Տատիս գործած գլխարկը մինչև ծոծրակս քաշած, տաք-տաք հագնված, սառած գետնի վրայով տոտիկ-տոտիկ էլի հացի եմ գնում: Համոզված եմ, որ հերթը մինչև փողոց է հասնում: Հեռվից տեսա՝ հացի մեքենան փնչացնելով ու ճոճվելով հեռացավ. բազմությունը հարձակվեց վաճառասեղանի վրա: Հացավաճառ Անժիկ տյոտյան սովորականի պես բղավեց. «Հերթ կագնեք, բոլորիդ էլ կհասնի, բայց երկու հացից ավել ոչ մեկին չեմ տալու: Էսօրվա մատնաքաշը լավն է, հոտ-մոտ չի գալիս »:
Անժիկ տյոտյան նախկին ուսուցչուհի է, որդին ու ամուսինն առավոտից երեկո Ազատության հրապարակում ցույցի են: Ասում են՝ երկուսն էլ ֆիդայի են դարձել ու Ղարաբաղ են գնալու: Հենց հացը վերջանում է, ու խանութում հարաբերական անդորր է տիրում, Անժիկ տյոտյան կողքին նստեցնում է խանութի հավաքարարին ու արցունքն աչքերին՝ պատմում.«Արուս ջան, տղաս ու ամուսինս կամ Լենինականում փլատակներն են մաքրում կամ Օպերայի հրապարակում Ղարաբաղն են ուզում ազատագրել: Շատ եմ վախենում: Սերոբիս՝ մինուճարիս, մի բան չպատահի. հայրը լրիվ խելքահան է արել նրան»:
Երեք ժամ հերթի մեջ ճխլվելուց հետո կարմրատակած ու քրտնաթոր՝ դուրս եկա խանութից: Երջանիկ էի. երկու հաց էի առել: Քայլերս ավելի արագացրի, որ շուտ հասնեմ տուն. դասերս մնացել էին: Արդեն մթնում էր: Մոտակա շենքի մուտքի առջև տեսա այն կնոջը, որը մեկ ժամ առաջ սառած մատներին փչելով, ոտքերին՝աշնանային հնամաշ կոշիկներ, մեջքին շալ գցած՝ խանութի ապակիներից մի պահ ներս նայեց, մի քիչ հետուառաջ արեց ու տեսադաշտիցս կորավ: Մեր թաղերում նա երբեք չէր երևացել: Շենքից դուրս եկավ Գուգոն: Մուտքի աստիճաններին նրանք դեմ դիմաց ելան: «Գուրգեն ջան, յեդ գնա, բալես, չկրցա հաց առնիմ, ըմբես հերթ էր օր: Քուրիկը հըմի լաց կեղնի, էրթանք»,- նեղսրտեց կինը:
Գուգոն չտեսավ ինձ: Անծանոթ կնոջ հետ շենք մտավ:
Գուգոյի հետ մի-երկու անգամ էինք խաղացել բակում. շատ զբաղված էր լինում, դրսում նրան հազվադեպ էինք տեսնում: Բայց երբ բակ էր իջնում, արագ-արագ ձնագնդի էր սարքում ու մեզ մատակարարում, որ մեր առատ զենք-զինամթերքով հակառակորդ թիմի վրա հարձակվենք ու չթողնենք շունչ քաշեն: Գուգոն լենինականցի էր: Երկրաշարժը նրանց շենքը գետնին էր հավասարեցրել: Հարևանները շշուկով պատմում էին, որ հայրն ու եղբայրը մնացել են փլատակների տակ, իսկ թե ուր էր մայրը, ոչ ոք չգիտեր: Գուգոն երբեք չէր պատմում, թե ինչպես է քրոջ հետ Երևան հասել ու տեղավորվել մեր կողքի շենքում: Երբ հարցնում էինք, պատասխանում էր. «Ըշտը հըմի Էրէվան կաբրինք քրոջս հետ, ապ ջան»:
Ո՞վ է այս կինը, որին ես երբեք չէի տեսել: Գիտեինք, որ Գուգոն է քրոջը խնամում, հագցնում, մանկապարտեզ տանում, հետո տուն բերում, ճաշ պատրաստում: Հարևաններն ու ամբողջ բակն ինչով կարողանում, օգնում էին նրանց, բայց այնպես, որ տղան չվիրավորվի: «Գուգ ջան, էս մի կապոց փայտը տարեք վառեք, ես էլ եմ գալու ձեր տուն, տաքանամ:… Գուգ ջան, Նելլիիս վերարկուն է, փոքրացել է, թող քույրդ հագնի, հետո որ նրա վրա էլ փոքրանա, հետ կտաս:… Գուգո ջան, Արմենիս հետ նստեք էս տաք ճաշը կերեք: … Մուրաբա եմ փակել, մի տես կհավանե՞ք դու ու քույրդ»:
Այն, ինչը Գուգոն Լենինականից էր բերել հետը՝ դպրոցական պայուսակ, մի քանի զույգ կոշիկ, վերարկու, երևում էր, որ թանկարժեք են ու որակյալ. սովետական կոշտ ու կոպիտ, անշուք, միատեսակ ապրանքներից չէին: Դպրոցում լավ էր սովորում, նաև լավ մարզված էր. խելացի, խորիմաստ հայացք ուներ, իսկ քույրն ասես ոսկեծամ արև լիներ: Ուսուցիչները զարմացած էին հատկապես Գուգոյի ռուսերենից ու անգլերենից, ասում էին, որ տղան նախկինում ուրիշ գրքերով է պարապել:
Նկատել էինք, որ շաբաթ-կիրակի օրերին Գուգոն, քրոջ ձեռքը բռնած, մեր հայացքներից խուսափելով, ինչ-որ տեղ է գնում: Երկրաշարժից մեկ տարի էր անցել. մեր կարեկցական վերաբերմունքը Գուգոյի ու նրա քրոջ նկատմամբ փոխվել էր: Մի տեսակ վարժվել էինք առօրյա պատկերներին ու իրավիճակին: Գիտեինք, որ Գուգոն ինչ-որ չնչին գումար է ստանում պետությունից, ինքն էլ երեկոյան քրոջ ձեռքը բռնած՝ մի քանի մանր-մունր խանութներում սիգարետ, թխվածքաբլիթ ու ծամոն է հանձնում, մի-երկու կոպեկ առնում, ապրում: Հարևանները շշուկով հարցնում էին իրար, թե ինչպե՞ս է, որ Գուգոյենց մանկատուն չեն տանում. թեև եթե նման բան լիներ, ամբողջ բակը ոտքի կկանգներ ու թույլ չէր տա, որ նրանց տանեին:
Եկա տուն. հացերը դրեցի սեղանին: Մայրս, որ նորածին քրոջս մի կերպ քնեցրել ու լվացք էր անում, ուրախացած նայեց հացերին, հետո՝ մռթնած դեմքիս: Մտա սենյակս. ի՞նչ դաս, ի՞նչ բան. ուղեղիցս դուրս չէին գալիս Գուգոն ու այն կինը: Մտա խոհանոց. հացերը դեռ սեղանի վրա էին: Մի հաց վերցրի, թղթով փաթաթեցի, վերարկուս վրաս գցեցի ու դուս եկա: Պինդ մթնել էր. սառնամանիք էր: Քայլեցի դեպի Գուգոյենց շենք: Ես երբեք չէի գնացել նրանց տուն. մեր բակից ոչ ոք չէր եղել նրանց տանը, թեև շատերիս էր հետարքրում, թե ինչ կա Գուգոյենց տանը: Կանգնեցի նրանց դռան առաջ. թակեցի: Դուռը Գուգոն բացեց ու հարցական հայացքով նայեց ինձ: « Գուգ, ըըը… հաց եմ առել, պարզվեց հայրս էլ է առել, էս մեկն ավել է, կուտեք էլի»,- հացը նրան մեկնելով՝ կմկմացի ես:
-Մամ, յեկուց օր մանկապարտես էրթամ, էս կանֆետը հետս կտանիմ, հա՞,- ներսից լսվեց Գուգոյի քրոջ հրճվալից ձայնը:
Գուգոն հետ-հետ գնաց ու հայացքով ինձ ներս հրավիրեց: Սենյակում չորսով էինք. այն կինը գրկել էր Գուգոյի քրոջը:
-Ներս արի, տղա ջան:… Գուգո ջան, յերվի ընկերդ է, հա՞,- սիրալիր ասաց կինը: Ներս բեր ընկերոջդ:
-Չէ, ես գնամ, ուշ է, դաս չեմ արել: …Գուգ, վաղը կհանդիպենք, բարի գիշեր,- շտապ-շտապ վրա բերեցի, հացը դրեցի սեղանին ու վազեցի դուրս:
Հաջորդ օրը՝ երկար դասամիջոցին, Գոգոն մեր դասարան եկավ: Լուռ իրար նայեցինք ու դպրոցից դուրս եկանք:
Այն կինը Գուգոյի մայրն էր: Երկրաշարժի ժամանակ ամուսնուն, ավագ որդուն, քրոջ ու եղբոր ընտանիքները կորցնելուց հետո հոգեկան խանգարում էր ստացել: Մեկ տարի պառկել էր հիվանդանոցում: Ինքն ու ամուսինը Լենինականում հարգված, մեծ շրջապատ ունեցող մարդիկ են եղել: Այդ հանգամանքից դրդված՝ պաշտոնյաները Գուգոյին ու նրա քրոջը չէին տարել մանկատուն, բայց երկրի ծանր վիճակից ելնելով՝ չէին էլ կարողացել լիարժեք ուշադրություն դարձնել նրանց: Քույր ու եղբոր անունը չորս անգամ ընդգրկվել ու նորից ջնջվել էր մանկատան ցուցակներից: Գուգոն քրոջ հետ ամեն շաբաթ-կիրակի մոր մոտ՝ հոգեբուժարան գնալիս է եղել ու բոլորից թաքցրել, որ իրենք մայր ունեն: «Ես ծախեցի մեր տան փլատակների տկից հանած արծաթից սերվիզը, դաժե մորս անգլերենի ու ռուսերենի գրքերը, մէ քանիմ օսկու զարդեր, ու Մասկվայեն բերել տվի են դեղերը, որն օր բժիշկն էր ուզե՝ մորս փրկելու համար: Հմի մերս լավ է. հոգեմետ դեղերից կախվածություն չունի: Բժիշկն ըսել է, օր ամեն ինչ լավ կեղնի»,- պատմությունն ավարտեց Գուգոն:
Ես ոչ ոքի ոչինչ չպատմեցի, անգամ մորս ու հորս: Սպասեցի այնքան, մինչև Գուգոյի մայրը մեկընդմիշտ վերադարձավ տուն: Բայց կարճ ժամանակ անց նրանք Ամերիկա մեկնեցին:
88-ի երկրաշարժից քանի տարի էլ անցնի, աչքերիս առաջ նույն պատկերն է մնալու՝ Գուգոն՝ իր հրեշտականման քրոջ ձեռքը բռնած:
Գերսենտիմենտալ էր, պատումը՝ միագիծ ու կանխատեսելի: Դիալոգները անբնական էին ու կլիշեացված: Բախումը թույլ էր, եթե չասեմ չկար, լուծումը՝ ոչ օրիգինալ:
Անկեղծ ու ամառային պատմվածք էր: