«Գրականությունը մարդկության կարոտն է կյանքին»- ասում է Մաթևոսյանը և վերադառնում կյանքին՝ իր կողքին փնտրել-գտնելով, իրականություն բերելով միս ու արյուն ունեցող կերպարներ, տանելով պատմվածքից պատմվածք, պատմվածքից վեպ և հակառակը, ցույց տալով առօրյայի և հավերժի փոխհարաբերությունները, ցույց տալով ո՛չ անթերի, ո՛չ էլ կործանված ՝ սովորական մարդու հավերժական վերադարձը:
Հրանտ Մաթևոսյանը «Մենք ենք, մեր սարերը» և «Նանա իշխանուհու կամուրջը» միաժամանակ էր գրում` հույս ունենալով երկուսն էլ տալ տպագրության: Հանձնվեց տպագրության: «Մենք ենք, մեր սարերը» գրաքննվելուց հետո տպագրվեց, «Նանա իշխանուհու կամուրջը» «արժանացավ» չտպագրվելու բախտին:
Տարիները հարմար էին թալանի. իշխանություն չկար: Այսպես է սկսվում Մաթևոսյանի «Նանա իշխանուհու կամուրջը» դժվար ճակատագրի արժանացած վիպակը: Ժամանակի ու իշխանությանը Մաթևոսյանը անդրադառնում է վիպակի տարբեր էջերում՝ տարբեր առիթներով, բայց նպատակը կարծես թե մեկն է՝ ժամանակի դրությամբ արդարացնել իր հերոսներին: Այս հարցին կարելի է նայել նաև այլ կողմից՝ իր հերոսների միջոցով արդարացնել ժամանակը. սակայն պետք է խոստովանել որ երկրորդ դրույթը այդքան էլ արդարացված չէ: Այս դեպքում ծնվում է մի արդարացի հարց՝ ո՞րն է առաջնային Մաթևոսայն գրողի համար՝ ժամանա՞կը. թէ՝ մարդը:
Վիպակում կա հետևյալ հարաբերությունները՝ Մարդ-Ժամանակ և Մարդ-Մարդ: Մարդ-ժամանակ հարաբերությունը հետևյալ բնույթն ունի. կա անցյալից եկող սիմվոլ՝ կամուրջը, և կան մարդիկ, ովքեր ինչքան էլ Իշխան լիեն կամ «կնյազ» մահկանացու են: Ուրեմն մարդ-ժամանակ հարաբերություններում ժամանակը մշտապես հաղթողն է:
«Դևոյանը տոհմը հարյուր քսան տարի ձգում էր Արղության- Երկայնաբազուկների դրած լոծը»:[1] Հարյուր քսան տարին կարծես գոյություն չունենար, քանի որ միանման ձգված տարիները միանման էին դարձրել տոհմին՝ տղամարդիկ ու կանայք ծանրությամբ հենց եզներ էին: Ամեն ինչ փոխվում է Իշխանի ծնունդով. «Միայն՝ Իշխանը ծնվեց նայրդային: Տոհմեցիներից ոչ մեկին նման չէր: Գուցե ջղային ու կռվարար էր այն պատճառով, որ տոհմը հարյուր քսան տարի չէր ունեցել ոչ մի ջղային նոպա…» (էջ 41): Գու՛ցե: Իր ծնունդով Իշխանը Դևոյան տոհմը բաժանում է երկու մասին՝ Իշխանյանններ. այսպես է նա անվանում իրեն «արժանի» զավակներին և ոչ միայն և մյուսներ՝ «էշեր»: Իշխանի ծնունդով փոխվում է Դևոյան ընտանիքի ճակատագիրը ընդհանրապես: Վիպակում բերվում է գերդաստանի սերնդափոխությունը, որը արտացոլում է ռոմանտիզմի գրականությանը այնքան սիրելի հայրեր-որդիներ հավերժական կռիվը: Սակայն պետք է նկատել, որ այստեղ կռիվը հակամարտություն չի դառնում հակադրության միջոցով:
Վիպակում կարևոր տեղ ունեն անձնանունները. նախ Իշխանը, հատուկ անունը առաջացել է «իշխան» հասարակ անունից. այն է՝ իշխան, ավանդական տոհմական տիտղոս, որը փոխանցվում է սերնդեսերունդ՝ նույն տոհմի անդամների միջև: Որեմն սա էր Իշխանը, վիպակում, իհարկե, տիտղոսով իշխան էլ կար, բայց այս ժամանակի և այս տարածության մեջ, փաստորեն, իշխանը Դևոյան Իշխանն էր: Հետո իշխանի ավագ եղբայրը՝ Զարմայրը. Հ. Աճառյանյանը իր «Հայոց անձնանունների բառարան»-ում տալիս է անձնանվան հետևյալ ստուգաբանությունը. «Առաջացել է զարմ(անալ)+այր բառերից, իբր թե «զարմանալի այր»: Խորենացու հնարած անուններից է, որ ուրիշ անգամ չէ գործածված հայոց պատմության մեջ: -Զարմայր նահապետ Հայկազն, որդի և հաջորդ Հօրոյի, Եթովպական զորքով մասնակցեց Տրովադայի պատերազմին՝ իբր օգնական Պրիամոսի»:[2] Ուրեմն նոր ժամանակների նահապետն էլ խեղճուկրակ Զարմայրն է:
Իշխանի կյանքի պատմությունը Մաթևոսյանը տալիս է կարծես թե ամբողջությամբ, ինչը պետք է որ այդքան է բնորոշ չլիներ վիպակի ժանրին. այստեղ մի հետաքրքրական միտում ենք տեսնում մենք. Մաթևոսյանը տանելով երիտասարդ Իշխանին մինչև Իշխան պապիկ, և, ապա՝ մահ՝ տալիս է կյանքի հարակրկնության բանաձևը:
Իշխանի մասին հիմնականում լսում ենք Զարամյրից: «Ծանր լսող» Զարմայրը, որը խեղճության մարմնավորումը կարծես թե պիտի լիներ դառնում է խղճի մարմնավորումը և մաթևոսյանականները հենց նրա մոտ են գնում մաքրագործվելու (այս մոտ գնալը պայմանականորեն ասած): Զարմայրը Իշխանից մեծ էր, ուրեմն նախ Զարմայր, ապա՝ Իշխան: Կամուրջի նման Զարմայրն էլ կարծես «հարատևի», մի յուրահատուկ քեռի Թորոս էլ նա է: Նա երևում է վիպակի հենց սկզբից գնում մինչև վերջ. «Ծերունին փորփրում էր իր ութսունամյա կյանքը և կուչ էր գալիս: Կարծես ծեծում էին և ամեն ահարվածից հետո նա ավելի էր հակվում գետնին» (էջ 139): Զարմայրը չի մահանում, բայց չի էլ «շարունակվում». ժառանգներ չի ունենում: Սա, մենք կարծում ենք, Զարմայր տեսակի վերացման մաթևոսյանական գույժն է. Մաթևոյան-գրողը, կարծես, չէր հավատում, որ նոր ժամանակներում կարող են Զարմայրներ լինել, այո նա ուներ զավակներ, սակայն դրանք իրենը չեն, հարազատ չեն, նաև իր պես էլ չեն:
Իսկ այ Իշխանը «շարունակվում է»՝ չորս որդի և մեկ աղջիկ, սակայն, ասում է Զարմայրը.»Նրա սերնդից ոչ մեկն էլ նրա նման չի. Ոսկանը ուժի կողմից է նրան քաշել, Արտաշը՝ խորամանկության, էն լույս դառած Հայկազը խելքով էր Իշխանը, էն խեղճ Վարդանը՝ հորից մաս չուներ, շա՛տ էր խեղճ, բայց մաքուր սիրտ ուներ հոր պես, հերն էլ մաքուր սիրտ ուներ: Բայց չորսը միասին, դրանց վրա էլ աղջիկը, Իշխանի կեսը չեն» (էջ40):
Մաթևոսյանական պատումում կարևոր տեղ է տրվում ժառանգականությանը. հետաքրքրրական է ժառանգականություն և ժառանգություն բառերի բառախաղը վիպակում: Նախ ժառանգականությունը. եթե Իշխանի որդին կարող է լինել խեղճ Վարդանը կամ անսահման բարի Ոսկանը, ուրեմն «սուտ բան է « ժառանգականությունը, եթե իսկական «կնյազին»՝ այն է՝ իշխանին, «որ ծնվել է Արղության-Երկայնաբազուկ ծեծելու իրավունքով: Իսկ ծեծելու իրավունքը բերում է ծեծելու սովորություն, որ անցնում է հոր երակից որդու երակը՝ չհարցնելով որդին կուզե՞ր մարդ ծեծել թե ոչ:» (այսպես է կարծում Զարմայրը) (էջ47) կարող է շանսատակ անել Իշխան անձնանունը կրող մեկը, որեմն ժառանգականությունը դեռ ամեն ինչ չէ: Ուրեմն Իշխա՞նն է իսկական Իշխանը:
Մյուս կողմից ժառանգությունը: Հասուն տարիքում Իշխանը մի յուրահատուկ կարողություն էր ձեռք բերել. հիանալաու և զարմանալու: Ծմակուտւմ, տեսնելով, որ քույրը՝ Մարգարիտը, «ամուսնուն թաղելուց հետո իրեն էր քաշել Սարգսին՝ Իշխանի խառը տարիների ընեկերոջը, քամել էր Սարգսին և հիմա գլուխը տմբտմբացնելով ժպտում էր՝ կանգնած երկհարկանի տան կապույտ պատշգամբում, գյուղի ամենալավ այգին ոտքերի տակ» (էջ 59), իսկ աղջիկը՝ Աղունը «մարդուն օր չի տալիս, սպանում է մարդուն ապրուստի համար»(էջ 60), նրանց երկուսին է խոստանում իր ժառանգությունը: Հաջորդ անգամ ժառանգություն է խոստանում թոռանը, որ սովորում էր համալսարանում և գրում էր «քանդողներից ու շինողներից» և պապին էլ քանդող էր համարում. «Սովորական քանդողներից չես. դու չես թողնում շինեն. դրածը շուռ ես տալիս… շուռտվածդ՝ գողանում»,-ասում է թոռը: Ու էական չէ՝ ի՞նչ է ասում, կարևորն այն է, որ ասում է, ասողներից է, ուրեմն արժանի ժառանգ է: Վերջին անգամ ունեցվածքը, ժառանգությունը խոստանում է խեղճուկրակ եղբորը. սա արդեն Իշխանի վերադարձն է սկիզբ, որը խորհրդանշվում է իր վերջով:
Իշխանին շարունակելու է գալիս որդի Արտաշը: Իշխան-Արտաշ հետաքրքիր նույնացում է տեղի ունենում վիպակում. սա մի կողմից, մյուս կողմից էլ հակամարտություն: Իշխանը չէր ընդունում որդուն. ինչու՞. կարծես թե նա էլ արժանի Իշխանյան էր. բայց. ասում էին Իշխանը վախենում է Արտաշից, ասում էր՝ «անտանելի է, իմն է, բայց անտանելի է». գուցե Իշխանը նույնիսկ հպարտանար նրանով, բայց առաջ է գալիս Հայկազի գերեզմանը: Արտաշն էլ իր հերթին առհամարհում էր հորը: Այնուամենայնիվ Իշխանի ժառանգությունը երկու իմաստով էլ մնում է Արտաշին: Բայց Արտաշը Իշխանի ոչ կատարելագործված տեսակն էր, ոչ էլ լավը նրանից. ամենով հանդերձ Արտաշը սովորական էր. փոխվել էին ժամանակները, եթե առաջ Իշխանը եզակի երևույթ էր, հիմա արտաշները շատ են, հիմա ամեն 15-16 տարեկան արտաշ է: Հայր-որդի հարաբերություններում նորից հիշում ենք էպոսը. «Լինի՝ լավը լինի, լավը չկա՝ վատը չեմ ուզում,-համոզում էր իրեն Իշխանը,- վատն էիր Արտաշ, շատ էիր վատ,իմ արևը. հողի վրա մանգալու տեղ չունեիր» (էջ 73): Բայց ժամանակները փոխվել էին, Արտաշը շարունակեց «հողի վրա ման գալը», նույնիսկ հաջողացրեց արտասվել հոր գերեզմանի վրա, կնոջն ու երեխաներին էլ նույնը ստիպելով:
Սերնդափոխության յուրահատուկ pպատկերում կա նաև երկրորդական կերպարներում: Այսպես՝ Իշխանին հիացնում է բուֆետապան զոկ Գոդին, որ խորամանկության մարմանվորումն է. «Այտա, որ ինձ հարցնեն ասեն շրջկոմի քարտուղարն ով է, կասեմ զոկ Գոդին է, ճիշտ եմ ասում: Նա մինիստր է, ճիշտ եմ ասում, մինիստրից էլ վեր է»: (էջ 82) Մահանում է Իշխանը, մնում է Գոդին, մնում է նունը և Արտաշի աչքերում գերազանցում նույնիսկ հորը. «Սակայն զոկը Արտաշի համար մի մեծ գյուտ արավ: Չնայա շուրջը պտտվողը զոկն էր, իսկ մռայլ հպարտը տրեստի ներկայացուցիչը, բայց ապահովվածությունը զոկինն էր, իսկ ներկայացուցիչը մաշված վերարկուով էր, իսկ եթե վերարկուն մաշված չէր՝ ապա գրպանում միայն գործուղման փողն էր, իսկ եթե գորուղման փողը շատ էր՝ ապա մեքենա չուներ: Վերջը մի տեղ լարը կտրվում էր: Ու, շատ նուրբ հարց է, ինչ-որ տեղ նրանք՝ զոկն ու ներկայացուցիչը, հավասարվում են, ավելին՝ մի տեղ զոկը դառնում է սիրալիր-հպարտ, ներկայացուցիչը՝ շուրջը պտտվող: Ինչ-որ տեղ ձեռնածություն է լինում. պոչը դառնում է գլուխ, գլուխը՝ պոչ» (էջ 86):
Սակայն զոկին շարունակողը՝ որդին, նույնքան «հանճարեղ» չեղավ, որքան հայրը, ոչ էլ նրանից լավ. այստեղ կարծես կրկնվի Իշխան-Արտաշ շարունակումը:
Այս սերնդափոխության, մարդու և մահվան մշտական հաջորդափոխության կոնտեքստում իր ուրույն տեղն ունի կամուրջի սիմվոլիկան. որին ինչ-որ չափով մարմնավորում է տիկին Սոֆիի «հավերժական» կերպարով, սակայն մի հետաքրքիր հակադրությամբ. տիկին Սոֆին իր բնույթով սիրուհի էր՝ բառիս ամենալայն իմաստով, իսկ կամուրջն ազնվական էր. այն կառուցել էր հայոց Աբաս Բ թագավորի կինը՝ Նանա իշխանուհին, այն է՝ իշխանական էր:
Կամուրջի հետ որոշակիորեն առնչվում է Իշխանը. Մաթևոսյանը Իշխանին բերում, կանգնեցնում է կամուրջի կողքին. սա այս ժամանակի մարդուն բացահայտելու լավագույն միջոցն էր. կամուրջի մոտ երևում են երեք սերունդ՝ երեխաները, որ.»Նանայի կամուրջին և վերը՝ գյուղում, եկեղեցու պատերին երեխաները մազութով գրում էին իրենց ու սիրածների անունները: Որովհետև վանքն ու կամուրջը շատ հնից են գալիս, երեխաները դրանց վերագրում են երկար գոյություն նաև ապագայում. երեխաները բնազդով զգում են կյանքի չափավորությունն իրենց համար և հարատևումը նրանց համար. երեխաներն ուզում են նրանց հետ ապագային մի բան ուղարկել իրենցից, բայց որովհետև դեռ չեն տվել իրենց արձանագրելի ճակատամարտը, առայժմ մազութագրում են»Վազգեն +Նելլի» « (էջ 65): Իշխանը, իհարկե, այս ամենից փորձում է իր օգուտը քաղել՝ գործկոմի նախագահին առաջարկում է որպես պահակ աշխատել: Կամուրջից օգուտ են ստանում նաև լուսանկարիչները:
Կամուրջի միացնող և անջատող բնույթը վիպակում փոխարինվում է մեկ գործառույկթով՝ մահապատժի գործիք է դառնում, իհարկե, այն չեն գործադրում, միայն սպառնում են: Այսպիսով՝ կամուրջը մի յուրահատուկ դատավոր է դառնում՝ անմահ կամուրջը՝ լուռ հետևողը մարդկային կրքերի: Այստեղ կարևոր է նաև նոր կամուրջի հարատևությունը. նորը ավելի մեծ էր. փոքրը Նանայինն էր, իսկ վարարած Դեբեդը քանդում է Մեծ կամուրջը:
«Տանից բոլորը միասին դուրս եկան, գնացին մինչև գլխավոր փողոց, այնտեղ Արտաշն ու Դուսյան թեքվեցին շուկայի կողմը, իսկ գյուղացիները երկար նայում էին նրանց ետևից՝ հպարտ այն բանի համար, որ նարանք Դևոյան են և իրենք էլ Դևույան են»(էջ 140),- այսպես է ավարտվում Հրանտ Մաթևոսյանի «Նանա իշխանուհու կամուրջը» վիպակը, վերջին ճաշկերույթով հաշտության եզրեր գտնելով և հավասարության նշան դնելով տոհմի տարբեր տարիքի ներկայացուցիչների միջև. նրանք բոլորը Դևոյան են…
Այսպիսով՝ սերնդափոխություն ասվածը, ինչքան էլ տուրք տանք հավերժությանը, մնայուն արժեքներին կամ հավերժական վերադարձին, իր կարևորագույն տեղն ունի Մաթևոսյանի այս վիպակում: Պատասխանելով հոդվածի սկզբում առաջ քաշված հարցերից մեկին՝ նշենք, որ «Նանա իշխանուհու կամուրջը» վիպակում սոերունդներն իրար չեն կրկնում, և որքան էլ նույնը լինի աշխարհը՝ մատերիան (որը այս դեպքում կամուրջն է, եկեղեցին), ամեն վայրկյան ծնվում է նոր մարդ՝ մի նոր աշխարհ՝ հարահոս ժամանակի իր ժամանակավոր պահից նայելու քարացած և դրանով հավերժացած աշխարհին: Ստեղծագործության քրոնոտոպում ամեն հաջորդ, այն է՝ նոր սերունդ տանուլ է տալիս կյանքին. սա նոր կամուրջի չդիամանլն է, սա նոր կամուրջի քանդվելն է: Սա ոչ միայն ստեղծագործության առանցքներից մեկն է, այլև Մաթևոսյան մարդու համուզմունքը. հարցազրույցներից մեկում Մաթևոսյանն ասում է. «Շատ ցավում եմ, որ մեր օրերի դժվարությունները, այս անտանելի վիճակը ծանրացավ այսօրվա փուխր քաղաքի սրճարանային երիտասարդության ուսերին: Սա պիտի լիներ մի տասը, տասնհինգ տարի առաջ, իմ սերնդի ժամանակ. ավելի դիմացկուն, հետիոտն սերնդի, որը կարող էր սարերը ճղելով դուրս գալ: Իսկ հիմա, նորից եմ կրկնում, այդ ծանրությունն ուսել են գիտելիքներով մեզանից հետ, ագրեսիայով մեզանից առաջ քայլող ջահելները: Հաղթանակի հույսեր գուրգուրել էս դեպքում չենք կարող: Խելագարության մեջ ի՞նչ հաղթանակ»:[3]
[1] Հ. Մաթևոսյան, Նանա իշխանուհու կամուրջը, Երևան, 2006թ., էջ 40 (այսուհետև սույն գրքից կատարվող մեջբերումների համապատասխան էջը կնշվի տեքստում՝ փակագծերի մեջ):
[2] Հ. Աճառյան, Հայոց անձնանունների բառարան,Բ, Երևան, 1944 թ., էջ 172-173
[3] Հ. Մաթևոսյան, Ես ես եմ, Երևան, 2005թ., էջ 13