Անցյալ դարի ութսունական թվականներին, «Գարուն» ամսագրում աշխատելու ժամանակ երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանն ինձ տվեց թարգմանելու մոլդովացի՝ այն ժամանակ երիտասարդ բանաստեղծ (այժմ ՝ Մոլդովայի գրողների միության նախագահ) Արկադիե Սուչեվյանուի բանաստեղծությունները։ Ինքն էր Մոլդովայից բերել երիտասարդ մոլդովացի գրողների ստեղծագործությունները՝ ռուսերեն տողացի թարգմանությամբ։ Մտադրություն կար «Գարուն» ամսագրի մի համար նվիրել մոլդովական ժամանակակից գրականությանը, որը, սակայն, ինձ անհայտ պատճառներով չիրականացվեց։
ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ
ՋՐԱՆԵՐԿ, ԱՊԱԿԻ
Ուշ է։ Հեռվում եմ ցուրտ։ Վառիր, մայր իմ,
քրիզանթեմի լապտերն ամոքիչ։
Լսու՞մ ես՝ ժամերն ինչպես են սահում
արծաթ սահնակով՝ կողքով այս կյանքի ․․․
Խոսքեր է մարում մեկն անկարեկից,
ձյունաթափի հետ փոխելով անեղծ։
Ծանր է վայրկյանը հարյուրամյակից։
Տերևն է ծանր, երբ փաթիլն է մերձ ․․․
Պանդոկ։ ՈՒշացած պոետներն այստեղ
նոյեմբերն ըմպում ու չեն արբենում։
Դեղին տերևն են երգում, բախտն ահեղ –
ողջն՝ եղերերգի տողերից հինած ․․․
Սիրելիս, որտե՞ղ ես դու հապաղում ․․․
Քնարն է զնգում երկնից հուշերով։
Աստղի ստվերում կուզեի թաղել
դեմքն իմ։ Վարդերն են շնչում փշերով ․․․
ՍԵՐ, ԱՐԾԱԹԵ ՎԵՐՔ
Դու անցնում ես վարդերի հոգոցի պես բորբթախիծ։
Եղեգներից՝ խոհերի լուսապսակ վերսլաց։
Իմ աչքերում աստղերի տոնն է ցնծում կատաղի։
Այրամարդու արյունն է՝ խոլ՝ երակում պատանյաց։
Կակաչներն են ծիծաղում, թերթիկները՝ լույսից՝ գաղջ։
Եվ որդերն են շնչահեղձ, և թափվում են ձյունահուն
թրթուրները ոստերից բյուր, բույլերով մահաքաղց։
Եվ լեռներն են առհոսում գետերի պես փոթորկուն։
Զվարթուննե՜ր գահավեժ․․․ – գեհենի գուբն է ձգում։
Շնչասպառ է սուտն, անխոսք՝ համրության դուռն է հասել։-
Քայլում ես դու ջրերին Նազովրեցու պես։ Ես քո
արծաթափայլ շողերով ողողված վերքն եմ, օ Սե՜ր ․․․
ՀՆՉՈՒՄ Է ԺԱՄՆ ԱՅՆ
Ահավասիկ, մտից ժամն է հնչում
իմ հրեշտակի – և հայտնվում է նա,
որ սնվի ծառի ոսկե հիշողությամբ,
գաղտագողի մտնի ոլորտները քարի՝
զի այդպես հեշտ է, անշուշտ, լուսանկարել
նրանց աշխարհայացքն ավազային։
Վաղեմությունն է մաքրագործում (հայիր)
անտիկ արձանների գիտակցության խորքում։
Արթնացնում է ի գործ՝ թեթև անցումով իր,
ցողագոյացումի մեխանիզմը թաքուն։
Հետամտում է՝ զվարթնորեն զվարթ,
զգլխիչ բույրերը ակացիայի։ Ապա
շշնջում է՝ խոնարհ՝ բայց ամենքին ի լուր․
«Բարի օր, անգին իմ ծնողներ, բարի օ՜ր․․․»։
Ուրի՞շ ․․․ Գրավ է դնում լոմբարդում դայլայլը
Սոխակի։ Ներկում է զգացմունքներս ամեն,
որ՝ այդպես, առավել տեսանելի լինեն;
Ալ շապիկն է հագնում «Ա» տառի, վերջապես ․․․
Օ, ի զորու է նա՝ ցանկացած մի պահի,
ծաղկել կարտոֆիլի թփերի փոխարեն։
Եվ հավաստում է, որ միակ հիվանդն եմ ես՝
ում սիրտը պետք է փոխպատվաստել՝ թե հարկ կա,
մի շուշանով ծաղկած։
ՆԱՄԱԿ ՑՈՐԵՆՀԱՏԻԿԻ ԽՈՐՔԵՐԻՑ
Այսպիսի մի բան պատմեմ ձեզ, բարեկամներ։-
Գիշեր էր, և անքնության ծանր ժամն ինձ դաշտ էր հանել ․․․
Շատ գնացի, քիչ գնացի՝ այդ չգիտեմ։
Հանկարծ անել
մի վիճակի մեջ ընկա ես։ Հայացքիս դեմ
ասես ցնորք էր՝ հայտնվեց (հողն անդնդվեց),
ու մի զույգ ձեռք՝ ջղուտ, իսկը՝ գեղջկապատկան,
Ինձ ներս քաշեց․․․ որտե՞ղ – խորքը ցորենհատկի ․․․
Եվ մի քանի օր ակամա հյուրն եղա ես այդ հրաշք տան՝
մի քիչ խոնավ, բայց կառուցիկ՝ ասես տաճար բյուզանդական։
(Այն էլ ասեմ, որ մուտքի մոտ, կապույտ բոցին՝
մի խաչված կար – հավերժ իմաստուն գյուղացին)։
Մի մոգական դիտափող կար աչքիս ասես, և՝ ըստ որի,
ես պատմության խորքը տեսա Աստնվորի –
Մինչև նախորդ հազարամյակ և ավելի
հեռուն՝ մինչև թագն ու գահը Միավորի ․․․
Այնուհետև, մի հայտնությամբ հանկարծակի,
գաղտնի կապը տես – հոգուս և սոխակի,
խոտի-աստղի միջև, նաև՝ մինչև անգամ ՝
1300թ․ապրած մի պարզ քարի
և այս գործի՛ վիճակների միջև եղած,
որ գրում եմ արդ նույնքան պարզ մի քանքարով ․․․
Մարգարեի ափից ընկած հատիկ էր դա – ի՜նչ խոսք հնչեց ․․․
Սևահողի նույն ոգին էր՝ ինձ ներշնչեց,-
որ ցորենի մաքուր ճիչը՝ ապրիլ ամսվա գիշերվա մեջ,
ամենազոր կոչ է և կամ հրովարտակ է մի անշեջ։
Որ ծիլ տվող ցորենհատկի նրբին բազկով ոսկեճարմանդ
կարելի է ․․․ կանգնեցնել ․․․ այստեղային ամեն սպանդ ․․․
Հ․ Գ․
Մնացյալը լռություն էր ․․․ Այնուհետև
մի ծվատող հակասություն հատկին պատեց։
Վեր նետվեցի ցողունների աստիճանով,
որ ձեզ պատմեմ ․․․ (Դեռ գիշերն է խրախճանում)։
Թարգմանությունը՝ Զավեն Բեկյանի