«Քո արվեստը դպրոցում» ծրագրի հաջորդ հանդիպումը Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյուղի դպրոցում էր: Օրվա վերջ էր, երեխաներն էլ մի քիչ մրսած ու հոգնած էին, դպրոցում ջեռուցում չկար, բայց տրամադրված էին լսել, հարցեր փոխանակել: Հիմնական դասընթացի ավարտից հետո բազմաթիվ հարցեր ունեին ինձ ուղղված՝ ստեղծագործո՞ւմ եմ արդյոք ես, ի՞նչ գրականություն եմ սիրում:
Աշակերտներին պատասխանում եմ, որ թեպետ ինքս արձակ կամ պոեզիա չեմ գրում, բայց գրականագիտական հոդվածների միջոցով լրացնում եմ ստեղծագործելու իմ մղումը 🙂
Երեխաներին հարցնում եմ, թե ո՞ւմ են ճանաչում հայ ժամանակակից գրողներից, ու թեպետ պատասխանը կրկին շատ հուսադրող չէ, մի քանի անուններ են թվարկում, բայց նրանց թվում են Արտաշես Արամն ու Ղուկաս Սիրունյանը: Բնականաբար երկու բանաստեղծներն էլ այս տարածաշրջանից են և այդ պատճառով երեխաներին հայտնի:
Խոսում ենք իրենց նախընտրած գրականության մասին, ասում են, որ սիրում են արկածային գրականություն կարդալ՝ Ժյուլ Վեռն, Վախթանգ Անանյան :
Առհասարակ, մի օրինաչափություն է սկսում գծագրվել, որ գյուղերում ապրող երեխաները, որոնք հեռու են քաղաքային անցուդարձից ու ժամանցի միջոցների ավելի սահմանափակ հնարավորություններ ունեն, ավելի ընթերցասեր են ու պատրաստակամ նոր գիտելիքներ ընկալելու:
Դասաժամին ընթերցվել են ստեղծագործություններ՝ Գարնանային գլխապտույտ, Հայաստան՝ սա իմ երկիրն է, Սիրային բանաստեղծություններ՝ գրված անպատեհ ժամանակներում բանաստեղծական շարքերից: