Նազիկ Հակոբյան| Գայլուկ

Նազիկ Հակոբյան

Պատից կախված հայելին անկյուններ չունի:
Պատկերս առնում է շրջապտույտի մեջ: Անտանելի է, երբ չի վերջանում, կտրվում: Ոտքից գլուխ պտտում է, գլխիվայր շրջում: Շաղվում է ֆոնը, չեն երևում ետևում կանգնածները` իրենց դժգոհ դեմքերով: Լավ է: Չեմ սիրում նրանց, ովքեր թիկունքիս չեն կանգնած, ովքեր մեջքիս ետևում են:
Ինչքան էլ ամուր կանգնեմ, ոտքերս շատ են հոգնում: Դրա համար փակում եմ աչքերս, նստում, ձեռքերս դարսում ծնկներիս. դեղահաբերից շշմած եմ, բայց հասկանում եմ` այսպես էի նստելու, եթե ծեր կին դառնայի:
Փակ աչքերով անմիջապես գտա փոշի բուրող մի կածան: Մի կողմում խոտ է աճել ու հասցրել դեղնել: Դու նստել ես քո ծույլ դիրքով, ձեռքդ պարզել, հրավիրում ես կողքիդ նստելու: Իսկ ես մի աննորմալ բան պիտի անեմ, այնպիսի բան, որ դեռ ոչ ոք կողքիդ նստած չի արել: Խոնարհվել եմ, ականջս սեղմել հողին: Ձայներ են: Ինչքան դժվար է լսել կարողանալը: Հևում են, դոփում, ճանկռում: Հողը ինչքան բան գիտի: Ուրիշ ոչ մի կին իմ փոխարեն չէր նստի այդ փոշու մեջ, իսկ ես նստել ու երեսս եմ խոնարհել ճանապարհին, պատմությո՛ւնն եմ լսում: Հետո կտրուկ բարձրանում եմ, մազերս փոշու ամպ են բարձրացնում:
-Ի՞նչ կենդանի էր:
-Ու՞ր է, գի՛ժս:
-Չգիտեմ, բայց եղել է:
Չոքում եմ գետնին, ձեռքերս նետում ծնկներիդ, փորձում եմ նրա թաթերի ուժը ցույց տալ:
-Այդ թաթերով նա ճյուղեր էլ էր կոտրում: Ուժե՛ղ, ազա՛տ, հպա՛րտ… Բայց…
Հիմա շատ եմ լարվել: Ուզում եմ հիշել, թե ինչ ասացի քեզ այդ պահին:
-Բայց մի բան այն չէ,- ավելի շատ եմ լարվել, զգում եմ քեզնից եկող անհանգստությունը: Անմիջապես կուլ տալու նման որսում եմ միտքը.
-Մի թաթը չկա:
Դու արձագանքում ես ամբողջ մարմնով: Այդպես անցյալ կյանքից եկող դողերն են վերապրում:
-Բրդոտ էր, երբ գայլուկ էր:
Ու քո աչքերի մեջ այնքա՜ն բան եմ տեսնում այդ պահին: Ծանր է, չեմ դիմանում: Նորից այտս սեղմում եմ գետնին: Հենց հիմա էլ զգում եմ, թե ոնց էին մատներդ իջնում մազերիս մեջ:
Հիմա տանը` բազմոցին նստած, հայելուց շրջված հայացքով շշմել-մնացել եմ: Ինչու՞, երբ բոլոր կանայք երազում են քո գրկում կարապի նման գեղեցիկ, ճկուն լինել, ես բրդոտ կենդանու նման կծկվում եմ, փակում իմ շքեղ լինելու կարոտը: Չգիտեմ` այդ գազանը ինչ կապ ունի մեզ հետ, քեզ հետ, բայց քո աչքերում մի բան է թողել, որը ես ամեն անգամ կարդում եմ ու ճանաչում:
Արի սկսենք սկզբից ու գոնե այս անգամ ծանոթանանք:
Ժամադրվել էինք բաժանումից հետո:Դու չէիր գալու: Դեռ տեղ չհասած՝ ետդարձի ճիշտ ժամն էի որոշում: Ամեն անգամվա նման` մինչև կեսգիշեր: Պայուսակ չունեի թևիցս կախված, որ ճոճվեր ու խանգարեր տեղաշարժվել: Տաբատով բավական հարմար էր վազելը: Վազել-հասել էի ճամփի վերջին: Հիմա փոշոտ կածանից ասֆալտված ճանապարհ կաճի, ու ես ընդամենը հինգ րոպեում կհասնեմ ութհարկանի շենքի մուտքին:
Մինչ երրորդ հարկ բարձրանալը, ձեռքս մեխանիկորեն տարա բաճկոնիս գրպանը: Հանեցի փոքր բանալին: Դուռը շատ հեշտ էր բացվում, մնացածը դժվարանում էի շարունակել: Բնակարանը վաղուց չէր շնչում: Ամենուր փոշի էր: Իսկ ես այնքան ազատ ու թեթև հանեցի բաճկոնս, ինչպես դա անում է յուրաքանչյուր կին` ի՛ր բնակարանը մտնելուց անմիջապես հետո: Չգիտեմ` գիտակցությանս որ հատվածն ինձ հուշեց` բաճկոնը դռան կողքի աթոռին չգցել: Փոշոտ է: Մոտեցա լուսամուտին: Տեսարանը վանող էր: Դե, այսպիսի վայրում հեշտ էր բնակարան վարձելը: Ոչ ոք այստեղ ապրել չի ուզում: Մահվան հոտ կա ամեն ստվերի մեջ:
Արդեն խոհանոցում եմ: Կահավորելու հարկ չկար: Տանտերը իրերով է հանձնել բնակարանը: Սառնարանն անջատված է: Անցնում եմ կողքով: Հատակին դրված զամբյուղի մեջ մի քանի նեխած կարտոֆիլ կա: Նոր հասկացա՝ ներսում գարշահոտ է: Նորից մոտեցա, բացեցի պատուհանը: Կիսաձայն խոսեցի ինքս ինձ հետ, որ չխելագարվեմ.
-Վաղուց չես եկել ժամադրության:
Տանը ամեն անգամվա նման ստել չե՛մ ուզում, բայց առանց երկար-բարակ մտածելու պատմում եմ մի բան, ինչ չի եղել: Ստում եմ, հորինում, փախչում իրականությունից. ի՞նչ կարևոր է, թե ոնց եմ անում: Մաքառում եմ, ընդամենը առաջ քայլելու համար ճանապարհ բացում: Իսկ երբ բոլորը քնում են, երբ մեր հարբեցող հարևանը, աստիճանները հատուկ դոփելով, ցնցում է գիշերվա անդորրը, ես` ոտքի վրա, ընդամենը մի շապիկով, շրջում եմ տան մեջ` փնտրելով, թե ինչ բերեմ:
Այս անգամ հավաքել եմ հին ձեռագրերս, մաշված կիսատաբատս, մանկական լուսանկարներիցս մեկը, մի էջանշան՝ կտորի վրա արված մանրանկարներով ու սիրելի գավաթս՝ ունկը կոտրված: Հանում եմ պայուսակի միջից ու լուռ շարում սեղանին դրված մյուս իրերի կողքին: Այստեղ քո տնային հագուստն է, օծանելիքի կիսատ շիշը, փոքր, խունացած սրբիչ, ռուս դասականների լավագույն պատմվածքներից մի ժողովածու ու… գավաթ: Աչքերիցս հեղեղ է թափվում` իմ բերած գավաթը քոնի կողքին դնելիս: Երկուսի մեջ էլ տաք ըմպելիք լիներ` ցանկացած, կարևոր չէ, թե ինչ, թո՛ղ քո ուզածը, սիրածը լիներ, գոլորշի արձակող ու քաղցր, միայն թե դեմ դիմաց նստած լինեինք:
Աչքերիդ գույնը լավ եմ հիշում, բայց մոռանում եմ գծագրությունը: Հայելուն մոտենալով` երեխայի նման տրորելով մաքրեցի աչքերս: Հիմա կհասկանամ, թե որքան ժամանակ է անցել. տեսնեմ` որքա՞ն եմ փոխվել վերջին հանդիպումից հետո: Ամբողջ մարմինս, բոլոր դիմագծերս այլայլված ճչում են` մի ամբողջ դար է անցել: Ու՞ր ես ախր… Այդքան ժամանակ չունեմ, ամեն անգամ մտածում եմ` էլ գալ չեմ կարող:
Հայելին կլոր է, անկյուններ չունի: Մինչև գալս մտածել էի` դու ձանձրացել ես իմ հասարակ տեսքից, շքեղ հարդարվել եմ ու հագնվել այնքան լավ, որքան կարող էր հնարավորություն տալ զգեստապահարանս: Հայելին խլում է իմ ճոճվող ոտնաթաթը՝ սեղմված ալ կարմիր կոշիկի մեջ, սրունքս, սև փեշիցս մի հատված:
Նայում եմ պատուհանից դուրս: Շատ ուշ է արդեն: Այս անգամ սեղանին երկտող եմ թողել, կգաս, կտեսնես ու կհասկանաս` կարելի է նաև բառերով շփվել: Մինչև ուշ գիշեր կսպասեմ, հետո շքեղ շպարս կխնայեմ ու ափսոսանքից չեմ լա:
Նորից եմ եկել: Դու սեղանին երկտող ես թողել: Մինչ բացում էի երկծալ թուղթը, ռունգերիս հասավ խոտի բույրն ու հողի համը: Հիշեցի կածանը, գայլին, աչքերիդ մթությունը, մեր սերը: Քո ձեռքերն ինձ պոկում էին հողից, սեղմում, տրորում օրվա աչքի առաջ, իսկ ես միայն քո մաշկն ու հայացքն էի զգում: Թղթի վրա գրվածը կարծես հիշողությանս մեջ թարթվող օրվա շարունակությունը լիներ` «Ես էլ եմ կարոտել ու շա՛տ: Կգամ: Էլի կգամ»:
Հասկացա` աննորմալի նման համբուրում եմ թուղթը, ուղղում, նորից կարդում ու ավելի շատ կարոտում մորթու նման տաք ու շոյող գոյությունդ:
Յուղը սառել է ափսեի մեջ լցված թանապուրի երեսին: Ես քեզ նամակ եմ գրում` երկար ու հանգամանորեն բացատրելով իմ փլվող, անհանգիստ, առանց քեզ չշնչող պատմությունը: Երբեմն-երբեմն հայացքս կտրում եմ թղթից, նայում ճաշի կողմը: Այդպես հոգատար կանայք հետևում են, թե ինչ ախորժակով է ամուսինը ուտում իրենց պատրաստածը: Ես միայն աթոռի դատարկ մեջքն եմ տեսնում, բայց գիրս դրանից ավելի սրտոտ է շարադրվում:
Հիշեցի` տանտերը զանգել ու բողոքում էր` նախորդ ամսվա վարձը դեռ չենք վճարել: Հիմա հաշվել ու սեղանին եմ դրել թղթադրամները: Պատուհանը բաց եմ թողնելու: Դրա համար ծույլ շարժումով բերեցի, թղթադրամների երեսին դրեցի վաղուց չօգտագործված մոխրամանը: Օտար մարդը կգա, կվերցնի գումարը ու իմ նամակը չի տեսնի: Մատներս ջղաձգվելով պատառոտում են թուղթը: Երեկ լսափողի միջից տանտերը փնթփնթաց.
-Թե ասա՝ չեք օգտագործում տունը, մի վարձեք, ինչքան աննորմալներ կան հիմա:
Ծորակը փակում եմ: Ետ եմ նայում ուսիս վրայով: Մենակ եմ խոհանոցում: Վերջերս այսպես չէի կարողացել տան մաքրությամբ զբաղվել: Երեխաների աղմուկը գալիս է պատշգամբից: Փոքր են, չարաճճի: Հոր հետ խաղալիս միշտ այսպիսի աղմուկ են բարձրացնում: Ճաշից հետո շատ ամանեղեն էր կուտակվել: Լվանում եմ, մտքերս` հեռու, խոհանոցից բացակա, աշխարհից կտրված… այնտեղ: Երբ մի քանի անգամ նույն պատճառով փակել էի ծորակն ու ետ նայել, սիրտս արդեն կոկորդիս էր հասել: Թիկունքիս հպվում էին քո ձեռքերը, ականջիս տակ քո ձայնն էր:
Չցանկացա, չզգուշացրի տնեցիներին, որ դուրս եմ գալիս:
Մե՛ր տանն եմ, հատակին չոքած լվանում եմ սալիկները` ձեռքով, առանց փայտի օգնության: Միջանցիկ քամուց թիկունքս դողում է: Ձեռքերս անշարժացան: Հայացքս սառեց: Այն ժամանակ էլ աշուն էր: Քամին դեռ զգում եմ, այնքան մոտ եմ զգում, որքան քո ուսի հպումը: Այդ օրվա մեջ այնքան շատ էի զգացել քեզ, որ չզարմացա` բացվող դռան շրջանակի մեջ տեսնելիս: Անփույթ, փնթի տեսք ունեի երևի, բայց աչքերիդ մեջ կարդացի` քեզ դուր եմ գալիս: Ժամանակն էր քիչ անցել, թե ինչ, չեմ հասկանում, բայց դու ինձ նույն հիացմունքով էիր նայում: Սիրտս ծակեց: Դո՛ւ էիր փոխված: Ուրիշ էիր մի տեսակ, իմը չէիր, ուրիշի՞նն էիր:
-Չես խոսում:
Մատներդ լարված անշարժացան մազերիս մեջ:
-Ի՞նչ խոսեմ:
-Պատմի:
-Ի՞նչ:
-Գայլի մասին:
Քո ծիծաղն էլ փոխված էր, բայց ավելի ամուր սեղմվեցի քեզ ու ինքս ինձ արդեն հազարերորդ անգամ համոզեցի` ինձ այսպես ավելի ես դուր գալիս, ավելի շատ եմ սիրում քո այս նոր մարմինը:
-Դրան հնարել ես, այս մեծ գլխիցդ ես հանել: Բայց այդպիսի բան եղել է, պարզապես դու դրա մասին իմանալ չէիր կարող, դրա համար եմ ասում` հնարել ես:
Այդ երեկոյի մեջ առաջին անգամ ճանաչեցի քեզ: Նայում էիր աչքերիս: Դո՛ւ էիր:
-Չե՛մ հնարել, տեսել եմ:
Երբ դուրս գնացիր, ու ես երեսս շրջեցի քո հայացքից, մեկն ականջիս փսփսաց. «էլ չի գա»: Նայեցի հայելուն: Եթե ծեր կին դառնամ, հենց այսպես կնստեմ թախտին, ոտքերս կդարսեմ կուչ եկած մարմնիս տակ, կփաթաթվեմ բրդյա ծածկոցով ու կնայեմ, չեմ ճանաչի արտացոլանքս: Շուրջս կպտտվեն ինձ սիրող մարդիկ, ու ես ամեն անգամ լարված կմտածեմ` նրանցից ում եմ ավելի շատ սիրում:
Արդեն մեկ տարի է` գալիս ու գնում եմ նույն կարգով: Մի անգամ կենդանու փոքրիկ թաթերի հետք կար փոշոտ հատակին: Երկու անգամ երկտող գտա` սառը, չշնչող, ոչինչ չարտահայտող բառերի կույտ, հետո՝ միայն երեսիս պայթող բացակայությունդ: Տնից հրաժարվել չեմ կարող: Մի տեղ է պետք, ուր պահեմ քեզանից մնացած իրերը: Գամ նստեմ ու հիշեմ քեզ:
Հիմա քեզ չեմ սիրում, բայց պատեր են պետք, ուր թաքցնեմ քո հագուստը, գրքերը, նամակները, քո երեխային:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *