ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 2019-ի հուլիսին ձեռնարկել էր «Ուրիշ հուլիս» հատուկ աշխատարանների շարք, որոնցից մեկի` գրող Աննա Դավթյանի վարած «Պոեզիա առանց հանգի» աշխատարանի արդյունքում ստեղծված բանաստեղծությունները սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
***
Ծառն ու լուսինը պարփակված՝ պատրաստի կտավ,
Չեն ուզում, որ առավոտը գա,
Իրար էնքան պինդ են գրկել,
Որ թռչունն անգամ չի կարա բաժանի։
Բայց առավոտը եկավ …
***
Օդում ճխտվելով առաջ էի գնում,
Ու կողքերիս ապակիներին իմ արտացոլանքն էի ման գալիս,
Կարծես քամին իմ միջով էր անցնում,
Ներսս դատարկ գրադարան էր,
Ես հասա տեղ,
բայց քամին դեռ չէ…
***
Քամին հալվել ա արդեն,
Ծովը երկինք ա դառել,
Ես ջերմաչափ եմ, արյունս՝ սնդիկ,
շոգին օդն էլ չի դիմանում:
Էլ դժոխքից վախեցող չկա…
Աթեիստները քիչ-քիչ շատանում են:
***
Սեղանին լիքը շոկոլադ կար,
Ու տանը՝ հյուրեր,
Ես էլ լուռ նստած էի,
Մեկը կերա, միջիս ագահը զարթնեց,
Ու էլի ուզում ա մի հատ վերցնի,
Մեկ էլ մորս հայացքը ինձ կամաց ասեց.
– Բավական է,
Մի քիչ զուսպ եղիր, արդեն հերիք է։
Ու արդեն չկա էդ շոկոլադը,
Բայց ագահի աչքը դեռ վրան ա…
***
Ինձ մի տեսակ արեւ եմ զգում,
Ներսումս էնքան ճառագայթ կա,
Բայց ոնց որ ժլատ են մի քիչ,
Չեն ուզում իրենց լույսով
Կիսվել բոլորի հետ, որ ես էլ հանգիստ ապրեմ:
***
Մինչեւ հիմա Վիտերբոյի մետրոն եմ հիշում,
Մեկը ուզում էր ինձ փախցներ, չգիտես ինչի,
Որ ինձ ճանաչեր, չէր էլ փորձի:
Աչքերով փրկչիս էի ման գալիս,
Բայց աչքերս ապակիներին էին նայում,
Ու մեկ էլ տոմսավաճառը ամեն ինչ փչացրեց: