(Վրեժ Իսրայելյանի «Տոնապետ» գրքի առիթով)
Վրեժ Իսրայելյանի «Տոնապետ» (Երևան, Նաիրի, 2010 թ.) ժողովածուն արձակագրի ստեղծագործության մեջ նոր որակներ է արձանագրում: Հեղինակը հիմնականում ազգային խնդիրներին է անդրադառնում: Գրեթե բոլոր պատմվածքների հիմքում ընկած է հայի խորհուրդը, հայ մարդու հույզերն ու ապրումները, նրա առօրյան և նոր ժամանակների արձագանքները նրա հոգում: Այս խորհուրդը դարեր ի վեր շրջանառվել է հայ գրականության մեջ, սակայն Վրեժ Իսրայելյանը այն նորովի է մատուցում` միահյուսելով ազգայինն ու համամարդկայինը:
Նշեմ նաև, որ հեղինակը բացառապես նախընտրում է պատմվածքի ժանրը (գրքի վերջում զետեղված պիեսը փորձարարական բնույթ ունի և մի քանի պատմվածքների միաձույլ մշակում է): Վրեժ Իսրայելյանի պատումը անշուշտ պատմվածքի շնչառության սահմաններում է: Նա այնպես է հյուսում ասելիքը, որ բնական են դառնում տեքստային ու բովանդակային մի տարածքից տեղափոխությունը մեկ այլ հարթություն: Նման կտրուկ անցումները, անհետևողականության արդյունք չեն, այլ գրողի խոսքի ընդգրկունությամբ են պայմանավորված: Այսպես գրեթե բոլոր պատմվածքներում հեղինակը ինչ-որ մի հատվածում ընդհատում է դիպաշարի ընթացքը, նոր, թվում է թե նախորդի հետ կապ չունեցող պատում է սկսում: Ապա հաճախ իրեն թույլ է տալիս այդ նոր պատումի մեջ էլ մեկ այլ ընդգրկունությամբ պայմանավորված տեքստ ստեղծել: Հեշտ բան չէ, սակայն գրողը զորում է մեկ առանցքի շուրջ հավաքել այդ թվացյալ ցանքուցրվածությունը: Նման տեքստակառուցումը նորանոր երանգներ է ի հայտ բերում ժամանակակից պատմվածքի ժանրում, թարմացնում և կաղապարազերծում է կառուցման ավանդական ձևերը: Այսօրինակ մի հրաշալի գեղարվեստական հնարանք առկա է «Տոնապետ» պատմվածքում. հեղինակի կողմից նախկինում կիսատ թողած պատմվածքը շարունակել-գրելը դառնում է նոր պատմվածք: Այսինքն Վրեժ Իսրայելյանը գիտակցաբար է ստեղծում պատումի այսպիսի խայտաբղետություն, որով միանգամայն ճանաչելի է դառնում նրա ստեղծած բնագիրը:
Այսպես, «Հայ-թուրքական հինավուրց խաղ» պատմվածքում դեպքերը զարգանում են մի քանի տարածաժամանակային հարթություններում: Կա գրող-պատմողի ժամանակը: Գրող-պատմողը վերհուշի միջոցով ոչ միայն անդրադառնում է անցյալի իրականությանը, այլև դիտարկում, արժևորում, վերլուծում է այն:
Կա վերհուշի ժամանակը, որը արցախյան հերոսամարտի տարիների պատկերն է: Ազերիների կողմից գերեվարված աղջիկ և հրաձգության աշխարհի չեմպիոն թուրք դիպուկահարի նամակը, որն արդեն դարերի ժամանակն է ընդգրկում իր մեջ: Թուրք, և ո՛չ ազերի դիպուկահարը աղջկա կյանքը առաջարկում է փոխանակել հինգ մենամարտով, վստահ, որ ինքը հաղթելու է և վստահ, որ հայը համաձայնելու է: Հայի ազգային տեսակի նկարագիրը պատկերվում է թուրքի աչքերով, ով չէր սխալվում, հայը հինգ զինվոր է զոհում մեկ հայուհուն գերությունից ազատելու համար, միայն փոքրիկ հավելումով` «վերջին մենամարտը հրամանատարի հետ երեք մետր հեռավորությունից»:
Իսկ վերջում` դարձյալ հայի ազգային նկարագիրը` արդեն հայի հայացքով, գերված աղջիկը ազատվել է, հեռացել հայրենիքից և ամուսնացել… թուրքի հետ:
Հետաքրքրական է, որ Վրեժ Իսրայելյանն իր բոլոր պատմությունները պատմում է առաջին դեմքով` այսինքն իր մասնակցությամբ: Նման մոտեցումը գրողին հնարավորություն է տալիս իր կենսափորձով ներթափանցել հայի ազգային հոգեբանության խորքերն ու բացահայտումներ կատարել: Այսպես` բազմաթիվ պատմվածքներում հանդիպում է հնի ու նորի բախումը: Հայն ամուր կառչած է հնին և դժվարությամբ է հարմարվում նորին: Սա պայմանավորված է նախ այն փաստով, որ Վրեժ Իսրայելյանն այն գրողներից էր, ովքեր խորհրդային վերջին տարիների ու անկախության առաջին տարիների անցումային ժամանակներն ապրեցին մի քանի տարվա կորուստ-մթագնումներով: Անցումը, ոչ միայն հասարակարգի փոփոխությունն է ենթադրում, այլ նախ և առաջ արժեկարգի փոփոխությունները: Իրերի արժեքն այսօր ավելի բարձր է գնահատվում քան հոգևորն ու բարոյականը: Եվ պատահական չէ Իսրայելյանի հերոսուհու փիլիսոփայությունը, թե մի պատշգամբ կառուցիր, որպեսզի այս աշխարհում տեղ ունենաս:
Այս իրականության մեջ գրողը ձգտում է հոգևոր արժեքները վերականգնել. «Աղջիկ ջան, այն ինչ շոշափվում է` փոս է» (14):
«Տոնապետ» գրքում հատկապես շեշտվում է ազգային ինքնագիտակցություն-ինքնասիրությունը. «Սև խավիար» պատմվածքում հերոսի մայրը սասունցի կինն է, հայի վրեժով, ընդդեմ մարդու դեմ կատարված ոճրի, պատժի, ու եղեռնագործության.
«Կկարողանա՞մ այս թուրքին բացատրել, որ ծնվել և ապրում եմ մի երկրում, որտեղ չեմ ծնվել ու չեմ ապրում» (22):
Սակայն գրողն այնքան պարզունակ ընկալում չունի, որ ազգայինը վերածի ազգայնականության. թուրքը ոչ թե ազգային դրսևորում է, այլև տեսակ: Հայի թուրք տեսակն էլ կա, որն ավելի սարսափելի է. մատնագրերով Սիբիրի ուղեգրեր «պարգևող» Բալաբեկը, ազատամարտիկ Մռովի Հայկոյի պաշտոնյա դարձաձ հրամանատարը, ով Հայկոյին ավելորդ է համարում, և ի վերջո սպարապետի վրա զենք բարձրացրած ոճրագործը, ով մեկ վայրկյանում փորձում էր իր անունը անմահացնել Վազգեն Սարգսյան անվան կողքին. «Եթե էս ահաբեկիչը թուրք լիներ, էս պատմությունից ոչ միայն պատմվածք, այլ մի քոսոտ լրագրային հոդված էլ դուրս չէր գա: Ի՞նչ մի զարմանալի բան կա, երբ մի թուրք սպանում է մի հայի» (78):
Առաջ է քաշվում տեսակի խորհուրդը և հայի տեսակը նախ իր ներսը պետք է քննի և հետո նոր աշխարհի հետ իր հարաբերությունները հստակեցնի. «Աշխարհի ինը միլիոն հայերից յուրաքանչյուրը մեզ շշպռելու, այպանելու պատճառ կգտներ. կարգին խաչակնքել էլ չգիտեինք` մեկս աջից ձախ, մյուսս` ձախից աջ, մեկս վերև էր նայում, մյուսս ներքև» (91):
Ազգային խնդիրներին անդրադառնալիս գրողը չէր կարող շրջանցել հայի վերքը` թուրքի կողմից իրագործված Եղեռնը: Այս դեպքում ևս գրողը դեպքերին չի նայում իբրև ողբերգական պատմություններ, այլ նայում է մարդկության պատմության մի եղելություն, որը բազմաթիվ ճակատագրեր է խեղել:
Իսկ իրողությունն այն էր, որ մարդու մի տեսակը, որին հեղինակը թուրք է անվանում, «գաղթական կնոջը փոխշահավետ գործարք առաջարկեց. եթե կինը խեղդի իր երեխաներից մեկին, ինքը խոստանում է պահպանել կնոջ և մյուս երեխայի կյանքը» (111): Կինն անշուշտ ընդունում է պայմանն ու… խելագարվում:
Ցավի հենց այս արձագանքով էլ կերպավորվում է հայրենիքը: Ցավն արձագանքում է հերոսի հոգում և կերպար-հայրենիքի են վերածվում Աղավնի տատը, ծեր թոշակառուն, ութսունամյա Հեղնար տատը, անապատի ավազների մեջ թաքնված և հայերին փրկության ուղին մատնանշող համր երեխան, զինվորներին մարտից առաջ ոգեշնչող Սոնան և ի վերջո հարյուր ոսկի ծախսած և իր մեկ ոսկու ետևից Ամերիկայից Ավստրալիա ճանապարհը կտրած Տոնապետը:
Գրողն այս ամենը համեմում է վավերագրումներով, որոնք ավելի հավաստի են դարձնում պատումը: Յուրաքանչյուր պատմվածքում, անկախ ընդգրկված նյութից ու առաջ քաշված գեղագիտական-գաղափարական հարցադրումներից, հանդիպում են այսպիսի վավերագրական ընդմիջարկումներ. «…ճիշտ այն օրը, երբ արգենտինացի Մեսսին իսպանական «Բարսելոնի» կազմում չորս անզուգական գոլ խփեց անգլիական «Արսենալին»» (24), «Արի քեզ մեր հարևան Ալիխանե Մամեի մոտ տանեմ, ձրի» (25), «… և այն դարձնելու է «Իրավունք դե ֆակտո» թերթում տպագրվող իր հերթական պատմվածքի վերնագիրը» (103) և այլն: Վավերագրումների կերպով արտահայտվում է նաև գրողի դիրքորոշումը քաղաքական վերջին դեպքերի առիթով:
Մարտի մեկի ողբերգական իրադարձություններին գրողը չէր կարող անարձագանք մնալ: Եվ ահա իրականությունը ներխուժում է գեղարվեստական տարածք: Թվում է թե «Սև կատու սպիտակ գլխաշոր» պատմվածքը սիրո մասին է, բայց գեղարվեստական իրականությունը խաթարվում է, քանզի մարտի մեկն անընդհատ գրողի աչքի առջև է: Պատահական չէ, որ «Սև կատու և սպիտակ գլխաշոր» պատմվածքում մի քանի անգամ հիշատակվում-կրկնվում է գարնան առաջին օրը. «…գարնան առաջին օրերը բացվում են որպես գարնան առաջին օրեր» (108), «Անդրեն զոհվեց գարնան առաջին օրը» (109) և այլն: Մարտի մեկը դառնում է սևամորթի կողմից Տոնապետից գողացված մեկ ոսկեդրամ, բայց եթե Տոնապետը ետ բերեց իր ոսկեդրամը, ապա այս մեկը հեշտ չի լինելու ետ բերելը…
Նոր ժամանակների ընկալումներն արտահայտվում են նաև մի շատ ուշագրավ մոտեցման՝ գրողի ինքնահեգնանքի միջոցով: Վրեժ Իսրայելյանը միտումնավոր գնում է այս ճանապարհով ամբողջացնելով ոչ միայն իր բնագիրը, այլև այսօրվա իրականության նկարագիրը և նման կերպ ամփոփում է ներկա ժամանակների հայ մարդու հոգեկերտվածքը: Ինչպես մյուս դեպքերում, այս պարագում ևս գրողը թիրախ է ընտրում ինքն իրեն. «…իմ սրածայր բեղերի ծագումնաբանության շուրջ հեռագնա դատողություններ է անելու» (25), «Մեր ամուսնության հաջորդ օրն իսկ ես արդեն վաթսուն էի» (81), կամ թոռների մասին խոսելիս նշում է. «Նրանք լավ գիտեն, որ իրենց պապը սուտասան է, բայց հավատում են ինձ» (26): Այսպիսի «ինքնամերկացումերը» հարստացնում են գրողի ինքնակերպարը, մարդկային նոր որակներ բացահայտում, միևնույն ժամանակ մոտեցնում իրապատումի և գեղարվեստի սահմանները:
Ինքնահեգնանքը երբեմն դառնում է «ինքնադատության փորձ մը». «…ինձ նման մի անբան գրողի, որի գրչից սուտը ծորում է որպես ճշմարտություն» (17), «Այն ինչ պատմելու եմ, հորինվածք է, գրողի երևակայության արդյունք» (112), «Գրողի ճակատագիր է, ինքն իրեն փորձանքի մեջ է գցում և ամբողջ կյանքում փորձում այդ փորձանքից դուրս գալ» (121):
Մարդն այսօր հայտնվել է կյանքի լուսանցքում և ինքնահեգնանքի միջոցով երբեմն բացահայտվում է նաև ինքնակերպարի հոգեկան ներաշխարհը. «Վաղը, եթե խմելով չընկնեմ (մղձավանջից փախչելու իմ մեթոդն է), գնալու եմ իմ մեկ ոսկու ետևից» (50), «Կոմունիզմ կառուցելու համար անպիտան դուրս եկա, կապիտալիզմի համար` ավելորդ: Ես ապրեցի մտքիս մեջ, մի ձեռքիս բաժակ, մյուսին` գրիչ: Մեկը մյուսի թշնամին էր. ոչ խմածիցս բան հասկացա, ոչ գրածիցս» (98):
Գրաքննադատի համար լավ գիրք ընթերցելը հեշտ բան չէ գրքի հեղինակի համար, որովհետև արդեն այլ սպասելիք ես ունենում տվյալ գրողից: Լավ գիրք ընթերցելն ու անարձագանք թողնելը` հեշտ բան չի գրաքննադատի համար: Բայց վտանգ կա, որ լավ գրքի մասին գրաքննադատի խոսքը կարող է կաղապարների մեջ դնել գրողի ստեղծած աշխարհը, ավելի վնասել գրքին, քան օգուտ տալ: Վրեժ Իսրայելյանի «Տոնապետ» գրքին անդրադառնալիս նման մտավախություն ունեցել եմ: Ամեն դեպքում, Վրեժ Իսրայելյան, քո գրածից շատ բան հասկացա և պիտի փաստեմ, որ «Տոնապետ» ժողովածուն ներառում է արդի հայ արձակի լավագույն պատմվածքների մեկ տասնյակից ավելին: