեսզի ձեռքդ վերցնես գիրքը, հատկապես, երբ այն խորհուրդ են տալիս կարդալ մարդիկ, որոնց ճաշակը, երիտասարդ ընթերցողի թաքուն համոզմամբ, ձանձրալի է եւ հնացած. բայց եթե այդպիսի բռնություն, այնուամենայնիվ, կատարվում է, այն կփոխհատուցվի լիովին: Քանի որ գիրքն ստեղծելիս արվեստագետը երեւակայություն է բանեցրել, ապա դրա ընթերցողն էլ պետք է գործադրի իրենը. այդպես եւ’ ճիշտ կլինի, եւ’ ազնիվ:
Ինչ վերաբերում է ընթերցողական երեւակայությանը, կա ամենաքիչը երկու տարատեսակ: Եկեք պարզենք՝ դրանցից որն է անհրաժեշտ ընթերցման ժամանակ: Առաջինը՝ բավականին աղքատիկ է, պարզունակ զգացումներով սնվող եւ որոշակիորեն անհատական բնույթ ունեցող: (Զգացմունքային ընթերցման այս տեսակն իր հերթին մի քանի տարատեսակների է բաժանվում):
Մենք խորն ենք ապրում գրքում նկարագրված իրավիճակը, քանի որ այն ինչ-որ բան է հիշեցնում, որն ապրվելու է մեր կամ մեր ծանոթների կողմից: Կամ էլ, դարձյալ, գիրքը հարազատ է լինում ընթերցողին, քանի որ նրա հիշողության մեջ արթնացնում է ինչ-որ երկրամաս, բնանկար, կենսակերպ, որոնք թանկ են նրա համար՝ իբրեւ անցյալի մի մասը: Կամ էլ, եւ սա վատթարագույնն է, որ կարող է պատահել ընթերցողի հետ, նա իրեն նույնացնում է գրքի կերպարի հետ: Ես խորհուրդ չէի տա ընթերցողին միտվել դեպի երեւակայության այս տեսակը:
Ո՞րն է ի վերջո այն միակ ճիշտ գործիքը, որով պետք է գործի ընթերցողը: Դա անանձնական երեւակայությունն է եւ գեղագիտական հաճույքը: Պետք է, կարծում եմ, ձգտել գեղարվեստորեն ներդաշնակ հավասարակշռության ընթերցողի մտքի եւ հեղինակի մտքի միջեւ:
Պետք է փոքր-ինչ տարածություն պահպանել՝ հենց այդ հեռավորության մեջ իսկ բավարարություն գտնելով, եւ այդտեղից լիակատար ոգեւորության վերածվող, արցունքներ կորզող եւ սարսուռ առաջացնող հաճույքով զննել գլուխգործոցի խորքային հյուսքը: Իհարկե, այդտեղ ամբողջական օբյեկտիվություն լինել չի կարող: Ամեն մի արժեքավոր բան միշտ էլ ինչ-որ չափով սուբյեկտիվ է: Ինձ կարող է թվալ, թե դուք նստած եք այստեղ. կա՝ ես ձեր աչքին երեւացող մղձավանջ եմ: Ես ընդամենը ցանկանում եմ ասել, որ ընթերցողը պետք է կարողանա ժամանակին սանձել իր երեւակայությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է հստակ պատկերացնել այն յուրահատուկ աշխարհը, որ նրա տրամադրության տակ է դնում գրողը:
Անհրաժեշտ է դիտել եւ լսել, անհրաժեշտ է սովորել տեսնել այդ աշխարհի բնակիչների սենյակները, զգեստները, շարժուձեւերը: Ֆաննի Փրայսի աչքերի գույնը «Մենսֆիլդ պարկում», նրա ցուրտ կացարանի կահավորանքը՝ այս ամենը շատ կարեւոր է:
Յուրաքանչյուրն ունի իր հոգեկերտվածքը, եւ ես միանգամից կասեմ ձեզ, որ ընթերցողի համար լավագույնը գեղարվեստական խառնվածքի զուգակցումն է գիտականին: Գեղարվեստական չչափավորված խանդավառությունը ավելորդ սուբյեկտիվություն կմտցնի գրքի հետ հարաբերության մեջ, սառը գիտական բանականությունը կմեղմի ինտուիցիայի ջերմությունը: Բայց եթե ապագա ընթերցողն ամբողջությամբ զուրկ է ոգեւորությունից եւ համբերությունից՝ արվեստագետի ոգեւորությունից եւ գիտնականի համբերությունից, նա դժվար թե սիրի մեծ գրականությունը:
