Տիգրան Պասկևիչյան | Ներսից փակ դուռ

Խոհ ՝  Ավագ Եփրեմյանի «Երգչախումբը ցրվել է» գրքի առիթով

Բանաստեղծություն գրելու խորհրդավորությունն ավելին չէ, քան բանաստեղծությունն ընթերցելու զգաստությունը։ Եւ ընդհանրապես ո՞վ է նա՝ իմացյալ լեզվի գոյավորումը պարտադրելու ունակը։

Լեզուն ճակատագիր է, իսկ ճակատագրում վիմագրի պես՝ մաշված, վիմագրի պես՝ անընթեռնելի, «սեւեռուն նայողն աչքը թարթել է» ենթադրության նման ստույգ թյուր իմացությունն է։

Եթե թարթել է, ուրեմն ի՞նչ՝ սեւեռումն է թուլացել, թե աչքից վրիպեց տարածությունը, որը պետք էր հաղթահարել հասնելու համար բուն պատճառին։

Պատճառ, իրականում, չկա։ Դա գիտի Ավագ Եփրեմյանը։ Նա խաղում է ճակատագրի հետ, վստահ, որ այդ գիրն այլ գրոց շարքում «հոդաբաշխության ավերակից…» է, այսինքն թե ըմբռնելի չէ, կամ արարված է «…ժամանակի դրսում»։

Տեղ հասանք, արդեն դրսում ենք։

Երբ դուռը փակ է, հատկապես՝ ներսից, ճակատագիրը վկայություն չէ, ինչպես օրինակ՝ «…հուղարկավոր բահ» կամ էլ թե՝ «…մարդուց թաքնվող ամեն բան…»։

Տեղ հասանք, նորից դրսում ենք։ Կարդալու պատճառ չկա, իսկ սովորությունը չի տանի դուռը թակելու, բախելու, կոտրելու, կործանելու։ Երբ դուռը ներսից է փակ, պետք է բացվի ներսից. «…զսպիր ցնծությունդ, մարդիկ դեռ կան…»։

Ուրիշի գոյության կանխավարկածն ինքնարդարացում է՝ արարողի հեղինակության, հեղինակ-անձի նարցիսիզմի, անունների ու նշանների հաղթահարում. «Ուրիշներ են ծնվել։»

Տեղ հասանք, դարձյալ դրսում ենք, արդեն «ուրիշ» պիտակով։ Պիտակո՞վ։ Չէ, ներող եղեք, խոսքն այս անգամ ոչ թե ընթերցողի, այլ դրամայի մասին է. «…եւ թռչնի ազատ ճախրը՝ վերջին, ամենավերջին փակուղին» է։

Ընկերոջ սիրտը հուշում է հուշել՝ ընթերցեք գիրքն այս։ Ընթերցեք գիրքն այս, եթե ուզում եք համր չլինել ու կույր չկանգնել դռան այն կողմում։ Բանաստեղծության կատարյալ կերպը ներսը չվատնելն է։ Ընթերցանության կատարյալ կերպը համբերությունն է՝ փակ դռան առջեւ կանգնած սպասողի։ Բացողը չկա, կա սոսկ պատվիրան, որն ո՞ւմ համար է, գիտի թերեւս պատվիրողն ինքը։

Ավագ Եփրեմյան

«Երգչախումբը ցրվել է» ժողովածուից

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ

Եթե կարողանում ես ասել
ԵՍ,
հնարավոր է,
որ բանաստեղծություն պատահի,
եթե կարողանում ես շարունակել
եւ ասել՝
ՍԻՐՈՒՄ ԵՄ,
հավասարվում ես բանաստեղծությանը,
իսկ եթե շնորհվի
եւ շուրթերդ հնչեն՝
ՔԵԶ…
ուրեմ դու մի քայլ առաջ ես անցել,
եւ ոչ մի պատահելիք
բանաստեղծություն
այլեւս հարկավոր չէ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *