Օրը քամոտ էր: Թեթև հողմը փողոցի փոշին պտտում, վեր էր հանում ամեն բան, ինչ հարմար էր գտնում, ինչ կարողանում էր բարձրացնել: Ամպերի ետևից մերթ ընդ մերթ դուրս եկող արևին երբեմն հաջողվում էր գունավորել քամու խաղը և շուրջը ողողել անսահման մի պայծառությամբ, որ նայողի աչք էր ծակում:
Բակի ավտոտնակներից մեկի վրայից նայողները երկուսն էին՝ մեծ ու փոքր երկու կատու: Մեծն ամբողջ մարմնով փռվել էր ավտոտնակի տաք տանիքի վրա, մինչդեռ փոքրը, պոչը թաթիկների տակ, չորս կողմն էր նայում:
Դիմացի հսկայական բարդին մի պահ ստվերում, հետո ետ էր քաշում շուքը՝ ասես խաղալով փոքրիկի հետ:
Ստվերը բռնել չէր հաջողվում: Վերջապես նա հոգնեց ու նայեց պառկածի կողմը.
– Սա ինչ ծառ է, Ուռռռսուլա:
– Բարդի է:
– Նա ինձ ուզում է զայրացնե՞լ:
– Չգիտեմ: Ես ծառերի լեզուն չեմ հասկանում: Գուցե ուզում է խաղալ քեզ հետ:
– Իսկ այն սպիտակ բմբուլները, որ նրա վրայից այս ու այն կողմ են թռչում, փաթիլնե՞ր են: Դե, որ ձմռանը տեսանք, որ սառն էին ու անդուր:
Պառկածը ևս որոշեց նստել: Նա երկար նայեց բարդու կողմն ու կկոցելով աչքերն ասաց.
– Չէ: Սրանք բարդու երազանքներն են:
– Երազանքն ի՞նչ է, Ուռռռսուլա:
– Ախ, իմ փոքրիկ Մյունու, երազանքը……, – պատասխանողը մի պահ դադար առավ, մտազբաղ քորեց ականջի ետևն ու շարունակեց:- Երազանքը մի բան է, որ շատ-շատ ես ուզում ունենալ:
– Հասկացա,- տխուր ձգեց փոքրիկը:- Երազանքը, փաստորեն, ուտելու բան է: Ասենք՝ ճնճղուկ կամ մի չաղլիկ մկնիկ, կամ էլ՝ հավի ոսկորի կտոր, որ երրորդ հարկի այն նիհարիկ աղջիկն է մեզ համար ներքև գցում…
Ուռռռսուլան ծիծաղեց.
– Հիմարիկ, երազանքներն ավելի վեհ բաներ են: Իսկ վեհ բաները ստամոքսում չեն ապրում, վեհ բաները քո սրտի մեջ են: Տես, եթե այսօր մեզ հաջողվի ինչ-որ բան ուտել, մեր երազանքը կիրականանա՞… Ոչ, Մյունու, ոչ, ոչ , ոչ …. Մենք ընդամենը կկշտանանք: Ինչպես կարող է ինչ-որ կեղտոտ մի մուկ երազանք կոչվել:
Մյունուն ոչինչ չհասկացավ: Նա իր սրտի տեղը չգիտեր, իսկ փորիկի տեղը լավ գիտեր, այն էլ ինչպես: Եվ նրա բոլոր երազանքները, փաստորեն, սրտի փոխարեն ստամոքսն էին նախընտրել:
– Երազները,- շարունակեց Ուռռռսուլան,- թեթև են, նրանք ճախրելու համար են ծնվում, իսկ ստամոքսում եղածն անպայման մարսվում է: Գիտես՝ ինչ է դառնում: Զզվելի է, չէ՞:
Ուռռռսուլան ձգեց իրանն ու մեջքով շրջվեց փոքրիկի կողմը:
Մյունուն ևս փոխեց դիրքը: Նա թաթերի բարձիկները զգուշորեն դնելով՝ նստեց Ուռռռսուլայի դիմաց ու կրկին պոչիկը թաքցրեց ոտքերի արանքում.
– Իսկ ճնճղուկը՞…. Ախր, նա էլ է թռչում և նա մուկ չէ:
Ուռռռսուլան արհամարհական փոքրիկի կողմը նայեց:
Մյունուն շփոթվեց.
– Իսկ ինչի՞ մասին է երազում բարդին:
– Երևի տեղից պոկվելու, թռչելու մասին,- Ուռռռսուլան գիտեր, որ ինքն իմաստուն է:
– Իսկ ինչու՞ նա չի շարժվում, ասենք՝ մեզ նման:
– Որովհետև ծառ է: Ես իմ երկարուձիգ կյանքի ընթացքում դեռ ոչ մի քայլող, առավել ևս թռչող ծառ չեմ տեսել:
– Հասկացա: Նրան ինչ-որ մեկը երևի կապել է կողքի բակի այն միայնակ շան նման:
– Ծառերն արմատներ ունեն: Արմատներով են սնվում: Եթե արմատից պոկես, կմեռնեն:
– Այսինքն՝ կամ պիտի կուշտ մնան, կամ մեռնե՞ն:
– Մյունու,- զարմացավ իմաստունը,- այդ ինչե՞ր ես ասում: Երբեք մտքովս չէր անցել:
Փոքրիկն իրեն լավ զգաց.
– Ինչ ուրախ եմ, որ ծառ չեմ:
– Ինչու՞:
– Որովհետև ես կարող եմ և կուշտ մնալ (իհարկե՝ ոչ միշտ), և գնալ՝ ուր ցանկանամ:
– Բարդու փաթիլներն են տանում նրա երազները: Այդպես ծառը թռչում է իր՝ փաթիլների նմանվող սերմերի մեջ՝ հուսալով երևի, որ աշխարհը գոնե իր սերմերը կտեսնեն:
– Տեսնո՞ւմ են:
– Չէ: Նրանք էլ են մի տեղ վայր ընկնում և կառչում հողին՝ կուշտ մնալու համար:
– Ու սպանում են մայրիկի և իրենց երազանքը:
Ավտոտնակի կողքով ինչ-որ մարդ անցավ: Նրան հավանաբար դուր չեկան բարդու երազանքները: Մարդը կանգ առավ, փռշտաց, հետո երկար հազաց ու թաշկինակով սրբելով քիթն ու աչքերը՝ զայրացած փնթփնթաց.
– Երբ են էս անտեր ծառը կտրելու: Էս ալերգիան ինձ մի օր կսպանի:
Կատուները անտեսանելի մի ազդանշանով հանկարծ կծկվեցին ու միասին մի կիսաշրջան կազմելով՝ պառկեցին ավտոտնակի մերկ տանիքի վրա:
Քամու հերթական պոռթկումը Ուռռռսուլայի հին մորթուց մի մազափունջ պոկեց և օդում նրա հետ խաղալով՝ բերեց ու փակցրեց արդեն հեռացող մարդու տաբատի փողքերին:
Մարդը կատաղեց:
Մյունուն նրան չլսեց: Նա տեղից վեր թռավ և գլխով հրելով՝ փորձեց վերկացնել իր քնած բարեկամին.
– Ուռռռսուլա նայիր: Ես հիմա նաև քո երազանքներն եմ տեսնում: Տես, թե ինչպես են թռչում, երբ դու բարդու նման չես, և դու, ես կարող ենք գնալ ուր ուզում ենք… Օրինակ, այն տարօրինակ մարդու տաբատին կպած:
– Հիմարիկ, իմ բուրդը նրան պարզապես զայրացնում է: Ուրիշի երազանքները միշտ էլ ինչ-որ մեկին խանգարում են, և ուր էլ գնաս, կգտնվի մեկը, ում դրանք անպայման կխանգարեն: Ուրեմն՝ արժե ինչ-որ տեղ գնա՞լ, Մյունու, եթե անկախ տեղից, միևնույն է, քաղցած ես մնալու,- Ուռռռսուլան հորանջեց ու քիթը մտցրեց մոթու մեջ:
– Ես կգնամ, Ուռռռսուլա, անպայման կգնամ,- միայն իր համար լսելի պատասխանեց փոքրիկն ու դունչը ձգեց երրորդ հարկի բաց պատուհանի կողմը, ուր շտապում էին նաև բարդու միամիտ փաթիլները:
Մյունուն արդեն գիտեր, թե որքան դժվար է դատարկ փորով երազելը, երբ մկնիկի, ճնճղուկի, բարդու և անգամ այն փնթփնթան մարդու երազանքներն այնքան տարբեր էին: Բոլորից ավելի նա մարդուն խղճաց, որովհետև մարդը երազանքներ չուներ, որովհետև նրա երազանքը ուրիշի՝ երազանք չունենալն էր, որովհետև նա ոչ փետուրներ, ոչ կարգին բուրդ, ոչ էլ բարդու նման փաթիլներ ուներ:
Ն. Կ.