Մհեր Արշակյան | Մահվան մասին

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Ես ուզում եմ գրել մահվան մասին:
Այն մասին, որ ոչ մի ժպիտ երբեք չի կրկնվում, մի վախեցեք լինել անկրկնելի:

Այն մասին, որ դուք ամեն օր ավելացնում եք երջանիկ լինելու անհնարինության լուծը սոսկ այն մտքով, որ կյանքը ձեզ հետ չի խոսում: Դա ճիշտ չէ: Ճիշտ է այն, որ դուք մտնում եք հանգամանքների տակ և սպասում երջանկության: Դուք հանգամանքների լծկամն եք: Դուք հանգամանքներն եք քարշ տալիս ամբողջ կյանքում:

Այն մասին, որ աշխարհը տարածություն է ոչ թե այն բանի համար, որ ձեզ մոտենան, այլ որ հեռանան ձեզանից: Մեր էությունը հեռանալն է՝ սիրուց, ծնողներից, ընկերներից, որոնց փոխարինում են նպատակները: Մարդիկ իրենց սիրտը վերցնում են սիրելիներից ու հանձնում նպատակներին: Ձեզ մոտ կմնա միայն նա, որի մոտ կթողնեք ձեր սիրտը, նույնիսկ եթե նա ուղղակի չկա:

Այն մասին, որ բաբախում է միայն այն սիրտը, որի մասին մոռացել եք ուրիշի մոտ թողնելուց հետո:

Այն մասին, որ դուք չգիտեք ձեր աչքերը, դրանք տեսադաշտ ունենալու համար չեն: Դրանք այն բանի համար են, որ տեսադաշտը չիշխի ձեզ վրա և չստրկացնի ձեր երևակայությունը:

Այն մասին, որ դուք միշտ մեծամասնություն եք, քանի դեռ մենակ եք: Ամենուր եք դուք փնտրելու ձեր մեծամասնությունը, բայց դրա համար ձեզ մարդիկ պետք չեն, ձեզ պետք են ձեր մենակության այլ հասցեները ուրիշների մեջ: Եթե դուք կարողանայիք ընդգրկել ճշմարտությունը, ձեր իսկ համար կդադարեիք լինել մեծամասնություն: Ճշմարտությունն այն է, որ դուք չափազանց շատ ուրիշներ ունեք ձեր մեջ, որոնց կարող եք պետք գալ:

Այն մասին, որ դուք կյանքի մասին ոչինչ չգիտեք, ձեր կյանքը երբեք չի ավարտվում, երբեք, երբեք, երբեք: Դուք եք դադարում ապրել, իսկ դրանք նույնը չեն: Կյանքը միակն է ձեր և իր անհամատեղելիությամբ, որովհետև ապրելը կյանքի այլընտրանքն է: Մի ապրեք կյանքի հաշվին, ապրեք նրա հետ, նրանով:

Այն մասին, որ համընդհանուր ճշմարտությունները զզվացնում են, ինչպես սիրելի մարդը, որն այլևս ոչինչ չունի տալու:

Այն մասին, որ սիրո մասին գրում են, երբ ուզում են ազատագրվել սիրուց, Աստծո մասին գրում են, երբ ուզում են գտնել Նրան:

Այն մասին, որ հաճախ ձեր փրկությունն է, որ նրանք, որոնց սիրում եք, չգիտեն իրենց իրական գինը:

Այն մասին, որ դուք հաճախ չեք տարբերում սերը և սեքսը՝ սեքսի ժամանակ մարդիկ բավարարում են իրենց, սիրո ժամանակ՝ միմյանց:

Այն մասին, որ դուք պետք է սովորեք անձեռնմխելի պահել որոշ գաղտնիքներ, որոնք շատ փոքր են թվում ամենամեծ սիրո առաջ: Գաղտնիքներն այն հենակներն են, որոնք ձեզ օգնում են քայլել, երբ սերը կտրում է ձեր ոտքերը: Որոշ գաղտնիքներ ձեզ պահում են ամբողջական, երբ դուք ձեզանից այլևս ոչինչ չեք ներկայացնում:

Այն մասին, որ բառերը ծուղակ են ամենակարևորն ասելու մտքի մեջ: Դուք չափազանց շատ եք դիմացինի վրա լցնում բառեր, որոնք առանց ձեզ էլ ասված են: Ամենաիսկական բառերը ոչ ոք չի ասում: Իսկական բառերն ասելու համար չեն, այլ՝ իմաստավորելու:

Այն մասին, որ դուք դադարել եք սխրանք գործել հենց այնպես և ուզում եք հերոս լինել: Եթե դուք իմանայիք, թե ինչ է սխրանքը, կդադարեիք փնտրել հերոսությունը: Սխրանքի համար դուք գերազանց գիտեք այն գինը, որը կարող եք վճարել: Սխրանքի համար անհրաժեշտ է մի սիրտ, որի հասցեն աշխարհի բոլոր հոգիներում է: Հերոս կարելի է լինել նույնիսկ առանց գլխի:

Այն մասին, որ դուք վատ գիտեք ձեր մարմինը: Ցանկացած հիվանդություն գտնում է մի մարմին, որտեղ առողջությունն անելիք չունի:

Ես ուզում էի գրել մահվան մասին:

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *