Նանա Աբուլաձեն (ծն. 1995) վրաց գրականության նոր անուններից է, որի դեբյուտային «Ակումի» ծավալուն վեպը հեղինակին մեծ ճանաչում է բերել և ի թիվս այլ պարգևների՝ արժանանացրել նաև Վրաստանի ամենահեղինակավոր «Սաբա» և «Լիտերա» մրցանակներին։
Նրա երկրորդ գիրքը Աստվածաշնչի կանանց անդրադարձող պատմվածքների ժողովածու է՝ «Նոր ընկալում» վերնագրով: Նանա Աբուլաձան «Գրի՛ր Հայաստանում» միջազգային գրական դպրոցի 2018 թ.-ի շրջանավարտներից է։
«Ակումի» վեպն աչքի է ընկնում թեմատիկ լայն շրջանակով՝ գենդերային ինքնության ու սեռականության հարցերից մինչև Վրաստանի պատմություն, կենսափիլիսոփայությունից մինչև մարդու ֆիզիոլոգիային առնչվող գիտական անդարադձներ։ Վեպն ամբողջացնում է ինը հիմնական հերոսների կենսապատումը, որոնցից կենտրոնականը՝ ինքն իրեն Ակումի (վրաց․՝ აკუმი, նշանակություններից մեկը՝ ոչ կին, ոչ տղամարդ) անվանող անսեռ՝ ի ծնե սեռական օրգաններից զուրկ մարդն է։
Ակումիի մայրը՝ Էկան, միասեռական կին է, որ հարկադրաբար է ամուսնացել տղամարդու հետ, իսկ հայրը՝ Ակակին, անդառնալիորեն սիրահարված է երիտասարդ տարիքում այրիացած Աննային, որն իր հերթին ճակատագրական կին է թե՛ հոր և թե՛ մոր համար, քանի որ հոր կյանքի չստացված մեծ սերն է, որին հետագայում անփոխադարձ սիրահարվում է նաև մայրը։ Ներկայացվող կարճ հատվածը նկարագրում է Ակումիի ծնողների՝ Էկայի և Ակակիի առաջին ամուսնական գիշերը։
***
Թբիլիսի։ 1990-ականներ։ Աշուն։
Մայրն Էկային թռուցիկ ակնարկներով, կիսատ-պռատ հասկացրել էր, թե ինչն ինչոց է լինելու։ Էկայի փորով տհաճ դող էր անցել։ Վախ չէիր ասի, ավելի շուտ՝ «չեմ ուզում»-ի ու «տեսնես ո՞նց կլինի»-ի խառը զգացողություն էր։ Բայց ջանացել էր մտքերը ցրել ու գլխանց սպասումներ չունենալ։
Պարզվեց, որ Ակակիի, ավելի ստույգ՝ նրա ծնողների տանը եղած-չեղած մի ննջարան կար։ «Նորապսակները հյուրասենյակում կպառկեն»,- ազդարարեց Ակակիի մայրը, «կյանքումս իմ ամուսնուց չեմ առանձնացել», և ուրեմն ոչ մի դեպքում չզիջեց իր մեծադիր մահճակալը։ Իսկ հյուրասենյակում զույգ թախտ էր դրված, երկուսն էլ պատերին հենած․ մեկը՝ մի, մյուսը՝ կողքի։ Չգիտես ինչու, ոչ ոք գլխի չէր ընկել իրար կպցնել։ Էկայի մտքով անցավ՝ «մեկ էլ տեսար, էս գիշեր առանձին քնելով հարցը փակվի», բայց արի ու տես, որ սխալվեց։ Ամուսինը հենց համոզվեց, որ ծնողները խորը քնած են, տեղափոխվեց կնոջ թախտին։ Ամուսնու փաղաքշանքից Էկան մի տեսակ հուզվեց, համ էլ արտառոց մի կասկածով համակվեց, ասես, Ակակին ուրիշ կնոջ էր գուրգուրում։ Ուրիշ մեկին, ում իսկապես սիրում էր, էնքան շատ էր սիրում, որ քիչ էր մնում սիրտը սիրուց պայթի։ Էկան անգամ վախեցավ ու շշուկով ամուսնու անունը տվեց։ Իսկ նա մատը զգուշորեն դրեց իր շուրթերին, անխոս խնդրեց չխոսել։ Էկան ենթարկվեց։
***
Ակակին ամուր փակեց աչքերն ու խարխափելով սկսեց ձեռքերով փնտրել Աննային։ Աննան էսքան լղար չէր, ճիշտ է, վիշտը նրան փոքր-ինչ սմքացրել էր, բայց մարմնի փափկությունը մինչև վերջ չէր կորզել (Ակակին երբևէ մատով կպած չկար նրա մարմնին ու հաստատ չէր կարող իմանալ, պարզապես ենթադրում էր)։ Աննայի մարմինն էսպես կուչ չէր գա, չէր ընդդիմանա։
Աննայի շրթունքներն էսքան անփորձ չէին լինի, ամեն համբույրից էսպես չէին դողդղա։ Աննայի ոտքերն էսպես չէին գամվի սավանին, և Աննայի գրկում ինքն էսքան վարանոտ չէր լինի։
Աննան էսպիսի երկյուղած ձայն չէր ունենա իր անունը տալիս (Ակակին ցուցամատը դրեց կնոջ շուրթերին, ասես՝ սիրելով, բայց իրականում խնդրելով էլ ձայն-ձուն չհանել):
Ու երբ ամեն ինչ վերջացավ, Ակակին դառնությամբ գիտակցեց, որ ուրիշ կնոջ անկողնում էր պառկած, ուրիշ կնոջ գրկում։ Գողեգող էր մտել ծոցը, իրենով արել մի բան, որ իրենը չէր ու երբեք էլ իրեն չէր պատկանելու։
***
Գրկախառնված պառկած էին, Էկան ամուսնու դոշն էր շոյում։ Ակակիի մարմինը ոչնչով նման չէր կնոջ մարմնի, ուրիշ էր, օտար էր, էնպիսի մի բան էր, ինչին դիպչելն Էկային երբեք էլ հաճույք չէր պատճառելու։
Էկայի սիրտը կոտրված էր, և առաջին ու վերջին անգամ հենց էդ պահին տենչաց, որ գոնե երեխա ունենան։
Թարգմանությունը վրացերենից՝ Ասյա Դարբինյանի