Նաիրա Աբրահամյան | Գև..

Ջրականում այդ գիշեր բավականին ցուրտ էր: Ցերեկն ընդամենը մի կարճ պահ էր անձրևը պոչը քաշել:
Քնելու հերթափոխը մերն էր վերջապես՝ այն էլ մի քանի ժամով, այն էլ, եթե արկերն ու հրթիռները նորից չակտիվանային:
Հրամանատարը թույլ չտվեց թաց ու տամուկ հողին պառկեինք, հիվանդության պատճառ կարող էր դառնալ. էս օրերին միայն դա էր մեզանից պակաս:
Գևի լապտերն ամենահաջողն էր։ Գնացինք կողքի անտառը ճյուղեր կտրելու։ Ճյուղերին կպառկեինք, հողի խոնավությունը քիչ զգացնել կտար։
Ջահակիր ընկերս մտամոլոր կանգնած էր, ո՛չ ձենն էր դուրս գալիս, ո՛չ բլբլում էր, ո՛չ էլ, անգամ, հայհոյում:
Դանակս գործի էի դրել։ Գևը լույսը լրիվ այլ կողմ էր պահել: Ձեն չհանեցի, սիրտ չուներ։ Էսչափ մռայլ ընկերոջս երբեք չէի տեսել:
-Գև~…
-Համե~…
-Հլը նորից պատմի, քո շվաքից ո՞նց էիր վախեցել, հը՞:
-է՛հ, հավեսդ չունեմ,Սո’ս:
-Էն պահը, է~, Գև՛, որ ստվերդ վազել ա հետևիցդ, իսկ դու շուռ գալով՝ իրեն մի լավ քացի ես տվել:
-Ի՜նչ էլ հիշողություն ունես, հա’:
-Լսի’ր, ի՞նչ ես էդպես մումիայի դեմքով կանգնել, կարողա՞ պատերազմ ես էկել:
-Չէ’, ի՞նչ պատերազմ, ապե’ր, էկել ենք անտառ սունկ հավաքելու:
-Էն էլ ի՜նչ սունկ՝ թոթոլ, սպիտակ, մեր քոլեջի Թամուշի դոշերի նման:
-Լոզե՛րդ մաքրի:
-Թե չէ դու չէիր ուզենա՞:
-Սո’ս:
-Հը՞:
-Թե ընկա, լապտերս լավ կպահես, կտակում եմ քեզ։
-NO PROBLEM, ապե’ր: Դու…
-Դու հանգիստ ընկի…Էդ էիր չէ՞ ուզում ասել:
-Բա էղա՞վ, Գև’, հազիվ քավորի պաշտոն եմ ստացել, ի՞նչ ընկնել, ի՞նչ բան, հլը ու՜ր ես։
-Լսի’ր, բա դու` ի՞նձ։ Կտակի՛ցդ խոսիր:
-Ինձնից քե՞զ․․․Թամուշի համարը, ապե՛ր, հեռախոսիս մեջ կա, իսկը քո ճաշակով:
-Հումորդ չլիներ, ո՞նց էինք ապրելու, Սո’ս:
-Է՜հ…
-Էսքան ճյուղերը հերիք չե՞ն, չգնա՞նք:
-Գև’, վերջին անգամ ե՞րբ ես տուն զանգել:
-Չորս օր առաջ:
-Բա խի՞ չես զանգում, ապահով խոսելու տեղը գիտես, բա գնա՛, զանգի՛ր:
-Զանգեմ ի՞նչ ասեմ:
-Տանեցիներին զգուշացրու’ էն լխտիկ ցուլին լավ պահեն, որ հասնիքիդ կրակին տանք:
-Եթե մինչև լուսաբաց թշնամին մեզ կրակին չտա:
-Էս ինչ մի լալահառա՜չ, սրտակեղե՜ք, լալագի՜ն…Չէ՛ մի: Հավաքի’, քաշի’ էս ճյուղերը, գնացի՛նք:

***
Գևի մարմինը մի կերպ կարողացանք տեղավորել բեռնատարի թափքի մեջ: Էլ տեղ չէր մնացել, բայց հաջողացրինք ժամ շուտ․․․
Տեսնես մեքենան կկարողանա՞ անվտանգ տեղ հասնել:
Լապտերը ծոցս եմ պահում:
Անձրև չկա, բայց հողն էլի թաց է: Ասում են` արյունից գոլորշի չի բարձրանում:

***
Գևի հեռախոսն էսօր անդադար զանգում է:
Հեռախոսն էլ ծոցս եմ դնում:

***
Նորից գիշեր է։
Գև…

***
Էլի շիվեր եմ կտրում ու ջարդում, ու․․․ ընդհանրապես չգիտեմ՝ ում կամ ինչի համար: Ախր մեղք են էս ծառերը, ափսոս չե՞ն էս մատղաշ շիվերը, սրանք դեռ հաստ ճյուղեր, ծառեր են դառնալու, սրանք դեռ պտուղներ են տալու, էս ինչի՞ եմ անում ես, էս խի՞ եմ ջարդուխուրդ անում: Դանակը գետնին եմ շպրտում, նստում:
Խի՞ղճ, ի՞նչ խիղճ, որտե՞ղ է վաճառվում էդ խիղճը, ո՞վ է վաճառում, քանիսո՞վ։
Բա մեր շիվե՞րը, բա մե՛րը, մե՛րը, մեր կանաչ շիվ –տղերքն ու՞ր են, ու՞ր են մերոնք: Խիղճ են վաճառու՞մ, խի՜ղճ․․․թքել եմ խիղճ վաճառող ձեր բարության վրա։ Դուք գնացեք գնորդ փնտրեք։
Կատաղած նորից վեր եմ թռչում, նորից ջարդում եմ, կոտրում ու փշրում եմ ամենն ու ամեն ինչը։ Խի՜ղճ են վաճառում․․․
Ծառերից հյութ է ծորում։ Ձեռքերս սկսում են իրար կպչել։ Մատներս քթիս եմ մոտեցնում․ արյան հոտը գլուխս է բարձրանում։ Սկսում եմ մռնչալ, գոռալ․․․Աստծուց արցունք եմ մուրում։
Ծառերից էլի խեժահյութ է թափվում, հոտից եմ զգում, քանի որ կողքերս էլ ոչինչ չի երևում։ Մութը խեղդում է շուրջբոլորը։ Դողացող ձայնով նորից սկսում եմ կանչել, գոռալ․
-Գև՜, Գև՜, ապե՛ր…լույսն է՛ս կողմը պահի:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *