Նախապատմվածքը` Անկախին Սպասելիս
ԲԱՑԱԿԱՆԵՐԸ
Այդ օրերից չեմ կարող ասել որքան էր անցել, որովհետև մանկության մեջ ժամանակը կանգնած է: Շենքի բակում արգելակեց Ուազն ու տղամարդիկ գորգեր, կահույք, ջահեր դատարկեցին: Մորս աչքերը կայծկլտում էին, ինչպես խոպանից հորս առաջին փողն ուղարկած ժամանակ: Դռան զանգն ու հորս դատարկաձեռն հայացքը.
-Է՞լ մարդ չկա,- մայրս ապշած է:
-Չէ:
-Բա~:
-Դուռը փակիր:
Գրկախառնվեցինք: Այնտեղից միշտ գալիս էր նավթի, քրտինքի, օղու հոտով ու թախծոտ ժպիտով. մազոտ դեմքի վրա մի քիչ երևում էին ժպիտի փոսիկները: Գիրկս կանաչ կրիա դրեց: Հորս միակ ավարը: Թշնամի կրիա: Ուրախացել էի: Մայրս խոհանոց մտնելիս միջանցքում գլխիս խփեց:
Հայրս ծնկել էր եղբորս մանկական մահճակալի առջև. նրանք առաջին անգամ էին տեսնում իրար: Պատերազմի ժամանակ պատահում են իրար չճանաչող հայրեր ու որդիներ:
Չեմ կարող ասել, որքան կանցնի, հայրս խոպանից կգա ածիլված, նուրբ օծանելիքի հոտով, մենք կգրկախառնվենք, իսկ երկու տարեկան եղբայրս կասի` ձաձա, պապիլոզդ վելցլու: Պատերազմից հետո էլ կպատահեն հայրեր ու որդիներ, որ չեն ճանաչի իրար: Ու նրանք դժվար կհաշտվեն:
Կրիայիս կապտած թաթիկները նորածին եղբորս թաթիկներին էին նման:
Հայրս տուն էր եկել տոնակատարության: Երկարությամբ փռված սեղանների շուրջ հարևանները հավաքվեցին աչքալուսանքի: Հորս կողքին Ջոնին նստեց, ով մեր շենքում միակ տղամարդն էր, որ մտել էր մահճակալի տակ ու գոռացել` էդ իմ պատերազմը չի:
Ջոնիի կինը լվացքի պարանին ամուսնու վարտիքների արանքում երկար վերմիշելներ էր ամրացնում ու բակով մեկ գոռում` սաղիդ աչքը Ջոնիիս վերմիշելին ա: Ծիծաղի ու սեքսի պակասից կանայք հռհռում էին:
Սեղանի շուրջ փորձող հայացքները Ջոնիին են նայում. քառասուն օրեկան եղբորս հոր կենացն են խմում` ապագա զինվորի զինվոր հոր կենացը: Ես չեմ ուզում եղբայրս զինվոր լինի ու կրիայիս առած մտնում եմ սեղանի տակ: Ջոնիի քամակը դանդաղ բարձրանում է կանգնելու: Համատարած քրքիջը նրան փրկեց հորս բռունցքից, որի ձևավորվելը սեղանի տակից կերևար միայն:
Այդ ժամանակից սկսած կրիայիցս սովորեցի ինքս իմ մեջ թափանցել` կծկվել, մի անկյունում փոքրանալ, ներթափանցել: Սեղանի տակ կոշիկներն իմ աշակերտներն էին, տեղ-տեղ բացակա: Չարաճճի աշակերտս` կրիան. դա էր իմ մանկության նշանը:
Տարիներ հետո դեկտեմբերներին բացակայելու էին աշակերտները, որովհետև պապաները խոպաններից գալիս էին ու տոն էր: Մեր կես դատարկ դասարանը` երեկվա բացակաները, նստարանների տակ ռուսական կոնֆետների թղթեր են ճռճռացնում:
Դուռը թակեցին: Բացեցի: Երկու փոքրիկ աղջիկ, քույրիկներ հավանաբար, սպիրտայրոց, կարմիր սանրեր ու հողաթափեր էին վաճառում: Նրանց լեզու հանեցի ու շրխկացրի դուռը:
Մեր տանն այդ օրը ուտելիք կար ու տաք էր:
Ուզեցի կրիային ծոցումս քնացնել. բայց շատ սառն էր. ոսկորը չէր տաքանում, սարսռում էի: Հողաթափերիս վրա քնացրի: Կրիան անընդհատ մորս ոտքի տակ էր ընկնում: Առավոտյան մահճակալիս տակ առնետները կրայիս գլուխը կերան: Պապայիս հարցրի` կարող ա Աստվածը կրիայի մեջ ա: Երկուսով կրիայի առջևից նայեցինք, ետևից նայեցինք. չկար Աստվածը:
ԱՆԿԱԽԻՑ ՀԵՏՈ
ԱՅՍ ՏԱՐՎԱ ՔՈ ՆՎԵՐՆԵՐԸ ՄՈՒԹՆ ՈՒ ՑՈՒՐՏՆ ԵՆ, ԻՄ ՓՈՔՐԻԿ
Հայրս ամբողջ գիշեր չքնեց: Գորշ հողաթափեր էր կարում: Ասեղի ծայրը այլևս նրա բութ մատը չէր ծակում: Առավոտյան էլ տասը սպիրտայրոցի պտուտակներն էլ ամրացրեց, դրեց հողաթափերի մոտ: Հորաքրոջս` աշխատավարձի փոխարեն տված կանաչ սանրերը նույնպես:
Հողաթափերը թեթև էին, քրոջս տվեցի, մնացածն իմ ձեռքին` անկյանք ու հանդարտ ճանապարհ ընկանք:
Ամեն շենք մտնելիս երկուսով հարկ-հարկ վերև էինք նայում, մինչև վերջինը: Մենք փոքր էինք ու գլուխներս հետ թեքելիս ծոծրակի մասում ցավում էր: Այսօր այդ հայացքների մասին մտածելիս, հասկանում եմ, որ դրանք հեռու ուղղված աչքեր էին:
Առաջին սպիրտայրոցի վաճառվելը համ ուրախ էր, համ տխուր: Ուզեցին փորձել. քույրս տագնապած ձեռքս բռնեց.
– Պապաս ա սարքել, ձեռքի աշխատանք ա,- ես եմ: – Տաք դամաշնիկներ էլ ունենք:
Քույրս թիկունքումս թաքնվեց: Իրենց դասարանի Դավիթը սենյակից մեզ էր նայում: Փորձեցին, կապույտ, գարշահոտ տաքություն, և սևացավ սպիրտայրոցը, վճարեցին: Դավիթի մաման մեզ մանդարին էլ տվեց:
Դռներ կան, որ թակելուց մեկ է չեն բացվում, ու մենք դռների առջև` խաղաղ դատարկության մեջ նստած, վաստակած դրամներն էինք հաշվում:
Մի դռան դիմաց երկար կանգնեցինք: Միջանցքում դոլմայի ու նոր թխած հացի հոտ էր լցվել: Դուռը թակեցինք: Քառակուսի դեմքով մի լկստված մեզ լեզու հանեց: Քույրս ասաց` սոված եմ:
Մանդարինը մաքրեցինք: Կլեպներից հյութը իրար վրա պզզացրինք, լուռ ծիծաղեցինք:
Յոթերորդ հարկի դուռը կրնկի վրա բաց էր, ու միջանցքում աթոռին նստած մի մարդ ճոճվում էր. խելագար աչքեր ունենք: Փախանք:
– Պապաս ա սարքել, ձեռքի աշխատանք ա, -դուռը կամաց թակել, մի տատիկի աչքերին եմ նայում:
– Չենք ուզում:
Թեև ես մեծ էի, այնուամենայնիվ քույրիկիս հետ ձնագնդիկ խաղացի, մեծի պես ուզում էի իմ փոքր քույրը, իմ սիրուն նվաղ աղջիկը մոռանա ճոճվող մարդուն:
Ու մինչև տուն հասանք արդեն Նոր տարին սկսվել էր, փոքր քույր ու եղբայրս քնել էին, իսկ ծնողներս մեր տոնածառը սենյակի կենտրոնում առաստաղից էին կախել, հայրս կանաչ սանրեր ու հողաթափեր էր ամրացրել տոնածառին, իսկ շուրջը սպիրտայրոցներն էին շարել, կապույտ լույսը սիրուն էր ու չորսս էլ լուռ ծիծաղում էինք:
Շնորհակալություն սիրելի Նառա՝շատ տպավորիչ էր:Վերապրեցի ցուրտ ու խավար,բայց,ազգի համար այնքան բախտորոշ օրերը: