Մարիամ Հարությունյան | Նամակներ՝ մեկուկես շնչով

Տասներեք

Բարև, ես պիտի գնամ, ուշանում է օրը,
Մատներիս տակից սահում, ինչպես մաքրած բրինձ,
Լցվում սպասման բաժակներն ու թասերը խորը:
Ինչ-որ չասված դողեր արդեն թմրել են քնից,
Բայց ես նրանց չեմ տանի ռեանիմացիա.
Խոստում եմ տվել, կապել շղթաներով քարե:
Երբ օրերից մի օր իմ այլմոլորակցին գա,
Նա, ով աստղափոշու մեջ էլ գիտի պայքարել,
Ես էլ կատու չեմ լինի, արդեն կին կխաղամ:
Բարև, չես նեղանում, չէ՞, որ գնում եմ չեկած,
Որ լվացքդ թողնում եմ թաց, ճաշը՝ աղահամ,
Որ կցկտուր երգեցի ու կլռեմ հանկարծ:

Պատժվելու եմ, ինձ տեր եմ զգում, Կաֆկա, գրող,
Սակայն մի օր կզարթնեմ պարոն Կ կամ բզեզ,
Ուղղակի նրան ես էի ընտրել մի պայծառ տող,
Իսկ դու նույնը կզգաս, եթե հիմա ինձ ընտրես:

 

Քվիտ

Այսօր վերջին անգամ հիշեցնելու եմ ինքս ինձ,
Թե որքան ցավոտ է անտարբեր կանգնել նայելը,
Երբ դիմացդ մեկը ոռնում է կարմիր տագնապից,
Որովհետև նրան անկեղծանալ վայել է,
Իսկ դու միայն ցավ ես ապրում, խուլ, անգույն ցավ,
Դու չես խղճում, քեզ դուր չի գալիս, զվարճալի չէ,
Ու թեկուզ անցյալդ աչքերիդ առաջով անցավ,
Դասեր քաղելու համար պետք է էլ չթռչել,
Պետք է սպասել՝ առանց մի ծպուտ հանելու,
Սպասել այնքան, մինչև ցանկությունն էլ ցնդի,
Հավատալ, որ կլինի այն, ինչ որ է լինելու,
Որ մենք միայն փոշին ենք հսկայական գնդի,
Ու եթե ես երբևէ մեղադրել եմ մեկնումեկին
Ինձ պակաս սիրելու կամ նվիրվելու համար,
Հիմա վերջին անգամ ասելու եմ իմ դեմքին.
– Կսիրեին, հավատա, բայց չունեին հնար:

 

Ամպ

Չեմ ծխի, մի կյանք ունեմ, այդպես են ասել,
Դե ես էլ, գիտես, հավատում եմ վռազ,
Որ դու չափից ուշ ես հետքերիս հասել,
Որ ես փախչելու եմ քեզնից վազեվազ,
Ցուրտ է, քաշել եմ վերմակը գլխիս,
Չեմ ծխի, երդվել եմ, մի անգամ կյանքում,
Որ չեմ կարդալու էլ ոչ մի Ուլիս
Քո այս հայատառ տողերի արանքում,
Ինչքան էլ խնդրես, բայց խնդրիր ինձ, հա՞,
Ես լրիվությամբ ազատ եմ, թեկուզ
Ես վաղուց արդեն բոլորից անկախ
Միայն բառեր եմ հեգում կուզեկուզ,
Ու ինձ դրանից տաք է ու փափուկ,
Հա, կուզենայի քեզ գրկել, անգամ
Եթե կհնչեմ սուտ գլուխկոտրուկ,
Որ սիրտդ կոտրեց լրիվ ինքնակամ,
Ձմեռ է, գրկիր, քեզնից բան չի գնա,
Արդեն չես սիրում, ու ի՞նչ, երևի ես էլ,
Գրկելուց դժվար թե ահագնանա
Այն, ինչ աչքերումդ եմ միշտ տեսել,
Բայց ձևացրել եմ, թե կույր եմ ու քար,
Երազխաբությամբ սիրել չեմ ուզի,
Իսկ դու այդպես էլ իմ աչքից չընկար,
Քեզ էլ չեմ խեղդի, ուրանա, սուզի,
Տարօրինակ է, բայց, գրողը ինձ,
Ես չափազանց ուշ հետքերիդ հասա,
Արդեն դարձել էիր փայլուն պղինձ,
Ես մնացել էի վատ դերասան,
Է՜հ, հեշտ է գրել անհասցե նամակ,
Չնայած, նաև մարդ սպանելը
Դժվար չէ բնավ, ու առհասարակ
Ես ինքս նման բան արդեն արել եմ:

 

Դեպրեսիայից առաջ

Տեսնես ինչպես ես այնտեղ՝ հեռվում,
Ինձ հույս եմ տալիս, որ լավ: Այստեղ
Զեմֆիրայի ձայնն է օդում վառվում,
Ինչպես մենավոր վանքի կանթեղ,
Իսկ դա չի կարող լինել լավ նշան,
Ուրեմն այստեղ դեռ ցուրտ է: Մի օր
Մեր գնացքները պիտի ուշանան
Ու պիտի հոգնեն շները բոլոր:
Գրում-ջնջում եմ. տեսնես ինչպես
Երեկ քնեցիր հեռվում ձեր տան:
Ամեն զգուշավոր սրտի տնտես
Բարձի տակ ունի մի երազահան,
Կարագի դանակ, գրիչ ու թուղթ,
Ծայրահեղ դեպքում՝ նաև ածելի,
Որ եթե մտքին գան աչքերը թուխ,
Փախչելու ճամփան գծել լինի:
Տեսնես ինչպես ես այնտեղ՝ հեռվում,
Ինձ համոզում եմ, որ լավ: Հիմա
Ուրիշ փոշի է սրտիս փռվում,
Որ կոչվում է ինքնահրաժարական,
Ու քանի վրան չի դրել կնիք
Նա, ով կնքում է ամեն մի մեղք,
Ասա ինձ, տեսնեմ, հեռու ձկնիկ,
Ապրելու համար մեզ ի՞նչ էր պետք:

 

ՍԷՐ

Իմ վանք մտնելուց առաջ գլուխդ չկախես,
Բայց կհանես գլխարկդ ու կմաքրես հոգիդ,
Չթաքցնես ոչ մեկից, թե ինչքան ուրախ ես,
Որ ինձ նման մեկին ես ունենալու կողքիդ,
Որ շուտով փոխելու ես չունեցած կրոնդ
Ու որ քեզնից անկախ աղոթելու ես, գուցե
Ավտոբուսում նստած կամ էլ վերջին մղոնը
Մինչև հոգնած ներբաններդ կկտրեն-կանցնեն:
Սա պատվիրան չէ նոր, ես կտակ չեմ գրելու,
Ամեն ինչ դեռ այնպես է, ինչպես ասվեց հնում.
Նա, ով վերջինը գա, առաջինն է դառնալու,
Ու նա միայն, ով գնալու պահին չի գնում:
Իմ վանք կմտնես լուռ, վճռական ու հպարտ,
Այնպես, ասես միշտ էլ տերն ես եղել տեղի,
Կհիշես, որ ամենից քիչ ես սիրում եմ վարդ,
Վերնաշապիկ արդուկել ու վիճել անտեղի,
Որ ինքս կուռքեր եմ շինել ու քանդել հերթով,
Մինչև կոշտուկ է պատել մատներս ծայրեծայր,
Ու նոր եմ գլխի ընկել, որ ամեն առիթով
Վեր նայելիս չեն շշնջում՝ որտե՞ղ ես, Հայր:

 

Ուրացում

Հենց որ վերջին գառնուկը մատնվեց սրի,
Ու հենց պատռվեցին վարագույրները ալ,
Մենք հասկացանք, որ ով էլ մեզ այնպես սիրի,
Որ երակները մեր կապույտ սկսեն եռալ,
Մենք թույլ կտանք մեղքի ձեռքին ստորերկրային
Ցանկությունով քնքուշ շոյել կողերը մեր,
Մինչև կարդանք սիրո ուխտի բառերը հին,
Որ սրբորեն քերովբեներն էին գրել,
Ու ամոթով երբ մեր շուրթերը կշտացած
Արտասանեն որպես դրժանք սատանային
“Տեր եմ, այո”, “Խոնարհ եմ”, անկասկած
Նա կելնի ցասկոտ իր հողեղեն գահին,
Ու կտեսնենք մենք, որ ուրանալու համար
Նա չի ներում, ինչպես գառնուկը կների,
Ու ոչ ոք չի գտել դեռ որևէ հնար,
Որ առաջին պոկված համբույրը հետ բերի:

 

Ապրելու րոպեներ

Քանի ունեմ երկու րոպե՝ ազատ ամենակուլ սիրուց,
Ու թեյը գոլ է զզվելու չափ, ու պատերից այն կողմ
Կիսատ սիրահարներն անվերջ հետ են նայում, որ գու՛ցե
Կոպերը հետ բերեն ամենաքաղցր դողը,
Ու մատներիս ծայրին քանի փորձում են հետմահու
Կշտանալու չափ օդ քաշել անողնաշար մտքերս,
Ու քանի վաղը ինձ հեռագիր չի ուղարկելու
Ոչ ոք, ես կեղծիքով եմ այժմ լվանում ձեռքերս,
Ես ինձ քսում եմ պատերին, շոյում նրանց լռության
Ամենաքար սիրտը, գրկում վախը անհատակ,
Ես ինձ հանձնում եմ՝ իբրև զոհ, իբրև սերմ ցիրուցան,
Այս դանդա՜ղ-դանդա՜ղ անցնող վայրկյաններին մենակ:

Եթե թույլ տաք, եկեք խոսենք հոգու մասին, եկեք
Լինենք սխալ այս աշխարհի համար նյութե:
Անսահման մեծ ցանկություն է մոտս լինում մեկ-մեկ
Թողնելու ինքս ինձ ստել, նեղանալ, գայթել
Ու բարձրանալ գոնե մի աննշան, կաղ միլիմետր
Առևտրից մեր մարդկային հասարակ կենցաղի,
Լինել ինքս ինձ հարկատու ու ինքս ինձ տեր,
Լինել աննորմալ, անշահ, անպետք բառերով հղի:
Հիմա չի կարելի այդպես, ինձ թույլ չեն տալիս,
Նորից դեռահաս եմ դարձել, ուզում եմ փախչել հեռու,
Սակայն Ելիսեյան դաշտերում անգամ հիմա քայլելիս
Հերոսները մարմին են տալիս ու նորից նյութ առնում:

Երկու րոպեն շատ քիչ է, որ կշտանամ քեզնից,
Որ բջիջներս ներծծեն քո համն ու հոտը, մուսա՜,
Այսօր վերջին քարտովս ես գնում եմ բլից,
Գրավ եմ դնում սիրտս՝ իմ միակը, ու սա
Արդար գործարք է ճակատագրի հետ: Գիտես,
Լավ է սովից կոտորվել, քան թե թույլ տալ հոգուն
Փոր գցել. սա ես չեմ, հաստատեցի պարզապես:
Սեպպուկուից առաջ պետք է վերջին հոքուն
Պարզ ճակատով գրել, որ սուրը մտնի փափուկ,
Որ վիզ կտրելուց առաջ ընկերդ չդողա,
Որ քեզ հիշելով ինչ-որ տեղ հեռավոր մի ձուկ
Որոշի՝ ինչ էլ լինի, պետք է, պետք է լողա:

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *