(Խոկումներ)
I
Գիշերվան ասում եմ.
-ինչ են հայել աչքերը
ժայռերին իրիկնացող
երազի հայելու մեջ
արտասովոր կերպափոխություն
մի սիրտ ծածանում է
լռում են դեմքերը բոլոր…
II
Այստեղ են առվակները
հետույքի շրջանակից ընթացքը պարպում
Սև սավաններին պարտիտուտներ
օրորոցի մեջ ծիլերը տկլոր
խոսքի տարածություն
Տատանական շարժման մղված
առաջին գիտակցությունը վերարկվող:
III
ժամանումը քո՝ երբ քնած եմ
Անմեկնելի՛։
Քրիստոսի առակները ցուցանում են իմ թալիսմանը
երկնքից ազատվում է
տեսնում ուրիշ երկինք
երկու անդունդների մեջ
այպանելի՛։
Կրիան իր երազն է ճկում։
IV
Որբ ոտքերով եղնջաթփերն է անցնում
դաջվածքը մարմնի թիկունքին
թերի աղմուկով դարպաս են բացում ճանճերը
խաղի մեջ խաղից դուրս
աղյուսե ատամնաշարով երեխաներ են խածում պտուկները վախի
կախ ընկած սփռոցի եզրակարերին…
V
Երկրորդ դեմքը թիկունքից
նժարում է քանակը մրջյունների
տերևի աչքը անկշռելիությունն է
հասույթը շռայլած
ինչպես հպվեցի
չբացվեց երբեք…
VI
Նետից խոցված անձրևի կաթիլներ
դեռ ընկալումը մեր փոքրոգի է Վեռլե՛ն
նախապատրաստ համակերպվելիության
ճանաչումը
զոհաբերվելու ամոթը աքաղաղի կատարին
հանելուկներ միայն կիսով չափ կռահված
արժե ունենալ ժամանակ(մի փոքր)
կիսով չափ կորած…
VII
Սատանան ականջակալներով լրտեսում է ներքին ձայնը
ե՞րբ խնձորները մեռան
Մազոխիստները յասամանի թերթեր են նետում
Սպիտակ առվի կապույտ վերքեր
առմտածումը սիրո
Ձևը պաշարումը աղոտ լույսի մեջ
Գինու խոկումները ձեռնարկումը ստեղների
Ես քո կարոտի տարածքը բազմապատկելով…
VIII
Դրախտի բարի կաչաղակ
նայի՜ր աստվածայինին
և ինձ, ով երբեք
չի քարկոծել արտի խաղաղ լորերին
մանկության մեջ
հավատի թիրախում կախաղանի տարածության և
մահվան նշաններին հակառակ
ընթերցումներում լարում և գինի բերեց
խորհրդավոր ընթրիքի այն տղան:
IX
Ուր են փախչում իմ վանքի թռչունները
հանգույց-հանգույց տանում մարմիններ
ճարպոտ բերանների արձագանքը թողած.
սոված ճնճղուկների լարերի վրա
իջնում է մի վտիտ կարեկցող
լարերի վրա չի՝ լարերին:
X
Թիկունքից է հաշտվել կորուստներին
թախանձել ականջը անձուկի
նախապատրաստել իմաստության։
Մտածել ճանապարհներ
դրկից կաղնիների թանձրացման միջև
որ խաղաղ կածանով հեռանա
սիրեցյալը հրաժեշտի:
XI
Երկրպագությունը տարփոտ
աստղաշերտ է իջել հողին
հեշտոցի պատգարակի վրա
մեռնում է կաղապարը հիրիկի
դառնում պերճ թարգմանություն…
XII
Մեղքը տարել երկինք
տարփողել է լուսինը ննջարանում
քաոսի պատուհաններին
կազմակերպվում է բառը
ափսոս
իրական է հռչակվում ներումն աստծո:
XIII
Ապրելը կանգառում…
ամենաուրախ գնացքով անցնել վայր և ժամանակ չունենալը
մեծանալ շարժման մեջ
և կուլ տալ հորիզոնն իբրև նյութական կետ
Թռչունի նման հյուր լինել հողի վրա
ապրել հորինած բարձունքներ..