Գրականությունը ծնվեց ոչ այն օրը, երբ նեանդերթալյան հովտից «Գա~յլը, գա~յլը» գոռալով դուրս վազեց տղան, իսկ նրա հետեւից էլ ինքը՝ գորշ գայլը՝ շունչը նրա ծոծրակին. գրականությունը ծնվեց այն օրը, երբ տղան «Գա~յլը, գա~յլը» գոռալով՝ վազելով տեղ հասավ, իսկ նրա հետեւում ոչ մի գայլ էլ չկար: Խեղճին, ի վերջո, ստելու հանդեպ տածած իր այդ սիրո համար, այսպես թե այնպես, խժռեց սատանորդի մի իրական, բայց մեզ համար դա երկրորդական խնդիր է: Կարեւորը բոլորովին ուրիշ բան է:
Տեսեք. իրական գայլի եւ հորինվածքի գոյություն չունեցող գայլի միջեւ ինչ-որ բան է առկայծում եւ փայլփլում: Առկայծող այդ միջակայքը, այդ գեղադիտակն էլ հենց գրականությունն է:
Գրականությունը հնարանք է: Հորինվածքը հորինվածք է: Ճշմարիտ համարել պատմվածքը, նշանակում է վիրավորել թե’ արվեստը, թե’ ճշմարտությունը: Ցանկացած գրող մեծ խաբեբա է, բայց այդպիսին է նաեւ գերգույն այդ խաբեբան՝ Բնությունը: Բնությունը միշտ խաբում է: Բազմացումը նպատակ ունեցող պարզունակ խորամանկություններից մինչեւ թռչունների ու թիթեռների պաշտպանական գունավորումների ապշեցուցիչ կերպով հնարամիտ պատրանքայնությունը աճպարարությունների ու գայթակղությունների զարմանալի մի համակարգ է օգտագործում բնությունը: Գրողը միայն հետեւում է նրա օրինակին:
Մի կարճ պահ վերադառնալով մեր փոքրիկ մազածածկ, գայլից վախեցած վայրենուն՝ կարող ենք այսպես ասել. արվեստի մոգությունը գալիս էր նրա՝ մտացածին գայլի պատրանքից, իր երեւակայության գայլից, եւ հաջողակ չարաճճի տղայի կենդանության օրոք դրա մասին պատմությունը դառնում է լավ պատմվածք: Իսկ երբ չարաճճին զոհվեց, պատմությունը քարանձավային խարույկի շուրջ վերածվեց քարոզի:
Բայց նրա հետ անհետացավ մոգությունը: Քանզի ամբողջ գաղտնիքը հնարանքի մեջ է:
Գրողին կարելի է գնահատել երեք տեսանկյունով. որպես պատմողի, որպես ուսուցչի, որպես մոգի: Երեքն էլ՝ պատմողը, ուսուցիչը, մոգը, մեծ գրողի մեջ համադրվում են, բայց նա մեծ կդառնա, եթե առաջին լարըէ նվագում մոգը:
Պատմողին մենք անդրադառնում ենք զվարճության, մտավոր պարզագույն շահագրգռության, զգայական ներքաշման, տարածության ու ժամանակի ինչ-ինչ հեռավոր ոլորտներում հաճույքի համար թափառելու ժամանակ: Մի փոքր այլ, թեեւ ոչ անպայմանորեն ավելի բարձր մտակերտվածք է որոնելի գրող-ուսուցիչների մեջ: Քարոզիչ, բարոյախոս, մարգարե՝ այսպիսին է աստիճանակարգը: Ուսուցիչի մոտ կարելի է գնալ ոչ միայն սովորելու համար, այլեւ հանուն գիտելիքի, հանուն իմացության:
Ինձ, դժբախտաբար, ծանոթ են մարդիկ, որոնք կարդում են ֆրանսիացի եւ ռուս վիպասաններին, որպեսզի ինչ-որ բան իմանան ուրախ Փարիզի կամ թախծոտ Ռուսաստանի կյանքի մասին: Երրորդ դեպքում, եւ սակայն սա է գլխավորը, մեծ գրողը միշտ մեծ կախարդ է, եւ այն ժամանակ է հենց սկսվում ամենահրապուրիչը, երբ փորձում ենք հասու լինել գրողի անհատական մոգությանը, ուսումնասիրել նրա վեպերի կամ բանաստեղծությունների ոճը, պատկերավորման համակարգը, կառուցվածքը:
Մեծ գրողի երեք կողմերը՝ մոգությունը, պատումը եւ ուսուցանումը, սովորաբար միաձուլված են միասնական ու մենմիակ ճառագայթումի ամբողջական զգացողության մեջ, քանի որ արվեստի մոգությունը կարող է համակել ողջ պատումը, ապրել մտքի բուն իսկ խորքում: Չոր, թափանցիկ, կազմակերպված մտքի գլուխգործոցներն ընդունակ են առաջացնելու ոչ պակաս զորեղ գեղարվեստական ցնցում, քան «Մենսֆիլդ պարկ»ը կամ դիկենսյան պատկերավորության բուռն հեղեղը: Պոեզիայի ճշգրտությունը՝ համադրված գիտական կռահման հետ. ահա, ինչպես ինձ է թվում, վեպի որակի ստուգման հարմար բանաձեւը:
Որպեսզի սուզվի այդ մոգության մեջ, խելոք ընթերցողը գիրքը կկարդա ոչ սրտով եւ ոչ էլ այնքան ուղեղով, այլ՝ ողնաշարով: Այստեղ էլ հենց ի հայտ է գալիս վերահսկող ցրտությունը, չնայած, գիրքը կարդալով, մենք պետք է փոքր-ինչ օտարված մնանք չկրճատելով մեր միջեւ եղած հեռավորությունը: Եվ այդ ժամ ահա, միաժամանակ թե՝ զգայական, թե՝ բանական մի բավականությամբ, մենք կտեսնենք, թե ինչպես է արվեստագետը թղթե տնակ կառուցում, եւ թղթե այդ տնակը վեր է ածվում հոյակապ մի շինության ապակուց ու պողպատից համակցված:
«Գարուն», 2003, թիվ 3
Այս գրությամբ Նաբոկովը ավարտել է եվրոպական վեպին նվիրված իր դասախոսությունների շարքը` մի տեսակ ամփոփելով իր արարքը: Այն ինչ-որ իմաստով լրացնում է «Լավ ընթերցողների ու լավ գրողների մասին» գրությանը:
L’ E N V O I[1]
Ձեզանից ինչ-որ մեկին կարող է թվալ, որ աշխարհի ներկայիս ծայրահեղ անհանգիստ պայմաններում գրականություն ուսումնասիրել, ավելին՝ կառուցվածք եւ ոճ ուսումնասիրելը, ուժերի զուր վատնում է: Ես ենթադրում եմ, որ որոշակի մտակառույցի պայմաններում, իսկ այն մեր բոլորի մոտ տարբեր է, ոճ ուսումնասիրելը ցանկացած իրավիճակում թվում է ուժերի զուր վատնում: Բայց սրանից հեռանալով՝ ես միշտ կարծել եմ, որ ցանկացած՝ գեղարվեստական կամ պրակտիկ տիպի մտակառույցում, միշտ կգտնվի մի գոտի, որը դյուրընկալ է այն բանին, ինչը դուրս է առօրյա կյանքի չափազանց վատ ազդեցությունների իշխանությունից:
Վեպերը, որոնք մենք այստեղ յուրացրեցինք, ձեզ ոչինչ չեն սովորեցնի, որոնց պետքականությունը կզգացվի առօրյա կենցաղային իրավիճակներում: Դրանք անօգուտ են գրասենյակում եւ զինվորական հավաքներում, խոհանոցում եւ մանկասենյակում: Գիտելիքները, որոնք ես փորձեցի ձեզ տալ, ըստ էության շքեղության արտահայտություն են: Դրանք չեն օգնի ձեզ կողմնորոշվելու ոչ Ֆրանսիայի քաղտնտեսության մեջ, ոչ էլ կնոջ կամ պատանու սրտի գաղտնիքներում:
Բայց դրանք ձեզ կօգնեն, եթե հետեւեք իմ հրահանգներին, մաքուր բերկրանք ապրել ոգեշնչված եւ ճիշտ ստացված արվեստի գործից. հենց այդ բերկրանքից էլ ծնվում է այն իրական հոգեկան հանդարտությունը, երբ հասկանում ես, որ բոլոր սխալների եւ վրիպումների պայմաններում կյանքի ներքին կառուցվածքը նույնպես որոշակիանում է ոգեշնչմամբ եւ ճշգրտությամբ:
Այս կուրսում ես փորձեցի բացել կախարդական խաղալիքների՝ գրական գլուխգործոցների ներքին կառուցվածքը: Ես փորձեցի ձեզ դարձնել լավ ընթերցողներ, որոնք գրքեր են կարդում ոչ հերոսի հետ նույնանալու մանկական ցանկությամբ, ոչ կյանքը ճանաչելու պատանեկան եւ ոչ էլ ընդհանրացումների հետ խաղալու համալսարանական ցանկությամբ: Ես փորձեցի սովորեցնել ձեզ ընթերցանություն՝ գրքի կառույցը, կերպարները, արվեստը բացահայտող: Ես փորձեցի սովորեցնել ձեզ գեղագիտական հաճույքի սարսուռը, կարեկցանքը ոչ թե գրքի կերպարների, այլ հեղինակի նկատմամբ, նրա աշխատանքի բերկրանքների եւ փակուղիների նկատմամբ:
Մեր բանավեճերը ծավալվեցին ոչ թե գրքի շուրջ, այլ դրանց առիթով. մենք թափանցեցինք գլուխգործոցի ամենակենտրոնը, դեպի նրա բաբախող սիրտը:
Դասընթացը ավարտվեց: Ձեր խմբի հետ աշխատանքը արտակարգ հաճելի փոխազդեցություն էր իմ խոսքի շատրվանի եւ ձեր ականջների պարտեզի միջեւ՝ ոմանց համար բաց, ոմանց համար փակ, հաճախ՝ ընկալելի, երբեմն՝ դեկորատիվ (զարդարուն), բայց միշտ մարդկային, միշտ աստվածային: Համալսարանն ավարտելով՝ ձեզանից ոմանք կշարունակեն հանճարեղ գրքերի ընթերցանությունը, ոմանք՝ կդադարեցնեն. իսկ ով զգում է, որ երբեք իր մեջ չի արթնացնի մեծ վարպետներով հրճվելու ունակությունը, լավ է երբեք չկարդա նրանց:
Վերջիվերջո, այլ բնագավառներում եւս հանդիպում է հիացման այդ թրթիռը. զուտ գիտությամբ արբեցումը պակաս քաղցր չէ, քան արվեստով հիացումը: Գլխավորը զգալու սարսուռն է, իսկ ուղեղի կամ սրտի որ մասով՝ կարեւոր չէ: Բայց մենք հանդգնում ենք ձեռքից բաց թողնել ամենալավը կյանքում, եթե չենք սովորում այդ սարսուռը, եթե չենք սովորում սեփական հասակից քիչ բարձր կանգնել, որպեսզի ճաշակենք արվեստի բարիքները՝ ամենաբացառիկը եւ ամենահամեղը, ինչպիսիք մատուցում է մարդկային միտքը:
[1] Ֆր.՝ ձոն, ընծայում:
Գրականությունը ծնվեց ոչ այն օրը, երբ նեանդերթալյան հովտից «Գա~յլը, գա~յլը» գոռալով դուրս վազեց տղան, իսկ նրա հետեւից էլ ինքը՝ գորշ գայլը՝ շունչը նրա ծոծրակին. գրականությունը ծնվեց այն օրը, երբ տղան «Գա~յլը, գա~յլը» գոռալով՝ վազելով տեղ հասավ, իսկ նրա հետեւում ոչ մի գայլ էլ չկար: Խեղճին, ի վերջո, ստելու հանդեպ տածած իր այդ սիրո համար, այսպես թե այնպես, խժռեց սատանորդի մի իրական…
Տեսեք. իրական գայլի եւ հորինվածքի գոյություն չունեցող գայլի միջեւ ինչ-որ բան է առկայծում եւ փայլփլում: Առկայծող այդ միջակայքը, այդ գեղադիտակն էլ հենց գրականությունն է:
http://www.youtube.com/watch?v=Qswgf9q5lrI
Վերջին նեանդերթալցին մեռել է 24.000 տարի առաջ, մենք հոմո սափիենսների հետնորդներն ենք, որոնք գոյության կռվում բնաջնջեցինո բոլոր նեանդերթալցիներին… դա նույնպես գրականության ծնունդի հետաքրքիր մոտիվ է 🙂